«Բաքուն փորձում է վերջնագրերով խոսել»․ Հայաստանի ԱԽ քարտուղար
Հայաստանի ԱԽ քարտուղարի հարցազրույցը
«Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել»,- հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա փոխանցմամբ՝ Երևանի դիրքորոշումն այն է, որ միջազգային մեխանիզմի շրջանակներում տեղի ունենան քննարկումներ ԼՂ-ի հայերի իրավունքների և անվտանգության մասին։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Գրիգորյանը շեշտել է, որ հենց նման քննարկումների մասին են եղել նաև միջազգային պայմանավորվածությունները։
JAMnews-ն առանձնացրել է Հայաստանի ԱԽ քարտուղարի հարցազրույցի կարևորագույն դրվագները։
«Պետք է մնալ պայմանավորվածությունների շրջանակում»
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն միջազգային տեսանելի ձևաչափով։ Ադրբեջանական կողմը, սակայն, հատկապես վերջին երկու՝ հումանիտար բնույթի հանդիպումներից հետո պնդում է, թե օրակարգում է «Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցը»։ Ստեփանակերտն այդ օրակարգը մերժում է։
«Երևանի դիրքորոշումն է, որ քննարկվի այն, ինչ պայմանավորվել ենք, այսինքն՝ իրավունքներ և անվտանգություն միջազգային մեխանիզմի շրջանակներում»,— հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղարն ու հավելել, որ խոսքը «միջազգային պարտավորությունների մասին է, որոնք պետք է ի կատար ածվեն»։
Լրագրողի դիտարկմանը, թե ըստ Ադրբեջանի՝ դա կարող է և ենթադրել ինտեգրացիա, Գրիգորյանը պատասխանել է՝ նշելով, որ վերջնարդյունքի կանխորոշման պարագայում բանակցությունները դժվար առաջ կգնան, քանի որ «Լեռնային Ղարաբաղն էլ կարող է հայտարարել իր ակնկալիքների վերջնարդյունքների մասին»։
«Դրա համար որպեսզի բանակցությունները տեղի ունենան, պետք է հնարավորություն ստեղծել քննարկումների համար, և պետք է մնալ պայմանավորվածությունների շրջանակում, որովհետև մենք պայմանավորվել ենք քննարկել անվտանգություն և իրավունքներ»,- շեշտել է Գրիգորյանը։
«Ռուսական միջնորդությունն էլ միջազգային մեխանիզմ է, բայց ․․․ »
Խոսելով ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ կազմակերպված հանդիպման մասին՝ Գրիգորյանն ասել է, որ ռուսական միջնորդությունն էլ միջազգային մեխանիզմ է, բայց պետք է հաշվի առնել նաև քննարկված հարցերի բնույթը։
«Երբ ասում ենք՝ միջազգային մեխանիզմի շրջանակում քննարկումներ ունենալ, նկատի չունենք զուտ հումանիտար հարցերի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման կամ էլեկտրաէներգիայի հարցի քննարկում։ Նկատի ունենք ավելի առարկայական հարցերի քննարկում։ Դա անվտանգությունն է, իրավունքներն են»։
Խնդիրն, ըստ նրա, ոչ թե ձևաչափն է, այլ այն, որ իրավունքներն ու անվտանգությունը ապահովված լինեն։ Մեխանիզմի ձևավորման հարցում կարևոր է համարում նաև միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացումը։
Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրել է՝ կա բանակցությունների, բայց ոչ կոնկրետ ձևաչափի՝ մեխանիզմի վերաբերյալ պայմանավորվածություն․
«Մեխանիզմներից մեկը կարող է լինել այն, որ ԼՂ շփման գծի շուրջ ստեղծվի ապառազմականացված գոտի։ Դա, բնականաբար, անվտանգության երաշխիքներ կստեղծի։ Կարող են քննարկվել բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ միջազգային հանրության ներկայությունը ԼՂ-ում»։
Հիշեցրել է՝ միջազգային մեխանիզմի ձևավորման մասին քննարկում տեղի է ունեցել նաև 2022 թ․-ի սեպտեմբերին Վաշինգտոնում կազմակերպված Գրիգորյան-Հաջիև-Սալիվան հանդիպման ընթացքում։
«Ադրբեջանը որոշակի վարքագիծ է դրսևորում, որը դուրս է պայմանավորվածություններից։ Փորձում է վերջնագրերով խոսել։ Շարունակում է տարբեր գործիքներով ճնշել ԼՂ-ը, նկատի ունեմ՝ Լաչինի միջանցքը փակ պահել, դիվերսիոն գործողություններ իրականացնել [մարտի 5-ին տեղի ունեցած հարձակումը] և այլն»,- ասել է նա։
«Ադրբեջանը Ղարաբաղում էթնիկ զտում է պլանավորում»
Կարծում է՝ այդ մասին են վկայում ինչպես Լաչինի միջանցքի արգելափակումը, այնպես էլ դրան նախորդած իրադարձությունները։ Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է իր «ագրեսիվ քաղաքականությունը», պատրաստակամ չէ նստել բանակցային սեղանի շուրջ և իրական քննարկումներ ունենալ։ Օրինակ է բերում մարտի 5-ը, երբ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեցին ԼՂ-ի ոստիկանության երեք ծառայողներ․
«Այս խնդիրը լուծելու տարբերակներից մեկն այն է, որ միջազգային հանրության ներկայություն ապահովվի Լաչինի միջանցքում և ԼՂ-ում»։
«Լաչինի միջանցքի շուրջ հավելյալ բանակցելու անհրաժեշտություն չկա»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հայտարարել էր, թե միջազգային ըմբռնում կա, որ Լաչինի միջանցքում պետք է անցակետ տեղադրվի։ Հայկական կողմը, սակայն, պնդում է՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ կարգավորումները տրված են 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, հավելյալ բանակցությունների կարիք չկա։
«Նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը կարևոր է ԼՂ-ի անվտանգությունն ապահովելու համար, հաշվի են առնված կարևոր հանգամանքներ։ Այդ կարգավորումները հենց անվտանգության երաշխիքներ են, որոնց փոփոխությունը կրկին էթնիկ զտման վտանգ է ստեղծում ԼՂ-ում»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Գրիգորյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը պայմանավորվում է ինչ-որ բան, որոշ ժամանակ հետո գալիս ու փորձում փոխել այն․
«Իմաստ չկա Ադրբեջանի հետ որևէ այլ՝ նոր բան բանակցելու, եթե Բաքվի դիրքորոշումն այն է, որ անվերջ պետք է բանակցել, անվերջ փոխել պայմանավորվածությունները»։
Բրյուսելում կամ Մոսկվայում հանդիպելու մասին
Անվտանգության խորհրդի քարտուղարի փոխանցմամբ՝ հայկական կողմը պատրաստ է հանդիպումների մասնակցել ինչպես Բրյուսելում, այնպես էլ Մոսկվայում։ Գրիգորյանի խոսքով՝ ռուսական կողմը ներկայացրել է առաջարկություններ, որոնք ներկայումս քննարկվում են։
Այս պահին պայմանավորվածություն չկա նաև բրյուսելյան հանդիպման վերաբերյալ։ ԱԽ քարտուղարը կարևորում է նախորդ հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումն ու նշում, որ քննարկում են այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որոնք կերաշխավորեն՝ հետագա պայմանավորվածությունները իրականություն են դառնալու։
Եթե ԼՂ-ի հիմնախնդրի շուրջ առաջընթաց գրանցվի
Ըստ ԱԽ քարտուղարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ու ԼՂ-ի հարցի կարգավորումը պետք է լինեն զուգահեռ գործընթացներ․
«Խաղաղության պայմանագիրը հնարավոր է վերջնականացնել, եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ առաջընթաց ունենք, երաշխիքներ կան անվտանգության և իրավունքների ապահովման մասով, և Հայաստանը վստահ է, որ էթնիկ զտում ԼՂ-ում տեղի չի ունենա»:
Շեշտում է՝ այդպիսին է պայմանավորվածությունը նաև միջազգային գործընկերների հետ։
Ո՞ր հարցերի շուրջ կա անհամաձայնություն
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի խոսնակը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե խաղաղության պայմանագրի 4-5 կետերի շուրջ կողմերն ունեն անհամաձայնություններ։ Անդրադառնալով այս հարցին՝ Գրիգորյանը այդ կետերը չի գաղտնազերծել։ Նշել է միայն, որ մեծ մասնաբաժին է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, չկա պայմանավորվածություն նաև խաղաղության պայմանագրի «երաշխավորների ինստիտուտի» հետ կապված։
ԱԽ քարտուղարն ասում է՝ Բաքվի ընկալմամբ՝ խաղաղության պայմանագիրը Հայաստանի համար պետք է դառնա, այսպես կոչված, «Սահմանադրություն», դոմինանտ լինի մյուս բոլոր միջազգային պարտավորությունների նկատմամբ։
«Դա չի կարող տեղի ունենալ, որովհետև Հայաստանը պատասխանատու միջազգային գործընկեր է։ Չենք կարող ստորագրել մի փաստաթուղթ, որը կարելի է ասել՝ որոշ չափով զրոյացնում է մեր մնացած պարտավորությունները»,- ընդգծել է նա։
«Հազար ու մի հիմնավորում են գտել մեզ չօգնելու համար»
Գրիգորյանի խոսքով՝ Եվրամիության առաքելության Հայաստան գալու միակ պատճառը երկրի ունեցած փորձն է եղել։ Հիշեցնում է՝ ՀՀ սուվերեն տարածքը պաշտպանելու հարցում օգնելու խնդրանքով դիմել են ՀԱՊԿ ռազմական դաշինքին, բայց ստացել «զրո աջակցություն»․
«Նույնիսկ Ադրբեջանի նարատիվների օգտագործում, որը ոչ միայն աջակցություն չէ, այլև հակառակորդին աջակցություն է»։
Ասում է՝ Հայաստանը չի ստացել այն երաշխիքները, որոնց շուրջ պայմանավորվածություններ է ունեցել, հետևաբար փնտրել է «հավելյալ երաշխիքներ»։ Ընդգծել է՝ ԵՄ-ն պայմանագրային որևէ պարտավորություն չուներ Հայաստանի նկատմամբ, բայց «բարի կամք է դրսևորել և օգնության ձեռք մեկնել»․
«Այլ երկրներ [նկատի ունի Ռուսաստանը] ունեցել են պայմանագրային պարտավորություններ, բայց հազար ու մի հիմնավորում են գտել մեզ չօգնելու համար»։
Սա, ըստ նրա, «քաղաքական ցանկության» հարց է։ Նկատում է՝ եթե օգնելու ցանկություն լիներ, կօգտագործեին բոլոր միջոցները, կգտնեին հիմնավորում։ Իսկ երբ նման ցանկություն չկա, օգտագործում են «բոլոր անհնար և հնարավոր փաստարկները» չօգնելու համար։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանի ԱԽ քարտուղարի հարցազրույցը