2024 թ․-ին Բաքուն ավելի քան 2 մլրդ դոլարի զենք է գնել․ նոր ագրեսիայի՞ է պատրաստվում
Բաքուն 2 մլրդ դոլարի զենք է գնել
Ադրբեջանը 2024 թվականին ձեռք է բերել 2 միլիարդ 220 միլիոն դոլարի սպառազինություն։ Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի հրապարակած տվյալներն է ներկայացնում ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։ Ասում է՝ Ադրբեջանը զբաղեցնում է վերոնշյալ կենտրոնի վարկանիշային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։
Փորձագետը «Արմենպրեսի» հետ զրույցում նկատել է՝ Բաքուն պարբերաբար կեղծ մեղադրանքներ է հնչեցնում, թե, իբր, Հայաստանը սպառազինվում է Ադրբեջանի վրա հարձակվելու նպատակով: Այնինչն հենց Ադրբեջանն է մեծացնում սպառազինությունների ծավալներն ու ընդլայնում զինատեսակները։
«Չի կարելի բացառել, որ ադրբեջանական կողմի նպատակներից է սպառազինության ծավալները մեծացնելու միջոցով նոր ագրեսիայի, ռազմական կոնֆլիկտի պատրաստվելը»,- շեշտել է Հարությունովը։
- «Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»․ Փաշինյան
- Ուղերձ Բաքվին, բայց ոչ միայն նրան․ կարծիք հայ-իրանական զորավարժությունների մասին
- «Ադրբեջանն ուզում է վիժեցնել խաղաղության գործընթացը»․ ականապատման քարտեզները՝ նոր թիրախ
- Խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձգձգելու Բաքվի շարժառիթները՝ ըստ հայ քաղաքագետի
Ինչո՞ւ է Ադրբեջանը սպառազինվում․ 3 նպատակ
Վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սպառազինության ակտիվ ձեռքբերումների մասին տեղեկատվությունն առկա է նաև բաց աղբյուրներում։ Նկատում է՝ զենքի գնումների մի մասի վերաբերյալ Ադրբեջանն ինքն է տեղեկացնում՝ նշելով արդեն գնված ու ապագայում գնվելիք սպառազինության մասին։ Ասում է՝ Բաքուն հետապնդում է մի քանի նպատակ․
«Ադրբեջանական կողմը սպառազինության ձեռքբերումը նախ դիտարկում է որպես էական ռեսուրս, որով ժամանակակից աշխարհում փորձում է լուծել նաև քաղաքական խնդիրներ»։
Հարությունովի գնահատմամբ՝ Ադրբեջանի երկրորդ նպատակն է թույլ չտալ, որ հայկական կողմը վերականգնի ռազմական հավասարակշռությունը․
«Բաքուն ձգտում է հնարավորինս խորացնել իր համար ուժերի բարենպաստ հարաբերակցությունը Հայաստանի համեմատ, ինչը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմից հետո»։
Ըստ ռազմական փորձագետի՝ բացառված չէ, որ սպառազինությունների ծավալները մեծացնելու Բաքվի երրորդ նպատակը այդ կերպ «նոր ագրեսիայի պատրաստվելն է»։
Սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմները չեն գործում
«Մեր տարածաշրջանում խոսքը վերաբերում է սովորական սպառազինությունների մասին պայմանագրին։ Այն պարունակում է հստակ սահմանափակումներ 7 տեսակի ծանր սպառազինությունների առնչությամբ, որոնք ունեն հիմնական նշանակություն»,- խոսելով սպառազինությունների վերահսկման մասին՝ արձանագրել է Դավիթ Հարությունովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը մշտապես խախտել է Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ այս պայմանագրի դրույթներն ու սահմանափակումները։
Իսկ այժմ սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմները չեն գործում։ Փորձագետի խոսքով՝ 2023 թ․-ին պայմանագրից դուրս է եկել ՌԴ-ն, 2024 թ․-ին անդամությունը սառեցրել է Լեհաստանը։
Մյուս կողմից, նկատում է՝ նախկինում էլ մեխանիզմներն արդյունավետ չէին գործում։ Մասնավորապես՝ նախատեսված չէին ստուգման և վերիֆիկացման հստակ գործառույթներ, սահմանված չէր պատասխանատվություն խախտումների համար։
Հարկ է նկատել, որ Երևանը հանդես է եկել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ ստեղծելու առաջարկով։ Բաքուն պաշտոնապես չի արձագանքել դրան։
«Իրավիճակը Կովկասում մտահոգիչ է»
Վերլուծաբանն ասում է՝ սպառազինությունների ծավալների առումով կան ավելի ռազմականացված տարածաշրջաններ։ Օրինակ է բերում Մերձավոր Արևելքը և Հարավարևելյան Ասիան։ Բացատրում է՝ այնտեղ «պոտենցիալ հակամարտությունների ծավալներն ավելի մեծ են, քան Հարավային Կովկասում»։ Չնայած այդ հանգամանքին՝ շեշտում է՝ Կովկասում առկա իրավիճակը նույնպես մտահոգիչ է։
«Մեր տարածաշրջանի չափից շատ ռազմականացված լինելու հանգամանքը պայմանավորված է բնակչության քանակի և սպառազինության համադրման հաշվարկով»,- նկատել է նա և հիշեցրել՝ Կովկասի երկրները չեն առանձնանում բնակչության մեծ թվաքանակով։
«Դժվար թե Ադրբեջանն ԱՄՆ-ից մեծածավալ զենքի գնումներ անի»
Ապրիլի վերջին Նահանգներում տեղի են ունենալու նոր քննարկումներ կապված «Ազատությանն աջակցության բանաձևի» 907 ենթաբաժնի հետ, որով Վաշինգտոնը 1992 թ,-ին արգելել էր Ադրբեջանին սպառազինություն հատկացնել։
Հարությունովը հիշեցնում է՝ չնայած հայկական կողմի ջանքերին՝ 2001 թ․- սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո բանաձևում կատարված փոփոխությունների արդյունքում ԱՄՆ-ի նախագահին տրվել է սահմանափակ իրավունք՝ հակաահաբեկչական գործողությունների անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես կասեցնել ենթաբաժնի գործողությունը։
Ռազմական փորձագետի համոզմամբ՝ նույնիսկ եթե Վաշինգտոնը որոշի Բաքվի զենքի գնումները չսահմանափակել, դժվար թե Ադրբեջանն ԱՄՆ-ից մեծածավալ գնումներ անի․
«Ամերիկյան սպառազինությունը բավականին թանկ է։ Իսկ Ադրբեջանը գլխավորապես համադրում է ռուսական արտադրության ծանր սպառազինությունը՝ զրահատեխնիկան, հրետանին, և ինտեգրում տեխնոլոգիական նոր տարրեր՝ հրթիռային համակարգեր, Իսրայելից և Թուրքիայից ձեռք բերած անօդաչուներ»։
Դավիթ Հարությունովը կարծում է՝ Բաքուն կշարունակի առաջնորդվել նույն ռազմավարությամբ, բայց հնարավոր է՝ առանձին զինատեսակներ էլ գնի նաև Նահանգներից։
Ասում է՝ Թրամփի վարչակազմը շահագրգռված է ամերիկյան զենքի արտահանմամբ։ Հարությունովի դիտարկմամբ՝ եթե տեսնեն նոր հնարավորությունների դաշտ, կարող են նույնիսկ անտեսել 907 բանաձևի արգելանքը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բաքուն 2 մլրդ դոլարի զենք է գնել