Ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովն ազատ է արձակվել բանտից: Սոցիալական արդարության կենտրոնի տվյալների համաձայն՝ ապրիլի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և Աֆղան Սադիգովի նկատմամբ խափանման միջոցը՝ արտահանձնման կալանքը, փոխարինել է գրավի դիմաց ազատ արձակմամբ:
Կենտրոնի փոխանցմամբ՝ Աֆղան Սադիգովի արտահանձնման կալանքի ժամկետն ավարտվում էր մայիսի 3-ին, ինչի կապակցությամբ դատախազությունը ստիպված էր դիմել դատարան՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ:
Լրագրող Աֆղան Սադիգովը ձերբակալվել էր Ադրբեջանում 2020 թվականի մայիսին՝ դրամաշորթության մեղադրանքով: Հետագայում նա դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման, սակայն Գերագույն դատարանը ժամկետը կրճատել էր մինչև չորս տարի: Երկու տարի բանտում անցկացնելուց հետո լրագրողն ազատ էր արձակվել համաներման արդյունքում: 2023 թվականին նա տեղափոխվել էր Վրաստան, որտեղ 2024 թվականի օգոստոսին ձերբակալվել էր Ադրբեջանի իշխանությունների հարցման հիման վրա՝ հետագայում Ադրբեջան արտահանձնելու նպատակով: Ի նշան բողոքի՝ Սադիգովը հացադուլ էր հայտարարել։
2025 թվականի փետրվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ էր կայացրել Աֆղան Սադիգովի գործով և արգելել լրագրողի արտահանձնումն Ադրբեջան, «քանի դեռ Ստրասբուրգի դատարանը չի պարզել նրա գործի էությունը»:
Աֆղան Սադիգովը Եվրոպական դատարանի որոշումից հետո դադարեցրել էր 161-օրյա հացադուլը։
Ազատ արձակվելուց հետո Աֆղան Սադիգովը շնորհակալություն է հայտնել վրացի լրագրողներին իր կալանքի ակտիվ լուսաբանման համար և նշել, որ ինքը Վրաստանում ձերբակալվել է «բռնապետ Ալիևի հրամանով՝ (Վրաստանի վարչապետ- JAMNews) Կոբախիձեի ձեռքերով, որը բռնապետության ճանապարհին էր»:
Նա նաև շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպություններին, վրացական ՀԿ-ներին և դեսպանատներին աջակցության համար.
«Առաջին հերթին ողջունում եմ վրացի խիզախ լրագրողներին: Բռնապետ Կոբախիձեի և գանգստեր Իվանիշվիլիի բախտը չի բերել, որ Վրաստանում կան ձեզ նման մեդիա ներկայացուցիչներ:
Ես նաև շնորհակալ եմ, որ դուք միշտ ինձ հետ կապված լուրերը բերել եք օրակարգ և պահել հանրային ուշադրության կենտրոնում:
Ցանկանում եմ նաև խորին երախտագիտությունս հայտնել իմ իրավապաշտպաններին, փաստաբաններին և Սոցիալական արդարության կենտրոնին: Թեև նրանք երիտասարդ են, բայց շատ պրոֆեսիոնալ են:
Եթե ինչ-որ մեկը Վրաստանում անարդարությունից բխող խնդիրներ ունի, Սոցիալական արդարության կենտրոնը կօգնի դրանք լուծել…
Մարդկանց և կազմակերպությունների ցանկը, որոնց ես պարտավոր եմ երախտագիտություն հայտնել, կարելի է շարունակել անվերջ»: