Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը միմյանց կապող նոր տրանսպորտային միջանցքների վերաբերյալ գործնական որոշումներ են կայացրել Մոսկվայում հունվարի 30-ին եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստին։
Երեք երկրների փոխվարչապետները պայմանավորվել են մի քանի փորձագիտական ենթախմբեր ձևավորել, մասնավորապես․
երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների հարցերով,
դրանց անվտանգության ապահովման հարցերով,
փոխադրումների ժամանակ մաքսային, սանիտարական և անասնաբուժական վերահսկողության կազմակերպման հարցերով։
Ենթախմբերը պետք է ստեղծվեն մինչև փետրվարի 2-ը, մինչև փետրվարի 5-ը դրանք պետք է առաջին քննարկումներն անցկացնեն։
Ի՞նչ տրանսպորտային ուղիներ են քննարկվում
Հարավային Կովկասում նոր երկաթուղային և ավտոմոբիլային ուղիները թույլ կտան բացել մի քանի տրանսպորտային փակուղի, մասնավորապես․
Կօգնեն կապել Ադրբեջանի կազմում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը երկրի մյուս մասին, ինչի համար ճանապարհ կբացվի Հայաստանի տարածքով։ Ներկա պահին այստեղ տեղաշաժը հնարավոր է միայն օդով կամ Իրանի տարածքով։
Հայաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան տանող ավտոմոբիլային և երկաթուղային ուղիներ կբացվեն։ Ներկա պահին Հայաստանից դեպի Ռուսաստան տանող միակ և Հայաստանի համար ծայրահեղ կարևոր ցամաքային ուղին անցնում է Վրաստանով, այն ծանրաբեռնված է և հաճախ փակ է եղանակային պայմանների պատճառով։
Ռուսաստանն ու Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ցամաքային հաղորդակցության հնարավորություն կստանան։
Հարավային Կովկասում տարանցիկ ուղիները բացելու եռակողմ որոշման մասին
2021 թ․ հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների մոսկովյան հանդիպմանը որոշում է կայացվել հատուկ աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Այս խմբի պարտականությունների թվում 2020 թ-ի նոյեմբերի 10-ին երեք երկրների ստորագրած մյուս եռակողմ համաձայնագրի իններորդ կետի իրականացումն է։
Այդ համաձայնագրով հրադադար հաստատվեց Արցախում, որտեղ պատերազմ էր ընթանում 2020 թ․ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը։ Այն, տարբեր հաշվարկներով, 5-10 հազար մարդու կյանք է խլել երկու կողմից։
Տրանսպորտային միջացքների բացման ուղղությամբ հետագա քայլերը
Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը որոշվել է անցկացնել Մոսկվայում։ Դրա ամսաթիվը համաձայնեցվելու է համանախագահների կողմից, ասված է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Կովկասում նոր տրանսպորտային միջանցքներին միանալու հետաքրքրություն է հայտնել Իրանը։ Այդ երկրի արտգործնախարար Ջավադ Զարիֆը 2021 -ի հունվարի վերջին օրերին այցելել էր Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա։ Այդ այցերի ժամանակ նա հանդիպել է երեք երկրների առաջնորդներին, ինչպես նաև Նախիջևանի խորհրդարանի խոսնակին։