«ՀՀ-ն պետք է ընտրի՝ լինել առաջատա՞ր, թե՞ արձագանքողի դերում»․ ՏՏ ոլորտի մասնագետ
Արհեստական բանականությունն ու Հայաստանը․ կարծիք
«Քաղաքական թեմաներից բացի այս անգամ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ մեծ տեղ է հատկացվել արհեստական բանականության առաջընթացին և այն հարցին, թե ինչպես դա կարելի է օգտագործել որպես երկրների զարգացումը, առաջխաղացումը ապահովելու գործիք»,- ասում է Eqwefy ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանը։
Նկատում է՝ նոր տեխնոլոգիաների արագ յուրացման հարցում մրցակցում են ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրները: Եվ դա, իր հերթին, բերում է արտադրողականության աճ։ Ավետյանի գնահատմամբ՝ ողջունելի է, որ շատ երկրների նման Հայաստանն էլ է շարժվում այդ ուղղությամբ։
1inTV-ի եթերում նա խոսել է ՀՀ տեխնոլոգիական առաջընթացի, արհեստական բանականության զարգացման մասին և ոչ միայն։
Eqwefy-ի պաշտոնական կայքի համաձայն՝ կառույցը ցուցակագրում և ներդրումների համար հասանելի է դարձնում նորարարական ստարտափներին:
- «Չհաշվարկված առաջարկ է»․ տնտեսագետը՝ ՀՀ-ում 7-ժամյա աշխատանքային ռեժիմի անցնելու մասին
- ՀՀ քաղաքացիները սկսել են արտասահմանյան ընկերություններում բաժնետոմսեր գնել. ինչո՞ւ
- Հանուն ապահով ծերության․ Հայաստանում կուտակային կենսաթոշակների մասին
Դավոսի տնտեսական ֆորումի նոր շեշտադրումները
Eqwefy-ի տնօրեն Սամսոն Ավետյանի խոսքով՝ այս տարի համաշխարհային տնտեսական միջոցառման ժամանակ ավելի մեծ ուշադրություն հատկացվեց արհեստական բանականությանը, նոր տեխնոլոգիաներին։ Դրական է համարում այն հանգամանքը, որ ֆորումին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նկատում է՝ մասնակցության արդյունքում կարող են կապեր ստեղծվել, թեմաներ կարևորվել, բայց մասնակցության փաստն ինքնին չի կարող տեխնոլոգիական առաջընթացի տեսանկյունից մեծ առավելություններ տալ երկրին։
«Յուրաքանչյուր երկիր այս կամ այն ոլորտը զարգացնելու համար պետք է տնային աշխատանքի անի»,- շեշտում է նա։
Հիշեցնում է՝ տասնյակ տարիներ տեխնոլոգիական ոլորտում առաջատար է Միացյալ Նահանգները։ Մնացած երկրները արտադրողականության աճի, առաջընթացի են փորձում հասնել՝ մրցակցելով այդ տեխնոլոգիաները հնարավորինս արագ յուրացնելու հարցում։
«Հայաստանին մարդկային կապիտալի զարգացում է պետք»
Փորձագետը նկատում է՝ եթե այսօր արհեստական բանականությունն է դիտարկվում որպես երկրի զարգացման համար անհրաժեշտ գործիք, 2-3 տասնամյակ առաջ նույն դերում էր, օրինակ՝ ինտերնետը։
Սամսոն Ավետյանի դիտարկմամբ՝ տարբեր երկրներ կարողանում են առաջխաղացման հասնել տարբեր կերպ․
«ՀՀ շեշտադրումը պետք է լինի հետևյալը՝ զարգացնել մարդկային կապիտալը, ինտերնետային կապը, ինչպես նաև տարբեր հարակից ոլորտներ»։
«Ստարտափների ուղղությամբ մեծ առաջընթաց կա»
Ասում է՝ ներկա պահին ՀՀ-ում բավականին մեծ առաջընթաց կա ստարտափների հետ կապված։ Կան արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած ընկերություններ։ Ավետյանի դիտարկմամբ՝ կա նաև շատ մեծ աշխատանք իրականացնելու կարիք, մասնավորապես՝ կրթության և գիտության ոլորտներում․
«Արհեստական բանականությունը գործիք է, բայց պետք է կարողանաս այն օգտագործել և ներդրում անել դրա մեջ։ Կարևոր է պետության դերը գիտության ոլորտում արվող ներդրումների կամ կրթության զարգացման մեջ»։
Ըստ նրա՝ կարևոր է ոչ միայն պետության, այլև հանրության մոտեցումը հարցին, քանի որ հենց հանրության մակարդակով է յուրացվում ցանկացած տեխնոլոգիա։
«Հանրությունները կամ երկրները դառնում են առաջատար, եթե բոլորս ենք սկսում օգտագործել տեխնոլոգիա՝ սկսած բիզնեսներից»,- պարզաբանել է նա։
Ընդգծում է՝ ՀՀ-ն հպարտանալու տեղ ունի, քանի որ որոշակի առաջընթաց է գրանցվել։ Բայց նաև զգուշացնում է՝ ստարտափների գրանցած հաջողությունները չեն նշանակում, թե այլևս աշխատանք չկա անելու։ Ոլորտի զարգացման գործում, ըստ նրա, շատ կարևոր է Սփյուռքի դերը․ ստարտափների հիմնադիրներից շատերը սփյուռքահայեր են, արտերկրից են կապիտալ ներդրումներ անում հայկական ընկերություններում։
«Տեխնոլոգիան հնարավորություն է, բայց նաև ռիսկ»
Հարցին՝ արդյո՞ք արհեստական բանականության զագացումը չի հանգեցնի աշխատատեղերի կրճատման՝ Ավետյանը պատասխանել է․ յուրաքանչյուր տեխնոլոգիա իր հետ բերում է փոփոխություններ, որոնք ազդում են ամենատարբեր ոլորտների վրա։
«Որոշ ոլորտներ ավելի քիչ մրցունակ են դառնում, որոշ ոլորտներ զարգանում են, ստեղծվում են նոր ոլորտներ։ Հիմա տեխնոլոգիան կարելի է գնահատել որպես ռիսկ կամ որպես հնարավորություն»,- նշել է նա և հավելել, որ նույնը կարելի է ասել նաև արհեստական բանականության մասին։
Շեշտում է՝ բոլոր դեպքերում՝ ուզենք, թե չուզենք, տեխնոլոգիական առաջընթացը մի օր նաև ՀՀ է հասնելու․
«Մենք կարող ենք լինել առաջատար ու ինքնուրույն ստեղծել ինչ-որ լուծումներ, պրոդուկտներ, կազմակերպություններ, կամ կարող ենք լինել սպասողի, արձագանքողի դերում»։
Կարծում է՝ տեխնոլոգիաներն ի շահ Հայաստանի օգտագործելու համար երկիրը պետք է ձգտի լինել առաջատար դիրքերում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արհեստական բանականությունն ու Հայաստանը․ կարծիք