Հայաստանն էսկալացիայի նպատակ չունի, իսկ Բաքո՞ւն․ կարծիք Երևանից
Բաքվի մեղադրանքներն ու էսկալացիայի վտանգը
«Չնայած մենք հայտարարել ենք խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին՝ վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար ՀՀ ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի»,- այսօր բրազիլացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Արդեն 5 օր է, ինչ պաշտոնական Բաքուն տարածում է տեղեկություններ, թե, իբր, Հայաստանի Զինված ուժերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ-ն հերքում է դրանք ու շեշտում՝ պատրաստ է հետաքննել «հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները հիմնավորող փաստերը», եթե այդպիսիք առկա են։ Փաստական տվյալներ, սակայն, հայկական կողմին մինչ այս պահը չեն փոխանցվել։
«ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը»,- օրերս հայտարարել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Հատկանշական է, որ Բաքվի այս հռետորաբանությունը հաջորդում է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանն ու այն ստորագրելու պատրաստակամության վերաբերյալ Հայաստանի հայտարարություններին։
Հայ փորձագետները կարծում են՝ Ադրբեջանը չի շտապում Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրել, քանի որ պատրաստվում է ձեռքբերված համաձայնությունն օգտագործել որպես «ավելի խոշոր տրամաչափի դերակատարների հետ հարաբերվելու», սակարկությունների ռեսուրս։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով ՝ հրադադարի խախտումների վերաբերյալ տեղեկատվական գործիքը Բաքվի խաղաքարտերից մեկն է, որից ադրբեջանական կողմը չի պատրաստվում հրաժարվել: Սակայն, ըստ նրա, միանշանակ չէ, որ այս պահին դա արվում է հենց սադրանքի գնալու նպատակով։
- «Բաքուն ուզում է պայմանագրի վերաբերյալ կասկած առաջացնել հայ հանրության մոտ»․ կարծիք
- «Նրանց միակ մեղքը հայ լինելն է»․ Եվրախորհրդարանը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին
- «Եթե ՀՀ-ն հրաժարվի իր կարմիր գծերից, միայն թղթի վրա կմնա պետություն»․ կարծիք
Ինչո՞ւ է Բաքուն թիրախավորում սահմանի այդ ուղղությունը
Սա ՀՀ Սյունիքի մարզի ուղղությունն է, որտեղով Ադրբեջանը հայկական կողմից պահանջում է արտատարածքային միջանցք Նախիջևանին կապվելու համար՝ այն անվանելով «Զանգեզուրի միջանցք»։ Երևանը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախագծով, որը ենթադրում է հաղորդուղիների ապաշրջափակում երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո։
«Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի»,- նախօրեին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Արմենպրեսին» տված հարցազրույցում նա հիշեցրել է՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախջևանի միջև տրանսպորտային կապի առանձին օրակարգը մի մասն է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մեծ օրակարգի, որի մեջ մտնում է նաև ՀՀ ապաշրջափակումը։
«Հայաստանն առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները։ Սա Զանգելանի և Օրդուբադի միջև հնարավոր ամենակարճ երկաթուղին է։ Ինչ մնում է ավտոճանապարհներին, մենք ունենք այն ճանապարհները, որոնք ունենք և այն ռելիեֆը, որն ունենք։ Եվ մեզ մեղադրել լեռնային երկիր լինելու մեջ, առնվազն լուրջ չէ»,- ընդգծել է արտգործնախարարության ներկայացուցիչը։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն Երևանին մեղադրել էր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։
«Փոխարենը առաջարկներ են անում ոչ ակտուալ, դժվար իրագործելի և գործնականում երկար երթուղիների համար՝ փորձելով ուշադրությունը շեղել գործընթացից և իրենց պարտականություններից»,- ընդգծել էր նա։
Հղում անելով 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Բաքուն Երևանից «անխոչընդոտ» անցում է պահանջում։ Երևանը, սակայն, շեշտում է՝ անխոչընդոտ չի նշանակում ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանցմամբ։
Երեք գրառում վարչապետ Փաշինյանից
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունների ֆոնին նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։
«Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,- գրել է վարչապետը։
Ավելի ուշ կառավարության ղեկավարն այս թեմայով ևս մեկ գրառում է հրապարակել։ Վարչապետ Փաշինյանը վստահեցրել է՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն իրենից ստացել է հստակ հանձնարարական, այն է՝ «չանել հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում»․
«Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»։
Այսօր առավոտյան նա կրկնել է Հայաստանի ԱԳՆ-ի՝ օրեր առաջ արած հայտարարությունն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել «սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»։
«ՀՀ-ն շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով»․ ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանից հնչող հրադադարի ռեժիմի խախտման մեղադրանքներին հարցազրույցով անդրադարձել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանի կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ ՀՀ բանակը կառավարությանը ենթակա մարմին է և գործում է հենց այս տրամաբանությամբ»,- շեշտել է նա։
Բադալյանը հիշեցրել է՝ Ադրբեջանը մինչ օրս չի արձագանքել դեռևս 2024 թ․ հունիսին հայկական կողմի արած առաջարկին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։
Անդրադարձել է նաև «Հայաստանի ռազմականացման և ուժային սցենարի պատրաստվելու» մասին Բաքվի հայտարարություններին։ Արձանագրել է՝ Երևանը բազմիցս է հայտարարել, որ ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցն ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, այն կկարգավորվի սահմանազատման գործընթացի արդյունքում․
«Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է»։
Արտգործնախարարության ներկայացուցիչն ընդգծել է՝ Հայաստանը նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ է արել Ադրբեջանին, ինչին Ադրբեջանը մինչև օրս դրական պատասխան չի տվել։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․
«Ադրբեջանի համար հրադադարի խախտումների վերաբերյալ տեղեկատվական «գործիքը» խաղաքարտերից մեկն է, որից, իհարկե, Բաքուն չի հրաժարվի:
Մեզանում այդ գործիքի կիրառումը ընկալվում է որպես սադրանքի նախապատրաստում: Այսինքն՝ Բաքուն մտադիր է դիմել սադրանքի, բայց դրանից առաջ ստեղծում է տեղեկատվական «պատկեր», թե, իբր, հայկական կողմն է լարողը: Իհարկե, դա կա: Բայց չեմ կարծում, թե դա է այդ խաղաքարտի միակ նշանակությունն ու կիրառման մոտիվը:
Տեղեկատվական այդ գործիքը Բաքվի համար ունի բազմիմաստ նշանակություն, բազմաֆունկցիոնալ է: Ընդհանուր առմամբ, այն տեղավորվում է ուժի վրա հիմնված քաղաքականության մեթոդաբանության շրջանակում, որ կիրառում է Ադրբեջանը:
Ընդ որում, բոլորովին բացառված չէ և այն, որ Ադրբեջանն այդ գործիքը կարող է կիրառել նաև, այսպես ասած, պաշտպանական նկատառումով: Իհարկե, խոսքը Հայաստանից պաշտպանվելու մասին չէ, որովհետև Հայաստանն Ադրբեջանին չի սպառնում որևէ կերպ, այլ հակառակը՝ Բաքուն է սպառնում ՀՀ-ին:
Խոսքը միջազգային հարաբերություններում իր համար ռիսկերից պաշտպանվելու մասին է: Ադրբեջանն ունի ռիսկեր, որոնց այսօր ավելացել է նաև ԱՄՆ-ԵՄ, Վաշինգտոն-Լոնդոն դիմակայությունը:
Հարց կառաջանա, թե ինչ կապ ունի այդտեղ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ապատեղեկատվությունների գործիքը:
Կարծում եմ՝ պետք չէ բացառել, որ Ադրբեջանն այդպիսով «սրելով» ուշադրությունը, կարող է փորձել թուլացնել իր հանդեպ կուլիսային ակնկալիքների բեռն ու ճնշումը, որոնք մեծ հավանականությամբ առկա են Լոնդոնում:
Առաջին հայացքից ստացվում է Ադրբեջանի «արդարացում»: Այսինքն՝ կարող է ստեղծվել տպավորություն, որ «խեղճ Ադրբեջանը» փորձում է հրադադարի խախտման վերաբերյալ ապատեղեկատվությամբ թուլացնել Լոնդոնի ճնշումը: Իրականում, խոսքը «խեղճ Ադրբեջանի» մասին չէ:
Ադրբեջանը Հայաստանի հանդեպ ագրեսիվ, ռազմատենչ ու առավելապաշտ է, ու դա իր համար ռազմավարություն է: Բայց, Բաքուն նաև խելագար չէ: Ուժի կիրառման հարցում այնտեղ թերևս բավականին բծախնդիր են ժամանակի, պահի, միջավայրի ընտրության առումով:
Հնարավոր է, որ այժմ շոշափում են հողը, ստուգում արձագանքները և այլն: Մի քանի օրվա ընթացքում՝ հայտնելով իբրև թե հայկական կողմից հրադադարի խախտման մասին, Ադրբեջանը կարծես թե բովանդակային առումով չի տվել «դինամիկա»:
Դա թույլ է տալիս եզրակացնել, որ ապատեղեկատվության տարածումը գոնե այս պահին չունի սադրանքի կայացված որոշման սպասարկման նպատակ:
Սա, անշուշտ, բացարձակապես չի նշանակում, որ պետք է թուլացնել զգոնությունը: Ավելին, պետք է գործել վատթար նպատակի կանխավարկածով, ինչպես ասում են՝ միշտ լինել պատրաաստ վատթարին: Բայց, համենայն դեպս դիտարկման մակարդակում, կարծում եմ, որ ապատեղեկատվության մեջ բովանդակային դինամիկայի բացակայությունը վկայում է առնվազն այս պահին սադրանքի որոշման և նախապատրաստվածության բացակայության մասին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բաքվի մեղադրանքներն ու էսկալացիայի վտանգը