Զոհեր խաղաղ բնակչության շրջանում․ Արցախ, մարտեր, իրավիճակը 2020 թ-ի նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին
Հայկական կողմը մեղադրում է Ադրբեջանին խաղաղ բնակչության նկատմամբ դաժան գործողությունների համար, Բաքուն կտրականապես հերքում է մեղադրանքները։
Հայկական ու ադրբեջանական բանակները սեպտեմբերի 27-ից դաժան մարտեր են վարում ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զրահատեխնիկայի, հրետանու և դրոնների կիրառմամբ։
Արդեն մի քանի հազար զինվորական և խաղաղ բնակիչ է զոհվել երկու կողմից։ Այս ընթացքում երեք անգամ՝ հոկտեմբերի 10-ին, 18-ին և 26-ին հրադադարի պայմանագիր է կնքվել, սակայն ամեն անգամ այն միանգամից խախտվել է։
• Ադրբեջանում բոյկոտում են բուրգերները, պիցան ու շամպունները․ ինչի՞ց է ամեն ինչ սկսվել
• Պատերազմը կանգնեցնելու պահանջով ակցիաներ և քողարկող ցանցեր օպերային բեմում․ տեսանյութ Երևանից
2020 թ-ի նոյեմբերի 4-ի օրվա երկրորդ կեսի իրադարձությունների մասին՝ հակիրճ
Տեղեկություններ Երևանից
• Նոյեմբերի 4-ի երեկոյան կրկին հրետակոծվել են Ստեփանակերտի բնակելի թաղամասերը 120 մմ տրամաչափի ականանետով, խաղաղ բնակիչ է վիրավորվել, բազում ավերածություններ կան։
• Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ են քաղաքացիական բնակչության համար՝ ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի հետևանքները վերացնելու կապակցությամբ։
• «Ադրբեջանում գերության մեջ մահացած հադրութցի 84-ամյա Միշա Մելքումյանը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ չի ունեցել, սա նշանակում է, որ նա այնտեղ ենթարկվել է կտտանքների և նվաստացուցիչ վերաբերմունքի»․ Արցախի օմբուդսմեն։
Հոկտեմբերի 31-ի հաղորդագրությունների համաձայն՝ ամսի 29-ին Մելքումյանին պետք է փոխանցեին հայկական կողմին, սակայն չեն կարողացել նրան բերել՝ առողջական վիճակի պատճառով։ Հաջորդ օրը նրա մահվան մասին լուր է ստացվել։
• Օմբուդսմենը կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունները խրախուսում են ռազմական հանցագործությունները, հայերի սպանություններն ու զոհվածների մարմինների նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Նա պատմել է Տող գյուղի բնակչի վկայությունը։ Այդ մարդու պատմածի համաձայն՝ ադրբեջանցի զինծառայողները գլխատել են իր հարևաններից մեկին և սպանել մյուսին։
• Հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների մասին ապացույցները փոխանցվում են ՄԱԿ և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտարարել է Հայաստանի օմբուդսմենը։
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է նաև, որ «ադրբեջանցի զինվորականները հրետակոծել են Շուշիի տաճարն ու մզկիթը, Ստեփանակերտի հիվանդանոցն ու ծննդատունը, բնակելի տները, կասետային ռումբեր և քիմիական զենք են կիրառում»։
Տեղեկություններ Բաքվից
• Առավոտից ինտենսիվ հրետակոծության են ենթարկվում Ադրբեջանի Աղդամի շրջանի գյուղերն, ինչպես նաև Տերտեր քաղաքն ու այդ շրջանի Շիղարխ ավանը։
• Ադրբեջանում մարտական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 91 խաղաղ բնակիչ, ևս 405 մարդ է վիրավորվել։ Ադրբեջանի տարածքում ավերվել է 2 734 տուն։
• Ադրբեջանը հերքել է հայկական կողմի հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողները ռազմական հանցագործություններ են կատարել Մարտունու շրջանի Տող գյուղում։
• Ադրբեջանի նախագահը հաղորդել է, որ ևս յոթ բնակավայր է անցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ Ջաբրայիլի, Զանգելանի և Գուբաթլիի շրջաններում (Արցախի հարակից տարածքներ, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են եղել 1990-ականների ղարաբաղյան պատերազմից հետո)։
Բանակցություններ և հայտարարություններ
• «Ղարաբաղում իրավիճակը հնարավոր էր կարգավորել խաղաղ ճանապարհով՝ զենքի չդիմելով։ Հուսով եմ, որ կկարողանանք արդյունքի հասնել այն հիմքի վրա, որը ձեռնտու կլինի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց համար», — ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
• Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Եվրախորհրդի Նախարարների խորհրդի նիստին կոչ է արել «վճռորոշ քայլեր ձեռնարկել և պաշտպանել Ղարաբաղի քաղաքացիների կյանքի իրավունքը»։