Արցախցի ևս 935 ուսանողներ վարձի փոխհատուցում կստանան
Արցախցի ուսանողների վարձի փոխհատուցում
Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղի ևս 935 ուսանողի վարձը։ Խոսքն ուսանողների այն խմբի մասին է, որոնք նախքան 2023 թ․-ի սեպտեմբերի ռազմական գործողություններն էլ սովորում էին ՀՀ-ում։
Ինչ վերաբերում է Արցախի հայաթափումից հետո հայաստանյան կրթական հաստատություններ տեղափոխված սովորողների ուսման վարձերին, դրանք արդեն իսկ փոխհատուցվել են։ Շաբաթներ առաջ գործադիրն այդ մասին որոշում էր ընդունել՝ հատկացնելով շուրջ 842 մլն դրամ։
ԼՂ-ի ավելի քան 1800 ուսանողներ իրենց կրթությունը շարունակում են Հայաստանի բուհերում: Նրանց բոլորի ուսման վարձը մասնակի կամ ամբողջությամբ հատուցում է ՀՀ կառավարությունը։
«Կրթության իրավունքի վերականգնման խնդիր այս դեպքում չկա»
Նման արձանագրում է արել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Պարզաբանում է՝ նոր որոշումը վերաբերում է այն ուսանողներին, որոնք նախքան սեպտեմբերյան իրադարձություններն էլ հանդիսացել են ՀՀ բուհերի ուսանողներ, պարզապես ունեն ֆինանսական աջակցության կարիք․
«Կա ուսանողների 2 խումբ, որոնց ուսման վարձի ֆինանսավորումը եկել էր կամ իրենց ընտանիքների կողմից, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այս աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից, կամ նրանց վճարումը կատարվել էր ԼՂ-ի իշխանությունների կողմից, և այժմ նույնպես այդ ֆինանսավորման աղբյուրը հնարավոր չէ շարունակել»։
Նախարարի փոխանցմամբ՝ խոսքը 935 ուսանողի մասին է։ Նրանցից 860-ը բուհական և հետբուհական կրթության համակարգից են, 75-ը՝ միջին մասնագիտական։
Ուսանողների այս խմբի առաջին կիսամյակի վարձը փոխհատուցելու նպատակին է ուղղվելու 264 մլն դրամ։
«Գումարը նվիրաբերության պայմանագրերով կհատկացվի համապատասխան ուսումնական հաստատություններին, որտեղ նրանք սովորում են»,- տեղեկացրել է Անդրեասյանը։
Մինչ այս փոխհատուցում էին ստացել 4000-ից ավելի սովորողներ
Հայաստանի կառավարությունն իրականացրել էր նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողների տվյալների հավաքագրում, որոնք սահմանված կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից նույնականացվել էին 1836 ուսանողների տվյալներ (1728՝ բակալավրի, 108՝ մագիստրոսական կրթական ծրագրով)։ Նրանց՝ 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար հատկացվել էր շուրջ 440 մլն դրամ:
Նախնական և միջին մասնագիտական հաստատություններում ուսումը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված 2524 ուսանող։ Այս խմբի համար տրամադրվել էր շուրջ 402 մլն դրամ:
«Եթե կլինեն այլ ուսանողներ, որոնք մինչ այս պահը ընդգրկված չեն կրթության գործընթացում, և հավելյալ տվյալներ ի հայտ կգան, լրացուցիչ որոշում կկայացվի նաև նրանց մասով»,- վստահեցրել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արցախցի ուսանողների վարձի փոխհատուցում