Աստծո կողմից մոռացված դրախտ
Խընալըգը տեղակայված է ծովի մակարդակից 2100-2200 կմ բարձրության վրա, այստեղ միշտ կամ մառախուղ է իջած գյուղի վրա, կամ ամպեր: Գյուղում շուրջ 2000 բնակիչ կա, հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, տարվա տաք ամիսներին ոչխարներին արածեցնում են բլուրների լանջերին, իսկ ձմռանը, երբ ձյուն է, իջնում են «ձմեռային արոտավայրեր», այնտեղ, որտեղ ավելի տաք է:
Խընալըգ հասնելը վտանգավոր է, բայց հենց այդ դժվար հասանելիությունն է բնակավայրի զբոսաշրջային «խաղաքարտը»: Այն հիանալի բնապատկեր ունի, բայց այստեղ միշտ եկել են ավելի շուտ ոչ թե բնապատկերի, այլ քաղաքակրթությունից հեռու հնության մի կտոր գտնելու համար:
Խընալըգի բնակիչները հնուց իրենց անվանում էին քեթշեր, իսկ գյուղը՝ Քեթշ, խոսում էին քեթշերենով, որը, ինչպես իրենք են ասում, պահպանվել է Նոյի ժամանակներից: Ինչ վերաբերում է Խընալըգի հանրահայտ ճարտարապետությանը, այստեղ ապրել են ինքնաշեն աղյուսե տներում՝ առանց պատուհանների, ներսում՝ գորգեր, օջախ,որի ծուխը բարձրանում է մինչև առաստաղ: Տների տանիքները բլրի վերևներում ապրող հարևանների համար ծառայում էին որպես «փողոցներ»: Ինքը՝ Խընալըգը, նման էր ծիծեռնակների բների, որոնք պատել են բլրի գագաթը:
Այժմ տներն աստիճանաբար ավելի «քաղաքակիրթ» տեսք են ստանում, և լավ գովազդված գյուղը պարզապես նմանվում է այլ ադրբեջանական գյուղերի, սակայն համբավը դեռևս շարունակում է զբոսաշրջիկներ գրավել:
Խընալըգ, 2005թ. Լուսանկարը՝ Ալեքսանդր և Եվգենյա Նաջաֆովների
Խընալըգ, 2010թ. Լուսանկարը՝ Ալեքսանդր և Եվգենյա Նաջաֆովների
Խընալըգ, 2014թ. Լուսանկարը՝ Ալեքսանդր և Եվգենյա Նաջաֆովների
Խընալըգ, 2014թ. Լուսանկարը՝ Ալեքսանդր և Եվգենյա Նաջաֆովների
Զբոսաշրջիկները հիանում են տեսարանով, շնչում հրաշալի լեռնային օդը, և Խընալըգը նրանց դրախտային անկյուն է թվում:
Իսկ ի՞նչ են մտածում այս մասին տեղացիները
Առաջինն, ովքեր մեզ դիմավորեցին գյուղ մտնելիս, երկու տղաներ էին՝ Ռաշադն ու Մուրադը: Կարմիր այտեր, մուգ մաշկ, կոշտ ու չոր մաշկով ձեռքեր: Հետո ինձ բացատրեցին, որ դա տեղի կլիմայից է. այստեղ ձմեռները շատ խստաշունչ են:
Բակում տարեց կինը լվացք էր անում երեք գեղեցկադեմ աղջիկների՝ իր թոռների շրջապատում: Տիկին Դիլյաֆրուզը բարևեց ու ինձ իր մոտ հրավիրեց՝ առաջարկելով նստել քարին: Երկար զրույցի բռնվեցինք այս դրախտում նրանց կյանքի մասին:
Զրույցն սկսվեց նրա երկար ու անհույս «էէէհ…»- ից:
«Հեռուստացույցով միշտ ցույց են տալիս, որ մեր երկրում ամեն ինչ հիանալի է: Իսկ ո՞ւր է այդ հիանալին, աղջիկս: Մենք այստեղ հազիվ ենք ապրում: Փառք աստծո, գոնե ձմեռն անցավ»:
Տիկին Դիլյաֆրուզի խոսքով, մոտ հինգ տարի առաջ պետությունը տեղացիներին սոցիալական օգնություն տրամադրեց տների վերանորոգման և այլ կարիքների համար: Սակայն ոչ մի օգնություն նրանց չհասավ:
«Օգնությունը հատկացվել է, սակայն ո՞ւմ է այն բաժին ընկել: Մենք անկիրթ մարդիկ ենք: Մեզ խաբեցին, ասացին ստորագրեք այստեղ: Մենք էլ ստորագրեցինք: Խոստացան, որ շուտով մեզ նոր պատուհաններ կբերեն ու կօգնեն վերանորոգման հարցում: Ո՞ւր է: Ոչ մի լուր չունենք նրանցից: Ծախսեցին մեր փողերը, իսկ մեզ պարզապես խաբեցին»:
Եվ իրոք, Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ Խընալըգ գյուղի պատմական տարածքը պետական պատմաճարտարապետական ու «Խընալըգ» ազգագրական արգելոց է ճանաչվել:
Ազերթաջ տեղեկատվական գործակալությունը՝ 2006թ-ին երկրի ղեկավարի՝ գյուղ կատարած այցելության մասին:
«Ես չեմ ստում, — մի քանի անգամ կրկնեց զրուցակիցս, — երկիրը զարգանում է, իսկ մենք մեղկ չե՞նք: Հնարավորություն լիներ՝ Բաքու կտեղափոխվեինք»:
Բնակիչների խոսքով, բնակավայրում բացակայում է պրոֆեսիոնալ բժշկական սպասարկումը: Կանայք տանն են ծննդաբերում, իսկ կեսարյան հատման պարագայում ծննդկանին ուղարկում են Կուբու գյուղ: Հիսուն կմ հեռավորության վրա է գտնվում, որոնցից առաջին հինգը՝ նեղ լեռնային շավիղով, որտեղ երկու մեքենա դժվարությամբ են միմյանց կողքով անցնում:
Մի քանի բուժքույր կա, ովքեր անհրաժեշտության դեպքում գալիս են հետազոտման, օգնում են ծննդաբերության ընթացքում և այլն:
«Երեխաներն են մեղկ: Ահա նայիր, ի՞նչ ունեն անելու ամբողջ օրը. այգիներ չկան, զվարճանքներ չկան, դպրոցում լրացուցիչ դասեր չկան», — ասում է տիկին Դիլյաֆրուզը:
Երեխաներից շատերը դպրոց են սկսում հաճախել ութ-ինը տարեկանում: Պատճառը սովորաբար ընտանիքի մոտ գումարի բացակայությունն է:
«Սեպտեմբերին երեխաներին օգնություն էին հատկացրել դպրոց ընդունվելու համար: Նրանց երկու տետր ու մեկ ալբոմ նվիրեցին, — հեգնանքով ասաց նա՝ ևս մեկ անգամ կրկնելով, — երկու տետր ու մեկ ալբոմ, շնորհակալություն նրանց, էլ ինչ ասեմ»:
Զրուցակցիս կենսաթոշակը վաթսուն մանաթ է [մոտ 40 դոլար]:
Երբեմն տիկին Դիլյաֆրուզն ընդհատում էր իր պատմությունը, նայում հեռուն, հետո՝ շշնջում. «Բոլորը գալիս են՝ լրագրողները, լուսանկարիչները, գրողները կամ պարզապես զբոսաշրջիկները: Բոլորը գրում են մեր մասին, լուսնկարներ են անում, ասում, որ մեզ մոտ իսկական դրախտ է»:
Սակայն եթե հյուրերը բնակիչների տեղում հայտնվեին, արդյո՞ք Խընալըգը նրանց համար դրախտ կլիներ: Ապրել առանց բժշկական սպասարկման ու անվտանգ ճանապարների իհարկե շատ ռոմանտիկ է, սակայն արդյո՞ք մարդիկ պետք է հովվական կյանքի բոլոր դժվարությունները կրեն, ինպես և մի քանի դար առաջ:
Տիկին Դիլյաֆրուզը թոռների հետ: Խընալըգ, 2016 թ.
Հրապարակվել է 18.06.2016