«Ադրբեջանն ուզում է վիժեցնել խաղաղության գործընթացը»․ ականապատման քարտեզները՝ նոր թիրախ
Բաքվի նոր թիրախը՝ ականապատման քարտեզներ
Ադրբեջանի արտգործնախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին «կանխամտածված և լայնածավալ ականապատման համար»։ Նույնաբովանդակ հաղորդագրությամբ էր հանդես եկել Միլլի Մեջլիսը: Բաքվից ավելի վաղ հաղորդել էին, թե Աղդամում ականի պայթյունի հետևանքով վիրավորել է 3 անձ, այդ թվում՝ երկու երեխա։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը շեշտում է՝ Ադրբեջանն ուզում է ՀՀ-ին մեղադրել ապակառուցողական լինելու մեջ և փորձել այդ հիմքով միջազգային հանրությանը բացատրել, թե ինչու իրենք չեն գնում համաձայնեցված փաստաթղթի ստորագրման։
«Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկը ՀՀ նկատմամբ ճնշումներն ավելացնելն է, այդ թվում՝ միջազգային հանրության միջոցով։ Եվ հենց դրա համար նրանք հայտարարել են, թե Աղդամում պայթյունի արդյունքում երեխաներ են վիրավորվել։ Այն դեպքում, որ Աղդամում այս պահին երեխաներ չեն ապրում։ Սա Բաքվի հերթական զրպարտությունն է»,- JAMnews-ի հետ զրույցում արձանագրել է նա և հավելել՝ ականպատված է եղել ոչ թե Աղդամ քաղաքը, այլ դիրքերի հատվածը, որտեղ երեխաները չէին կարող հայտնվել։
Ասում է՝ պայմանագրի ստորագրման համար Բաքվի կողմից առաջ քաշված նախապայմանները՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, լեգիտիմ չէին միջազգային հանրության աչքերում։ Քաղաքագետի գնահատմամբ՝ դա է պատճառը, որ ադրբեջանական կողմը որոշել է դիմել այլ գործոնների՝ առաջ քաշելով սահմանային կրակոցների և ականապատ տարածքների քարտեզների թեմաները։
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման ֆոնին Բաքուն պարբերաբար Երևանին մեղադրում է հրադադարի ռեժիմի խախտումների մեջ։ Այսօր հայկական կողմը հերքել է Ադրբեջանի կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունը։
Միաժամանակ ՀՀ Սյունիքի մարզի բնակիչները հաղորդում են սահմանային կրակոցների մասին։ Ապրիլի 5-ին ադրբեջանական դիրքերից կրակել են Խնածախ գյուղի ուղղությամբ։ Անցած ամիս նույն գյուղում Ադրբեջանի ԶՈՒ կրակոցներից բնակելի տուն էր վնասվել։

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են նաև «անկանոն, ոչ թիրախային կրակոցներ» ադրբեջանական կողմից։
Երևանի և Բաքվի հայտարարությունները, մեկնաբանություն
- «Թրամփի վարչակազմի համար հայ գերիների ազատ արձակումն առաջնահերթություն է»․ Ջարեդ Գենսեր
- «Հայերի հանդեպ թշնամանքն Ալիևի ռեժիմի ցեմենտն է»․ կարծիքներ Երևանից
- Ի՞նչ անել հայ-ադրբեջանական խաղաղության պահը բաց չթողնելու համար․ Թոմաս դը Վաալի հոդվածը
- «ՀՀ-ն պետք է դիմի ԱՄՆ-ին և խնդրի դառնալ խաղաղության պայմանագրի երաշխավոր»․ կարծիք
Ի՞նչ է հայտարարել Բաքուն
Բաքուն պարբերաբար պնդում է՝ Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմում է 25 տոկոս։ Նախորդ շաբաթ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել էր, թե ՀՀ փոխանցած քարտեզները ցույց են տալիս մոտ 400 հազար ականների տեղակայման վայրերը, սակայն «իրական թիվը մոտ 1,5 միլիոն է»։
«Ականների հարցում Հայաստանի այս մոտեցումը ևս մեկ հետքայլ է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում խաղաղության և վստահության ամրապնդման միջոցառումների ուղղությամբ»,- ընդգծել էր Հաջիզադեն։
Նույն օրը Ադրբեջանի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ էր արել «ճնշում գործադրել Հայաստանի վրա ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները փոխանցելու համար»։
Նույն կոչով միջազգային հանրությանն է դիմել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը․
«2020 թ․-ի պատերազմից ի վեր ականների պայթյունների հետևանքով 392 մարդ է զոհվել կամ վիրավորվել։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ զանգվածային ականապատման համար, որը խոչընդոտում է հետկոնֆլիկտային վերականգնմանը, ինչպես նաև Ադրբեջանի ականազերծման ջանքերը»։
«ՀՀ-ն ավելի լավ կամ ճշգրիտ քարտեզներ չունի»․ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանի փոխանցմամբ՝ հայկական կողմը «առանց նախապայմանների միակողմանի կերպով» Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ Ասում է՝ դա տեղի է ունեցել 2021 թվականի հունիս-նոյեմբեր ժամանակահատվածում։
«Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով կազմել և 2024 թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ»,- նշել է Բադալյանը։
ԱԳՆ խոսնակը շեշտել է՝ Բաքուն շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած բազմիցս հայտարարվել է՝ չկան «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ․
«Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը»։
Արտգործնախարարության ներկայացուցիչը հիշեցրել է՝ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում էր ականապատումների մեջ։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը
Բաքուն ուզում է նվազեցնել համաձայնագրի վերաբերյալ «միջազգային լավատեսությունը»
«Բաքուն ուզում է հնարավորինս նվազեցնել միջազգային հանրության սպասումներն Ադրբեջանից, բայց այդ նվազեցման արդյունքում չկորցնել միջազգային հանրության վստահությունը։ Այսինքն՝ ներկայացնել, թե [փաստաթղթի չստորագրման] պատճառը մեր վախերն են, անհանգստություններն են, որովհետև ՀՀ-ն կառուցողական չէ։
Տարածվող բոլոր տեղեկությունները միտված են ՀՀ-ն ապակառուցողական ներկայացնելուն, միջազգային հանրությանը ցույց տալուն, թե խնդիրներ կան, համաձայնագիր ստորագրելու մասին այս պահին խոսք լինել չի կարող։
Իհարկե, հայտարարությունները, թե ՀՀ-ն կրակում է, բավարար չեն։ Նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիները չեն հավատում նման հայտարարություններին։ Միջազգային հանրությունն էլ անխելք չէ, տեսնում է, որ ՀՀ-ն փաստացի խաղաղության կողմնակիցն է, և որևէ շարժառիթ չունի կրակելու։
Անհրաժեշտ են այլ գործոններ ևս, որոնց վրա հիմնվելով՝ Ադրբեջանը կկարողանա վիժեցնել համաձայնագիրը ստորագրելու գործընթացը, որոշակիորեն նվազեցնել միջազգային լավատեսությունը համաձայնագրի վերաբերյալ։
Ականապատ տարածքների քարտեզների խնդիրը շատ լավ առիթ է Ադրբեջանի համար ՀՀ նկատմամբ ճնշումն ավելացնելու և ՀՀ-ն ապակառուցողական ներկայացնելու առումով»։
Ադրբեջանական կողմի երկու նախապայմանները լեգիտիմության խնդիրներ ունեն
«Փաստացի երկու գործոնն էլ որոշակի խնդիրներ ունեն լեգիտիմ լինելու առումով։ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է։ Իսկ հայտարարությունները, թե ՀՀ գործող Սահմանադրությամբ տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, ի չիք են դարձել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Միջազգային հանրությունը դա ընկալում է: ՀՀ տեսակետն ընդունելի է միջազգային հանրության համար։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա ՀՀ-ն համաձայն է դիմել Մինսկի խմբի լուծարման համար։ Այստեղ վեճ՝ որպես այդպիսին, չկա։
Գուցե այս երկու գործոններն օգտագործել հնարավոր էր, բայց բավարար չէր, որպեսզի ՀՀ-ն Ադրբեջանի կողմից ներկայացվեր որպես ապակառուցողական կողմ, որպես կողմ, որը չի ուզում համաձայնագիր ստորագրել։ Անհրաժեշտ էին այլ գործոններ։
Դրանք սկզբում կրակոցների մասին հայտարարություններն էին, բայց երբ այդ հայտարարություններն էլ բավարար չեղան, Ադրբեջանը սկսեց խոսել ականապատ տարածքների մասին»։
Հայաստանի վրա միջազգային ճնման գործադրումը քիչ հավանական է
«Ըստ ամենայնի՝ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի նկատմամբ միջազգային ճնշումներ կլինեն։ Ես չեմ կարծում, թե նման ճնշումներ կարող են լինել։
Հավանաբար, Բաքուն, առաջին հերթին, ակնկալում է ճնշում Թուրքիայի կողմից՝ հաշվի առնելով հայ-թուրքական փոխհարաբերություններում որոշակի հալոցքը՝ Մարգարայի անցակետի բացումը Սիրիա ուղարկվող հումանիտար բեռների համար։
Չեմ կարծում, որ Թուրքիայում չեն հասկանում, թե ինչ է անում Բաքուն։ Առավել ևս, որ Թուրքիայի համար ձեռնտու է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ստորագրեն համաձայնագիրը։
Նախագծի համաձայնեցման առաջին ողջունողներից մեկը Անկարան էր։ Իրատեսական չէ կարծել, որ Բաքվի այս մանիպուլյացիայի արդյունքում Թուրքիան մի քանի անգամ ավելացնելու է ճնշումը ՀՀ վրա։ Էլ չենք խոսում մյուս երկրների մասին»։
Դժվար թե Ադրբեջանը համաձայնի քարտեզների ճշգրտության ստուգմանը
«Շատ քիչ է հավանական, որ Ադրբեջանը համաձայնություն կտա միջազգային փորձագետների ներգրավմամբ քարտեզների ճշգրտությունը ստուգելուն։
Բաքուն ոչ մի կերպ չի ցանկանում, որ որևէ միջազգային ներկայություն լինի Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Միջազգային հանրությունն, իհարկե, պատրաստակամ կլինի։ Այս դեպքում որևէ մեկին չպետք է որևէ բան խնդրեն․ վճարովի ծառայություն է, իսկ այդպիսի ծառայություն մատուցող բազմաթիվ կազմակերպություններ կան։ Այսինքն՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը համատեղ պետք է վճարեն, որպեսզի այդ միջազգային կազմակերպությունը գա և քարտեզների ճշգրտությունը ստուգի։ Սակայն դժվար թե Բաքուն դրան համաձայնի»։
Պետք է ամեն պահի պատրաստ լինել սադրանքի
«Լայնածավալ էսկալացիան շատ քիչ հավանական եմ համարում։ Գտնում եմ, որ Ադրբեջանը նման էսկալացիայի ուղղակի շարժառիթ չունի։ Շատ հավանական է, որ կլինեն տեղային փոքր միջադեպեր, եթե՝
- Ադրբեջանը գնահատի, որ նույնիսկ այս միջոցները բավարար չեն ՀՀ հետ համաձայնագրի ստորագրումը հետաձգելու համար,
- միջազգային ճնշումը Բաքվի վրա շարունակվի նույն ուժգնությամբ։
Որքան մեծանում է Ադրբեջանի նկատմամբ ճնշումը, որպեսզի համաձայնեցված փաստաթուղթը ստորագրելու գործընթաց սկսի, այնքան Բաքուն կարիք ունի ավելի մեծ անկայունություն ցույց տալ սահմանին։
Հայկական կողմը պետք է ամեն պահի պատրաստ լինի սադրանքների՝ դրանք լինեն կրակոցների, ռմբակոծությունների, թե դիպուկահարների կողմից թիրախավորումների տեսքով»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բաքվի նոր թիրախը՝ ականապատման քարտեզներ