Արմեն Սարգսյան, Երևան
Պատերազմը քնած է, ասում է 14 տարեկան Մաթիուշ Առաջին թագավորը: Գրող-մանկավարժ Յանուշ Կորչակի համանուն գրքի հերոսը մի դժբախտ թագավոր էր, ով հանուն ժողովրդավարության հրաժարվեց գահից և մահացավ պատանի տարիքում՝ ծանր աշխատանքից:
«Թագ կրելու համար խելք հարկավոր չէ: Բայց ինչպե՞ս անեմ, որ ժողովուրդս երջանիկ ապրի»: Մաթիուշ թագավոր
«Մաթիուշ Առաջին թագավորը» գրքի շապիկը, աղբյուրը՝ wikipedia
10 տարեկանում Մաթիուշը փախավ պալատից և ծպտված մեկնեց պատերազմ, որը սանձազերծել էին երեք հարևան թագավորներները: Պատերազմի առիթն էլ, ի դեպ, հրահրել էր մի լրագրող… Սա իհարկե հեքիաթ է, գրված 1922 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմը նոր էր քնել, իսկ Երկրորդը դեռ չէր արթնացել:
Յանուշ Կորչակը ամբողջ կյանքում բուժել ու դաստիարակել է մանկատան երեխաներին: Հենց նրանց հետ էլ 1942 թվականին Կորչակը կամովին գնաց Տրեբլինկայի նացիստական ճամբար՝ գազախցիկում այրվելու: Երբ ես Մաթիուշ թագավորի տարիքին էի, կարդացի, որ զինվորը Կորչակին հետ է պահել գազախցիկ մտնելուց, բայց նա խնամքով ծածկել է իր գրկին քնած երեխաներից մեկին և քայլ արել դեպի մահը: Ավելի ճիշտ, դեպի անմահություն:
Յանուշ Կորչակը համակենտրոնացման ճամբարում, աղբյուրը՝ wikipedia
2004 թվականին ես Երևանի մամուլի ակումբի ծրագրով մեկնեցի Երուսաղեմ և լրագրող ընկերներիս հետ գնացի Յադ Վաշեմ՝ Հոլոքոստի թանգարան: Բակում Յանուշ Կորչակի հուշաքարն էր, որին ծաղիկ դրեցի ու հիշեցի «պատերազմը քնած է» բառերը: Մենք գնացել էինք հակամարտությունների կարգավորման ճանաչողական այցով: Այսինքն, գնացել էինք հասկանալու, թե ինչու՞ է «քնահարամ» լինում արաբա-իսրայելական կոնֆլիկտը:
Հոլոքոստի թանգարան-ինստիտուտ: «Կորչակը և երեխաները» արձանը, աղբյուրը՝ wikimedia
«Պատկերացրեք՝ Իսրայելը նեղ ճանապարհով ընթացող մի մեծ ու հզոր բեռնատար է, և նրան ընդառաջ է գալիս Պաղեստինը՝ մի փոքրիկ հեծանիվ»,- բացատրում էր մեզ Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Ա. Լիբերմանը: «Մենք կարող ենք քշել այդ հեծանիվի վրա և տրորել, բայց գիտենք, որ դրա վրա մի 40 կիլոգրամ պայթուցիկ տրոտիլ կա…»
Նման պատկերավոր բացատրությունը օգնում է հասկանալ, որ օրորոցայինը Միջին Արևելքում շատ ցածր է հնչում, և ամեն մի «շշուկից» պատերազմն այստեղ կարող է արթանանալ:
2007 թվականին հայկական «Ինտերնյուսի» (հիմա՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն) ծրագրով ֆիլմ էի պատրաստում Հարավային Տիրոլում: Դա մի եվրոպական «Լեռնային Ղարաբաղ» է, որ կռվախնձոր էր Ավստրիայի և Իտալիայի միջև Առաջին համաշխարհայինից հետո:
Տիրոլցի պատմաբան Գյունտեր Փալովերն ասաց. «Այս կոնֆլիկտը քնած է, բայց վստահ եղեք, մի օր կարթնանա, և մենք՝ գերմանացիներս իտալացիներին կասենք ֆաշիստ, նրանք էլ մեզ՝ նացիստ»:
Ղարաբաղի պատերազմի համար արդեն տասնյակ տարիներ օրորոցային է երգում Մինսկի Խումբը: Վերջերս պարզվեց՝ ոչ այնքան հաջող: Դժվար է տարբեր հավակնություններ, նպատակներ և տեսակետներ ունեցող երեք երգչի համոզել, որ հանդես գան նույն բեմում, ընդ որում` նույն նոտաներով և նույն տոնով:
Հաշվի պետք է առնել նաև այն, որ սակավաթիվ դահլիճը պահանջում է ի՛ր ուզած երգը այս երեքից` թե՛ որպես խումբ, և թե’ որպես անհատ կատարող:
Այսքանից հետո պե՞տք է, կամ արժի՞ մեղադրել հեղինակներին քաղաքական ոչ այնքան հաջող օրորոցայինի համար:
Երբ խաղընկերները թագավոր Մաթիուշին ասում էին, թե դու մեր երկրի տերն ես և ինչ ուզես կանես, նա տխրությամբ բացատրում էր.
«Իրականում ես ոչինչ էլ չեմ որոշում և ինձ անընդհատ ուղղություն են ցույց տալիս: Ստիպում են անել շատ ձանձրալի, անօգուտ գործեր…»
Հրապարակվել է՝ 25.05.2016