Անունս Սամիր է
Ես եմ` Սամիրը: Կաչաև Սամիրը: Սա հաստատ իմ կյանքում ամենաերկար նամակն է լինելու, քանի որ կփորձեմ պատմել ամենն իմ կյանքի մասին:
Ծնվել եմ Շամախիում, 1994թ. մարտի 6-ին: Հայրս պատմում է, որ այդ օրը մայրիկիս մեր Չուխուրյուրդ գյուղից տարան շրջկենտրոնի հիվանդանոց: Իմ հորաքույրը որոշեց փորձել հորս. «Եղբայր, նորից աղջիկ ես ունեցել»: Բանն այն է, որ ինձանից մեծ քույր ունեի արդեն` Սաբինան: Հայրս պատասխանել է. «Փառք Աստծո, աղջիկ է, էլի լավ է: Աղջիկը երեխա չէ՞, ինչ է»: Այդ ժամանակ հորաքույրս խոստովանել է, որ իրականում տղա է ծնվել, այսինքն` ես:
Իմ մանկությունը
Ասում են, թե շատ չարաճճի, կռվարար երեխա եմ եղել: Փայտ էի վերցնում, ծառերից ծաղիկներ պոկում, ճյուղեր կոտրում: Իսկ հետո ես շատ տխրեցի, երբ մայրս բացատրեց, որ ծառերն էլ են կենդանի, ցավ են զգում ու լաց լինում, երբ դրանց այդպես կոտրում ես:
Բայց ամենից շատ սիրում էի քարեր շպրտել: Բավական շատ եմ հարևանների պատուհաններ կոտրել, ու այս սովորությունը ինձ լավ բանի չհասցրեց:
Երեք տարեկան էի, երբ հորաքրոջս հետ վիճելով, նրա գլխին քար շպրտեցի: Քարը վնասեց նրա ճակատը, արյուն հոսեց: Ես սաստիկ վախեցա, սկսեցի կանչել տատիկիս, որ նա օգնի հորաքրոջս: Սաբինան իսկույն վազեց հոր մոտ, որն այդ պահին աշխատում էր մեր հողամասում, ու պատմեց իմ անկարգության մասին:
Հայրս տուն եկավ` փայտը ձեռքին ու, արգելելով տնեցիներին խառնվել, մի երկու անգամ այնպես հարվածեց ձեռքերիս, որ ես այլևս ձեռքս քար չեմ վերցրել, ուր մնաց թե` ուրիշի վրա շպրտեմ:
Մի անգամ (ես դեռ այն ժամանակ դպրոց չէի գնում), հայրս ինչ-որ գործ էր անում բակում, ես էլ ոտքի տակ էի ընկնում, խանգարում: Հայրս ինձ ապտակեց, ասելով` հեռու գնա, մի խանգարի: Ես հեռացա ու ասացի նրան. «Հայրիկ, կգա ժամանակը, ես կմեծանամ, իսկ դու կծերանաս»: «Հա, ու ի՞նչ»,- հարցրեց նա: «Այն ժամանակ արդեն հախիցս չես գա, տեսնու՞մ ես այն մեծ մուրճը…» Հայրս ասաց. «Ուրեմն, երևի հասկանում ես, թե ինչու քեզ ապտակեցի: Գիտեմ` երբ մեծանաս, այլևս չեմ կարողանա հախիցդ գալ, այդ պատճառով էլ շտապում եմ հիմա քեզ մի բան սովորեցնել»:
Տարիներ անցան, մինչև գնահատեցի այն ամենն, ինչ սովորեցրել էր ինձ հայրս` հաճախ խոսքերով, երբեմն էլ` ծեծով:
Քույրս ինձնից երեք տարով մեծ էր: Մենք անընդհատ կռվում էինք` առանց առիթի, խաղալիքների, տետրերի, չնչին բաների պատճառով: Մեր ծնողները շատ էին անհանգստանում, որ մենք այդպես էլ ամբողջ կյանքում իրար միս ենք ուտելու: Բայց հետո մենք շատ ընկերացանք. պաշտում եմ նրան:
Երբ քույրս ավարտեց դպրոցն ու համալսարան էր պատրաստվում ընդունվել, այդ ամռանը ես որոշեցի աշխատել:
Գյուղում բոլոր անասունները միասին են արածեցնում, այսինքն, գյուղի յուրաքանչյուր բնակիչ իր հերթին արածեցնում է ամբողջ հոտը: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է բաց թողնել իր հերթապահությունը, կարող է 20 մանաթի դիմաց իր փոխարեն ուրիշին ուղարկել: Այդպես էի գումար վաստակում. «լրացուցիչ գումարի դիմաց» անասուն էի արածեցնում: Ընտանիքս այդ փողի կարիքը չուներ. հայրս աշխատասեր մարդ էր ու ապահովում էր ընտանիքի ապրուստը: Երբ ասացի նրան, որ պատրաստվում եմ աշխատել, չառարկեց, ուզում էր, որ սովորեմ աշխատել: Այդ ամռանը շատ էի աշխատում, իսկ վաստակած գումարը չէի ծախսում: Հարազատներս փորձում էին կռահել` ինչ եմ անելու այդ գումարը: Իսկ ես Սաբինային հեռախոս նվիրեցի այն օրը, երբ իմացավ, որ համալսարան է ընդունվել:
Լուրջ երեխա
Դպրոցում ինձ խելոք ու պատասխանատու աշակերտ էին համարում: Կարծում եմ` ես պատասխանատվություն զգացի, երբ տեսա, թե ինչ ջանքեր է թափում հայրս, որպեսզի ինձ կազմ-պատրաստ դպրոց ուղարկի. դասերի մեկնարկից մի քանի ամիս առաջ սկսեց ինձ գրել, կարդալ ու հաշվել սովորեցնել: Դպրոցում իմ ուսուցչուհին Նելլի Իվանովնան էր (նա կիսով չափ գերմանացի էր ու հետո Գերմանիա մեկնեց): Թեև Նելլի Իվանովնան մեր հարևանուհին էր, խիստ էր իմ նկատմամբ:
Մինչև 6-7-րդ դասարան ես լավ էի սովորում, իսկ հետո կորցրեցի ուսման հանդեպ հետաքրքրությունը: Գուցե, դա այն աղջկա պատճառով էր, որին ծածուկ նայում էի: Դպրոց էի գնում միայն նրան տեսնելու համար, իսկ երբ տեսնում էի` չգիտեի, թե ուր թաքնվեմ: Մինչև դպրոցն ավարտելն այդպես էլ չկարողացա խոստովանեմ նրան, վախենում էի: Դրա մասին գիտեր միայն ընկերս` Աբիդը:
Հիմա մտածում եմ` երևի լավ է, որ չխոստովանեցի, զուտ երեխայություն էր: Երբ իմացա, որ նա ամուսնացել է, նույնիսկ չտխրեցի. այնքան զբաղված էի, որ սիրավեպերի ժամանակ ընդհանրապես չունեի:
Անասնաբույժ, վարսավիր, թե՞ քանդակագործ
Մի խոսքով, 9-րդ դասարանն ավարտելու պահին ծնողներս շատ մտահոգված էին, որ ես առանց մասնագիտության ու առանց աշխատանքի կմնամ:
Մի անգամ մեզ հյուր եկած հորաքրոջս ամուսինն ինձ խորհուրդ տվեց անասնաբույժ դառնալ: Բույսեր ու կենդանիներ, առհասարակ բնություն շատ էի սիրում: Առանց վարանելու համաձայնեցի: Բայց գյուղատնտեսական քոլեջի ընդունելության քննության ժամանակ ինձ ընդամենը երեք միավոր չհերիքեց, այնպես որ անասնաբուժական գործունեությունս ավարտվեց, այդպես էլ չսկսված: Իսկ հայրս ավելի շատ մտահոգվեց:
Մի օր մեզ հյուր եկավ հորս քեռին, ով ապրում էր Աղսու քաղաքում: Նա ասաց հորս. «Զարմիկս, ի՞նչ ես դարդ անում, կարծես մասնագիտությունները սպառվել են: Թող գնա որևէ վարսավիրի մոտ, մազ կտրել ու սափրել սովորի, մահմեդականները մազ շատ ունեն, սոված չի մնա»: Հորս այդ գաղափարը շատ դուր եկավ: Նա ինձ համար նույնիսկ գործիքներ գնեց, ու ես սկսեցի փորձել ինձ այդ գործում: Վատ չէր ստացվում: Իմ առաջին «հաճախորդը» հայրս էր:
Բայց դրանով մասնագիտության փնտրտուքները չավարտվեցին: Ես դեռ շարունակում էի սովորել դպրոցում: Որպես պահեստային տարբերակ դիտարկում էի վարսավիրական գործը:
Մի անգամ հայրս նստած էր մեր բակում սեղանի մոտ իր սովորական տեղում: Պարապությունից պլաստիլինից Միքի Մաուս սարքեցի: Հայրս, տեսնելով այն, շատ զարմացավ` չէր հավատում, որ ինքս եմ պատրաստել: Ձեռքում տրորեց ու խնդրեց նորից սարքել: Ես նորից պատրաստեցի, ու այդ դեպքից հետո հայրս սկսեց հետաքրքրվել իմ սարքած իրերով: Խորհրդակցեց Նելլի Իվանովնայի որդու` Իլգարի հետ, որը Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ էր: Վերջինս ասաց, որ ես ընդունակություններ ունեմ, ու պետք է անպայման դրանք զարգացնել:
«Դուք ո՞ղջ եք»
Ստիպված էի բաց թողնել իմ վերջին զանգը դպրոցում: Դա ինստիտուտների ընդունելության փաստաթղթեր հանձնելու վերջին օրն էր, ու ես մեկնեցի Բաքու: Ինձ ճանապարհում էին Աբիդն ու Սադիքը: Իսկ հետո մենք մի լավ նշեցինք դպրոցն ավարտելը` ամբողջ դասարանով գնացինք անտառ: Աբիդն առջևից էր գնում: Պարզվեց, որ նա կարգին մեքենա վարել չգիտի, հարթ ճանապարհի վրա հաջողացրեց առուն ընկնել: Այնքա՜ն չարչարվեցինք, մինչև մեքենան հանեցինք:
Դպրոցի տարիներին Սադիքի ու Աբիդի հետ անբաժան էինք: Մի անգամ երեկոյան հեծանիվ էի քշում, իսկ տղաներն ինձ ասում էին` իջիր, մութ է, բան չի երևում, փորձանքի մեջ կընկնես: Հերթական զառիթափ ճանապարհով մեծ արագությամբ իջնելիս բախվեցի մի կնոջ, որ նոր էր դուրս եկել անկյունից: Չհասցրեցի արգելակել, ու երկուսս էլ գետնին հայտնվեցինք: Պարզվեց, որ նա մեր հարևանի հյուրն էր, Մոսկվայից էր եկել: Ես շատ վախեցա: Սադիքն ու Աբիդը մոտ վազեցին, իսկ ես միայն հիշում եմ, որ բարձրացրեցի կնոջը գետնից ու անդադար կրկնում էի. «Դուք ո՞ղջ եք, ո՞ղջ եք»: Նա անվնաս էր, ոչինչ չէր կոտրել, նույնիսկ ասաց, որ չանհանգստանամ, այդ ինքն էր մեղավոր, որ հանկարծ ճանապարհի վրա է դուրս վազել:
Իմ նոր գնված տաբատն անհույս փչացել էր: «Մամ, տաբատս պատռել եմ»,- տխուր ասացի ես` տուն վերադառնալով: «Լավ է, որ ինքդ չես վնասվել»,- պատասխանեց մայրս:
Այլ մոլորակ
Որքան էլ դժվար էր բաժանվել տղաներից, նոր հեռանկարները ինձ շատ էին ոգևորում: Միևնույն ժամանակ չգիտեի, թե ոնց եմ գլուխ հանելու այդ ամենից: Գեղարվեստի ակադեմիա սովորաբար ընդունվում էին Ազիմզադեի անվան գեղարվեստի դպրոցն ավարտելուց հետո, իսկ ես` Չուխուրյուրդից նոր եկած, վախենում էի մյուսներից վատը լինել:
Ակադեմիան ինձ համար կարծես այլ մոլորակ լիներ: Ու իմ ներսում էլ կարծես մինչ այդ անհայտ մի աշխարհ բացահայտվեց: Երկու տարի անց ես բավական հմտացել էի այդ արհեստում, ինչպես ինքս էի կարծում, ու խանդավառությամբ պրակտիկ գործի անցա: Մեզ մոտ այդքան խիստ չէր գրաֆիկը, ինչպես մյուս բուհերում, լսարանների փոխարեն արհեստանոցներ էին: Այդուհանդերձ, ես գալիս էի ժամը 9-ից ոչ ուշ, պատահում էր, որ աշխատում էի մինչև երեկոյան ժամը 11-ն առանց գլուխս բարձրացնելու: Երբ քանդակ ես սկսում, դժվար է կտրվել ու ընդմիջումներ անել: Գուցե այդ պատճառով էլ ուսումնառության ընթացքում ես 30-ից ավել գործեր ավարտեցի, հիմնականում դրանք բրոնզե քանդակներ էին: Մի ցուցահանդեսի կբավականացներ:
Ակադեմիայի ուսանողներն էլ մյուս բուհերի ուսանողների նման չէին: Մենք շատ չէինք զբոսնում, թրև չէինք գալիս քաղաքով, իսկ եթե դուրս էինք գալիս, ապա հավաքվում էինք Կույսի աշտարակի մոտ նոր պեղումների շրջակայքում ու զրուցում էինք: Իսկ մեր ամենասիրելի զբաղմունքն արհեստանոցում թեյախմությունն էր: Իհարկե, թեյը ես էի պատրաստում` ուրցով, մեխակով կամ մասուրով, ես խոտաբույսերից լավ եմ հասկանում:
Ես նաև նոր ընկերներ գտա: Սկզբում ընկերացա Անարի հետ. նա էլ, ինձ նման, լեզգին էր, ու, ինձ նման, սիրում էր լռությունն ու հանգիստը: Անարի հետ հաճելի էր միասին լռել:
Զամիկը մեզանից շատ ավելի ճարպիկ էր: Միշտ ասում էր ինձ. «Չի կարելի այդքան ճիշտ մարդ լինել»: Նա մի թերություն ուներ` աղբամաններն անտեսում էր, ինչ պատահի, գետնին էր գցում: Մի անգամ նա հեռախոսի լիցքավորման քարտ գնեց, մուտքագրեց ծածկագիրը, իսկ քարտը գետնին շպրտեց: Ես ոչինչ չասացի, լուռ վերցրեցի քարտը, ու քանի որ մոտակայքում աղբաման չկար, գրպանս դրեցի այն: Զամիկը շատ նեղսրտեց: «Ավելի լավ կլիներ, եթե նախատեիր ինձ»,- ասաց նա: Դրանից հետո նա այլևս աղբը գետնին չէր թափում, հավաքում էր պայուսակում ու միշտ մոռանում էր աղբամանը գցել:
Նիգյարը, Մաշան, պարոն Ռահիբն ու պարոն Քյանանը ` բոլորս կարծես մի մեծ ընտանիք լինեինք:
Բակալավրիատը հաջող ավարտեցի, քիչ էր մնում` կարմիր դիպլոմ ստանայի: Հետո որոշեցի շարունակել ուսումը մագիստրատուրայում: Հարազատներիս ոչինչ չէի ասել, որ չտխրեն, եթե չստացվի: Բայց ամեն ինչ ստացվեց: Հենց հրապարակվեցին ընդունվածների ցուցակները, զանգահարեցի հորս, ասացի, որ մագիստրատուրայի ուսանող եմ արդեն: Հայրս այնքան ուրախացավ, որ մի լավ գոռգոռաց ինձ վրա. «Ա’խ դու, շան որդի, բա մեզ ինչո՞ւ չէիր ասել»: Պատասխանեցի, որ անակնկալ էի ուզում անել:
Անակնկալներ
Հետո ես բանակ գնացի: Տղաներն ինձ երկու գիրք նվիրեցին, ու ես խնդրեցի մորս, որ երդման արարողությանը բերի դրանք: Ծառայության ընթացքում ազատ ժամանակ գրեթե չի լինում, հատկապես առաջնագծային հատվածում, բայց միևնույն է, ես քիչ-քիչ հաջողացնում էի կարդալ: Մի օր մեր զորամաս հանձնաժողով եկավ, զորանոցը խուզարկեցին, ու գրքերս տարան: Շատ տխրեցի. չէ՞ որ դա նվեր էր:
Տանը գիտեին, որ մարտին արձակուրդ եմ ունենալու, բայց սպասում էին, որ միայն ամսի 10-ից հետո կգամ: Իմ ծննդյան օրը ես արդեն տանն էի` որոշել էի հարազատներիս անակնկալ մատուցել: Նրանք շատ ուրախացան: Ափսոս, որ չէի կարող նրանց հետ երկար մնալ: Պետք էր գնալ ակադեմիա, փաստաթղթային որոշ հարցեր լուծել, բացի դրանից այնտեղ անավարտ աշխատանք ունեի, որի մասին միշտ հիշում էի բանակում ծառայելիս: Այնպես որ, արձակուրդիս մեծ մասը Բաքվում անցկացրեցի:
Երբ զորամաս էի վերադառնում, մայրիկս ինձ համար խմորեղեն թխեց, այնքան շատ, որ մի ամբողջ դասակի կբավականացներ: Ես մեկնեցի մարտի 15-ին: Հորս հրաժեշտ տալուց, չգիտես ինչու, մեջբերեցի Կոչետկովի խոսքերը. «Ամեն անգամ ընդմիշտ հրաժեշտ տվեք, երբ մի ակնթարթով հեռանում եք»: Հայրս քարացավ, իսկ մայրս շատ նյարդայնացավ` «Այդ ի՞նչ ես խոսում»:
Մայրիկս ընդհանրապես շատ սնոտիապաշտ է: Պարզվում է, մեկ տարի առաջ, երբ ես դեռ 4-րդ կուրսի ուսանող էի, նա երազ է տեսել, թե ինչպես են ինձ սպանում հրազենով, ու շատ էր վշտացած, քանի որ իր երազները հաճախ էին իրականանում: Դրա մասին նա միայն քրոջս էր պատմել: Մեկնելիս փորձեցի հանգստացնել նրան. «Ուղղակի գեղեցիկ բանաստեղծություն է, ոչ մի թաքնված իմաստ այստեղ չկա, մի մտածի»:
Մի անգամ էլ մերոնց հետ խոսել եմ մարտի 29-ին, երբ զանգել էի համեղ թխվածքի համար շնորհակալություն հայտնելու: Ասացի, որ չանհանգստանան, ամեն ինչ լավ է, ծառայությունը հանգիստ է ընթանում: Նույն օրը խոսեցի նաև Զամիկի հետ, իսկ հորաքրոջս ու Սաբիշկայի հետ չհաջողվեց:
Բանակում ամենամոտ ընկերս Մուշվիգն էր: Երբ տարբեր դիրքերում էինք հայտնվում, իրար հաղորդագրություն էինք գրում: Վերջերս առաջնագծում ինչ-որ լարվածություն էր նկատվում: Բոլոր ուժերը կուտակել էին առաջնային դիրքերում: Ապրիլի 1-ին Մուշվիգի նամակին պատասխանելիս խնդրեցի, որ զգույշ լինի:
Նույն օրը երեկոյան գրոհելու հրաման ստացանք: Սկսվեց մարտը, հնարավոր չէր գլուխ բարձրացնել, գնդակներն անձրևի պես տեղում էին մեզ վրա: Վերջին բանը, որ տեսա` վաշտի հրամանատար Հասրաթ Ալմազովը ոտքի կանգնեց ու բղավեց. «Առա՜ջ», ու մենք գրոհի անցանք:
2016թ. ապրիլին «քառօրյա պատերազմի» ժամանակ զոհված ու հետմահու «Արիության համար» մեդալով պարգևատրված Սամիր Կաչաևի հիշատակին նվիրված այս հոդվածը պատրաստվել է նրա մոր` Ամինա Կաչաևայի, հոր` Զիյադին Կաչաևի, համադասարանցիներ Աբիդի ու Սադիքի, համախմբեցիներ Զամիկի ու Անարի հիշողությունների հիման վրա: