Բաքուն խեղաթյուրում է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների դրույթները։ Այս մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ՀՀ փոխվարչապետը վերահաստատել է Հայաստանի այն դիրքորոշումը, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։
«Խաղաղ զարգացման փուլ մեկնարկելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը որդեգրի կառուցողական դիրքորոշում», — նշել է Մհեր Գրիգորյանն ու հավելել, որ ադրբեջանական կողմը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից։
Ադրբեջանի գործողությունները, սակայն, այլ բան են ցույց տալիս։ Բաքուն շարունակում է չկատարել նաև նախորդ տարվա նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։
«Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է բազմաթիվ հայ ռազմագերիների պահմանը, ինչը ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, այլև միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է», — նշել է Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետը տեսակոնֆերանսի մասնակիցներին հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու դրա հետևանքների՝ զոհերի, վիրավորների, գերիների ու անհետ կորածների, ինչպես նաև հազարավոր անտուն մնացած քաղաքացիների մասին․
«40 հազար քաղաքացի կորցրել է իր տունն ու ունեցվածքը, ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբյեկտ ու ենթակառուցվածք»։