«Որոշ ժամանակով կասեցնե՛լ ծառայությունը»․ կուսակրոն հայ հոգևորականին ինտիմ տեսանյութ է վերագրվում
Արշակ Սրբազանի հոգևոր ծառայությունը կկասեցվի՞
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութը, որ տելեգրամյան ալիքներում էր հայտնվել հոկտեմբերի վերջին, ուսումնասիրվում է հատուկ հանձնախմբի կողմից։ Հայաստանի իշխանամետ ԶԼՄ-ների տրամադրության տակ է հայտնվել հանձնախմբի գրությունն ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին։
Հանձնախմբում ընդգրկված բարձրաստիճան հոգևորականները՝ 4 արքեպիսկոպոս և 3 եպիսկոպոս, առաջարկում են, որ մինչև Քննչական կոմիտեի կողմից իրականացվող փորձաքննության արդյունքների հրապարակումը՝
- «որոշակի ժամանակով կասեցվեն Արշակ արքեպիսկոպոսի՝ Մայր Աթոռում զբաղեցրած բոլոր պաշտոններն ու եկեղեցական ծառայությունը,
- արքեպիսկոպոսը բնակվի Մայր Աթոռից դուրս՝ կաթողիկոսի կողմից նախատեսված վայրում»։
Այս առաջարկները կաթողիկոսին են ներկայացվել օրեր առաջ՝ որպես հանձնախմբի գումարած առաջին ժողովի արդյունք։ Հայտնի չէ՝ երբ են նախատեսվում դրանց քննարկումն ու Արշակ արքեպիսկոպոսի հոգևոր ծառայության հետ կապված որոշումների կայացումը։
Պարզ չէ՝ ինչպես է ներքին շրջանառության ենթակա փաստաթուղթը հայտնվել լրատվամիջոցներում, արդյոք այն տրամադրել են հանձնախմբի անդամները։ Հանձնախմբում ընդգրկված հոգևորականները դեռ լռություն են պահպանում։
«Ինձ համար անկհայտ է՝ այդ մարդիկ, որոնք հաշտ չեն, որոշակի ինֆորմացիոն բլոկադայի մեջ են Կտրիճ Ներսիսյանի [կաթողիկոսի ավազանի՝ աշխարհիկ անունը] կողմից դրված, և իրենց համար ինֆորմացիոն տեսանելիության հարց են ուզում լուծել։ Դրա համար ավելի վստահելի են տեսնում իշխանական մամուլին»,- լրագրողների հետ զրույցում ասել է իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Հայաստանի հոգևոր կենտրոնից էլ որոշել են չմեկնաբանել տարածված տեղեկությունները։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը Factor TV-ին ասել է․ «Եթե անհրաժեշտություն լինի, մենք դրան կանդրադառնանք»։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները
- Շիրակի թեմի առաջնորդը մեղավոր ճանաչվեց իշխանազավթման կոչ հնչեցնելու մեջ
- ՀՀ-ում իշխանություն-եկեղեցի առճակատումը նոր թափ է ստանում․ Փաշինյանի ծրագիրը
- «Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
«Տեսանյութը ծանրակշիռ մեղքի մասին է ակնարկում»․ ի՞նչ է ասված գրության մեջ
«Հարգելով Արշակ Սրբազանի անմեղության կանխավարկածը, միևնույն ժամանակ, Ձերդ սրբության ուշադրությանն ենք հանձնում այն փաստը, որ խնդրո առարկա տեսանյութը ծանրակշիռ մեղքի մասին է ակնարկում, որը խստագույնս դատապարտվում է հայոց կրոնական ժողովների կողմից, ինչպես նաև հավատացյալների շրջանում գայթակղություն և տարակուսանք են առաջացնում»,- ասված է Գարեգին Բ-ին ուղղված գրության մեջ։
Հանձնախմբում ընդգրկված հոգևորականները նշել են, որ վերջին երկու շաբաթների (հանձնախմբի ստեղծման պահից սկսած) ընթացքում փորձել են առցանց ժողով գումարել, ինչպես նաև գրավոր կաթողիկոսին ներկայացնել իրենց կարծիքը։
Սակայն «տարբեր պատճառաբանություններով խոչընդոտվել և հնարավորություն չի ընձեռնվել հիմնավոր կերպով ներկայացնել հանձնախմբի կարծիքը»։ Թե ովքեր են եղել խոչընդոտողները՝ չեն հստակեցրել։
Հոգևորականների փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեում քննվում է երկու հարց՝ ո՞վ է նկարահանել տեսանյութը, ո՞վ է այն տեղադրել համացանցում։ Շեշտել են՝ տեսանյութերի փորձաքննության համար հարկավոր է տուժող կողմի կամ Մայր Աթոռի դիմումը, որպեսզի «պատկան մարմինների կողմից իրականացվի նյութի անկախ փորձաքննություն», տրվի վերջնական եզրակացություն։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ հանձնախմբի ստեղծման որոշումը կայացրել է անձամբ կաթողիկոսը, մասնավորապես՝ «Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար»։
Փաստաբան․ «Աշխարհիկ կյանքում քննարկելու բան չկա»
Լրագրողները Արշակ արքեպիսկոպոսի փաստաբանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք հանձնախմբին պարզաբանումներ է ներկայացրել նաև ինքը՝ հոգևորականը։
«Դա հոգևոր կյանքի, եկեղեցու ներքին խնդիրներն են։ Եվ այդ մասով աշխարհիկ կյանքում քննարկման բան, իրավունք և հնարավորություն չկա։
Արշակ Սրբազանի համար էլ է շատ տարօրինակ, որ դա հրապարակվել է, որովհետև դա եկեղեցու ներսում ներքին փաստաթղթաշրջանառության մաս է կազմում։
Հոգևորականներն իրենք են որոշում իրենց ընկերոջ կամ հոգևորականի կարգապահական հարցերը, դրանք դուրս չեն գալիս աշխարհիկ կյանք։ Ավելի ճիշտ կլինի հենց այդ փաստաթուղթը ստորագրողներից՝ հոգևորականներից ստանալ պարզաբանումներ նախ՝ բովանդակության, հետո էլ՝ ինչպես հայտնվեց իշխանական լրատվամիջոցներում»,- ի պատասխան ասել է փաստաբան Արսեն Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում։
Սկանդալային տեսանյութի մասին․ նախապատմություն
Հոկտեմբերի վերջին նորահայտ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին ինտիմ բնույթի տեսանյութեր, որոնք վերագրվում էին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
Նկարահանումներն արվել էին հոգևորականի տանը՝ հյուրասենյակում և լոգարանում տեղադրված գաղտնի տեսախցիկներով: Նշվում էր, որ կադրերում երևում են Արշակ արքեպիսկոպոսն ու նրա քեռակինը։ Ինքը՝ Խաչատրյանը, արձագանքել էր՝ նշելով, որ այս ամենը վարչապետի «հակաօրինական ուղղորդումն» է (եկեղեցի-իշխանություն հակասությունների ֆոնին)։ Հավելել էր, որ իսկ ինքը չի կարող լուրջ դեմքով լծվել «հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ սլաքներն ուղղել էին եկեղեցու կողմը՝ նշելով, որ «այդ տեսանյութերի աղբյուրը հենց Մայր Աթոռն է»։
«Կներեք, պարոնայք, բայց զզվեցրիք։ Ձեր սեռական կյանքն ու դրանից բխող կոմպրոմատները, դրանցով իրար դեմ պատերազմները վերցրեք ու հեռացեք եկեղեցուց։ Կրակը չենք ընկել, ամոթ է»,- հայտարարել էր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Իրավապաշտպանները քննադատել էին քաղաքացու անձնական տարածքում ապօրինի գաղտնի նկարահանման իրականացումն ու տարածումը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։
Դատախազությունն ընթացք է տվել հանցագործության մասին հաղորդմանը, այն ուղարկել Քննչական կոմիտե։ Կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Հայտնի է, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը՝ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով): Այլ մանրամասներ, սակայն, մինչ օրս չեն հաղորդվել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Արշակ Սրբազանի հոգևոր ծառայությունը կկասեցվի՞