Անշարժ գույքը՝ միայն աբխազներին
Աբխազիայի խորհրդարանը որոշել է պահպանել արտասահմանցիներին անշարժ գույք վաճառելու արգելքը և հատուկ որոշում է կայացրել: Սա, ըստ ամենայնի, երկար է տևելու, արգելքը հնարավոր է հանել միայն մի շարք օրենսդրական ակտերի ընդունումից հետո, ինչի համար հավանաբար երկար տարիներ կպահանջվեն: Այդ անհրաժեշտ օրենքների ցուցակն իրոք մասշտաբային է, դրանց մի մասը նույնիսկ չեն սկսել մշակել:
Մասնավորապես, աբխազ հասարակության համար այդ բավականին ցավոտ հարցին ժամանակի ընթացքում վերադառնալու համար անհրաժեշտ է բնակարանային, քաղաքաշինական և շինարարական օրենսդրություններ ընդունել:
Բացի այդ, Աբխազիայի կառավարությունը պետք է ավարտին հասցնի տարածքային պլանավորման աշխատանքները, արագացնի հողային կադաստրի ստեղծման աշխատանքը, բնակարանային ֆոնդի գույքագրում անի:
Պայմաններն այնքան բարդ են, որ սոցցանցերում, որտեղ ակտիվորեն քննարկվում է այս թեման, նույնիսկ հաշվարկել են, որ անհրաժեշտ օրենքների փաթեթի ընդունման վրա խորհրդարանի երկու գումարում և կառավարության մի քանի կազմ է պետք:
Հայրենիքը չի վաճառվում
Հաղթանակ կարող է տոնել «Այնար» կուսակցությունը, որը բավականին հաջող է յուրացրել ցերբերի դերը, որը Աբխազիայի ազգային շահերին է կանգնած: Չնայած արտասահմանցիներին անշարժ գույք վաճառելու մորատորիումն առանձին օրենքով ընդունելը պատգամավորների անհրաժեշտ ձայներ չհավաքեց, նրանց մերժած օրինագծի ամբողջ բովանդակային մասը հիմք դարձավ առանձին խորհրդարանական կանոնոկարգի համար:
Նման օրենսդրական կուլբիտն իր բացատրությունն ունի: Փաստացի խորհրդարանն իր որոշմամբ հարվածը հեռացրեց նախագահ Ռաուլ Հաջիմբայից: Մորատորիումի՝ որպես առանձին օրենք ընդունման դեպքում վերջնական խոսքն, ըստ գործող օրենսդրության, նրանը կլիներ: Եվ նախագահը կարող էր փակուղային իրավիճակում հայտնվել:
Եթե փաստաթուղթը ստորագրեր, արդեն մեկ ժամից նախագահականի դիմաց «Հայրենիքը վաճառեցին» կարգախոսներով ամբոխ կհավաքվեր «ծախու իշխանությանը» հեռացնելու համար:
Վետո դնելու դեպքում պետք էր սպասել Մոսկվայի զայրացած արձագանքին՝ Ռուսաստանի հանդեպ պատասխանատու քաղաքական գործիչների կողմից ոչ բարեկամական քայլ անելու, իսկ ոչ այնքան պատասխանատուներին՝ աբխազների հանդեպ ապերախտ վերաբերմունքի մեղադրանքներով: Եվ որպես կանոն՝ կրկին զայրացած (արդեն ոչ թե հայրենիքի հանդեպ չափազանց մեծ սիրուց, այլ դատարկ սառնարաններից կատաղած) ամբոխը նախագահականի դիմաց կհայտնվեր:
Ցավոտ կոշտուկ
Թե որքան քաղաքականացված ու պայթյունավտանգ է արտասահմանցիներին բնակարաններ վաճառելու հարցը, ցույց տվեց խորհդարանում դրա քննարկման ընթացքը: Ամեն ինչ սկսվեց «Միասնական Աբխազիա» կուսակցության առաջնորդ և պատգամավոր Սերգեյ Շամբայից:
Շամբան արտասահմանցիներին (առաջին հերթին՝ ռուսաստանցիներին) բնակարան գնելու թույլտվություն տալու օրենսդրական նախաձեռնության հեղինակն է: Նրա շարժառիթները բավականին պարզ ու հասկանալի էին:
«Գորշ սխեմաների» կիրառմամբ անշարժ գույքի գործարքներ այսպես թե այնպես տեղի են ունենում, և հանրապետությունն ի վիճակի չէ դրա դեմ պայքարել: Այդ պատճառով էլ ավելի լավ է դրանք օրինականացնել և բյուջեին եկամտի լուրջ հոդված տալ: Ընդ որում, լրացուցիչ մուտքերը թույլ կտան չունևոր ընտանիքների բնակարային հարցը լուծել:
Այն, որ տվյալ նախաձեռնությունը աննկատ չի մնա և պատասխան արձագանք կառաջացնի, ինքը՝ Շամբան, հավանաբար ենթադրում էր, սակայն հազիվ թե պատկերացներ մասշտաբները: Հնարավոր է՝ նրա սխալն այն համոզմունքն էր, որ էմբարգոն հանելու գաղափարը, որը վաղուց քննարկվում էր աբխազական հասարակությունում, վերջապես բոլորի կողմից սկսեց ընկալվել որպես բավականին ակնհայտ անխուսափելի մի բան: Եվ նախագահ Ռաուլ Հաջիմբան հպանցիկ խոսում էր այդպիսի հնարավորության մասին: Ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան նույնպես բացահայտ կողմ է արտահայտվում էմբարգոն հանելուն: Ցենտրիստները, որոնցից է նաև Շամբան, միաձայն ասում են՝ պետք է:
Սակայն, երբ բանը հասավ գործին, պարզվեց կոնսենսուսի հասնելուն դեռ շատ կա, իսկ հնարավոր բարիկադներին՝ շատ քիչ:
Այս գաղափարի հակառակորդների ճակատը գլխավորեց «Այնարը»: Դրա ներկայացուցիչ Ալմաս Ջապուան Ազգային ժողովի դիտարկմանը ներկայացրեց մորատորիումի մասին օրինագիծը՝ զուգահեռ իր կողմնակիցների հետ սոցցանցերում տեղեկատվական հարձակում սկսելով, որի հիմնական միտքը հետևյալն էր. «Կմահանանք, բայց թույլ չենք տա հայրենիքը վաճառել»:
«Այնարի» կոչերը պարարտ հողի ունեցան. սակավաթվության հետ կապված աբխազների արմատացած բարդույթներն, ինչպես նաև հասարակության վստահությունը, որ ազգը անմրցունակ կդառնա եթե «շլյուզները բացվեն», համընկավ այն մտքի հետ, որ կոռումպացված իշխանությունը չի կարողանա դիմադրել, երբ ամբողջ անշարժ գույքը գնեն արտասահմանցիները:
Կրքերն էլ ավելի թեժացան, երբ խորհրդարանում հարցի քննարկման ժամանակ Սուխումի ափամերձ տարածքում անհայտ չարագործներ պայթեցրին Ջապուայի ծառայողական մեքենան:
Պատգամավորը չտուժեց, սակայն «Այնարը» տեղի ունեցածն ահաբեկչություն որակեց և այն բացատրեց անշարժ գույքի վաճառքի հանդեպ Ալմաս Ջապուայի անհաշտ դիրքորոշմամբ:
Բողոքի ակցիա անողներն ու ապրումակցողներն իրենց երկար սպասեցնել չտվին և վայրկենական հավաքվեցին խորհրդարանի շենքի մոտ: Այս իրավիճակում Սերգեյ Շամբան լարվածությունը կոտրելու համար հետ կանչեց օրինագիծը, և ընդունվեց որոշում, որն ուրախացրեց «Այնարի» կողմնակիցներին և տխրեցրեց անշարժ գույքի ազատ շուկայի գաղափարի կողմնակիցներին:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 04.05.2016