Անտոկոս վարկեր բիզնեսին․ Հայաստանի կառավարության օգնությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար
Հայաստանի կառավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում՝ օգնելու համար տեղական բիզնեսին հաղթահարել կորոնավիրուսի տարածման պատճառով առաջացած ֆինանսական դժվարությունները։
Դրանք կապված են համաշխարհային տնտեսությունում կատարվող գործընթացների, ինչպես նաև երկրի ներսում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ։ Մասնավորապես, մարտի 16–ին երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, և շատ կազմակերպություններ ստիպված են կրճատել աշխատանքների ծավալը։ Որոշ ոլորտներում փոքր ու միջին բիզնեսն ընդհանրապես կորցնում է աշխատելու հնարավորությունը։ Խոսքը, մասնավորապես, գնում է ռեստորանների, հյուրանոցների, զբոսաշրջային գործակալություններ մասին։
Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետը մարտի 19–ին բիզնեսին առաջարկել է օգտվել ճգնաժամային վարկային պորտֆելներից։
Եվ դրա համար առավարությունը մտադիր է հատկացնել 25 մլրդ դրամ։
Նույնքան կտրամադրվի, ըստ անհրաժեշտության, որպես սոցիալական օգնություն։
Կստեղծվի նաև 80 մլրդ դրամի ֆոնդ ընդհանուր առմամբ տնտեսության վերաձևավորման համար։
Բոլոր մանրամասները․ ի՞նչ է նշանակում ճգնաժամային վարկային պորտֆել, ինչի՞ համար բիզնեսը փող կստանա։
Վարկային պորտֆելի մասին
Արդեն պարզ է, որ բիզնեսի որոշ ճյուղերում հնարավոր չի լինի խուսափել ֆինանսական և տնտեսական խնդիրներից։
«Այդ առնչությամբ առաջարկում ենք ճգնաժամային վարկային պորտֆելներ, որոնց էությունը հետևյալն է․ 50 տոկոսը ֆինանսավորման իրականացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը: Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբիսիդավորում է կառավարությունը։ Այսինքն տնտեսվարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ», — պարզաբանել է վարչապետը։
Ինչի՞ վրա կծախսվեն փողերը
Միջոցները, որոնք կառավարությունը կտրամադրի բիզնեսին, կարող են օգտագործվել հետևյալ նպատակների համար․
— աշխատակիցներին աշխատավարձ և դրանց գծով հարկերի վճարումներ (յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելին, քան ամսական 500 հազար դրամի չափով, և ոչ ավելին, քան 3 ամսվա համար);
— հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով;
— առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծման դեպքում, երբ գնված կամ ներմուծվածը պետք է իրացվի Հայաստանում;
— սարքերի և սարքավորումների, այդ թվում գյուղնշանակության ապրանքների ներմուծում, այն դեպքում, երբ տվյալ սարքերն ու սարքավորումները պետք է օգտագործվեն ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու և արտադրությունն ընդլայնելու նպատակով;
— պարարտանյութ, սերմ, տնկի կամ գյուղատնտեսական նշանակության հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, երբ այդ ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում;
— էլեկտրաէներգիայի, ջրի ու գազի գծով ծախսերի իրականացում։
Մանրամասներ՝ վարկերի մասին
Կառավարությունը վարկերը կտրամադրի տեղական արժույթով՝ դրամով, իսկ վարկային կազմակերպությունները կամ բանկերը կարող են միջոցներ տրամադրել նաև արտարժույթով։
«Ժամկետը լինելու է մինչև 24 ամիս, վարկի առավելագույն գումարը 500 մլն դրամ։
Կառավարության կողմից համաֆինանսավորումն առաջարկվում է հետևյալ չափով. աշխատավարձի պարագայում՝ մինչև 50 տոկոս, հումքի պարագայում՝ 40 տոկոս, սարքավորումների պարագայում՝ 25 տոկոս, կոմունալ ծախսերի դեպքում 45 տոկոս, սննդի ներմուծման պարագայում՝ 30 տոկոս, գյուղատնտեսության պարագայում՝ 35 տոկոս», — պարզաբանել է վարչապետը։
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ բացառել է «հարկային արձակուրդ» հայտարարելու հնարավորությունը։