Ադրբեջանում աքլորակռիվներն ավանդույթ են համարվում, օրինակ, հնում դրանք միշտ անցկացվում էին Նովրուզին՝ գարնանային գիշերահավասարի տոնին: Դեռևս տասը տարի առաջ այսպես կոչված «Բաքվի արվարձաններում»՝ քաղաքի ծայրամասերում, աքլորակռիվների համար հատուկ հրապարակներ կային, մարտերն անցկացնում էին բացահայտ, խաղադրույքներ էին կատարվում:
Կենդանիների ադրբեջանցի պաշտպաններն աքլորակռիվները միշտ դաժան և անմարդկային զբաղմունք են համարել. այդ թվում նրանց միջամտությամբ մոտ 7 տարի առաջ աքլորակռիվներն արգելեցին: Հիմա մասնակիցներին տուգանք է սպառնում:
Սակայն այդ յուրօրինակ «մարզաձևի» սիրահարները չեն հանձնվում և լուռ մարտեր են կազմակերպում՝ առանց խաղադրույքների և գաղտնի վայրերում, ոչ միայն տոներին, այլ նաև սովորական օրերին՝ աքլորների տերերի նախնական համաձայնության պարագայում: Աքլորակռիվը բավականին պոպուլյար է, հատկապես՝ տոն օրերին: Սակայն երկրպագուները չեն ցանկանում կադրում հայտնվել, վախենում են օրենքի հետ խնդիր ունենալ:
Լուսանկարներն արվել են Բալաջարի ավանում՝ Բաքվի կենտրոնից կես ժամ հեռավորության վրա:
Ռաուֆն աքլորակռվով է հետաքրքրվում ավելի քան 20 տարի: Նա ասում է, որ այդ հետաքրքրությունն աքլորակռվի հանդեպ վերջին ժամանակներս զգալիորեն նվազել է: Բանն այն է, որ այդ ավանդույթն արգելվել է ընդհանրապես, և այն սկսել է մոռացվել:
Այս մարտական աքլորի անունը Ջեքրի է: Դրա տերն ասում է, որ նրան այդպես է անվանել իր առաջին աքլորի պատվին: Ջեքրին 18 ամսական է, նա 4.5 կգ է: Ռաուֆը կատակում է, որ երբեմն ինքը չի ուտում, չի խմում, աքլորին է կերակրում, միայն թե նա մարտի ժամանակ տիրոջ պատիվը գետնով չտա:
Աքլորակռվի համար նախատեսված տարածքները կոչվում են «մեյդան»՝ «հրապարակ»: Մեյդանը պետք է ծածկված լինի ավազով կամ հողով, որպեսզի աքլորները չվնասեն ճանկերը՝ նրանց հիմնական զենքը:
Մարտից առաջ աքլորներին համեմատում են՝ ըստ քաշի և հասակի, որպեսզի որոշեն մրցակիցների զույգը: Աքլորները պետք է ամբողջությամբ համընկնեն բոլոր պարամետրերով, այլապես մարտը չի կայանա: Դրան հետևում է մրցավարը, որն ընտրվում է երկրպագուների շրջանից:
Մարտից առաջ աքլորի ոտքերն ու մարմինը մերսում են: Մարտը կարող է 20 րոպեից մինչև 2 ժամ տևել: Երկար մարտի ժամանակ ընդմիջում են անում, լվանում են աքլորների ոտքերն ու գլուխները:
Պարտված է համարվում այն աքլորը, որը կամ ընկնում է անգիտակից վիճակում, կամ փախչում է հրապարակից: Մյուսը, համապատասխանաբար, հաղթող է հայտարարվում: Եթե երկու ժամից աքլորներից ոչ մեկը չի պարտվել, ոչ-ոքի է հայտարարվում:
Մարտի ժամանակ վնասվածքներ ստացած աքլորներին բուժում են հատուկ յուղերով և դեղամիջոցներով: Եթե աքլորին հաղթում են, տերը հետո երկար ժամանակ նրան մեյդան չի բերում, իսկ հաղթող աքլորները հայտնվում են յուրաքանչյուր մարտին: