Արդյո՞ք Հայաստանում սահմանադրական հանրաքվե կանցկացվի։ Ամեն ինչ ընդդիմության ձեռքում է, թեև քվեարկության օրն արդեն նշանակված է
Հայաստանի նախագահը հրաման է ստորագրել 2020 թ–ի ապրիլի 5–ին երկրում հանրաքվե անցկացնելու մասին։ Այն լուծելու է Սահմանադրական դատարանի «լուծարման» հարցը։ Ավելի ճիշտ՝ խոսքը վեց դատավորների և բարձրագույն դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման մասին է, որոնք իրենց պաշտոնը զբաղեցրել են նախորդ իշխանության օրոք։
2018 թ–ի «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած քաղաքական ուժը նրանց անընդունակ է համարում «նոր» Հայաստանում արդար և օրինական որոշումներ կայացնել։
Ավելի վաղ խորհրդարանն իր արտահերթ նստաշրջանին 88 «կողմ» ձայներով՝ այսինքն շնորհիվ իշխող կուսակցության մանդատների քանակի, որոշում է կայացրել Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մասին։ Ընդիմադիր խմբակցություններից մեկը հրաժարվել էր մասնակցել քվեարկությանը, մյուսը «դեմ» էր արտահայտվել։
Եվ նախագահին, ըստ Սահմանադրության, մնում էր միայն հանրաքվեի օրը նշանակել։ Նա էլ նախքան հրամանագիրը ստորագրելը հայտնել էր, որ դեմ չէ այդ հարցով ժողովրդի կարծիքն իմանալուն։
Սակայն պարզվում է, որ խորհրդարանական ընդդիմությունն այնուամենայնիվ Սահմանադրական դատարան դիմելու և հանրաքվեի անցկացումը վիճարկելու հնարավորություն ունի։ Դրա համար այն պետք է հավաքի 27 ստորագրություն, կամ բոլոր պատգամավորների 1/5-ի համաձայնությունը։ Այդ դեպքում Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ կասեցնել գործընթացը, թե ոչ։
Ընդդիմադիրները կասկածում են, որ ստորագրությունների անհրաժեշտ քանակը կապաահովեն։
• Հայաստանի Սահմանադրական դատարանի լուծարումն իշխանություններն ուզում են ժողովրդի վրա դնել
• Հայաստանում շարունակվում է Սահմանադրական դատարանի նախագահի դեմ իշխող կուսակցության պայքարը
Բոլոր մանրամասները
Հանրաքվեի անցկացման օրը նշանակելուց անմիջապես հետո նախագահի աշխատակազմից հատուկ հաղորդագրություն ստացվեց։ Դրանում ասվում էր, որ նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենք չէ, այլ Ազգային ժողովի որոշում՝ նախագիծը հանրաքվեի դնելու մասին։
Նման դեպքերում նախագահի սահմանադրական գործառույթները բացառապես ընթացակարգային բնույթ են կրում և «սահմանափակվում են միմիայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով»։
«Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ», – ասված է պարզաբանման մեջ։
Վարչապետի արձագանքը
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում միանգամից արձագանքել է հանրաքվեի օրը նշանակելու մասին հաղորդագրությանը։ Նա երկրի բնակիչներին կոչ է արել մասնակցել դրան․ «Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»։
Նա չի սահմանափակվել միայն այդ հրապարակմամբ, ավելի ուշ Ֆեյսբուքում ուղիղ միացման ժամանակ վարչապետը Հայաստանի արտերկրում բնակվող քաղաքացիներին կոչ է արել վերադառնալ հայրենիք և մասնակցել հանրաքվեին․
«Առավելևս, որ 13 նոր ուղղություններով չվերթներ են բացվել, և շատ ցածր գներով կարող եք այսօրվանից տոմսեր պատվիրել»։
Հանրաքվեի անցկացման օրը հայտնի է։ Հաջորդող քայլերը որոնք են
Այժմ իր աշխատանքը պետք է սկսի Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ինչպես նշել է խորհրդարանի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԿԸՀ–ն պետք է ժամանակացույց կազմի և դրա համապատասխան որոշակի ընթացակարգեր անցկացնի․
«Պետք է կազմվեն «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբները, պետք է համապատախանաբար բաշխվի քարոզչական եթերաժամանակը, տեղի ունենա քարոզարշավ և այլն»։
Պատգամավորը հաղորդել է նաև, որ Ազգային ժողովի պատգամավորների 1/5 մասը (27 մարդ) Սահմանադրական դատարան դիմելու և իշխող մեծամասնության ընդունած որոշումն ու նախագահի հրամանագիրը վիճարկելու իրավունք ունի։ Եվ այդ ժամանակ Սահմանադրական դատարանն ինքը կորոշի՝ կասեցնել գործընթացը, թե ոչ։ Այսինքն՝ այդ դեպքում ՍԴ–ն ինքն է որոշելու իր հետագա ճակատագիրը։
Վենետիկի հանձնաժողովի, ընդդիմության ու արդարադատության նախարարի հայտարարությունը
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Հայաստանի իշխանություններին Վենետիկի հանձնաժողովի կարծիքն իմանալ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Այդ հայտարարությունն արվել է փետրվարի 6–ին՝ խորհդրարանի քվեարկության օրը։
Ընդդիմադիր խորրդարանական կուսակցություններից մեկը՝ «Բարգավաճ Հայաստանն», այժմ սպասում է այդ կարծիքին, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բավականաչափ մանդատ չունի ՍԴ–ին դիմելու համար։
Եվ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են վիճարկել հանրաքվեի անցկացման մասին որոշումը, սակայն իմաստ չեն տեսնում այն միայնակ նախաձեռնել․
«Մենք 17 ստորագրություն ունենք, 10 հատ էլ բերեք՝ դիմենք [Սահմանադրական դատարան]»։
Իսկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 10–ին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ։
«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել եմ Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել եմ նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի Խորհրդի և Հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»։