Անհարմար հարցեր և անուղղակի պատասխաններ. Փաշինյանի հարցազրույցը The Telegraph-ին
Փաշինյանի հարցազրույցը The Telegraph-ին
Բրիտանական The Telegraph պարբերականի թղթակից Ռոլանդ Օլիֆանթը Հայաստանի վարչապետին հարցրել է. «Դուք ասում եք, որ Ռուսաստանին մեջքով չեք շրջվում։ Բայց դա այսօրվա աշխարհում իրատեսական չէ։ Այն երկրները, որոնց հետ սերտ կապերի մասին Դուք խոսցեիք՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ը, նրանք լրջագույն աշխարհաքաղաքական առճակատման մեջ են Ռուսաստանի հետ։ Իրականում պետք է ընտրություն կատարեք, այդպես չէ՞»։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ անվտանգության ոլորտում արևմտյան գործընկերների հետ համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Հայտարարել է, որ Հայաստանը ոչ թե մերժում ՌԴ հետ համագործակցությունը, մասնավորապես անվտանգության ոլորտում, այլ միայն պատրաստվում է դիվերսիֆիկացնել իր հարաբերություններն այս ոլորտում։ Նա ասել է, որ Հայաստանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն շարունակում է խորացնել համագործակցությունը դաշինքի հետ։ Նաև հիշեցրել է իր հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։
Ըստ էության, Հայաստանի վարչապետը պատասխանել է բրիտանացի լրագրողի բոլոր հարցերին, բայց ոչ ուղիղ, այլ առաջարկելով եզրակացություններ անել իր խոսքից։ Իսկ Ռոլանդ Օլիֆանթը մի քանի անգամ ստիպված է եղել կրկնել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հարցը, արդյո՞ք Պուտինին կձերբակալեն, նաև արդյո՞ք Փաշինյանը վախենո՞ւմ է Ադրբեջանի հետ նոր պատերազմից։
Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի հարցազրույցի կարևորագույն դրվագները
- «Արևմտյան ճակատից» նորություն չկա. ինչո՞ւ ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեն կարողանում հաշտեցնել Երևանին ու Բաքվին
- «Հեռանկարային է»․ կարծիք՝ ՀՀ և Ադրբեջանի 4-րդ հանրապետությունների մասին
- «Պաշտպանության ոլորտի կապերի 95-97%-ը այլևս չի կարող ՌԴ հետ լինել»․ Փաշինյան
Ինչո՞ւ է ձգձգվում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են միջազգային երեք ֆորմատներում: Առաջինը տեղի է ունեցել 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում, որին մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ես, և մենք՝ երկար քննարկումներից հետո, ընդունել ենք համատեղ հայտարարություն, որտեղ արձանագրվում է հետևյալ սկզբունքը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
Ի՞նչ է սա նշանակում. Ալմա-Աթայի հռչակագիրը հետևյալի մասին է, և այն ստորագրել են Խորհրդային Միության մաս կազմած 12 հանրապետություններ: Նրանք այդ հռչակագիրը ստորագրելով՝ արձանագրել են մի քանի բան: Առաջինը՝ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ և այդ հանրապետությունները՝ դառնալով ինքնիշխան պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը և սուվերենությունը:
Եվ այսպիսով՝ Ալմա-Աթայի հռչակագրով, Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դառնում են այլևս պետական սահման:
Եվ երկրորդ կարևոր կետը, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա հիմքը երկու երկրների միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանազատման և սահմանագծման հիմքը: Սա էլ շատ կարևոր սկզբունք է, ինչն այս համատեքստում նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված, վերահաստատված սահմանները պետք է արտահայտվեն գետնի վրա, քարտեզների վրա:
Դրանից հետո՝ հոկտեմբերի 31-ին, ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ եռակողմ հայտարարությունը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը գրավոր հայտարարությամբ ընդունել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը և հայտարարում են, որ հրաժարվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, և բոլոր հարցերը կլուծեն բանակցային ճանապարհով:
Այս պայմանավորվածությունն է նաև հիմք դարձել՝ երրորդ ֆունդամենտալ սկզբունքի ձևավորման և ձևակերպման, որը նշանակում է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, ապաշրջափակումը և միմյանց համար ճանապարհների բացումը տեղի կունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման շրջանակներում: Այդ սկզբունքն էլ՝ նախորդ երկու սկզբունքների հետ, արձանագրվել է մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքում: Ընդ որում՝ բոլորը, ինչի մասին ասում եմ, հրապարակային փաստաթղթերին է վերաբերում:
Ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը և սկզբունքները համաձայնեցված են։
Նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, բայց սկզբից Ադրբեջանը երեք անգամ հրաժարվեց մասնակցել տարբեր ֆորմատներով բանակցություններին, որից հետո նշանակվեցին Ադրբեջանում նախագահական ընտրություններ:
Ըստ էության, մենք այս կետի վրա ենք և ենթադրում եմ, որ նախագահական ընտրություններից հետո մենք այս կետերի շուրջ կկարողանանք հասնել իմպլիմենտացիայի, եթե քաղաքական կամք լինի: Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը, ինչպես նախկինում, ունի այդ քաղաքական կամքը՝ գնալու մեր տարածաշրջանում կոնկրետ խաղաղության և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման՝ վերը նշված պայմանավորվածությունների հիման վրա:
Այն, որ մենք այսքան ժամանակ ենք կորցրել, դա այդքան էլ դրական նշան չէ, որովհետև տեսեք՝ հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցավ հնգակողմ հանդիպում, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Եվրամիության խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը և ես, և որտեղ պայմանավորվածություն ձևակերպվեց ու դա գրավոր հրապարակվեց, որ այդ ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Գրանադայում՝ 2023 թ. աշնանը: Բայց Ադրբեջանը, ըստ էության, հրաժարվեց այդ հանդիպմանը մասնակցել, որտեղ այդ համատեքստում ձևակերպվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում՝ եռակողմ ձևաչափով: Ադրբեջանը նորից հրաժարվեց այդ հանդիպմանը մասնակցել:
Եվ եթե սրան գումարում ենք նաև այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղում, նախ ռազմական հարվածներ հասցվեցին Լեռնային Ղարաբաղին և, ըստ էության, հայաթափվեց Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ՝ էթնիկ զտումների հետևանքով: Եվ մենք այս իրադարձություններն իրար կողքի ենք դնում։
Հայաստանում կան վերլուծաբաններ, որոնք կարծում են՝ այս ամեն ինչը նշանակում է, որ Ադրբեջանը քայլ-քայլ նահանջում է և հրաժարվում է միջազգային հարթակներում և մեր միջև ձեռքբերված պայմանավորվածություններից:
Հնարավո՞ր է նոր պատերազմ սկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, զարգացող պետություն է և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես արդեն ասացի, իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ իր երկրի դիմակայունությունը բարձրացնելու համար, և, իմիջիայլոց, վերջին տարիներին կարծում եմ միջազգային հանրությունը տեսավ և մեր հանրությունն էլ տեսավ, որ մեր երկրի դիմակայունությունն էականորեն բարձրացել է:
Ինչ վերաբերում է տարածքաշրջանային ապակայունացմանը և դրան ուղղված քայլերին, իհարկե, ցանկացած բանական մարդու մոտ դա առաջացնում է մտավախություններ:
Շատ կարևոր է, որ մենք արձանագրենք մեր հարաբերությունների միջպետական բնույթը: Թեպետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք՝ ես պարտավոր եմ հղում անել մեր կողմից ստորագրված փաստաթղթերի վրա: Ես արդեն ասացի, որ մենք Ադրբեջանի հետ ունենք ստորագրած փաստաթուղթ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ:
Եթե այս տրամաբանությամբ նայենք և եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ուրեմն Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա, ինչո՞ւ միայն Հայաստանի վրա:
Նայեք Ադրբեջանի շուրջը, եթե ինքն իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չի հարգում, ուրեմն կարող է ցանկացած իր հարևան երկրի վրա հարձակվել, եթե այդպես է»։
Եթե Վլադիմիր Պուտինը գա Երևան, նրան կձերբակալե՞ն
Բրիտանացի լրագրողը այս հարցը տվեց այն կապայցությամբ, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը և դարձել Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ։ Իսկ ՄՔԴ-ն Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել ռազմական հանցագործությունների համար, որոնք ենթադրաբար կատարվել են Ուկրաինայում։ Բոլոր երկրները, որոնք վավերացրել են կանոնադրությունը, պարտավոր են նրան հանձնել դատարանին, եթե ՌԴ նախագահը հայտնվի իրենց տարածքում։
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի Հանրապետությունը Հռոմի ստատուտին միանալու գործընթացը սկսել է 2022 թվականի դեկտեմբերին, և այդ որոշումը կախված է եղել մեր անվտանգային միջավայրի փոփոխությունների գնահատմամբ: Մենք Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքները վերլուծելով և արձանագրելով, որ մեր անվտանգային համակարգում որոշակի ճեղքեր են առաջացել: Այդ առումով, մենք նաև Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք որպես մի լրացուցիչ գործոն՝ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:
Ինչ վերաբերում է իրավաբանական նրբություններին՝ ես չեմ կարող հիմա իրավական վերլուծություններ անել, որովհետև դա իրավաբանների գործն է: Կարծում եմ, ինչպես ասացի, Հայաստանը՝ որպես պատասխանատու պետություն, պետք է հավատարիմ մնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ այն պարտավորություններին, որոնք ունի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, այն պարտավորություններին, որոնք ունի միջազգային հանրության հետ հարաբերություններում:
Իմիջիայլոց, այդ թեմայով նաև ամենատարբեր կարծիքներ, իրավական վերլուծություններ կան, և մասնավորապես, քիչ չեն այն իրավաբանները, որոնք ասում են, որ պետության գործող ղեկավարներն իրենք այդ կարգավիճակի բերումով ունեն անձեռնմխելիություն, անհաղթահարելի անձեռնմխելիություն:
Նկատի ունեմ՝ դա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը ես պետք է քննարկեմ և որին պետք է արձագանքեմ:
2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, և ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն: Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, և բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ»։
Ռոլանդ Օլիֆանթի այն հարցին, թե կզանգահարի՞ Պուտինին, որպեսզի խորհուրդ տա չգալ, քանի որ չի կարող երաշխավորել, որ իրեն չեն ձերբակալի, Փաշինյանը պատասխանել է. «Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»։
Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ համաշխարհային ճգնաժամերը Հայաստանի անվտանգության վրա
Նիկոլ Փաշինյան. «Ես այսօր աշխարհում չգիտեմ մի պետություն, համենայն դեպս՝ այն պետությունները, որոնց ղեկավարների հետ ես շփվում եմ, որն իր անվտանգության հետ կապված խորը մտահոգություններ չունենա:
Ես սա ինչի՞ համար եմ ասում: Նախ՝ երկու բան: Ես չեմ ուզում, որ այս զրույցից տպավորություն ստացվի, թե Հայաստանում անվտանգության մարտահրավերներն էականորեն ավելի կրիտիկական են, քան աշխարհի բազմաթիվ այլ երկրներում: Բայց մյուս կողմից՝ ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե Հայաստանի կառավարությունը չի գիտակցում, թե Հայաստանի անվտանգության մարտահրավերներն ինչքան կրիտիկական են:
Վերջին երկու տարում միջազգային հանրությունը քննարկում է՝ միջուկային պատերազմ կլինի՞, թե՞ չի լինի: Եվ քանի որ իմ դիրքն այնպիսին է, որ ես շփումներ ունեմ այդ միջուկային պատերազմի կարծես թե մի քանի կողմերի հետ, ես նաև գիտեմ, թե դա ինչքանով է լուրջ թեմա:
Այս իմաստով, համենայն դեպս, Հայաստանն էականորեն ավելի ապահով է, որովհետև չեմ կարծում, որ որևէ մեկը պատրաստվում է Հայաստանին միջուկային հարված հասցնել:
Շատ կարևոր է հասկանալ, որ բազմաթիվ այլ երկրներում ավելի անվտանգ չէ, քան Հայաստանի Հանրապետությունում: Իսկ ուրիշ տեսակետից՝ Հայաստանի Հանրապետությունն, իմիջիայլոց, Numbeo-ի վերջին վարկանիշային աղյուսակում, իհարկե, իր ներքին անվտանգության մակարդակով աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը: Այսինքն՝ հիմա Դուք նստած եք աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկրում, ինչը կարծում եմ՝ վատ չէ:
Ես գիտեմ՝ ինչ դժվար է, ես գիտեմ՝ ինչ բարդություններ է պետք հաղթահարել, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։
Ես կանեմ աշխատանքի այն բաժինը, որը վերաբերում է մեզ, և ես հույս ունեմ, որ մեր տարածաշրջանի մյուս երկրները նույնպես այդպես կվարվեն:
Մեր որոշ գործընկերների դեպքում կա որոշակի վստահություն, որ նրանք այդպես կվարվեն, մյուսների դեպքում՝ վստահությունն այդքան մեծ չէ, բայց մեր արտաքին հարաբերությունների առանցքային նպատակներից և իմաստներից մեկը դա է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանի հարցազրույցը The Telegraph-ին