Բաքվում ուժեղ հրդեհը ոչնչացրել է առևտրային կենտրոնն ու տարածվել շուկայի վրա
Կիսվել
Կիսվել
Լուսանկարը՝ www.ona.az
Բաքվի ծայրամասում գտնվող Diqlas առևտրի կենտրոնում մարտի 26-ի առավոտյան ուժեղ հրդեհ է բռնկվել։ Մարդկանց տարհանել են։ Զոհեր չկան։ Ավելի քան տասը մարդ է թունավորվել ծխից և վնասվածքներ ստացել։ Տուժել է նաև մի քանի փրկարար։
Առևտրի կենտրոնը գտնվում էր այսպես կոչված «Ութերորդ շուկայի»՝ մեծ շուկայի մոտ, որը հայտնի է նրանով, որ այդտեղ կարելի է գնել գրեթե ամեն ինչ։
Կրակն առևտրի կենտրոնը լիովին անպիտան է դարձրել։ Չնայած որ հրդեհը մարում էին ոչ միայն հրշեջ մեքենաներն, այլ նաև ԱԻՆ մի քանի ուղղաթիռներ, կրակը տարածվել է շուկայի վրա։ Հրդեհը դժվարությամբ է հաջողվել տեղայնացնել։ Այն ամբողջությամբ մարելու համար մի քանի ժամ է ծախսվել։
Ըստ նախնական վարկածի՝ ամեն ինչ սկսվել է հարևան սրճարանում տեղի ունեցած պայթյունից։ Հենց դրանից է հրդեհ բռնկվել առևտրի կենտրոնում, որի ճակատային մասը երեսպատված է եղել ալկոպանով՝ բռնկուն նյութով։
ԱԻՆ հակահրդեհային ծառայության շտաբի պետ Աքպեր Նովրուզովն ասում է նաև, որ շենքում պահպանված չեն եղել հրդեհային անվտանգության նորմերը։
Անորակ և բռնկուն երեսպատման նյութերը նախկինում էլ են Բաքվում հրդեհների պատճառ դարձել։ Դրանցից ամենախոշորը տեղի է ունեցել 2015թ-ի մայիսին․ այն ժամանակ բազմահարկ շենք էր հրդեհվել, որի հետևանքով 15 մարդ էր զոհվել, այդ թվում՝ հինգ երեխա։