Ապահարզան ադրբեջանական ձևով
Ես ու Լյուբան հանդիպում ենք մետրոյում, որ փաստաբանի մոտ գնանք. նա եկել է դստեր՝ ութամյա Ասյայի հետ, արձակրուրդ է, մարդ չկա, ում մոտ նրան կարելի է թողնել: Կրտսեր դուստրը հիմա մանկապարտեզում է մինչև 5-ը, պետք է հասցնել տեղավորվել այդ ժամանակահատվածում: Աղջիկն ամաչելով սեղմվում է մորը: «Այսպես էլ նրանց հետ բոլոր դատերին եմ գնացել. մեկի ձեռքից եմ բռնել, մյուսին գրկել եմ: Հարազատներ, ում մոտ կարելի է նրանց թողնել, չունեմ», — ասում է Լյուբան: Նա կենսուրախ ու ժպտերես կին է՝ չնայած հյուծող ապահարզանին և եռամյա դատական քաշքշուկին:
Ամեն ինչ սկսվել է սովորական սիրավեպից: Լյուբով Կերտցն աշխատելիս է եղել
«Եվրոպա պլյուս-Բաքու» ռադիոկայանում: «Աշխատանքի բերումով մի անգամ «Եվրոպա» հյուրանոց էի գնացել, այնտեղ էլ ծանոթացա Էրհանի հետ, — պատմում է նա: — Նա ինձանից 21 տարով մեծ էր: Մենք սիրահարվեցին միմյանց և ամուսնացանք»:
Հարսանիքը շքեղ էր, փեսայի հայրենիք Թուրքիայում էր: Նոր բարեկամները Լյուբային շատ ջերմ ընդունեցին: Երբ առաջին երեխան ծնվեց բոլորն ուրախացան: Մի խոսքով, դա նման էր հեքիաթի երջանիկ ավարտի:
Անախորժությունները սկսվեցին, երբ երկրորդ աղջիկը՝ Դարյան ծնվեց: Էրխանին Շամախիում նոր հյուրանոցային համալիրում աշխատանք առաջարկեցին: «Այնպես ստացվեց, որ ընտանիքը կիսվեց, — պատմում է Լյուբան, — ավագ դուստրս այստեղ՝ Բաքվում, մանկապարտեզ էր գնում, ես փոքրին էի մեծացնում, չէի կարող գնալ, նա մենակ գնաց: Չգիտեմ այնտեղ ինչ տեղի ունեցավ, միգուցե ինչ-որ մեկը հայտնվեց նրա կյանքում, բայց նա ամբողջությամբ փոխվեց: Սկսեց ինձ ուժեղ խանդել, անբարոյական անվանել՝ չնայած որ երբեք նրան առիթ չեմ տվել: Վերջում նա արդեն սկսեց ինձ մեղադրել, որ երկրորդ աղջիկն իրենից չի»: Փորձելով ինչ-որ կերպ ընտանիքը պահպանել՝ Լյուբան ամուսնուն առաջարկել է հայրության թեստ անել: Ամուսնիը վերցրել է դստերն ու ինչ-որ տեղ թստ արել՝ առանց Լյուբային զգուշացնելու: Արդյունքը դրական է եղել:
Սակայն Էրհանին դա չի բավարարել, նա սկսել է կնոջը մեղադրել, թե իբր նա բժշկին վճարել է արդյունքները կեղծելու համար, չնայած որ նա անգամ բժշկի անունը չի իմացել և երբեք չի տեսել նրան: Հետո խառնվել է ընտանիքի ընկերն, ով առաջարկեց վերստուգել արդյունքները: Հերթական դրական թեստին ամուսինը կրկին չի հավատացել, ավելին՝ կնոջն ու երեխաներին տնից վռնդել է: «Մենք չէինք կարող տուն մտնել, ստիպված ոստիկանություն դիմեցինք: Ոստիկանը կոտրեց դուռը, որ մենք տուն մտնենք», — պատմում է Լյուբան:
Այդ ժամանակ էլ սկսվեց չարքաշ կյանքը, որը մինչև հիմա Լյուբան ու իր երկու աղջիկները տանում են: Լյուբայի ամուսինը նպատակ է դրել փոքր աղջկա հայրությունից հրաժարվել: Լյուբան կարողացավ բաժանվել և երեխաների համար անձնագիր ստանալ, չնայած ամուսինը միշտ խոչընդոտում էր: Իսկ ահա ալիմենտների հարցում, որոնք չէին խանգարի երկու փոքր երեխա ունեցող թարգմանիչ-ֆրիլանսեր Լյուբային, գործը կանգ առավ: Լյուբայի կողմից ալիմենտների հարցը բարձրացրելուն պես Էրհանը հակըննդեմ հայց է ներկայացրել հայրությունը չճանաչելու վերաբերյալ: ԴՆԹ թեստ մի քանի անգամ նույն դրական արդյունքով անցկացնելը նրա վրա որևէ ազդեցություն չի գործել:
«Դրանք թանկարժեք պրոցեդուրաներ են, պատկերացնո՞ւմ եք, — ասում է Լյուբան, դրանցից յուրաքանչյուրը նվազագույնը 2 հազար մանաթ արժե: Սակայն նա ոչ մի կերպ չի հանգստանում»:
Ադրբեջանի Ընտանեկան օրենսգրքում գրանցված են կնոջ ու երեխայի իրավունքները ապահարզանի դեպքում. կինը ալիմենտի իրավունք ունի՝ աշխատավարձի ու այլ եկամուտների մեկ քառորդ մասը՝ մեկ երեխայի համար, այդ գումարի կեսը՝ երկուսի համար, և միասին վաստակած գույքի իրավունք: Վիճակագրական ծառայության վերջին տվյալներով, 2014թ-ին, օրինակ, 7 ամուսնությանը 1 ապահարզան է բաժին ընկնում: Ընդհանուր 12 հազար զույգ է բաժանվել: Վիճակագրական ծառայության կայքում տվյալներ չկան այն մասին, թե քանի հայց է այդ տարի ներկայացվել ալիմենտներ չվճարելու վերաբերյալ: Սակայն խնդիրը կա, և այն այնքան լուրջ է, որ Ադրբեջանի խորհրդարանը նախորդ տարվա փետրվարին քննարկում էր, թե ինչ փոփոխություններ մտցնի Քրեական օրենսգիրք գործին օգնելու համար:
Որպես խնդրի պատճառ նշում են «սև աշխատավարձը»՝ հարկերից խուսափելու Ադրբեջանում տարածված միջոցը. շատ ձեռնարկություններ, ովքեր ի վիճակի չեն աշխատավարձային ֆոնդի մեկ քառորդ մասը պետբյուջե վճարել, բացարձակապես չեն նշում կամ նշում են աշխատակցի շատ ցածր աշխատավարձ: Այդ դեպքում պետության ձեռքը պարզապես չի հասնում այդ գումարներին ալիմենտներ պահելու համար: Ստացվում է, որ հայրը ոչ մի բանի կարիք չի ունենում, սակայն նրա եկամուտների գումարը դատարանն ի վիճակի չէ պարզել:
Ինչ վերաբերում է մեր պատմությանն, ապա Էրհանը նույնպես քիչ չէ վաստակում: Ինչպես Լյուբան է ասում, «փողին փող չի ասում, 5 փաստաբան ունի»:
Իսկ Լյուբան սկզբում կարծել է, թե եթե ինքն է իրավացի, ապա փաստաբան իրեն պետք չէ: Փող էլ չի եղել. «Սկզբում ես մենակ էի դատերին գնում, սակայն դատարանում սկսում էի նյարդայնանալ, ճչալ և լացել»: Հետո, ընկերուհու խորհրդով, դիմել է ընտանիքի, կանանց և երեխաների կոմիտե, որտեղ էլ նրան փաստաբան են տրամադրել, սակայն նա սահմանափակվել է հասարակ խորհուրդներով և անգամ ոչ մի նիստի ներկա չի գտնվել:
Փաստաբան Աղամիրզա Բագիրովն, ում ես ու Լյուբան դիմեցինք խորհրդատվության խնդրանքով, այսպես մեկնաբանեց իրավիճակը. «Շատ բարդություններ տեղի են ունեցել կնոջ անփորձության և նշանակված փաստաբանի ոչ կոմպետենտության հետևանքով: Ադրբեջանի Ընտանեկան օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ապահարզանի պարագայում ալիմենտները պարտադիր են: Եթե ամուսինը չի ուզում ալիմենտ վճարել, քանի որ իբր դա իր աղջիկը չէ, ապա Քաղաքացիական օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն, հայց ներկայացրած քաղաքացին իրավունք ունի քչացնել դրանում իր պահանջները, և մեծ երեխայի համար ալիմենտներ ստանալ»:
Ալիմենտներ չվճարելու ամենաառաջին պատճառը կնոջ կողմից իր իրավունքների տարրական չիմացությունն է և դրանց համար պայքարելու ցանկության բացակայությունը: Օրինակ, փաստաբանն ասում է, որ քիչ թե շատ խաղաղ ապահարզանի դեպքում, երբ բնավորությունները չեն համընկնում, ալիմենտների խնդիր սովորաբար չի առաջանում, սակայն խաբված ամուսինները հաճախ չեն ուզում վճարել: Չնայած, օրենքի համար ոչ մի նշանակություն չունի, արդյո՞ք կինը հավատարիմ է եղել ամուսնուն և լավ է լվացել նրա գուլպաները:
Ընդհանրապես բոլոր ադրբեջանական ընտանիքներում ապահարզանը կնոջ համար խայտառակություն է: Բաժանվել որոշած ցանկացած ադրբեջանցի կին բազմաթիվ անգամ իր բարեկամներից կլսի՝ «Չէ՞ որ սա ամուսնություն է, դիմանալ է պետք»: Եթե «չես դիմանում» և ապահարզան ես նախաձեռնում, ապա վիրավորված ամուսինը կարող է քեզ հեշտությամբ «պատժել»՝ թողնելով առանց փողի: Ի դեպ, ալիմենտների վերաբերյալ դատարանի որոշման չկատարման համար կալանք է սպասվում, սակայն եթե ժլատ հայրը համաձայն է ինչ-որ ժամանակ բանտում անցկացնել, նրանից գումար կորզել հնարավոր չէ: Իսկ պատիժը կարող է զգալի լինել՝ 1000 մանաթ տուգանքից մինչև 3 տարվա ազատազրկում:
Լյուբայի դեպքում նա բախվել է ոչ այնքան հասարակական քննադատությանը, որքան նախկին ամուսնու՝ իր կյանքը դժոխքի վերածելու հստակ մտադրությանը: Այսինքն նա ստիպված է եղել կիսվել իր երեխաներին նյութապես ապահովելու և սթրեսից ազատելու ցանկությունների միջև:
Հատկապես դա վերաբերում է ավագ դստերը, չէ՞ որ նրան անընդհատ դատարան էին տանում, և նա միշտ եղել է այդ հյուծող գործի «ներսում»: Փաստաբանի գրասենյակում նա սովորականի պես նստում է աթոռի ծայրին, սեղմվում մորը, սակայն արդեն 15 րոպե անց շշնջում է. «Մայրիկ, հոգնել եմ»:
Լյուբան պատմում է, որ Էրհանը դիմել է Գիտության և հոգաբարձության կոմիտե և երեխաների հետ անսահմանափակ տեսնվելու իրավունք կորզել, ինչը նույնպես իր նյարդերին հաշվին է արվել: Երեխաների հետ դրանից հետո նա չի շփվել (բացի այն դեպքերից, երբ փորձել է գաղտնի կերպով փոքրի թքի նմուշ վերցնել): Հիշելով այս ամենը՝ Լյուբան հոգոց հանելով ասում է. «Նա նրանց չի սիրում անգամ»: Իհարկե, նման բան 8-ամյա Ասյան չպետք է լսի, սակայն երեխան անընդհատ մոր հետ է, ինչ նյարդեր պետք է ունենա Լյուբան, որ կոռեկտ լինի:
Արդյունքում՝ Լյուբան նոր երազանք ունի՝ զրկել Էրհանին ծնողի իրավունքներից, եթե չկարողանա նրան ստիպել ալիմենտ վճարել: Փաստաբան Աղամիրզա Բագիրովն ասում է, որ դատարանները որպես կանոն չեն շտապում նման որոշումներ կայացնել՝ բացառությամբ երեխաների հանդեպ ֆիզիկական բռնության դեպքերի և եթե ծնողն ալկոհոլիկ է, թմրամոլ կամ հոգեպես անհավասարակշռված մարդ: Հազիվ թե Էրխանի հոգեկան անհավասարակշռությունը հնարավոր լինի ապացուցել, առավել ևս, որ Լյուբան փաստաբան վարձելու փող չունի: Էրհանն, իմանալով նրա ֆինանսական խոցելիության մասին, անընդհատ սպառնում է նրան կաշառել աշխարհի բոլոր դատարանները, միայն թե իր ուզածին հասնի: Տեսականորեն նրան կարելի է հայրությունից զրկել ալիմենտ չվճարելու համար, սակայն դա գործելու է միայն այնքան ժամանակ, քանի դեռ նա չի սկսել վճարել:
Այժմ Լյուբովը ահով սպասում է Վերաքննիչ դատարանի հերթական հարցմանը, վախենում է, որ նախկին ամուսինը կրկին փորձաքննություն կպահանջի:
«Վերջերս նա իր փաստաբանի միջոցով ինձ փոխանցեց, որ պատրաստ է ինձ հանգիստ թողնել, եթե ես նոտարով հաստատված խոստովանություն գրեմ, որ Դարյան իր երեխան չէ: Սակայն ինչպե՞ս կարող եմ նման բան անել, չէ՞ որ դա հակաօրինական է»:
Փաստաբանն ասում է, որ նման հայցեր Էրհանը որքան ասես կարող է ներկայացնել, սակայն դատարանն անվերջ նման փարձաքննություններ չի անցկացնելու, արդյունքում նա այսպես թե այնպես ստիպված կլինի ալիմենտ վճարել, եթե Լյուբովն ինքը դրանից չհրաժարվի:
Եթե ընդհանրացնենք, ապա Ադրբեջանում բաժանված ամուսնուց ալիմենտ ստանալ հնարավոր է 2 դեպքում՝ եթե նա համաձայն է վճարել և եթե նա պետական ծառայող է մաքուր աշխատավարձով: Հակառակ դեպքում կինը ստիպված է անցնել հասարակական քննադատության, սթրեսի, սպառնալիքի և դատական քաշքշուկների միջով:
Տեսանյութում՝ հայրը դստեր թքի նմուշն է վերցնում հայրության երրորդ թեստը անելու համար:
Հրապարակվել է 14.09.2016