Արդյո՞ք կփոփոխվի Վրաստանի նախագահի ընտրությունների մասին օրենքը
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պլանավորում է 2018թ-ի նախընտրական քարոզարշավից հետո չեղարկել նախագահի անմիջական ընտրությունները:
Սահմանադրագետ Վախթանգ Խմալաձեի նախաձեռնության համաձայն՝ պետության ղեկավարը կընտրվի խորհրդարանի 150 պատգամավորների, ինչպես նաև 150 պատվիրակների (տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Աջարիայի և Աբխազիայի Գերագույն խորհուրդենրի ներկայացուցիչների) քվեարկության արդյունքում:
Խմալաձեի նախաձեռնությունն իշխող կուսակցության անդամները դրական են գնահատում: Խորհրդարանի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլիի խոսքով՝ նա ոչ մի խնդիր չի տեսնում նախագահի անուղղակի ընտրությունների մասին օրենքում:
Նախագահի անուղղակի ընտրությունների մասին առաջարկը հավանության է արժանացրել նաև նախարարների կաբինետը: Փախստականների գործով նախարար Սոզար Սուբարիի խոսքով՝ նախագահի ընտրությունների մասին օրենքը պետք է համապատասխանի պետության՝ որպես խորհրդարանական հանրապետության կարգավիճակին:
Ընդդիմությունն ու ոչ կառավարական կազմակերպություններն անընդունելի են համարում իշխանության ներկայացրած փոփոխությունների փաթեթը:
Ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչները կողմ չեն նախագահի՝ խորհրդարանի կողմից առաջարկած ընտրության սխեմային, նախագահը պետք է ընտրվի երկրի քաղաքացիների կողմից: Կազմակերպությունները կոչ են անում Պետական սահմանադրական հանձնաժողովի անդամներին փոփոխությունների անցկացման մասին որոշում ընդունել ոչ թե 2018թ-ի նախագահական ընտրություններից հետո, այլ 5 տարի անց, այսինքն՝ 2023թ-ի ընտրարշավից հետո, որպեսզի այդ որոշումն ազատ լինի քաղաքական ծանրաբեռնվածությունից:
Իշխող թիմի՝ նախագահի ընտրության մասին օրենքը փոփոխելու փորձերը քննադատում է նաև ընդդիմությունը:
«Վրաց ժողովրդին նախագահ ընտրելու իրավունքից զրկելը մեր իրավունքների խախտում է», — հայտարարում է «Ազգային շարժում» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սալոմե Սամադաշվիլին:
Նմանատիպ դիրքորոշում ունի նաև նախագահի վարչակազմը: Դրա ղեկավար Գիորգի Աբաշիշվիլիի խոսքով՝ վրաց ժողովուրդը պետք է և 2018թ-ի, և 2023թ-ի և հետագա բոլոր ուղղակի նախագահական ընտրություններին ձայնի իրավունք ունենա: Նրա խոսքով՝ նախագահական ընտրությունների համակարգի, պետության կառուցվածքի, նախագահի ընտրությունների մասին օրենքի և այլ կարևոր հարցերի մասին ժողովուրդը պետք է արտահայտվի «Սահմանադրությունը բոլորինն է» արշավի շրջանակում:
Վրաստանի նախագահն այդ արշավը սկսել է մարտի 13-ին: Այդ մասին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է դեռ մարտի 10-ին Նախագահի պալատում դիվանագիտական կորպուսի, ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների, փորձագետների և երկրի տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ հատուկ հանդիպմանը:
Հնադիպմանը ներկա չեն եղել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներայացուցիչները: Իրենց բացակայությունը նրանք բացատրել են խորհրդարանի միաժամանակ ընթացող նիստով:
Մարտի 10-ի հանդիպմանն իր ելույթում նախագահն ընդգծել է, որ նրա կողմից սկսած արշավը խորհրդարանում արդեն ստեղծված սահմանադրական հանձնաժողովի աշխատանքին այլընտրանք չէ, որտեղ երկու տեղ հատկացված է նախագահի վարչակազմի ներկայացուցիչներին, սակայն որոնցից իրենք հրաժարվել են՝ նման ձևաչափի հանձնաժողովի բոյկոտի մասին հայտարարելով ի նշան այն բանի, որ իշխող կուսակցությունը հաշվի չի առել նախագահ Մարգվելաշվիլիի առաջարկը ստեղծել համանախագահներով հանձնաժողով ի դեմս նախագահի, վարչապետի և խորհհրդարանի խոսնակի:
73 անդամ ունեցող խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է 2016 դեկտեմբերի 15-ին Վրաստանի հիմնական օրենքը վերանայելու համար: Հանձնաժողովը, որը ղեկավարում է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, բաժանված է 4 թեմատիկ խմբի.
— Մարդու իրավունքների, դատական իշխանության, սահմանադրական պրեամբուլայի, Սահմանադրության ընդհանուր և անցումային դրույթների հարցերով խումբ;
— Խորհրդարանի, ֆինանսների և վերահսկողության հարցերի խումբ;
— Նախագահի, կառավարության և պաշտպանության հարցերով խումբ;
— Վարչատարածքային կառուցվածքի և տեղական ինքնակառավարման հարցերով խումբ:
Թե Սահմանադրության ինչ մոդել կընտրի պետական սահմանադրական հանձնաժողովը, հայտնի կդառնա ենթադրաբար ապրիլի վերջին: Հենց այդ ժամանակ էհանձնաժողովը նախատեսում ավարտել իր աշխատանքը: