Աքսորյալները
«Քաղաքականությունը մարդիկ են» շարք, պատմություն առաջին՝ Ղարաբաղից
Սա Օհանյանների ընտանիքն է՝ Ռուբենն ու Սոֆյան: Ահա նրանք են.
Նրանք ապրում են Ղարաբաղի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղում արդեն 20 տարի, ոչ մեծ գետակի մոտ՝ բլրի վրա գտնվող տանը: Վառարանի համար փայտ բերելու համար Ռուբենը ստիպված է ամեն անգամ բավականին զառիթափ արահետով բարձրանալ:
Սոֆյան ամուսնացել է 18 տարեկանում, այժմ նա արդեն 52 տարեկան է: Հակամարտությունը, պատերազմն ու ղարաբաղյան հակամարտության շուրջ որոշման բացակայությունն է հենց նրա ու Ռուբենի կյանքը:
Խորհրդային ժամանակներում այստեղ երկու գյուղ կար՝ Աբդալն ու Գյուլափլուն: Այն ժամանակ այստեղ մոտ 600 մարդ էր ապրում: Դրանք ադրբեջանական գյուղեր էին: Պատերազմի ժամանակ ադրբեջանական բնակչությունը փախավ, իսկ գյուղերը դատարկ էին մի քանի տարի:
Հակամարտության ռազմական փուլի ավարտից հետո այստեղ սկսեցին Ադրբեջանից փախած հայերին բնակեցնել: Հայաստանի շրջաններից էլ ընտանիքներ եկան: Երկու գյուղի փոխարեն մեկը ձևավորվեց, որն ավնանեցին Վազգենաշեն, և այսօր այստեղ 300 մարդ է ապրում:
1996թ-ին առաջինն այստեղ մշտական բնակություն հաստատեցին Ռուբեն և Սոֆյա Օհանյանները:
«Մենք ապրում էինք Չարենցավանում՝ Հայաստանում: Երբ պատերազմը սկսվեց, հայրս գնաց Ղարաբաղ որպես կամավոր: Այնուհետև՝ ես ու եղբայրս: Հետո նրանք հեռացան, իսկ ես որոշեցի մնալ և այստեղ ապրել», — պատմում է Ռուբենը:
Անտառում գյուղի մոտ 1990-ականներից «Գրադ» արկերի պարկուճներով արկղեր են ընկած:
Ընդհանրապես անցած 20 տարիների ընթացքում գյուղում ընդամենը մեկ զգալի փոփոխություն է տեղի ունեցել. այստեղ էլեկտրականություն են անցկացրել: Մնացածը նույնն է. գազատարն այստեղ չի հասնում, տները փայտի և ածխի վառարաններով են ջեռուցվում, դրանց վրա էլ ուտելիք են պատրաստում:
Ջրատար նույնպես չկա, ջուրը՝ և խմելու, և ոռոգման, ավանակներով կրում են գյուղի տակ հոսող առվակից: «Շաբաթ-կիրակի, երբ լվացք է նախանշվում, ստիպված են երեք անգամ ջրի գնալ: Երրորդին ավանակին հազիվ ես քարշ տալիս դեպի առվակը, հոգնում է», — ասում է Ռուբենը: Հերոսական աշխատանքի համար ավանակը հանգստյան օրերին համեղ խորտիկ է ստանում՝ վարսակ:
Ժամանակին Ռուբենն ու Սոֆյան սեփական միհարկանի տունն են կառուցել բառացիորեն դատարկ վայրում: Տանիքն արդեն լրիվ հնամաշ է, կաթում է: «Մեր պատերը հողից են, չնայած որ ամեն տարի սպիտակեցնում ենք, միևնույնն է, միանգամից սևանում են», — ասում է Սոֆյան:
Հին ժանգոտած ավտոբուսը, որը հայտնի չէ, թե որ ժամանակներից է տեղավորվել նրանց տան դարպասների ետևը, ընտանիքն օգտագործում է որպես գոմ:
Այստեղ 4 երեխա են ունեցել, մոմի լույսի տակ մեծացրել և ամուսնացրել: Այդպիսի մեծ ընտանիքով էլ ապրել են այստեղ թոռների հետ մինչև 2016թ-ի ապրիլը, երբ փաստացի նոր պատերազմ սկսվեց: Այդ ժամանակ թոռներին շփման գծից հեռու են ուղարկել՝ Հայաստան, Չարենցավան, և թեև հիմա իրավիճակն ավելի հանգիստ է, թոռներն այդպես էլ մնացել են այնտեղ:
Սակայն իրենք չեն ուզում հեռանալ: Մի քանի տարի առաջ տղաներից մեկը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով: Փոքրիկ գերեզմանոցը շատ մոտ է նրանց տանը, այնտեղ ընդամենը 5 գերեզման կա, դրանցից մեկը նրանց որդունն է: «Մեզ Չարենցավան են կանչում, սակայն ինչպես որդուս հողում թողնեմ-հեռանամ» — ասում է Սոֆյան:
Կառավարությունը հաճախ է գյուղացիներին օգնում տներ կառուցել և տանիք վերանորոգել: Սակայն հիմնականում՝ կենտրոնում, ծայրամասերին հազվադեպ է օգնությունը հասնում: Վազգենաշենի կենտրոնում գազատար են անցկացրել, ջուրը նույնպես տների մոտ են բերել: Սակայն Օհանյանները գյուղի կենտրոնից գրեթե մեկ կիլոմետր հեռավորության վրա են ապրում:
Ռուբենն ասում է, որ ջուրն ավելի կարևոր է, քան գազը: «Եթե ջուր կա, գումար վաստակել միշտ էլ հնարավոր է: Մենք կով, խոզեր, ճագարներ ունենք, երբ պետք է լինում, մորթում ենք ու վաճառում: Սակայն ջուրը մինչև տուն ինքս ոչ մի կերպ չեմ կարողանում հասցնել»:
Իսկ աքսորի մասին խոսքերը Սոֆյայինն են. «Մենք այստեղ ազատության մեջ ենք, ամեն ինչ ինքներս ենք կարծես որոշում: Սակայն միևնույնն է, կարծես աքսորված լինենք»: Միգուցե այն պատճառով, որ ազատությունը հարաբերական հասկացություն է:
- Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի զինված հակամարտությունը տեղի է ունեցել 1991-1994թթ-ին: Հրադադար կնքելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ հանրապետություն է, սակայն այն չի ճանաչել աշխարհի ոչ մի երկիր՝ ներառյալ Հայաստանը: Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված դրա հարակից տարածքները օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել դրանք:
- ՄԱԿ տվյալներով, հակամարտության բոլոր կողմերի փախստականների և բռնի տեղահանվածների թիվը մեկ միլիոնից ավել է կազմում:
- 2016թ-ի ապրիլի 2-5-ը, 1994թ-ի հրադադարից հետո առաջին անգամ, ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում վերսկսվեցին ռազմական բախումները:
- Ապրիլի 6-ին Բաքվի և Ստեփանակերտի պաշտպանության նախարարությունները հաղորդեցին, որ հրադադարի ռեժիմը վերականգնելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
- Պաշտոնական տվյալներով՝ սրացման ժամանակահատվածում ադրբեջանական կողմից 31 զինվորական է զոհվել: Ընդ որում, «Խազար» ռազմական հետազոտությունների կենտրոնն այլ թիվ է հաղորդել՝ 93 մարդ: Պաշտոնական տվյալներով, Հայաստանում զոհվածների թիվը կազմում է 92 մարդ:
- Հակամարտության կողմերի պաշտոնական կողմերի հայտնած տեղեկատվությունն իրարամերժ է և թույլ չի տալիս պատասխանել այն հարցին, թե ով է սկսել ռազմական գործողությունները, իսկ ով՝ պատասխանել: Միջազգայի աղբյուրները նույնպես դեռևս չեն պատասխանել այդ հարցին:
- 1994թ-ին կնքած հրադադարից մինչև հիմա հակամարտության կողմերը պարբերաբար հայտնում են շփման գծում մարտերի մասին և միմյանց մեղադրում սադրանքների համար:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ
Հրապարակվել է 17.11.2016