Անկվաբի վերադարձը
Աբխազիայում նախաձեռնող խմբերի և քաղաքական կուսակցությունների գրանցման թեժ պահն է, որոնք հետո կկարողանան իրենց պատգամավորի թեկնածուներին առաջադրել մարտի 12 կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Ներկա պահին Աբխազիայի ԿԸՀ-ն 104 նախաձեռնող խումբ և 2 քաղաքական կուսակցություն է գրանցել՝ «Ամցախարային» և «Այնարին»: Այն խմբերը, որոնք պատրաստվում են այդ ցուցակում տեղ զբաղեցնել, արդեն քիչ ժամանակ ունեն՝ մինչև փետրվարի 10-ը:
Արդեն գրանցված թեկնածուների մանրամասն ցուցակը, որում նշված են ընտրատեղամասերը, հրապարակել է «Ապսնիպրես» գործակալությունը:
Առանձնահատուկ հետաքրքրություն է հասարակությունում առաջացրել Սուխումի № 3 ընտրատարածքը, որտեղ թեկնածուների շարքում է նաև Ալեքսանդր Անկվաբն՝ Աբխազիայի նորագույն պատմության կարկառուն դեմքը:
Ալեքսանդր Անկվաբն Աբխազիայի նախագահ է ընտրվել 2011թ-ի մայիսին: Նա վաղաժամ հեռացել է իր պաշտոնից նոր ընտրություններից մեկ տարի առաջ: 2014թ-ի մայիսի 27-ին բազմահազարանոց հանրահավաքի ճնշման տակ, որը վերածվեց նախագահական պալատի գրոհի, Անկվաբը ստիպված էր թաքնվել Գուդաութում տեղակայված ռուսական ռազմաբազայում, իսկ 4 օր անց՝ պաշտոնապես հրաժարական տալ:
Մինչ ներկա պահը քաղաքական գործիչն ապրել է Մոսկվայում, որտեղ զբաղվել է Պատգամավորի թեկնածությունն առաջադրելը ներկա պահին բացահայտ վերադարձ է քաղաքականություն 2014թ-ից հետո:
JAMnews-ի մեկնաբան և խմբագիր Ինալ Հաշիգի մեկնաբանությունը
Սկզբում, ինչպես միշտ, բանն էր: Մի խումբ մայրեր, որոնց որդիներն իրենց կյանքը տվել են Հայրենիքի համար, խնդրեցին Աբխազիայի նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբին «վերադառնալ հայրենի երկրի քաղաքական կյանք, և մասնակցել կայանալիք խորհրդարանական ընտրություններին»:
Այնուհետև նույն բանն արեցին ստեղծագործ և գիտական ինտելիգենցիայի ներկայացուցիչ մի խումբ ընկերներ:
Մայրերի և ինտելիգենցիայի ետևից ձգվեցին քաղաքական գործիչները: Հասարակական և քաղաքական կազմակերպությունների (հիմնականում ընդդիմադիր) ղեկավարները դիմեցին Ալեքսանդր Զոլոտինսկովիչին պատգամավորական թեկնածություն առաջադրելու խնդրանքով, քանի որ այդ նախաձեռնությունն, ըստ նրանց, «ոչ միայն հասարակությունում պառակտման հաղթահարման, այլ նաև Աբբխազիայի համար կենսական նշանակություն ունեցող օրենսդրական նախաձեռնությունների ակտիվ զարգացման սկիզբ կծառայի»:
Արդեն ձնառատ երկուշաբթի օրը՝ հունվարի 30-ին, հաղթահարելով տեղական մերձարևադարձային կլիմայի համար անսովոր ձնակույտերն ու մերկասառույցն, Ալեքսանդր Անկվաբի կողմնակիցների նախաձեռնող խումբը, պաշտոնապես գրանցվելով ԿԸՀ-ում, նրա թեկնածությունն առաջադրեց Սուխումի №3 ընտրատարածքում:
Մի խոսքով, նա վերադառնում է ակտիվ քաղաքական կյանք, վերադառնում է պաշտոնապես: Եվ դրանում ոչ մի կասկած չկա, առավել ևս՝ այսպիսի հրետանային պատրաստությունից հետո:
Սակայն, անկեղծ ասած, Անկվաբը նույն այդ աբխազական քաղաքականությունից չէր էլ հեռացել: Իշխանությունից հրաժարվելու պահից Մոսկվայում գտնվելով՝ նա անկասկած շարունակում էր Աբխազիայի ներսում իրավիճակի վրա ազդեցություն ունենալ: Ընդդիմադիր ուժերի բլոկի ակտիվության մեջ, որը վերջին երկու տարիներին մշտապես պահանջել է նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը, Անկվաբի ներդրումը փաստացի անգնահատելի է:
Այնուամենայնիվ, ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ իր հայտարարագրած նպատակին հասնել՝ ստիպել Ռաուլ Հաջիմբային վաղաժամկետ լքել նախագահի աթոռը:
Դեկտեմբերի 15-ի աղմկահարույց սկանդալից և իշխանության ու ընդդիմության միջև դիմակայության հերթական ալիքից հետո կողմերն այուամենայնիվ եկան թեկուզ ոչ կայուն, բայց, միևնույնն է, խաղաղության՝ միմյանց միջև զիջումային համաձայնություն կնքելով:
Աբխազական իշխանության կառույցներում մի շարք պաշտոնների դիմաց ընդդիմությունն, ավելի ճիշտ՝ դրա մեծ մասը, պարտավորություն վերցրեց չպահանջել նախագահի վաղաժամ հրաժարականը:
Եվ այժմ, Ալեքսանդր Զոլոտինսկովիչին պետք է տեղավորել այդ իրականության մեջ: Թե որքանով է նա պատրաստ դրան, հռետորական հարց է:
Ես հեռու եմ այն պատրանքներից, որ Անկվաբի վերադարձն ակտիվ քաղաքականություն նպաստելու է պառակտման հաղթահարմանը: Աբխազիայում ամեն ինչ այնքան բարձիթողի վիճակում է, որ երևի Աստված էլ այդ հարցում չի օգնի:
Սակայն մեկ դրական բան կա, որի կողքով հնարավոր չէ անցնել. քաղաքական գործընթացին բացահայտ մասնակցությունը շատ ավելի լավ և ազնիվ է կուլիսային մասնակցությունից:
Բացի այդ, Անկվաբի վերադարձը մարտահրավեր է ոչ թե իշխանությունների համար, քանի որ նրա համար Անկվաբը ցանկացած չափման մեջ և կարգավիճակում բացասական տարր է: Դա մարտահրավեր է հենց ընդդիմության համար: Քանի որ հենց նա է այժմ կանգնած ուղի ընտրելու խնդրի առջև:
Երջանիկ անցյալի հանդեպ նոստալգիկ զգացմունքների անվերջ շահագործումը, որոնց մարմնավորումը հենց Անկվաբն է, ամեն դեպքում փակուղի է: Պայմանական կոմունիզմն իր անվերահսկելի առատությամբ Աբխազիայում ավարտվել է ռուսական փողերի հետ մեկտեղ դեռևս Ալեքսանդր Զոլոտինսկովիչի նախագահության ժամանակ: Դա չլիներ, նա մինչև հիմա այդ աթոռին նստած կլիներ:
Ռևանշն, այսինքն՝ Անկվաբի վերադարձը դեպի իշխանության ամենվերին հատված, հազիվ թե հնարավոր լինի: Անգամ եթե ողջ ժողովուրդը դա ցանկանա, սահմանադրական սահմանափակումները ոչ ոք չի չեղարկել: Խոչընդոտ կլինի ոչ միայն նախագահի թեկնածուների համար սահմանված տարիքային վերին շեմը, հիշեցնեմ, որ Ալեքսանդր Զոլոտինսկովիչը 64 տարեկան է, այլ նաև նստակեցության ցենզը:
Իհարկե, օգտագործելով նախկին նախագահի հեղինակությունն ու ազդեցությունը, կարելի է իշխանության բերել նրա դրածոյին: Սակայն դա կլինի արդեն ոչ թե Աբխազիայի նախագահ, այլ պարզապես Անկվաբի դրածո՝ այդ դերն ուղեկցող ողջ անպատասխանատվությամբ:
Սակայն ընդդիմությունն այլ ուղի էլ ունի: Պայմանականորեն այն պրագմատիկ անվանենք: Մինչև հիմա Ընդդիմադիր ուժերի բլոկին և նրան սատարող կազմակերպություններին միավորող օղակն անցյալն է եղել՝ 2014թ-ի մայիսի 27-ի դեպքերը, որոնց արդյունքում Անկվաբը դադարել է նախագահ լինել: Այլ ինչ-որ ընդհանուր գաղափարներ, բացի այն, որ սեպը սեպով են հանում, այդ միությունն ավաղ չեն ամրացրել:
Իսկ հիմա, եթե հաշվի առնենք դեկտեմբերի 15-ի պայմանավորվածությունները, կստացվի, որ ընդդիմությունը շանս է ստացել ավելի շատ դեպի առաջ, քան դեպի ետ նայելու: Այսինքն՝ գաղափարներ ծնել, զարգացման ծրագրեր ստեղծել, առաջարկել, քննարկել, վիճել: Եվ դա հենց այն է, ինչ աբխազներին օդի պես պետք է:
Այո, այդ հարցն ավելի բարդ է, ավելի հեշտ է մարդկանց հանրահավաքի հրավիրել և բղավել
«Կորչի՛ նա»: Սակայն առանց գաղափարների այդ մրցակցության ապագա չունի ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև աբխազական պետականությունը:
Նախադեպերը, երբ ժողովուրդը պատերազմ է շահել, և հետո նրա ղեկավարները վատնել են ձեռքբերվածը, որովհետև մրցունակ գաղափարներ չեն ունեցել, բավականին շատ են: Իհարկե, կարելի է էլի ինչ-որ ժամանակ, սեփական կուռքերի դիմանկարները թափահարելով, շարժվել միմյանց ուղղությամբ: Սակայն որքանո՞վ դա արդյունավետ կլինի: Եվ սա արդեն հռետորական հարց չէ:
Սակայն Ակեքսանդր Անկվաբը սկզբում պետք է մարտին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանի:
- Աբխազիայի այսօրվա ընդդիմության հիմնական առանցքը նախորդ նախագահ Ալեքսանդր Անկվաբի թիմի նախկին պաշտոնյաներն ու նրա քաղաքականությանը սատարող ակտիվիստներն են:
- Աբխազիայում Ընդդիմության միավորված բլոկը 4 անդամ ունի՝ «Ամցախարա» կուսակցությունն ու «Ափրա», «Աբզանխարա» և «Կանայք քաղաքականությունում» հասարակական կազմակերպությունները: Նրանք բոլորը հանդես են գալիս ներկայիս նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականի պահանջով:
- Դրան աջակցում է Քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, որը 18 անդամից է բաղկացած: Դրանցից ամենախոշորները «Ժողովրդական միասնության ֆորում» և «Միասնական Աբխազիա» կուսակցությունները և վրաց—աբխազական պատերազմի վետերանների «Արուաա» հասարակական կազմակերպությունն է: