«Ավտորիտարիզմի նշաններ, որոնք մենք չենք հանդուրժի»․ ամեն ինչ՝ Վրաստանում հեռուստաալիքի դեմ իշխանության գրոհի մասին
Ճնշումներ Վրաստանի «Պիրվելի» հեռուստաալիքի վրա, գործի մանրամասները
Վրաստանի «Պիրվելի» ընդդիմադիր հեռուստաալիքը հայտարարել է, որ անցնում է արտակարգ աշխատանքային ռեժիմի այն բանից հետո, երբ մարտի 11-ին դատարանը վճիռ է կայացրել, որը ոստիկանությանը թույլ է տալիս ուժով ներխուժել ալիքի տարածք։
Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան այդ որոշումը «կոշտ նախադեպ» է անվանել, որը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը երկրում։ Ընդդիմությունը հայտարարել է, որ «իշխող ռեժիմը պատժիչ գործողություն է սկսել»։
Ի՞նչ է տեղի ունեցել
Մարտի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը վճռել է, որ ուժային կառույցները կարող են մուտք գործել «Պիրվելի» ընդդիմադիր հեռուստաալիքի շենք և, այդ թվում, ուժի կիրառմամբ առգրավել նյութերը, որոնք անհրաժեշտ են հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսման հետաքննության համար։
Խոսքը հեռուստաալիքի կողմից Բերա Իվանիշվիլիի (միլիարդատեր, Վրաստանի ստվերային ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի որդին), Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեի խոսակցության աուդիոձայնագրության հրապարակման մասին է։ Այդ ձայնագրության մեջ նրանք կոշտ և ոչ ցենզուրային արտահայտություններով քննարկում են 15-ամյա դպրոցականին վախեցնելու հարցն այն բանի համար, որ նա սոցցանցերում քննադատել է Բերա Իվանիշվիլիին։
Ձայնագրության հրապարակումից երեք օր անց Բերա Իվանիշվիլին փաստացի հաստատել է ձայնագրության և դրա բովանդակության իսկությունն ու ասել, որ «ոչ ոքի թույլ չի տա վիրավորել իր մորը»։
Դատարանի որոշման մեջ ասվում է, որ դատախազությունը մտադիր է «Պիրվելի» հեռուստաալիքից տեղեկության էլեկտրոնային կրիչներն առգրավել, որոնց վրա պահվում են հեռուստաեթերում հնչած անձնական խոսակցությունների ձայնագրությունները։
Իրավաբան փորձագետներն ասում են, որ դատարանի վճռում հիշատակվում է անչափահասի դեմ քրեական հանցագործության կատարման հնարավորության մասին։ Սակայն դատախազությունը հետաքննություն է սկսել միայն «Մասնավոր զրույցի չարտոնված ձայնագրություն» հոդվածով։
Հեռախոսազրույցի բովանդակությունը դատախազությանը չի հետաքրքրել։
Դատախազությունը նահանջել է միայն հասարակության զայրալից արձագանքից հետո
Հեռուստաալիքի կտրուկ արձագանքից և հասարակության շրջանում վրդովմունքի ալիքից հետո դատախազությունը հայտարարություն է արել, որում ընդունել է հեռուստաալիքի իրավունքը՝ չփոխանցելու «առարկա, փաստաթուղթ կամ այլ օբյեկտ»՝ չնայած նրան, որ դատարանն է պահանջել։
Միաժամանակ ենթադրություն է արվել, որ «Պիրվելի» հեռուստաալիքը կարող էր համագործակցել քննության հետ և ինքնակամ փոխանցել նյութերը։
Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բայա Ցանավան հայտարարել է, որ «հեռուստաալիքի պլանավորվող գրավման մասին տեղեկությունը սուտ է»։
Ինչպե՞ս է վարվելու հեռուստաալիքը
«Պիրվելի» հեռուստաալիքի ղեկավարությունը պնդում է, որ դատարանի որոշումը դատախազությանը «կանաչ լույս» է տվել՝ հեռուստաալիքի տարածք բռնությամբ ներխուժելու և նյութեր առգրավելու համար։
Ալիքի լրագրողները վստահաբար հայտարարում են, որ դատախազությունն իրականում ձայնագրությունները չի փնտրում․
«Նրանք ուզում են ստանալ հենց էլեկտրոնային կրիչները, որպեսզի դրանց վրա մնացած ԴՆԹ հետքերով պարզեն, թե ով է նյութերը փոխանցել հեռուստաալիքին»։
Հեռուստաալիքի իրավաբան Գիորգի Մշվենիերաձեն հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը՝ որպես «հակասահմանադրական»։ Նա կարծում է, որ քանի դեռ դատարանի վճիռը չի չեղարկվել, դատախազությունը կարող է հեռուստատեսություն ներխուժել ցանկացած պահի։
Հեռուստաալիքի տնօրեն Վաթո Ծերեթելին դիմել է դիվանագիտական կորպուսին՝ կոչ անելով «օգնել կանգնեցնել այս հիստերիան» և պաշտպանել մեդիայի ազատությունը։
«Սա սպառնալիք է Վրաստանի բոլոր անկախ լրատվամիջոցների համար»
«Սա ավտորիտարիզմի վտանգավոր նշան է, որը մենք չենք հանդուրժի վրացական հասարակությունում», — ասված է համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրել է ավելի քան 20 ընդդիմադիր կուսակցություն։
««Պիրվելի» հեռուստաալիքն ու նրա աղբյուրը ծանր հանցագործություն են բացահայտել, բռնություն, որի հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ժողովրդավարական հասարակությունում հենց նման պահերի է սկսվում այդպիսի հանցագործությունների հետաքննությունը։ Սակայն Վրաստանում իշխող ռեժիմն ուզում է պատժել բոլորին, ովքեր անհանգստություն են պատճառում Իվանիշվիլիին կամ նրա ընտանիքին, և սա ամենամեծ սպառնալիքն է վրացի ժողովրդի ժողովրդավարական ընտրության համար», — ասված է հայտարարությունում։
Հայտարարությունը ստորագրած ընդդիմադիր կուսակցություններն ընդհանուր առմամբ ստացել են ձայների 52 տոկոսը 2020 թ․ հոկտեմբերի 31-ին, ինչը չորս տոկոսով ավելին է, քան իշխող «Վրացական երազանքինը»։ Սակայն ողջ ընդդիմությունն ընտրությունները կեղծված է հայտարարել, դրա գրեթե բոլոր ներկայացուցիչները հրաժարվել են աշխատել խորհրդարանում և նոր ընտրություններ են պահանջել։
Ժողովրդական պաշտպանը դատարանի վճիռն «անհիմն» է անվանել և «Վրաստանի օրենսդրության և մարդու իրավունքների վերաբերյալ եվրոպական օրենսդրության հետ անհամատեղելի»։
Նինո Լոմջարիան ասել է, որ «Թբիլիսիի քաղաքային դատարանի վճիռը լուրջ նախադեպ է, որի կատարումը կարող է լրջորեն խանգարել լրագրողների ազատ աշխատանքին»։ Նա կոչ է արել դատախազությանը՝ չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կխաթարեն Վրաստանում խոսքի ազատությունը։