Անկախության 30-ամյակը․ երիտասարդ հին Հայաստանը՝ երկու քարի արանքում
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 30-ամյակը։ Այս ընթացքում երկիրը վերապրել է ձեռքբերումների և անկման փուլեր, տոնել հաղթանակներ և կրել պարտություններ։ Քաղաքագետներ Բենիամին Պողոսյանի և Անդրիաս Ղուկասյանի կարծիքներն՝ անցած ուղու և այն մասին, թե ուր է հասել երկիրն այսօր, և ինչ սպասել ապագայում։
1991 թ-ի սեպտեմբերի 21-ին երկրում հանրաքվե է անցկացվել, որի արդյունքում բնակիչների 99,5 տոկոսը դրական է պատասխանել հետևյալ հարցին․ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»։ Մինչ այդ, 1990 թ-ի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն արդեն ընդունել էր «Հայաստանի Անկախության հռչակագիրը», որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։
Բենիամին Պողոսյան, քաղաքագետ
Ճանապարհի սկիզբը
«Չնայած նրան, որ Հայաստանը 1991 թ-ին անկախություն է ձեռք բերել, շատ դեպքերում պետությունը ֆորմալ բնույթ էր կրում։ Մի շարք ինստիտուտներ, կառույցներ և երևույթներ կա՛մ չէին գործում, կա՛մ ձևական բնույթ էին կրում։ Սակայն այդ ողջ ֆորմալ հատվածը փոխհատուցվում էր Արցախում տարած հաղթանակով, նրա անվտանգությամբ։
Լեռնային Ղարաբաղը թերևս միակ լուսավոր կետն էր Հայաստանում այս ողջ ընթացքում՝ 1991 թ-ից սկսած։ Երկրի անկախությունն, անդամակցությունը ՄԱԿ-ին և տարբեր միջազգային կառույցներին նոմինալ բնույթ էր կրում։
Արցախյան հաղթանակը մեծ նշանակություն ուներ հոգեբանական տեսանկյունից։ Բագրատունիների թագավորության անկման ժամանակներից՝ 1045 թ-ից ի վեր, հայերը նման հաղթանակ պարզապես չեն ունեցել։ Հայ ժողովուրդը հինավուրց է և հավաքական պատմական հիշողություն ունի, որը մեծապես ազդում է յուրաքանչյուրիս վրա։
Արցախյան հաղթանակը կոտրել է հայ ժողովրդի պատմության մեջ դրականի տևական բացակայությունը։
Սակայն հոգեբանական կողմից զատ՝ պետք է հաշվի առնել նաև անվտանգության հարցը։ Արցախյան հաղթանակի շնորհիվ՝ Հայաստանի սահմանի զգալի հատվածը (շուրջ 500 կմ) պարզապես անվտանգ էր, ինչը փոխվել է 2020 թ-ի պարտությունից հետո։
Արցախում տարած հաղթանակի հետ մեկտեղ ավելացել էր Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը տարածաշրջանում։ Հայաստանն Իրանի շուրջ բարդ իրավիճակի և ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի հետ հարաբերությունների ֆոնին վերահսկում էր Արցախում Իրանի հետ 130 կմ երկարությամբ սահմանը։
Բացի այդ, Հայաստանն Արցախից ներկրում էր սպառվող ցորենի 20-25%-ն, իսկ 2019 թ-ից՝ նաև էլեկտրաէներգիա։
2020 թ-ի Արցախյան պատերազմում կրած պարտությունը հանգեցրեց տնտեսական անկման և Հայաստանի անվտանգության համակարգի փլուզման։
Ցավոք, ամեն ինչ ողբերգական ավարտ ունեցավ։ Այսօր Արցախի մեծ մասը Ռուսաստանի վերահսկողության տակ է, և Հայաստանում ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ է լինելու նրա հետ։ Իշխանությունը համակերպվել է այն կարծիքին, որ Լեռնային Ղարաբաղն անցել է Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների դաշտ։
Իշխանությունը մտածում է․ եթե Ռուսաստանը ցանկանա, հայերն այնտեղ կապրեն, և մենք կփորձենք նրանց ֆինանսապես օգնել, աշխատավարձեր, կենսաթոշակներ կվճարենք, և սա է այն, ինչ մեզնից կախված է։
Հայաստանն անզոր կլինի, եթե Ռուսաստանն իր թուլացման, արտաքին ճնշումների կամ այլ աշխարհաքաղաքական հաշվարկների հետևանքով, հօգուտ իր շահերի, որոշի լքել Արցախը։ Միակ բանը, որ Հայաստանը կկարողանա առաջարկել Արցախը լքող մարդկանց, ժամանակավոր կացարաններն են Հայաստանում։
Հրապարակավ այս մասին ոչ ոք չի խոսում, քաղաքական ուժերից շատերն ասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները վերականգնելու հնարավորության և Արցախի կարգավիճակի շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսման մասին։
Սակայն այս ամենը դատարկաբանություն է։ Նրանք, ովքեր ասում էին՝ այո, ցավոք, կորցնելով Արցախը, խաղաղություն ձեռք կբերենք, ճանապարհները կբացվեն, տնտեսությունը կզարգանա, ներդրումներ կարվեն և լավ կապրենք, նույնպես արդեն հասկանում են, որ դա անլուրջ է։
Պատերազմից մեկ տարի անց մեր անվտանգության հետ կապված իրավիճակն ու տնտեսական դրությունը միայն վատթարանում է։ 2021 թ-ի հունվար-հուլիս ամիսների 5,2% աճը չի ծածկում անգամ նախորդ տարվա տնտեսական անկումը Հայաստանում։ Արդեն առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույնը 20%-ի գնաճ է գրանցվել»։
Հայաստանը չպետք է հույսը դնի Արևմուտքի վրա
«Այսօրվա դրությամբ արդեն չկա «հավաքական Արևմուտք» հասկացություն։ ԱՄՆ և Ֆրանսիայի հարաբերություններում լարվածություն է առաջացել «ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա» նոր ռազմական դաշինքի ստեղծման, Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար ատոմային սուզանավերի կառուցման վերաբերյալ նոր պայմանագրի և Ավստրալիայի ու Ֆրանսիայի միջև ($66 մլրդ արժողությամբ ) պայմանագրի խզման կապակցությամբ։
Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպաններին, իսկ դա լուրջ դիվանագիտական քայլ է, որը տեղի է ունենում հակառակորդների, այլ ոչ թե դաշնակիցների միջև։ Հավաքական Արևմուտքը գոյություն ուներ մինչև 1991 թ-ը՝ ԽՍՀՄ տարիներին։ Այն ժամանակ Արևմուտքը Թուրքիայից հասնում էր Կանադա, Նոր Զելանդիայից Շվեդիա, Դանիա և Նորվեգիա։ Դրանից հետո հավաքական Արևմուտքը սկսել է կորցնել իր էությունը, իսկ ԱՄՆ-ն 15 տարի շարունակ եղել է գերտերություն, որը միավորող դեր էր խաղում Եվրոպայում։
Սակայն այժմ ԱՄՆ-ն համեմատաբար թուլացել է, զուգահեռ ուժեղացել են մյուս կենտրոնները՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը։ 2010-ից, առավել ևս՝ 2020-ից հետո այս երկրները սկսել են պաշտպանել բացառապես իրենց շահերն ու դադարել են կուրորեն հետևել ԱՄՆ-ին։
ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասը երբեք շատ կարևոր չի եղել։ Ամերիկան իր ուշադրությունն ուղղում է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, և Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը պատահական չէր։ Ամերիկան նախընտրում է իր ռեսուրսները ծախսել Չինաստանին զսպելու վրա։
Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները չեն սպառնում ԱՄՆ կենցաղին, և նրա համար տարբերություն չկա, թե ով է վերահսկում Իրանի հետ սահմանը՝ Հայաստանը, թե Ադրբեջանը, կլինի սահմանազատում, թե կսկսեն կրակել միմյանց վրա։
Սակայն ԱՄՆ ազդեցության թուլացումը տարածաշրջանում չի նշանակում դրա իսպառ բացակայություն։ ԱՄՆ-ն իր սեփական շահերը պաշտպանելու համար հենվելու է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի վրա՝ չնայած հարաբերություններում առկա լարվածությանն ու նրան, որ Թուրքիան կորցրել է «ԱՄՆ փոքր գործընկերոջ» կարգավիճակը։ Մտածել, թե ԱՄՆ-ն Հայաստանը վերածելու է երկրորդ Իսրայելի, պետք չէ»։
Ռուսաստանը գրավել է Հայաստանը, հերթն Ադրբեջանինն է
«Ռուսաստանն, իր հերթին, նայում է Հարավային Կովկասին՝ որպես իր նախկին տարածքի, և ոչ միայն Հայաստանի, այլև նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունների անկախությունն արհեստական օրակարգ է համարում։
Ռուսաստանի համար դրանք ռուսական տարածքներ են, որոնք նա կորցրել է իր իսկ կոպիտ սխալների հետևանքով։ ԽՍՀՄ-ը փլուզվել է, միութենական հանրապետություններն անկախություն են ձեռք բերել, իսկ այժմ արդեն դրանցից որոշները նրան դեմ են, փոխում են իրենց ուղղությունը դեպի Արևմուտք (Ուկրաինա, Վրաստան)։
Ռուսաստանն ուզում է ազդեցություն ունենալ ողջ Հարավային Կովկասում։ Աբխազիայում և Հարավային Օսիայում նա լավ ամրապնդվել է։ Հայաստանն արդեն ռուսական է, իսկ ներկայիս իշխանության անհասկանալի քաղաքականության պատճառով՝ էլ ավելի մեծ կախում է ձեռք բերել Ռուսաստանից և կատարում է նրա բոլոր քմահաճույքները։ Հերթն Ադրբեջանինն է։
Ռուսաստանն այժմ փորձում է հաստատվել Ադրբեջանում և այնտեղ ուժեղացնել իր ազդեցությունը։
Արցախում ռուսական զորքերի տեղակայումը ես դիտարկում եմ միայն այս տեսանկյունից։ Իր ազդեցությունն Ադրբեջանում տարածելով՝ Ռուսաստանի համար անկարևոր է լինելու՝ անկախ է Արցախը, թե ոչ, հայեր են այնտեղ ապրում, թե ոչ»։
Ի՞նչ է սպասվում Հայաստանին
«Հայաստանը կորցրել է սեփական ռեսուրսները։ 90-ականների սկզբից երկրից արտագաղթել է մոտ մեկ միլիոն մարդ, հիմնականում՝ ինտելեկտուալներ, որոնք կարող էին գաղափարներ ստեղծել։ Վերջին տարիներին հասարակությունն արժեզրկվել է, այդ պատճառով էլ զգալի վերելքների և որևէ ոլորտում ձեռքբերումների սպասելն անիմաստ է։
Ըստ ամենայնի, երկիրը ստիպված է լինելու անցնել բարդ գործընթացների՝ այդ թվում՝ Ադրբեջանի կողմից նվաստացման և ճնշումների միջով։ Իսկ եթե փոփոխություններ տեղի ունենան հայ-թուրքական հարաբերություններում [խոսում է հարաբերությունների կարգավորման մասին], ապա դա կհանգեցնի տարբեր բիզնես նախագծերի տեսքով թուրքական կապիտալի ներհոսի, և միջին վիճակագրական հայը ստիպված կլինի նրանց մոտ աշխատել։ Այս գործընթացին մենք չենք կարողանա դիմադրել, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են»։
Հայաստանը պետք է ազնվություն ցուցաբերի Արցախի հարցում
«Հայաստանը պետք է ազնիվ լինի և որոշում կայացնի Արցախի վերաբերյալ․ արդյո՞ք կարող է այն պահել, թե ոչ։ Նա չպետք է պատրանքներ ստեղծի, իբր ԼՂ-ն ոտքի է կանգնել և հաղթահարել է ճգնաժամը։
Եթե Հայաստանն ունակ չէ Արցախը պահպանելու, պետք է ազնվորեն բացատրի արցախցիներին, որ այսուհետ բոլոր հարցերը նրանք պետք է լուծեն Ռուսաստանի հետ։ Ուզո՞ւմ եք՝ ապրեք Ռուսաստանի երաշխիքի ներքո, չե՞ք ուզում՝ մենք պատրաստ ենք ձեզ համար փոքր քաղաք կառուցել Հայաստանում, այնտեղ ապրեք։
Իսկ եթե որոշում է կայացվում, որ Արցախն, այնուամենայնիվ, հնարավոր է պահել, ապա, առաջին հերթին, պետք է հայտարարել, այդ թվում՝ խորհրդարանի մակարդակով, որ Հայաստանն օկուպացված է համարում Արցախը՝ Х տարածքով, երբեք այն չի ճանաչելու Ադրբեջանի կազմում և ամեն ինչ անելու է այն վերադարձնելու համար։ Սա Արցախի բնակիչներին գոնե հույս կտա, որ նրանք մոռացված չեն, իսկ ռուսներին սպասարկելը նրանց համար լավագույն ապագան չէ։
Սակայն, նախ, Հայաստանը պետք է գնահատի իր հնարավորությունները, որովհետև դա նշանակելու է, որ մոտ ապագայում նա ոչ մի հարաբերություն չի ունենալու Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Դա նշանակելու է, որ Հայաստանը պետք է լրացուցիչ ռեսուրսներ գտնի իր բանակի վերականգնման համար, որովհետև Ադրբեջանն ուժեղացնելու է իր ռազմական ճնշումը։
Չի կարելի իմիտացիայով զբաղվել, ձևացնել, թե մտածում ենք Արցախի մասին, հուսադրել մարդկանց, թե շուտով բանակցությունները վերսկսվելու են, Մինսկի խումբը բանակցությունների միջոցով վերադարձնելու է Հադրութն ու Շուշին և այլ անհեթեթություններ։
Այսպիսի անորոշության պարագայում մարդիկ հեռանալու են, իսկ 10 տարուց այնտեղ մնալու է մոտ 20 հազար հայ, իսկ մենք ասելու ենք՝ «Ի՞նչ անենք, մարդիկ չմնացին»։ Դա Նախիջևանի պատմությունն է։ Այնտեղ չկան հայեր, չկա Նախիջևանի հարց։ 100 տարի առաջ Նախիջևանը ոչնչով չէր տարբերվում Արցախից։ 1921 թ-ի դրությամբ՝ դրա բնակչության ավելի քան 50%-ը հայեր էին»։
- Հայց՝ ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը դիմել է ՄԱԿ Միջազգային դատարան
- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում․ հեռանկարներ և սպառնալիքներ
Անդրիաս Ղուկասյան, քաղաքագետ
Նոր շեշտադրումներ արտաքին քաղաքականությունում
«Այս 30 տարիների ընթացքում Հայաստանը կապված է եղել Արցախի խնդրին, և Հայաստանի քայլերը դեպի քաղաքական և տնտեսական ավելի մեծ ազատություն անկասելիորեն կտանեին Ադրբեջանը հարաբերությունների ամրապնդմանը Ռուսաստանի հետ։ Իսկ դա բացասաբար կազդեր Արցախյան կարգավորման վրա։
Այս տարիների ընթացքում Հայաստանի ղեկավարները չէին կարողանում Արցախը թողնել ռուս-ադրբեջանական ազդեցության գոտում։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը սրանով էր կանխորոշվում։ Այժմ Արցախի խնդիրն այլ տեսք ունի։
ԼՂ շուրջ իրավիճակն ավելի ու ավելի է սկսում նմանվել Կոսովոյի իրավիճակին։
Միջազգային հանրությունը գիտակցում է, որ Արցախում պետք է միջազգային կառավարում սահմանել, որպեսզի այնտեղ լիարժեք պայմաններ ապահովվեն Արցախի ժողովրդի վերջնական ինքնորոշման համար։ Եվ այս առումով Հայաստանն ավելի ազատ կլինի իր գործողություններում։
Արտաքին քաղաքական իրավիճակը զարգանում է շատ արագ և բուռն, իսկ դրա զարգացման գլխավոր նախադրյալը միջազգային հանրության՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մյուս տերությունների որոշումներն են՝ Արցախում միջազգային կառավարում սահմանելու վերաբերյալ։
Սա նշանակում է, որ Արցախում պետք է վարչակազմ լինի, որը կնշանակի ՄԱԿ-ը և որն իր գործողություններով կապահովի մարդու իրավունքներն ու պայմաններ կստեղծի հակամարտության վերջնական և լիակատար կարգավորման համար։ Վարչակազմը պայմաններ կստեղծի հանրաքվեի անցկացման համար, որը կսահմանի Արցախի վերջնական կարգավիճակը։
Դա կարող է լինել «միացումը Հայաստանին», «անկախությունը» և «միացումն Ադրբեջանին»։ Վերջինը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական թշնամական հարաբերությունները, քիչ հավանական է»։
Հայաստանը գնում է դեպի Արևմուտք
«Իհարկե, ներկայիս կառավարությունը նախորդ մոդելի է, սակայն աշխարհում և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը Հայաստանի համար այսօր ավելի շատ հնարավորություններ է ստեղծում՝ բոլոր կողմերի համար իրավաբանորեն պարտադիր որոշման գալու համար։
Դա հնարավորություն է նաև հենց Հայաստանի համար, որպեսզի նա նվազեցնի անվտանգության հարցերում կախվածությունը Ռուսաստանից։ Ռուսաստանից Հայաստանի այսօրվա կախվածությունն արհեստական է, այն պայմանավորված է ներկայիս կառավարությամբ։
Սա հին մոդելը պահպանելու վերջին փորձերն են։ Հայաստանի օբյեկտիվ հնարավորությունները շատ ավելի մեծ են։
Հայաստանում իշխանափոխություն է լինելու, ընդ որում, Ֆրանսիայի աջակցությամբ և հովանավորությամբ։ Դրանից հետո Հայաստանը հնարավորություն է ստանալու քաղաքական և տնտեսական քայլեր անելու՝ իր հնարավորություններն իրացնելու համար, որոնք բերում է նոր աշխարհաքաղաքական իրավիճակը։
Ռուսաստանում կիրառվող բառապաշարով ասած՝ Հայաստանը գնում է դեպի Արևմուտք։ Չնայած նրան, որ «արևմուտք» եզրի տակ Ռուսաստանը հասկանում է ԱՄՆ-ն, իրականում դա ազատ ազգային գոյության հնարավորություն է՝ առանց այս կամ այն գործողությունների պարտադրման, մարդու իրավունքների ճանաչում և ժողովրդավարական արժեքների նկատմամբ հարգանք»։