Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին ՄԻԵԴ-ում հաղթել է Վրաստանին ու Ադրբեջանին
Աֆղան Մուխթարլին ՄԻԵԴ-ում հաղթել է
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին հաղթել է Վրաստանի և Ադրբեջանի դեմ գործը Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։ Երկու երկրները պարտավոր են նրան վճարել ընդհանուր առմամբ 21.000 եվրո։
● Որոշման համաձայն՝ դատարանը ճանաչել է, որ Վրաստանը խախտել է Կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելք) և 5-րդ (ազատության և անձնական անվտանգության իրավունք) հոդվածները, քանի որ չի իրականացրել արդյունավետ քննություն Մուխթարլիի առևանգման, նրա հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի և անօրինական կերպով նրան Ադրբեջանի իշխանություններին հանձնելու գործով:
● Դատարանի որոշման համաձայն՝ Վրաստանը, ըստ էության, չի խախտել Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածները (անպատշաճ վերաբերմունքի և կալանավորման վերաբերյալ):
● ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ դատարանը ճանաչել է Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտումը: Սակայն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը չի հաստատվել:
● Դատարանը ճանաչել է Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտումը, համաձայն որի՝ ձերբակալված կամ կալանավորված անձն անհապաղ տարվում է դատավորի կամ օրենքով դատական իշխանությամբ օժտված այլ պաշտոնատար անձի մոտ, ունի իրավունք ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու: Հաստատվել է նաև 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտումը:
Մուխթարլի. «Բիձինա Իվանիշվիլին իմ առևանգման մեղսակիցն է»
«Ես չեմ հավատում, որ քանի դեռ Իվանիշվիլին [օլիգարխ, Վրաստանի ստվերային կառավարիչ] իշխանության ղեկին է, այս գործը կհետաքննվի, որովհետև Իվանիշվիլին իմ առևանգման մեղսակիցն է։
Այս մասին հրապարակայնորեն հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան, ով ներկայումս բանտում է։ Նա ասել է, որ հրամանը եկել է Իվանիշվիլիից։ Սակայն ընտրություններից հետո, երբ Վրաստանը կունենա ժողովրդավարական կառավարություն, այս գործը անպայման կհետաքննվի։
Ինձանից բացի Թբիլիսիի կենտրոնից առևանգվել են ևս երկու ռուս ընդդիմադիրներ, ովքեր այժմ գտնվում են ռուսական բանտում, այնուհետև՝ ևս մեկ ադրբեջանցի լրագրող՝ Սաիդօղլուն։
Դա չէր կարող տեղի ունենալ պատահական՝ առանց Իվանիշվիլիի հրամանի։
Երեք առևանգողներից մեկին ճանաչելուց հետո ես մեկուկես տարի առաջ դիմել եմ դատախազություն, մատնանշել եմ նրա ինքնությունը, սակայն հետաքննությունը օբյեկտիվ ճշմարտությունը պարզելու համար որևէ քայլ չի ձեռնարկել։
Դատախազությունը նույնիսկ չի պատասխանում զանգերին, չի հայտնում, թե որ փուլում է գտնվում քննությունը և ինչ է պարզվել։ Սա հաստատում է, որ համակարգը շահագրգռված չէ այս գործի քննությամբ, քանի որ առևանգման մեղսակիցները հենց իրենք են»,- «Պիրվելի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մուխթարլին։
Աֆղան Մուխթարլիի գործը
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին Վրաստան է տեղափոխվել 2014 թվականին։ Նա հայտնի էր Ադրբեջանի կառավարության սուր քննադատությամբ և մերկացնող հոդվածներով։ Հայրենիքում նրան հետապնդում էին, դրա համար էլ թաքնվում էր Վրաստանում։
2017 թվականի մայիսի 29-ին՝ գրեթե կեսօրին Մուխթարլիին առևանգել են Թբիլիսիի կենտրոնական շրջանում՝ գլխին պարկ հագցնելով։
Հաջորդ օրը՝ մայիսի 30-ին, Մուխթարլին հայտնվել է Ադրբեջանի բանտում։ Այնտեղ դատարանը նրան դատապարտել է վեց տարվա ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգության և կառավարությանը չենթարկվելու մեղադրանքներով։
Երեք տարվա ազատազրկումից հետո՝ 2020 թվականի մարտի 17-ին, Մուխթարլիին հանկարծակի ազատ են արձակել և հատուկ չվերթով ուղարկել Գերմանիա, որտեղ 2019 թվականից բնակվում են նրա կինն ու դուստրերը։
Մուխթարլիի առևանգումից անցել է յոթ տարի, սակայն նրա առևանգման գործը Վրաստանում մինչ օրս չի հետաքննվել։ Վրաստանի դատախազությունը պաշտոնապես այն հետաքննում է 143-րդ հոդվածի առաջին մասով (ազատության ապօրինի սահմանափակում)։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Աֆղան Մուխթարլին ՄԻԵԴ-ում հաղթել է