Ապրել հաղթանակով․ Ադրբեջանում միավորող մի գաղափարը փոխարինվել է մյուսով
Ղարաբաղի կորուստն ու ռևանշի մղումը գրեթե երեսուն տարի միավորող գաղափար էր ադրբեջանցի ժողովրդի համար։ Կորցրած շրջանները թվարկվում էին դպրոցական դասագրքերի առաջին էջում, դրանց ուղղությունն էին ցույց տալիս նաև ճանապարհային ցուցանակները, իսկ նորություններն ամեն առավոտ մեզ դիմավորում էին սովորական դարձած արտահայտությամբ․ «Հակառակորդն այսքան անգամ խախտել է հրադադարի ռեժիմը»։ Այդ ամենը կենցաղի անքակտելի մաս էր։ Ի՞նչ է փոխվել Ադրբեջանում Արցախյան երկրորդ պատերազմից հետո։
Եվ սա նոր իրականություն է ստեղծել։ Այնտեղ, որտեղ նախկինում վիշտ էր զոհված քաղաքացիական անձանց և կորցրած հողերի համար, վակուում էր առաջացել, որն արագ լցնում է մյուս գաղափարը՝ հաղթանակն ու կայացած ռևանշը։
Դատելով իշխանությունից եկող մեսիջի ուժից և հուզական հագեցվածությունից, որը պատրաստկամությամբ ընկալեց հասարակությունն, այս նոր գաղափարը մտածվել է որպես նախորդին համարժեք, և այն պետք է նույն գործառույթն իրականացնի՝ միավորի ազգը, որը հանգիստ վիճակում բավականին անջատ է։
Եվ քանի դեռ դպրոցական դասագրքերում պարտությունների մասին էջերը չեն փոխարինվել հաղթանակի մասին էջերով (իսկ դա պարզապես ժամանակի հարց է), դիտարկենք մի քանի օրինակ, թե ինչպես են Ադրբեջանում անմահացվում այս պատերազմի արդյունքները։
Հաղթանակն ավելի լավ է «վաճառվում», քան պարտությունը։ Նախկինում փոքր բիզնեսը կարող էր որպես անվանում օգտագործել միայն տեղանունները։ Այժմ նրանք կարող են ավելի ազատ խաղարկել թեման։
Օրինակ՝ «KhanCandy» խանութը։ Անվանումն ակնարկում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, որին ադրբեջանցիները Խանքենդի են անվանում։
Եվս մեկ սրճարան է վերածվել «KhanCandy»-ի, ընդ որում, ինչ-որ հարկադիր ռեբրենդինգի արդյունքում։ «ԱնդերՍոն» սրճարանի տնօրենը, որը Ռուսաստանի քաղաքացի է, աջակցություն էր հայտնել Հայաստանին սոցցանցերում։ «ԱնդերՍոնի» Բաքվի մասնաճյուղն անհապաղ հրաժարվեց ֆրանշիզայից, և այժմ սրճարանը կոչվում է «KhanCandy», ընդ որում (2021 թ-ի մայիսի դրությամբ) չի փոխել ոչ ներսի հարդարանքը, ոչ ճաշացանկը։
Իսկ այս լուսանկարում տեղական արտադրության էներգետիկ ըմպելիքը «հաղթանակի համով» է
Պատերազմի ավարտից արդեն մի քանի ամիս է անցել, սակայն ավտոբուսների դիսփլեյների վրա դեռևս պահպանվել է «Ղարաբաղն Ադրբեջան է» վազող տողը։ Թեև այս համատեքստում ավտոբուսի երթուղու նշումն ավելի օգտակար կլիներ։
Քաղաքական գաղափարը զոհի կարգավիճակից փոխվել է հաղթանակածի կարգավիճակի, իսկ շեշտադրումն արվում է զոհված խաղաղ բնակիչների և զինվորների վրա։ Երբեմն դա անգամ կապված չէ պատերազմի հետ։ Օրինակ, երբ խոսքը գնում է ֆեմինիստների մասին, նրանց հիշեցնում են, որ նրանք դեմ էին պատերազմին, անգամ եթե նրանց օրակարգում պատերազմի հետ կապ չունեցող թեմա է ներառված։
Նախկինում հասարակության մեծ մասը դատապարտում էր «անազնիվ» կռիվները, երբ մի հոգու վրա մի քանիսն են հարձակվում։ Սակայն այժմ գոհունակությամբ է ընկալվում նորությունը ճակատում զոհված զինվորի հասցեին կատակող մարդուն «պատժելու» մասին։
Սրանք ժամանակավոր երևույթներ են։ Մշտականներից՝ նոր անվանումներն են։
Մետրոյի նոր կայարանն անվանվել է «Նոյեմբերի 8»։ Այս օրը պաշտոնապես ճանաչվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի օր, որն Ադրբեջանում անվանում են հայրենական։
Կայարանը, սակայն, վաղուց էր կառուցվել, սակայն անունը հիմա են դրել։
Նաև Նոբելի պողոտան է վերանվանվել Նոյեմբերի 8-ի պողոտա։
Գոյություն ունի նաև Շուշիում մզկիթի կառուցման նախագիծ, որի հիմնական շենքը կառուցվելու է 8 թվի տեսքով, իսկ մինարեթները՝ 11 թվի՝ նույնպես ի պատիվ նույն օրվա։
Հաղթանակին նվիրված ամենաբնորոշ հուշարձանն արդեն հայտնի դարձած «Ռազմավարի այգին» է։ Այնտեղ ադրբեջանական բանակի ռազմական հզորության ցուցադրում չկա, իսկ պատերազմի սարսափների մասին ցանկացած ակնարկ ամբողջությամբ չեզոքացվել է հայ զինվորների ծաղրապատկերային տիկնիկներով և «նորաձև» մեջբերումներով շապիկներով՝ «Ի՞նչ պատահեց, Փաշինյան», «Շան պես վռնդեցինք»։ Սրանք մեջբերումներ են պատերազմի ժամանակ Իլհամ Ալիևի ունեցած ելույթներից։ Այս թանգարանը կարծես պարզապես լրացնում է հաղթանակի պատկերը՝ թույլ ու վախկոտ թշնամու կերպարով։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։