Ապահարզանն Ադրբեջանում. ինչպե՞ս պաշտպանել երեխաներին
Ապաստարանի բակում մեզ բռնոցի խաղացող երեխաների աղմուկն է դիմավորում: Երեխաները խաղում են փոքր բակում, լացում, իրենց մայրերին ինչ-որ բան խնդրում, քաշում նրանց փեշից և կարծես չգիտեն, թե ինչու են այստեղ:
Այստեղ դիմում են ֆիզիկական և բարոյական բռնության ենթարկված կանայք: Նրանք ման են գալիս երկհարկանի շենքի միջանցքներում, և յուրաքանչյուրը կարող է պատմել ծանր և դժվար կյանքի պատմություն:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2015թ-ին Ադրբեջանում 68.773 մարդ է ամուսնացել, 12.764-ը բաժանվել են: Մասնագետներն ասում են, որ մեր երկրում ապահարզանները կտրուկ տարբերվում են զարգացած երկրներում տեղի ունեցող ապահարզաններից: Փորձագետների խոսքով՝ Ադրբեջանում հազվադեպ են քաղաքակիրթ ձևով բաժանվում: Արդյունքում բաժանվող զույգերի երեխաները հոգեբանական վնասվածքներ են ստանում, խախտվում են նրանց իրավունքները:
Հանուն երեխաների
Այդան Ալիևան պատմում է, որ և ինքը, և իր երեխաներն ապահարզանի ընթացքում լուրջ սթրես են տարել: Ասում է, որ ապաստարանի հոգեբանի շնորհիվ նրանք իրենց այժմ ավելի լավ են զգում:
«Ամուսինս շատ հոգատար հայր էր: Սիրում էր և՛ ինձ, և՛ երեխաներին: Սակայն երկու տարի առաջ սկսել էր ուրիշ կնոջ հետ հանդիպել: Սկզբում ես դիմանում էի: Հետո նա գնաց այդ կնոջ մոտ: Բանտ նստեց թմրանյութերի համար:
Ես դատարան դիմեցի: Մեզ բաժանեցին, երբ նա բանտում էր: Ես բաժանվելուց հետո մի քանի ամիս դեռ սիրում էի նրան: Անգամ դատարանում սպասում էի, որ նա կհրաժարվի բաժանվել: Չհրաժարվեց»:
Այդանը պատմում է, որ դատարանը որոշումը թողեց իրեն՝ թույլ տալ հորը երեխաների հետ հանդիպել, թե՝ ոչ. «Լինելով բանտում, նա ցանկացավ տեսնել նրանց: Ես երեխաներին նրա հարազատների մոտ ուղարկեցի 3 օրով, նրանք հոր հետ հանդիպման գնացին»:
Մանկական հոգեբան Նուրլանա Իսմայիլովան ասում է, որ որպեսզի երեխաները չտառապեն, ավելի լավ է երկկողմանի համաձայնությամբ բաժանվել.
«Երեխային պետք է բացատրել, որ բաժանվելու մասին որոշումն իրեն չի խանգարի ծնողներին տեսնել, երբ ցանկանա: Ապահարզանի ժամանակ պետք է հաշվի առնել երեխայի կարծիքը: Ծնողները երեխային այդ որոշման մասին պետք է ժամանակին հայտնեն: Երեխաները, որոնց ապահարզանի ժամանակ արգելում են ծնողներին տեսնել, սրթես են ապրում, և նրանց վիճակի կարգավորման համար սկզբում պետք է սթրեսից ազատվել: Թե ինչ եղանակով դա անել, կարելի է որոշել երեխայի հետ խոսելուց հետո»:
«Բանտից ազատվելուց հետո նա ևս մեկ անգամ ցանկացավ տեսնել երեխաներին, — պատմում է Այդանը: Ես կրկին երեխաներին նրա մոտ ուղարկեցի: Սակայն այս անգամ նա ինձ խաբեց. երեխաներին ես հետո 4 ամիս չտեսա: Ես այդ ժամանակ ապրեցի իմ կյանքի ծանրագույն օրերը: Ամուսնուս հարազատներն ասում էին, որ աղջիկս այնպես է ինձ կարոտել, որ հալվում է աչքի առաջ: Աղջիկս այն ժամանակ 6 տարեկան էր, տղաս՝ 5: Ի վերջո ես փաստաբան վարձեցի և երեխաներին դատարանի միջոցով վերադարձրի»:
Այդան Ալիևան պատմում է, որ երեխաներին վերադարձնելուց հետո նա հաշտվել է ամուսնու հետ նրա նախաձեռնությամբ.
«Ես դա արեցի հանուն երեխաների: Սակայն ամեն ինչ կրկնվեց նորից: Եվ այդ ժամանակ ես երեխաների հետ Բաքու տեղափոխվեցի, գտա այս ապաստարանը: Եթե չհաշվենք այն ամիսները, որոնք մենք միասին ապրել ենք ապահարզանից հետո, նա ինձ ոչ մի կոպեկ ալիմենտ չի վճարել: Հիմա ես միայն ուզում են երեխաների հետ Ուկրաինա մեկնել մորաքրոջս մոտ: Այնտեղ նա մեզ կտեղավորի: Սակայն դրա համար պետք է նաև նրա համաձայնությունը, այդ պատճառով էլ մենք այժմ դատական գործընթացի մեջ ենք: Ասում է, որ նույնպես ուզում է մեզ հետ մեկնել:
Երեխաները նրանից վախենում են, չնայած, երդվում եմ, ես երբեք ոչ մի վատ բան նրա մասին երեխաների մոտ չեմ խոսել: Աղջիկս այստեղի աշխատակիցներից մեկին ասել է. եթե հայրս մեզ հետ գա, հնարավո՞ր է, որ ոստիկանն էլ գա: Սակայն այլ ելք ես չունեմ: Ես երեխաներին կվերցնեմ և Ուկրաինա կմեկնեմ, նույնիսկ եթե ստիպված լինեմ նրա հետ գնալ: Չգիտեմ, միգուցե կարողանանք զրոյից կյանքը սկսել»:
8-ամյա Ալիան և նրա 7-ամյա եղբայր Քյամալը (երկու անուններն էլ պայմանական են – խմբ.) արդեն երկու ամիս է՝ դպրոց չեն գնում: Ալիան հրաժարվում է խոսել, սակայն եղբայրը պարբերաբար բացում է սենյակի դուռը, որտեղ մայրը խոսում է ինձ հետ, և ընդհատում նրա պատմությունը: Մայրը նրանից հարցնում է. (նկատի ունի հարցազրույցը) «Քյամալ, ուզո՞ւմ ես խոսել»: Ինչին երեխան պատասխանում է. «Հայրիկի հե՞տ: Ես հայրիկի հետ կհանդիպեմ, եթե մայրիկը հետս լինի»:
Օրենքն ու դրա իրագործման մեխանիզմը
Իրավաբան Ֆարիզ Աքպերովն ասում է, որ դատարանն է որոշում, թե բաժանվելուց հետո երեխան ում հետ է ապրելու՝ շրջանային գործադիր իշխանության խնամակալության հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա.
«Այդ հանձնաժողովում ընդամենը մեկ հոգեբան կա: Ամբողջ շրջանի համար մեկ հոգեբան, որտեղ ապրում է, օրինակ, հարյուր հազար մարդ: Մեզ մոտ գոյություն ունեցող մեխանիզմը հետևյալն է. հոգեբանը ներկա է լինում դատին, հետո գնում է տուն և ակտ կազմում:
Ստուգում է ծնողներին. արդյոք տուն, աշխատանք ունեն, մեկ անգամ խոսում է երեխայի հետ: Երեխան ասում է, թե ում հետ է ուզում ապրել՝ մո՞ր, թե՞ հոր: Եվ վերջ: Հոգեբանն այդ ամենը գրանցում է և ուղարկում դատարան: Եվ դատարանը որոշում է կայացնում:
Հոգեբանական հարցերն ամբողջությամբ չեն պարզաբանվում, այդ պատճառով էլ մեխանիզմն արդյունավետ չէ: Դատարանը նույնիսկ պարտավոր չէ սպասել այդ հանձնաժողովի եզրակացությանը, այլ կարող է որոշում կայացնել միայն հոգեբանի եզրակացության հիման վրա:
Այդ խնդրի արդյունավետ լուծումը. դատարանը ապահարզանի համար օրենքով նախատեսված 3 ամսվա ընթացքում պետք է երեխային ծնողների հետ միասին ընտանեկան հոգեբանի մոտ ուղարկի: Մեզ մոտ դրա համար պետական վերականգնողական կենտրոններ չկան»:
Փորձագետն ասում է, որ Ադրբեջանում միայն մեկ հոգեբանական կենտրոն կա, և դատարաններն այդտեղ հարցումներ չեն ուղարկում.
«Դատաբժշկական փորձաքննության կազմում երեխաների համար հոգեբանական բաժին կա: Եվ այդ մասին շատերը չգիտեն նույնիսկ, քանի որ գրեթե ոչ մի դատարան այնտեղ հարցում չի ուղարկում: Եվ քանի որ կենտրոնը Բաքվում է, շրջանների մարդկանց համար այստեղ գալը ծանր է: Օրենսդրությունում դա կա: Իսկ մեխանիզմ չկա: Այնուամենյանիվ, հոգեբանական օգնության մասին օրինագիծը դուրս է բերվել Միլլի Մեջլիսի քննարկմանը: Սպասենք, թե երբ կընդունեն»:
Ֆարիզ Աքպերովն ասում է, որ ապահարզանի ժամանակ, որպես կանոն, մինչև 10 տարեկան երեխան մնում է մոր հետ: 10 տարեկանից բարձր երեխան իրավունք ունի ընտրելու, թե ծնողներից ում հետ է ուզում ապրել.
«Օրենսդրության համաձայն՝ երեխան իրավունք ունի տեսնելու երկու ծնողներին էլ, հարազատներին: Ծնողները՝ նույնպես: Ցավոք, մեզ մոտ երեխան այն ծնողի ազդեցության տակ է ընկնում, որի հետ ապրում է: Ապահարզանների 70%-ի դեպքում դատարանի որոշման մեջ հոր հետ շփմանն անդրադարձ չկա: Դա կապված է այն բանի հետ, որ իրավաբանները դրա հետ կապված միջնորդությամբ հանդես չեն գալիս, արդյունքում, հորը թույլ չեն տալիս շփվել երեխայի հետ»:
«Հարվածել եմ նրան մեկ անգամ»
Այդան Ալիևայի նախկին ամուսին Թալեհ Ալիևը (անունը պայմանական է – խմբ.) շատ էմոցիոնալ է խոսում երեխաների մասին, և համաձայնում է իր մասին պատմածների մի մասին միայն.
«Ես նրան չեմ ծեծել: Ի դեպ, այդ նա է ինձ ոստիկանությանը հանձնել: Մեր հաշտվելուց հետո ես երբեմն հիշում էի այդ մասին: Այդ ժամանակ էլ խփել եմ նրան մեկ անգամ: Ուրիշ կին էլ է եղել: Սակայն կյանքն է այդպիսին: Յուրաքանչյուրի հետ նման բան կարող էր տեղի ունենալ:
Ապահարզանից հետո նրանք գրեթե միշտ հետս էին: Ալիմենտ չեմ վճարել, դա ճիշտ է, քանի որ գործազուրկ եմ: Գիտե՞ք, թե ինչ կասեմ ձեզ. ես դեռևս սիրում եմ կնոջս: Խելագարի պես կարոտում եմ երեխաներիս: Այսօր ուղիղ երկու ամիս և 4 ժամ է, ինչ նրանց չեմ տեսել: Ես չեմ կարող կնոջս ու երեխաներիս թողնել մենակ Ուկրաինա մեկնել: Ես նրանց հետ եմ գնալու: Ես այլևս չեմ կրկնի իմ նախկին սխալներից և ոչ մեկը: Որովհետև առանց նրանց կյանք չունեմ»:
Քաղաքակաիրթ ապահարզան և միջազգային փորձ
Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների կոմիտեի ներկայացուցիչ Թալիա Իբրահիմովա.
«Մեր կառույցն, առաջին հերթին, օրենսդրության կատարելագործման և բնակչության լուսավորման աշխատանք է կատարում: 11 շրջաններում գործում են երեխաների աջակցության մեր կենտրոնները: Այդ կենտրոններում զբաղված մասնագետները միջազգային փորձագետներից սերտիֆիկատներ են ստացել: Երբ համապատասխան կառույցները խնդիր են ունենում երեխաների իրավունքների հետ կապված, նրանք դիմում են այդ կենտրոններ:
Դուք երևի հիշում եք Նուրայի դեպքը: Այնտեղ նույնպես թույլ օղակն այն էր, որ մեզ մոտ չի կիրառվում միջազգային պրակտիկան»:
Տասնամյա Նուրային մոր մահից հետո չէին կարողանում «կիսել» հայրն ու մորաքույրը: Աղջիկը մորաքրոջ հետ էր ապրում, սակայն դատարանը որոշել էր, որ նա պետք է հոր հետ մնա, և քանի որ երեխային ինքնակամ չէին տալիս, դատական կարգադրիչները որոշել էին նրան ուժով խլել: Այդ պահը, երբ լացող աղջկան խլում էին մորաքրոջից, նկարահանել էին: Երբ տեսանյութը համացանցում էր հայտնվել, սկանդալ էր տեղի ունեցել: Հանրության և ԶԼՄ ներգրավվածությամբ աղմկահարույց դատական գործընթացից հետո կողմերը եկան համաձայնության. Նուրայը մնաց մոր ազգականների մոտ, իսկ հորը թույլ տվեցին այցելել նրան:
«Միջազգային պրակտիկայում, — ասում է Թալիա Իբրահիմովան, — երեխաների հետ աշխատող կառույցներում անպայման համապատասխան մասնագետ, հոգեբան պետք է լինի: Տվյալ դեպքում խնդիրներն արդարադատության նախարարությանն էին:
Մենք այդ դեպքում պետք է հայտնաբերեինք խնդիրը, բարձրացնեինք հարցն ու համապատասխան խորհուրդներ տայինք այլ կառույցներին: Մեր հոգեբաններն աշխատել են Նուրայի հետ, և այժմ նրա վիճակը կարգավորվել է»:
«Ադրբեջանի երեխաներ» միավորման ղեկավար Քյամալա Աղազադեն ասում է, որ այդ կառույցին կից ապաստարանը, որն ինքը ղեկավարում է, այդ թվում այն երեխաների համար է, որոնք բռնության են ենթարկվել.
«Համալիր կերպով երեխաների հետ աշխատում է մեր իրավաբանը, հոգեբանը, սոցաշխատակիցն ու դաստիարակը: Եթե երեխան ապահարզանի ժամանակ բռնության է ենթարկվել, մենք նրա հետ լրացուցիչ վերականգնողական աշխատանք ենք տանում»:
«Ադրբեջանի երեխաներ» միավորմանը կից ապաստարանում են հաճախ հայտնվում նաև երեխաներով մայրեր, որոնք ապահարզանից հետո զրկվել են տնից և գնալու տեղ չունեն:
«Ադրբեջանի երեխաներ» հասարակական միավորման ղեկավար Մեհրիբան Զեյնալովան ասում է, որ իրենց ապաստարանում 30 հոգու ապրելու պայմաններ կան.
«Սակայն լինում է, որ տարվա ընթացքում ավելի քան 150 կանանց ենք ձևակերպում: Նախորդ տարի մեր ապաստարանում 173 կին էր գրանցված: Ադրբեջանական հասարակությունում խաղաղ ապահարզանը վիճելի հարց է: Մեզ դիմած կանանցից միայն մեկի ամուսինն է առանց խնդիրների բաժանվել կնոջից: Մնացած բոլոր դեպքերում բավականաչափ կոնֆլիկտներ են լինում, երկու կողմերն էլ կանխակալ են լինում: Բռնություն էլ է լինում: Կնոջը ծեծում են, անարգում: Արդյունքում տուժում են երեխաները»: