«Բաքվին անհանգստացնում են ՀՀ դատական հայցերը, սլաքներն ուղղվում են Ալիևի վրա»․ կարծիք
Բաքվին անհանգստացնում են ՀՀ դատական հայցերը
Գրեթե երկու ամիս առաջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրին խաղաղության պայմանագրի նախագիծը, որում դրույթ կա նաև միջազգային հայցերի հետկանչման մասին։ Թեև փաստաթղթի ստորագրման ժամկետները դեռևս անհայտ են, հասարակությունն ու փորձագիտական շրջանակները քննարկում են հետկանչման նպատակահարմարությունը։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է՝ այդ քայլին գնալը կարող է տրամաբանական համարվել միայն այն պարագայում, եթե կնքվելիք փաստաթղթում նախատեսված լինեն «իրավական պաշտպանության մեխանիզմներ»։ Թվում է, մասնավորապես՝ արցախցիների վերադարձի, գույքի փոխհատուցման, հանցագործությունների հետաքննության և այլ կետեր։
«Խաղաղության պայմանագիր չի կարող լինել առանց բռնի տեղահանված անձանց վերադարձի»,- Factor TV-ի եթերում շեշտել է Ղազարյանը։
Ընդգծել է՝ եթե նույնիսկ մեխանիզմներ չլինեն, առնվազն պետք է լինի հետևյալ սկզբունքի ամրագրումը՝ հիմա կնքում ենք պայմանագիրը, բայց ապագայում անպայման այդ մեխանիզմները պետք է ստեղծենք։
ՄԻԵԴ-ում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 հայց ունի, մասնավորապես՝ 2020 թ․-ի պատերազմի ընթացքում թույլ տրված խախտումների, գերիների ապօրինի դատավարությունների, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և դրա հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Եվ վերջինը՝ Լաչինի միջանցքի արգելափակման և դրան հաջորդած զարգացումների հետ կապված, այդ թվում են բռնի տեղահանումը, 2023 թ․-ի ագրեսիան ԼՂ-ի նկատմամբ, շրջափակման ընթացքում տեղ գտած խախտումները:
ՀՀ-ն Ադրբեջանի դեմ մեկ հայց ունի նաև Արդարադատության միջազգային դատարանում՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմքով։ Համանման հայց է ներկայացրել նաև Բաքուն։
- «Հայ գերիների ճակատագիրը կարող է մնալ Բաքվի քմահաճույքների տիրույթում»․ կարծիք Երևանից
- «Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը խիստ վտանգավոր կլինի»․ կարծիք
- Էթնիկ զտումից մինչև վերադարձի իրավունք. ԼՂ-ի հայաթափումից մեկ տարի անց
«Դատական ատյաններում ՀՀ հաղթանակը շատ հավանական է»
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի կողմից ներկայացված գանգատները հաջողությամբ են պսակվելու։ Եվ դա գիտակցում է նաև Ադրբեջանը։ Ասում է՝ դեռ նոր խախտումներ ի հայտ կգան, որոնք կմեծացնեն մասշտաբը՝ ռազմական հանցագործությունները դարձնելով մարդկության դեմ հանցագործություններ․
«Կրկին սլաքը կուղղվի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։ Հենց դրանից էլ Բաքուն անհանգստացած է։ Դրա ապացույցն է Եվրախորհրդարանի վերջին փաստաթուղթը, որտեղ Միջազգային քրեական դատարանին ուղղակիորեն առաջարկվում էր վարույթ սկսել Ադրբեջանի ղեկավարության՝ Ալիևի դեմ»։
Մասնագետի խոսքով՝ դատարաններում առավել հեշտ հաղթում է նա, ով զոհի կարգավիճակում է, 2020 թ․-ից այդ կարգավիճակում է Հայաստանը։
«ՀՀ-ն ունի փաստեր, Ադրբեջանը՝ կեղծ պատմություններ»
ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան ներկայացված միջպետական գանգատներն, ըստ նրա, ներառում են հարցերի լայն շրջանակ՝ էթնիկ զտում, բռնի տեղահանություն, մշակութային օբյեկտների ոչնչացում և այլն։
«Ներկայացվում են փաստեր, ապացույցներ, որ ի սկզբանե Ադրբեջանը նպատակ է ունեցել ոչ միայն ռազմական առավելության հասնել ռազմի դաշտում, այլև էթնիկ զտում, բռնի տեղահանություն իրականացնել։ Որպես հիմնական դրդապատճառ ներկայացվում է հայերի հանդեպ ատելությունը»,- նկատում է նա։
Արա Ղազարյանի խոսքով՝ Բաքուն փաստեր չունի, ուստի հայելանման պատկեր ստանալու համար շրջանառում է կեղծ պատմություններ։ Ըստ նրա՝ ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո միջազգային ատյաններն այլևս «հավասարը հավասարի» մոտեցում չեն ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ․
«Իրավական առումով բալանսն ի օգուտ Հայաստանի է։ ՀՀ-ն ներկայացնում է կոնկրետ փաստեր։ Ամենակարկառուն փաստը՝ ո՞ւր են 120 հազար արցախցիները։ Այս հարցին Բաքուն չի կարողանում պատասխանել»։
Ասում է՝ ադրբեջանական կողմը մատնացույց է անում 1992-94 ավերված գյուղերն ու քաղաքները, այնինչ դա պարիտետ (հավասարիրավություն) չի ստեղծում։
«Բաքուն պետք է վերացնի հայերի հանդեպ ատելությունը»
Միջազգային իրավունքի մասնագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը պետք է մեխանիզմներ ստեղծի Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի համար։ Սակայն այդ ճանապարհին դեռ շատ քայլեր է պետք անել։ Առաջինը, ըստ նրա, ատելության խոսքը վերացնելն է։ Բայց Ադրբեջանի ղեկավարությունը չի ուզում դա անել, չի էլ կարող՝ այնքան շատ է ատելություն սերմանել․
«Պետք է ստեղծի նաև փոխհատուցման մեխանիզմներ, ինչպես 41 տարի հետո Թուրքիան ստեղծեց Հյուսիսային Կիպրոսում»։
Ղազարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ոչ միայն մեխանիզմներ չեն ստեղծվել, այլև Բաքուն օտագործել և օգտագործում է ԼՂ-ի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատավարությունները, դրանց շրջանակներում ստացված ինչ-ինչ «ապացույցներ», որպեսզի իրավական դաշտում որոշակի հավասարության հասնի։
«Առանց մեխանիզմների պայմանագիրը իրավական վակուում կառաջացնի»
Փորձագետի փոխանցմամբ՝ միջպետական դատական հայցերի հետկանչման պարագայում առանց իրավական պաշտպանության կմնան այն քաղաքացիները, որոնց գործերը ներկայացվել են ոչ թե անհատական, այլ միջպետական գանգատի շրջանակում։ Օրինակ՝ ՄիԵԴ-ի պարագայում քաղաքացին կարող է նորից դիմել, այս անգամ՝ անհատական հայցով։ Սակայն 4-5 տարվա վաղեմության գործերի դեպքում կարիք կլինի ներկայացնել «ողջամիտ բացատրություն»՝ ինչու է գանգատը ներկայացվում այսքան ժամանակ անց։ Հայցերի ընդունելության կարգն է այդպիսին։
Ուստի Ղազարյանը կարևոր է համարում, որպեսզի կնքվելիք խաղաղության պայմանագրում լինեն նաև իրավական պաշտպանության մեխանիզմներ, մասնավորապես՝ արցախցիների վերադարձի, գույքի փոխհատուցման, հանցագործությունների հետաքննություն և այլնի վերաբերյալ․
«Սահմանադրությունը Հայաստանի քաղաքացիներին կամ ՀՀ-ում գտնվող ցանկացած անձի, այդ թվում՝ արցախցիներին, տալիս է իրավական պաշտպանության երաշխիքներ։ Եթե Հայաստանը կնքի պայմանագիր, որտեղ չկան այդ երաշխիքները, իրավական վակուում կառաջանա»։
Ասում է՝ մարդու իրավունքները ունիվերսալ են, չեն կորչում զուտ այն հիմքով, որ այդ տարածքն (ԼՂ) անցել է Ադրբեջանի տիրապետության տակ։
Միջազգային իրավունքի մասնագետը հիշեցնում է՝ ստորագրումից հետո Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ արդյո՞ք պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Ըստ նրա՝ եթե փաստաթղթում իրավական պաշտպանության մեխանիզմ կամ սկզբունք ամրագրված չլինի, դա «պետք է, որ հակասի մայր օրենքի երկրորդ բաժնին» (Գլուխ 2՝ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները)։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բաքվին անհանգստացնում են ՀՀ դատական հայցերը