Բաքվի բանտերի բնակիչները
www.nidavh.org
2009թ-ին Իրանը համակել էին նախագահական ընտրություններից դժգոհների հանրահավաքները: Իշխանությունները դաժան հաշվեհարդար տեսան բողոքողների հետ, սպանվեց նվազագույնը 11 մարդ:
Հարցրեք՝ ինչ կապ ունի սրա հետ Ադրբեջանը:
Դիպուկահարի գնդակից մահացած աղջկա անունը Նիդա էր:
Վանդալնե՞ր, թե՞ թմրավաճառներ
Երկու տարի անց Բաքվում ստեղծվեց NİDA երիտասարդական կազմակերպությունը: Ըստ տարբեր գնահատականների, Ադրբեջանում մոտ հարյուր քաղբանտարկյալ կա: Եվ դրանց շարքում ամենահաճախը լինում են NİDA-ի անդամները: Նրանց մոտ հայտնաբերում են զենք, թմրանյութ, պայթուցիկ և այլն: Օրինակ, միայն նախորդ ամսվա վերջում NİDA-ի ևս երկու անդամ է ձերբակալվել՝ Ամիդ Սուլեյմանովն ու Անար Աբդուլլան: Բայց ամենաաղմկալի ձերբակալումը եղավ մայիսի 10-ին:
Մայիսի տասի գիշերն ինչ-որ մեկը նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանին գրել էր «Qul Bayramınız Mübarək!» և «F… the system!». Gül Bayramı-ն Ծաղիկների տոնն է, որն անցկացվում է մայիսի 10-ին՝ Հեյդար Ալիևի ծննդյան օրը, ում պատվին Ադրբեջանում այգիներ, սպորտային և ժամանցային կենտրոններ, օդանավակայան և նույնիսկ մզկիթ է անվանվել: Հաջորդ օրը ձերբկալվեցին գրառման ենթադրվող հեղինակները՝ NİDA-ի երկու անդամներ Գիասադդին Իբրահիմն ու Բայրամ Մամեդովը:
«Qul» բառը միաժամանակ նշանակում է «ստրուկ»: «Ս» տառի վերևում բաց թողնված ամեն կետն ակտիվիստներից յուրաքանչյուրի համար մեկական կիլոգրամ հերոին է արժեցել: Հենց այդքան գտան ոստիկանները հաջորդ օրը նրանց տները խուզարկելիս:
Մայիսի 16-ին ձերբակալվածները դիմում փոխանցեցին, որում մանրամասն նկարագրեցին այն կտտանքները, որ իրենց ենթարկել են ոստիկանությունում՝ կապել են ձեռքերն ու ոտքերը, ծեծել փայտերով, ոտքերով, ձեռքերով, նվաստացրել են:
Դրանից հետո Ադրբեջանի օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչները բանտում հանդիպել են ակտիվիստներին և հայտնել, որ «նրանց մարմինների վրա կտտանքների հետքեր չեն հայտնաբերել»:
Միաժամանակ փաստաբան Էլչին Սադիղովն ասում էր, որ անձամբ է տեսել բազմաթիվ վերքերը: Բացի այդ, ակտիվիստներ Իբրահիմն ու Մամեդովը մինչև հիմա չեն կարողանում հանդիպել ծնողների հետ:
«Դա «Ձերբակալման մեջ գտնվողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 15-րդ կետի խախտում է», — ասում է Սադիղովը:
Ի՞նչ է NİDA-ն
Լայն հանրությանը NİDA-ն հայտնի է դարձել 2013թ-ի գարնանը՝ բանակում հաճախ մահացությունների դեմ երիտասարդության զանգվածային հանրահավաքի հետ կապված: Նրանք քաղաքի կենտրոնում երեք զանգվածային հանրահավաք անցկացրին: Վերջինի ժամանակ մի քանի տասնյակ ակտիվիստներ ձերբակալվեցին: Նրանցից 9-ը, 6-8 տարվա ազատազրկման դատապարտվեցին՝ Զաուր Ղուրբանլին, Ուզեիր Մամեդլին, Բախտիար Ղուլիևը, Շահին Նովրուզլուն, Ռաշադատ Ախունդովը, Մամեդ Ազիզովը, Իլկին Ռուստամաձեն, Ռաշիդ Հասանովն ու Օմար Մամեդովը: Նրանց տներում տարբեր բաներ են գտել՝ ծանր թմրանյութերից մինչև Մոլոտովի կոկտեյլներ:
2013թ-ի մարտի 10, բանակում ոչ պատերազմական պայմաններում մահացությունների դեմ հանրահավաք
NİDA-ի որոշ անդամների հաջողվեց խուսափել երկար անազատությունից նամակ-խնդրանքներից հետո: Այսպես օրինակ, Էլսևյար Մուրսալիևի խնդրագրի մեջ ասվում էր. «Ես հրաժարվում եմ NİDA քաղաքացիական շարժման և Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության անդամ լինելուց: Պահանջում եմ ջնջել իմ անունը այսպես կոչված քաղբանտարկյալների ցուցակից և հանել իմ նկարը Ազատություն ռադիոկայանի էջերից: Սատարում եմ Ձեր ղեկավարությամբ իրականացվող ներքին և արտաքին քաղաքականությանը, պարոն Նախագահ, և խոսք եմ տալիս Ադրբեջանի արժանապատիվ քաղաքացի լինել: Հարկ եղած դեպքում պատրաստ եմ Ձեր կամ Գլխավոր հրամանատարի հրամանով թշնամու դեմ կռվել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար: Իմ և ընտանիքիս անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ»:
Երբ 2014թ-ի ամռանը հետապնդումներ սկսվեցին, դրանք առաջին հերթին հարվածեցին հենց այդ նոր երիտասարդական շարժմանը: Եթե ընդհանուր թիվ վերցնենք, ապա NİDA-ի անդամներից ավելի շատ մարդ է վերջին երկու տարում բանտերի միջով անցել, քան երկրում գոյություն ունեցող կուսակցությունների: Ցավոք, դա այնքան հայտնի մարդիկ չեն, որքան լրագրող Խադիջա Իսմայլովան է կամ իրավապաշտպաններ Լեյլա Յունուսն ու Ինթիգամ Ալիևը:
NİDA-ի անդամները դժվարությամբ են հարցազրույց տալիս, նույնիսկ նրանք, ովքեր արդեն արտասահմանում են ապրում: Ոչ միայն նրանք, այլ նաև Ադրբեջանում մնացած նրանց բարեկամները: Կազմակերպության՝ արտասահմանում ապրող անդամներից մեկն ուղղակիորեն մեր թղթակցին հայտարարեց, որ չի կարող հարցազրույց տալ այնքան ժամանակ, քանի դեռ դուրս չի բերել իր բոլոր բարեկամներին:
Նոր տեսակի երիտասարդություն
«NİDA-ի անդամներն Ադրբեջանում խիստ հետապնդումների են ենթարկվում, և պատճառն այն է, որ այդ կազմակերպությունն իրոք ակտիվ է, — ասում է նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարլին: — Այն երիտասարդներից է կազմված, ովքեր հաճախ առանց ղեկավարությանը տեղյակ պահելու ակցիաներ են անում և հստակ հասկանում են՝ ինչի են իրենց դատապարտում»: Նրա խոսքով, NİDA-ի անդամներին կազմակերպության ստեղծման պահից իրոք ավելի հաճախ են ձերբակալել, քան մնացածներին, սակայն տվյալ պահին նրանց ընդամենը 4 անդամ է բանտում գտնվում: «Մենք՝ իրավապաշտպաններս, անում ենք ամեն հնարավորը՝ նրանց անունները հասցնում ենք միջազգային հանրությանը, — ասում է Ջաֆարլին: — Այսպես, Իբրահիմն ու Մամեդովը առաջատար դրսի իրավապաշտպան կազմակերպությունների կողմից խղճի գերի են ճանաչվել»:
«NİDA-ն մեր այսօրվա երիտասարդության մի մասն է, որն ավելի ակտիվ է, քան այն, որը տասը, քսան տարի առաջ էր, — ասում է “The FAR CENTЕR” տնտեսական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Հիքմեթ Հաջիզադեն: — Աշխարհը փոխվել է, փոխվել են առաջնահերթությունները: Նախորդ սերունդների մարդիկ, բավականություն ստանալով, հիշում են, թե ինչպես են խոհանոցներում քաջաբար կիթառի նվագակցությամբ երգեր երգել և Սարտր կարդացել: NİDA –ն ավելի մեծ քաղաքացիական գիտակությամբ նոր տեսակի երիտասարդություն է»:
Freedom House-ը, Human Rights Watch-ը, այլ կազմակերպություններն ու քաղաքական գործիչները NİDA –ի մասնակիցներին քաղբանտարկյալ են համարում:
Ադրբեջանի իշխանություններն այլ կարծիքի են: Գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը, Trend գործակալությանը մեկնաբանելով նրանց ձերբակալությունները, հայտարարել է, որ հասարակական կարգը խախտելու համար պատասխանատվության ենթարկված անձինք պետք է հասկանան, որ ադրբեջանական երիտասարդությանը հնարավոր չէ պետության դեմ տրամադրել. «Վաղ, թե ուշ երիտասարդությունը հասկանում է, որ սխալ ճանապարհով էր գնում»: