Սյունիքի նոր խնդիրները` մարդկանց պատմություններով։ Մաս երկրորդ
Անասնապահությունը Սյունիքում
2020 թվականին տեղի ունեցած Արցախյան պատերազմն ու 2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունները փոխել են Հայաստանի հարավի՝ Սյունիքի մարզի կյանքի տրամաբանությունը, ներկան ու ապագան: Դա հատկապես վերաբերում է տնտեսական զարգացմանը, մարդկանց ապրուստի հայթայթմանն ու գոյատևմանը։
Հայաստանի հարավային շրջանում իրավիճակն առավել սրվեց 2021 թվականի մայիսից, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին արդեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Սյունիքը կորցրեց հեկտարներով հողատարածքներ։ Որոշակի հատվածն էլ գտնվում է ադրբեջանական զինվորականների անմիջական թիրախում։ Իսկ բնակչության հիմնական զբաղմունքն այստեղ հենց գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է։
Լիարժեք պատկեր ստանալու համար պետք է հաշվի առնել, որ այստեղ են այժմ բնակություն հաստատել նաև Արցախից տեղահանված բազմաթիվ մարդիկ։ Ու բոլորը՝ թե սյունեցիները, թե արցախցիները փորձում են ինչ-որ կերպ հաղթահարել իրենց առաջ ծառացած խնդիրները։ Ամեն մեկն իր ձևով։
JAMnews-ը պատրաստել է հոդվածների շարք՝ երեք նյութ Սյունիքում ստեղծված իրավիճակի ու այստեղ բնակվող մարդկանց մասին։ Այս մեկը պատմում է Ներքին Խնձորեսկի բնակիչ Վոլոդյա Արզանյանի մասին։
Գյուղի առաջին երեխան
Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհը նույնքան անորոշ է, որքան գյուղի ապագան։ Քարքարոտ, նեղ ճանապարհը հանկարծ կիսվում է, և խաչմերուկից աջ կամ ձախ թեքվելու որոշումը պետք է կայացնես բնազդաբար․ ցուցանակ չկա։
Հաստատ գիտես՝ երկու կողմում էլ հայրենիքդ է, միայն թե մեկն արդեն հակառակորդի վերահսկողության տակ է․
«Հո չեք մոլորվե՞լ։ Ձախ գնալը մեկ–մեկ ճիշտ որոշում է»,- ժպտալով ասում է միջին տարիքի տղամարդը։ Վոլոդյա Արզանյանն է։ Նրա գերդաստանը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում հաստատված առաջին ընտանիքն է եղել, ինքն էլ՝ գյուղում ծնված առաջին երեխան։
Ներքին Խնձորեսկը հիմնադրվել է 1985 թ․–ին ու արդեն երկու պատերազմ տեսել։ Կոկիկ, չորս կողմից սարերով շրջապատված այս փոքրիկ գյուղում աչքդ որ կողմ թեքես, սահման ես տեսնում։
«Կենդանիներին արոտ տանելը կյանքի ու մահվան խնդիր է»
48-ամյա Վոլոդյան 5 տարեկանից ոչխար է պահում։ Նախ պապի հետ, հիմա՝ որդիների։ Ոչխարները այս ընտանիքի համար ոչ միայն ապրուստի միակ միջոցն են, նրանց նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք կա բոլորի կողմից․
«Գիտե՞ս՝ ինչ խելացի կենդանիներ են։ Սրանց նման բանական էակ չկա։ Որոշ մարդկանցից էլ են խելոք»,– կատակում է Վոլոդյան։
Քիչ անց լրջանում է, հիշում է, որ 1500 գլուխ ոչխարից այսօր 370–ն է մնացել։ Մի մասը սովից հիվանդացան՝ չկարողացավ փրկել, մյուս մասն էլ ինքը վաճառեց։
Ներքին Խնձորեսկն առանց այդ էլ արոտավայր քիչ ուներ, ընդամենը 67 հա։ Եղածն էլ թփուտներ էին, կենդանիները մտնել չէին կարող։ Բայց վերջին տարիներին անասնապահների գործն ավելի է բարդացել։
2021 թ․–ի մայիսի 12–ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Հայաստանի Հանրապետության վրա՝ հաստատվելով Սյունիքի մարզի մի շարք կարևոր դիրքերում։
Այս բնակավայրերում, որտեղ անասնապահությունն ու գյուղատնտեսությունը մարդկանց ապրուստի միակ միջոցն էին, արոտավայրերն ու վարելահողերը գրեթե ամբողջությամբ անցել են հակառակորդի վերահսկողության տակ։
«Եկել, հասել են քթներիս տակ։ Ամեն անգամ կենդանիներին արոտ տանելը կյանքի ու մահվան խնդիր է դառնում։ Վախենում եմ որդիներիս միայնակ թողնել։ Տղա են, ջահել, տաքարյուն։ Թուրքը վերևից գոռում է, հայհոյում։ Հանկարծ, որ որդիներս էլ պատասխանեն, էլ տերն ո՞վ է»,– ասում է Վոլոդյան։
- Վերջին պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Մի ընտանիքի պատմություն
- Ինքնաբուխ կամավորական շարժում Հայաստանում՝ աջակցություն ԼՂ-ից տեղահանվածներին
- Արցախցիների ներհոսքի հետ Երևանում բնակարանների վարձակալության գներն աճել են
«Հիմա ստիպված մտածում ենք ուրիշ գործերի մասին»
Արոտավայրերի բացակայությունը, սակայն, միակ խնդիրը չէ։ Վոլոդյայի խոսքով՝ գյուղից միայն 1500 գլուխ ոչխար գողացել են ադրբեջանցի զինվորականները։ Պետությունն էլ փոխհատուցում է տվել կորցրած անասունների համար, բայց «դա իրական արժեքի կեսն էր»։ Գյուղում մինչև 44–օրյա պատերազմը 5000 գլուխ ոչխար կար, այսօր՝ ընդամենը 600։
«Խոշոր եղջերավոր կենդանիների թիվն էլ է պակասել։ Ընտանիք կա՝ մի կով է պահել՝ իր կաթ ու մածունի համար, շատ ընտանիքներ դա էլ չեն պահել»,- պատմում է Վոլոդյան։
Մտածում է երեք որդիների մասին։ Տղաները ոչխար սիրում են, այլ գործով զբաղվել չեն ուզում, բայց կարիքն է ստիպում։
«Ինչ աչքները բացել են, այս կենդանուն են տեսել, այս գործն են արել, իրենց հոր, պապի, ապուպապի նման։ Բայց հիմա ստիպված մտածում են ուրիշ գործերի մասին։ Ու այդպես գյուղի բոլոր ջահելները»,– ասում է Վոլոդյան։
2011 թ․–ի մարդահամարի տվյալներով՝ Ներքին Խնձորեսկ գյուղում 276 մարդ էր բնակվում, այսօր՝ շուրջ 150։
Գյուղում ոչ միայն ապրուստն է դժվարացել, այլև վտանգն է շատացել։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում արկը հենց Արզանյանների բակում է պայթել, վնասել պատերն ու լուսամուտները։ Որդին, որ զինծառայող էր, 16 օր շրջափակման մեջ է եղել, իրենք՝ «սգի տուն»։ Հիմա ընտանիքը Աստծուն փառք է տալիս, որ որդին ողջ եկավ։ Տունն էլ նորոգել են, ապաստարաններ կառուցել։
«Բայց միևնույն է՝ մեր գյուղը ծուղակի մեջ է, ապագա չկա»,– կարծում է Վոլոդյան։
Եթե այսպես շարունակվի, նա ստիպված կլինի մնացած ոչխարներին էլ վաճառել։ Ասում է, կենդանիներին վաճառելուց հետո գյուղում մնալն այլևս անիմաստ կլինի։
«Կարող եմ տեղափոխվել քաղաք, մոյկա [ավտոլվացման կետ] բացել, աշխատել, իմ տունը պահել, բայց ախր չեմ ուզում,– ասում է Վոլոդիան։ – Արզանյանների տոհմն առաջինն էր, որ ոտք դրեց այս գյուղ, ու վերջինը կլինի, որ դուրս կգա գյուղից»։
Նյութը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակության համար պատասխանատու է բացառապես EU4IM-ի շահառու «Մեդիագետ» կազմակերպությունը։ Հրապարակման մեջ տեղ գտած մտքերը պարտադիր չէ համընկնեն Եվրոպական Միության տեսակետների հետ:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Անասնապահությունը Սյունիքում