Արարատ լեռան պատկերը կհանվի ՀՀ-ի սահմանահատման կնիքի վրայից․ Թուրքիայի պահա՞նջն է
Արարատ լեռը կհանվի ՀՀ-ի սահմանահատման կնիքից
Նոյեմբերի 1-ից Հայաստանի պետական սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինի Արարատ լեռան պատկերը։ Որոշումը կայացվել է կառավարության նախորդ նիստում, հարցը, սակայն, չի զեկուցվել։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի բնորոշմամբ՝ Հայաստանն իրականացնում է ազգային նարատիվների և խորհրդանիշների վերափոխում՝ դրանով իսկ թեթևացնելով «անվտանգության համակարգի բեռը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները հայտարարում են, թե պետք չէ նկարներով «նյարդայնացնել հարևաններին», փոխանցել «վտանգավոր ուղերձներ»։ Ընդդիմությունը պնդում է՝ լեռան պատկերը պարզապես հայ ժողովրդի խորհրդանիշն է, այլ ոչ թե «տարածքային պահանջ»։
Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները սահմանահատման կնիքի փոփոխությունը պայմանավորում են կամ Անկարայի պարտադրանքով կամ Թուրքիային հաճոյանալու Փաշինյանի ցանկությամբ։
«2021 թ․-ի դեկտեմբերից է սկսվել [հայ-թուրքական] կարգավորման այս գործընթացը։ Չի եղել գեթ մեկ անգամ, որ Արարատ լեռան հետ կապված որևէ հարց բարձրացվի կամ որևէ քննարկում լինի»,- Civilnet-ի եթերում վստահեցրել է կարգավորման գործընթացում ՀՀ-ի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Մի քանի օր է, ինչ այս թեմայով թեժ քննարկումներ են ընթանում նաև սոցցանցերի հայկական տիրույթում։
Բոլոր մանրամասները՝ ստորև
- «Հարավային Կովկասը կորցնում է գերակայությունը Անկարայի քաղաքականությունում»․ կարծիք
- Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը․ ՀՀ իշխանությունները հետքա՞յլ են անում ճանաչման օրակարգից
- Հայ-թուրքական սահմանը 10 օրով բացվել է․ ի՞նչ սպասել
- «Աննախադեպ առիթ և ձևաչափ»․ Փաշինյանի հարցազրույցը թուրքական ԶԼՄ-ներին
«Որոշումը որևէ կապ չունի Թուրքիայի հետ»
Արձագանքելով ընդդիմության մեղադրանքներին՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ-ի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ այս որոշումը թուրքական կողմի պահանջ չէ, որևէ կապ չունի նաև սեպտեմբերի 12-ին Թուրքիայի ներկայացուցչի՝ Սերդար Քըլըչի Երևան կատարած այցի հետ։
«Եթե հիպոթեզը հետևյալն է՝ փոփոխությունն արել են ընդառաջ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի, դա շատ հեշտ հերքվում է, որովհետև փոփոխությունն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 1-ից»,- նկատել է նա։
Լրագրողը Ռուբինյանից հետաքրքրվել է՝ Քըլըչի անձնագրում կնիք դրվե՞լ է։ Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակն ասել է, թե չի հետաքրքրվել այդ հարցով․
«Եթե դրված լինի, Արարատի պատկերով պիտի լինի, որովհետև նոյեմբերի 1-ից է կնիքը փոխվում»։
Սահմանահատման կնիքի փոփոխությունը, ըստ նրա, կառավարությունը նախաձեռնել է տեխնիկական՝ կնիքի չափը փոքրացնելու նպատակով։ Ասում է՝ հանվել է նաև Արարատի ուրվագիծը, քանի որ «մեր գործողությունները պետք է լինեն «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակներում»։
Ռուբինյանը վստահեցրել է՝ աշխարհում մեծամասամբ կնիքների վրա խորհրդանիշներ չեն լինում։ Ինքն էլ է հակված նրան, որ խորհրդանիշի կարիք չկա։ Ասում է՝ եթե նման կարիք լինի, պետք է գործածել «պաշտոնական խորհրդանիշները»։
Անդրադառնալով հարցի զգայունությանը՝ ԱԺ փոխնախագահն ասել է՝ ոչ ոք չի կարող Արարատի պատկերը խլել մեզնից։
«Հիմա լուսամուտից նայենք, կտեսնենք Արարատը։ Մեր համայնապատկերի մաս է, աստվածաշնչյան սիմվոլիզմ ունի, մեզնից շատերի նախնիններն Արարատի այն կողմից են եկել այստեղ։ Նրանց համար, ում համար արժեք է Արարատը, կարող է շարունակել լինել արժեք»,- ամփոփել է Ռուբեն Ռուբինյանը։
Վստահեցրել է՝ տեղի է ունենում ոչ թե ազգային ինքնության վերափոխում, այլ պետական ինքնության ստեղծում։

Ընդդիմությունը՝ «թուրքական պարտադրանքի» մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ այս քայլին իշխանությունը գնում է Թուրքիայի պարտադրանքով:
«Մի կողմից՝ պարտադրանք, իսկ մյուս կողմից էլ՝ այնպես անել, որ թուրքերի համար լավ լինի»,- լրագրողների հետ ճեպազրույցում նկատել է Օհանյանը։
Խորհրդարանի մյուս ընդդիմադիր ուժի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը չի բացառում, որ Փաշինյանն այս որոշումը կայացրած լինի ոչ թե պարտադրված, այլ իր կամքով։
«Անվերջ կարելի է զարմանալ, թե ինչպես պիոներական գերազանցիկությամբ Փաշինյանը պատրաստ է հաճոյանալ Թուրքիային կամ Ադրբեջանին: […] Իրենից դա ոչ ոք չի պահանջել, ենթադրում եմ, համենայն դեպս, դա ուղղակի «տեսեք, դա էլ կարող եմ անել» տրամաբանության մեջ գործողություն է», — ասել է Մամիջանյանը:
ՀՀ-ի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նույնպես քննադատել է սահմանահատման կնիքից Արարատ լեռան պատկերը հեռացնելու որոշումը՝ այն որակելով «վտանգավոր զիջում»։
«Կառավարությունը, որ իր ժողովրդին ստիպում է հրաժարվել իր ամենաթանկ խորհրդանիշներից դիվանագիտության անունով, առաջնորդ չէ, հանձնվող է»,- շեշտել է նա։
Օսկանյանն օրինակ է բերել Իռլանդիան, Հունաստանը, Հնդկաստանը և այլ երկրներ, որոնք օգտագործում են իրենց սահմաններից դուրս գտնվող տարածքները՝ որպես խորհրդանիշ։ Այդ պարագայում, ըստ նրա, «բնավ խոսք չի գնում տարածքային իրավասության մասին»։
Փաշինյանի անուղղակի անդրադարձը
«Ուզում եմ բերել շատ պարզ օրինակ. դու քո տոնը կառուցել ես քո կադաստրային գծից ներս, բայց տանդ արտաքին պատերին նկարել ես նկար, որը խորհրդանշում է քո ընկալումը, որ հարևանդ արժանի չի ունենալ այն, ինչ ունի: Եվ ամեն գարուն էդ նկարի գույները թարմացնում ես և այլն, նոր էլեմենտներ ես ավելացնում։ […]
Սկզբունքորեն ի՞նչ ա՝ մեկ ա սահմանիդ մեջ ես, բայց դա նյարդ ա, դա նյարդայացնելու ա ու դառնալու ա վեճ, կոնֆլիկտ, կռիվ, պատերազմ»,- օրեր առաջ կազմակերպված միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել էր վարչապետը։
Ի՞նչ են մտածում քաղաքացիները
Քաղաքացիների շրջանում ևս այս որոշումը քննադատաբար է ընդունվել։ Նրանք այս հարցի շուրջ արտահայտվել են սոցիալական ցանցերում․
«Բավական է թուալմորթի և վախկոտի կեցվածք ընդունեք և վարեք թրքահաճո քաղաքականություն, ինչ է թե պատերազմ չլինի։ Կամ ինչո՞ւ պետք է դա նյարդայնացնի թշնամուն։ Արարատը անգամ որպես սիմվոլ հայկական է։ Հրաժարվե՞նք մեր հիշողությույններից, ինչ է թե թշնամին չնեղանա»։
«Էս տրամաբանության մեջ էլ ես պահանջում եմ, որ մեր հարևանները հանեն լուսինը իրենց դրոշի վրայից։ Դա ինձ դուր չի գալիս։ Կհանե՞ն։ Իսկ Արարատը մեր ինքնության մի մասնիկն է, այն մոռանալ խորհուրդ չեմ տա»։
«Այսինքն, եթե Թուրքիան պարտադրի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին գործից հեռացնել կամ անունը փոխել, պիտի անե՞նք»։
«Նորաձև կրթության արդյունքներն ենք վայելում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Արարատ լեռը կհանվի ՀՀ-ի սահմանահատման կնիքից