Աշխատում եմ և վախենում: Թբիլիսիում ակտիվացել է փողոցային առևտրով զբաղվողների դեմ պայքարը
Թբիլիսիում, մի կողմից, փողոցային առևտրով զբաղվողների, մյուս կողմից՝ քաղաքապետարանի, ոստիկանության և քաղաքացիների մեծ մասի միջև մարտերի հերթական փուլն է:
Մարտի 19-ից քաղաքապետարանի հատուկ որոշմամբ Աղմաշենեբելի պողոտայում տաղավարների և վաճառասեղանների ապամոնտաժում է ընթանում՝ անեծքների և գրեթե ամենօրյա բողոքի ակցիաների ուղեկցությամբ, որոնց սովորաբար 20-30 մարդ է մասնակցում:
Ապօրինի արտասովոր կառույցները, որոնք կառուցել են հենց վաճառողներն արտասովոր նյութերից, գրեթե ապամոնտաժված են. նրանց տերերին քաղաքապետարանն առաջարկել է տեղավորվել շուկաներում թույլատրված վայրերում: Նրանց ադապտացվելուն աջակցելու համար վաճառողներին 6 ամսով ազատել են հարկերից:
Թբիլիսիի Չուգուրեթիի շրջանի ադմինիստրացիայի ղեկավար Զուրաբ Չիկվիլաձեն համառորեն խորհուրդ է տալիս հանգիստ լքել փողոցներն ու առևտուր անել շուկաներում: «Փողոցային առևտուրն էլ ետ չես վերադարձնի», — ասում է նա:
Այսինքն, եթե հավատանք քաղաքապետարանին, փողոցային առևտրով զբաղվողների կաստան շուտով քաղաքային բնակչության անհետացող տեսակ կդառնա: Այդ պատճառով էլ ավելի մոտիկից նայենք և նրանց, և այն թբիլիսցիներին, որոնք այդքան ցանկանում են այդ կաստայի արագ անգետացումը:
Թբիլիսին ամեն կողմից շրջապատված է շուկաներով: Դրանք սնկերի պես աճում են. դեռ երեկ այստեղ, ասենք, ավտոբուսային կանգառ էր, այսօր արդեն մի տատիկ ծամոն ու ծխախոտ է վաճառում, իսկ վաղը մի տղամարդ՝ ախալքալաքի կարտոֆիլ, մի կին՝ Գարդաբանի կանաչի, մի գնչուհի նստած է՝ թութակն ուսին:
Ապօրինի փողացային առևտուրը Վրաստանում արգելված է: Օրենքով՝ վաճառականին դրա համար 500 լարի տուգանք է հասնում, իսկ նրա վաճառասեղանն ապամոնտաժվում է:
Սակայն, միջին վիճակագրական առևտրականը սովորաբար ո՛չ վաճառասեղան է ունենում, ո՛չ էլ՝ տուգանքը վճարելու գումար: Այդ պատճառով էլ պատժամիջոցներ կիրառելու բոլոր փորձերն ավարտվում են հիստերիակայով, անեծքների տարափով ու սկանդալով:
Թբիլիսյան շուկաներում չթույլատրված առևտրով զբաղվող մարդիկ միշտ շատ զգոն են, պատրաստ արագ հավաքելու ապրանքն ու մոտակա թաքստոցը փախչելու՝ ոստիկանների աչքից ու տուգանքից հեռու: Սովորաբար պարեկային ոստիկանները շրջում են առևտրի թույլտվություն չունեցող վայրերում քաղաքապետարանի հատուկ ծառայության ուղեկցությամբ, որը կոչվում է Հսկիչ ծառայություն: Հազվադեպ են տուգանում, դա շատ ցավոտ ու ոչ տարածված միջոց է, մանավանդ, որ հորիզոնում ընտրություններ են:
Բոլոր քաղաքական ուժերը փողոցային առևտրի թեման, ինչպես միշտ, ծառայեցնում են իրենց շահերին: Սա ամենաաղքատ սոցիալական խմբերից է, և նախընտրական մեծ խոստումներ տալու գայթակղությանը այդ ուժերը չեն դիմանում:
Անցյալ տարի Վրաստանի պաշտոնական շուկաներում մոտ 50 հազ. մարդ էր առևտրով զբաղվում: Սակայն թույլտվություն ունեցող և ապօրինի շուկաների հարաբերակցությունը 1-ը 10-ի է:
Ապօրինի առևտրով զբաղվող մարդկանց իրական թիվը կարելի է պատկերացնել՝ իմանալով ինքնուրույն աշխատանք գտածների թիվը. Վրաստանում այն մոտ 1 մլն է կազմում: Եվ հենց այս թվին են պատկանում մանր առևտրով զբաղվողները: Տվյալ երևույթի մասշտաբները գնահատելու համար ևս մեկ թիվ նշենք. Վրաստանում աշխատանք ունի մոտ 2 մլն-ից պակաս մարդ (1 մլն 700 հազ. մարդ):
Այսինքն, Վրաստանում աշխատող մարդկանց 52%-ը կազմում են այն մարդիկ, ովքեր իրենք են իրենց համար աշխատանք գտել և սովորաբար՝ շուկաներում, գետնանցումներում կամ ավտոբուսային կանգառներում, որոնցից մեկը նկարագրված է առաջին պարբերությունում:
Այսինքն, աշխատող մարդկանց կեսից ավելին ոստիկան տեսնելիս ստիպված է թողնել-փախչել, վախենալ տուգանքից և երբեք վստահ չլինել, որ վաղն ինքը կունենա այդ նույն աշխատավայրն ու կկարողանա կրկին մի փոքր գումար աշխատել:
Փողոցային առևտուրն օրինականացնելու կողմանկիցները հիմնականում հենց առևտրականներն ու նրանց ընտանիքներն են (դա, ինչպես ինքներդ եք հասկանում, բավականին մեծ զանգված է), իսկ Թբիլիսիի բնակիչների հիմնական մասը համոզված է, որ այդ ապօրինի առևտրի կետերը պետք է փակել:
Դժգոհության հիմնական պատճառները հակասանիտարական վիճակն ու խաբեությունն է: Այսինքն, շուկաները հիմնականում կեղտոտ են, իսկ շոգին՝ նաև կարող ես փչացած մթերք գնել:
Բացի այդ, վրացական մամուլում հաճախ են կաշառակերության մասին հոդվածներ հանդիպում, մերթընդմերդ տվյալներ են հայտնվում այն մասին, որ ապօրինի շուկաներում վաճառողները ոչ պաշտոնական հարկեր են հավաքում, որոնք պարզ չէ, թե ում գրպանն են գնում:
Ընդհանրապես, ապօրինի առևտուրը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ, երբեմն՝ շատ օրիգինալ, երբեմն էլ՝ նույնիսկ գեղատեսիլ: Օրինակ, Վրաստանի բարձրադիր շրջաններում ապրանքափոխանակում է տեղի ունենում. գալիս է մի հին մեքենա թուրքական լայն գործածության ապրանքով (գուլպաներ, զուգագուլպաներ, ներքնազգեստ) և փոխանակում այն այլ բանով (պանիր, ձու, լոլիկ):
Այս բիզնեսում աշխատող մարդիկ սովորաբար լավ գիտեն, թե գյուղերում երբ են թոշակ ստանում, և ձգտում են այնպես անել, որ կարողանան հենց դրամ վաստակել:
Քանի որ ոշակը գյուղաբնակների միակ եկամուտն է, այդ պատճառով էլ նրանք ձգտում են գումար չծախսել մի բանի վրա, որը հնարավոր է ապրանքափոխանակումով ձեռք բերել: Փողով կարելի է գնել, օրինակ, բենզին, ավտոբուսի տոմս, գնալ բժշկի:
Իսկ քաղաքներում առցանց առևտուրն է մեծ թափ ստանում, որը մեծ մասամաբ, իհարկե, կրկին ապօրինի է, ինչպես կանգառներում ստեղծվող շուկաները: Օրինակ, սոցիալական ցանցերում կարելի է Մանկական կոշիկ Էժան կամ Պատվերով Զգեստ հայտարարությունների հանդիպել:
Ի դեպ, Ֆեյսբուքի վրացական հատվածում ամենատարածվածը առքուվաճառքով զբաղվող խմբերն են: Եվ, ինչպես բոլոր կովկասյան շուկաներում, այստեղ նույնպես հավաքվում են ոչ միայն մի բան գնելու կամ վաճառելու, այլ նաև մարդկանց հետ ծանոթանալու, քննարկումներ, կատակներ անելու, վիճելու և ամեն մեկն իր կարծիքին մնալու: