Անառողջ առողջապահություն
Այս հոդվածն առաջին անգամ հրապարակել ենք անցած տարվա ապրիլին: Հրապարակումից հետո Վալերի Մանուչարյանը 2 անգամ էլ է բժշկասոցիալական փորձաքննություն անցել, բայց ոչինչ չի փոխվել՝ հանձնաժողովի եզրակացությունը մնացել է անփոփոխ:
26-ամյա Վալերի Մանուչարյանը Գորիսից 4 տարի շարունակ պայքարում է իր հաշմադամության կարգը վերականգնելու համար՝ մինչ այս պահը առանց դրական արդյունքի: Սակայն շատ ավելի ցավալի է այն, թե ինչպես է նա դարձել հաշմանդամ:
3 տարի շարունակ Վալերին հաշմանդամության թոշակ էր ստանում՝ մինչև 2012 թվականի մարտը, երբ Գորիսի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից չհաստատվեց տղայի հաշմանդամության երրորդ կարգը: Պատճառն այն էր որ հանձնաժողովի նախագահը, տեսնելով ձեռքի կոշտուկը, պատճառաբանեց. երիտասարդն աշխատունակ է, հետևաբար և չի կարող ստանալ հաշմանդամության կարգ:
«Էնպիսի մի հիվանդություն եմ ստացել, որ իրենց տրված գումարով ինձ անհրաժեշտ դեղորայքի կեսը չեմ կարող գնել, բայց մի կոշտուկի պատճառով ինձ զրկեցին նույնիսկ այս չնչին գումարից»,- պատմում է Վալերին:
Նա համաձայն չէր այս որոշման հետ և բողոքարկեց՝ պահանջելով վերանայել փաստաթղթերը և ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռնել մասնակցելու փորձաքննությանը:
Նրան երկրորդ անգամ կանչեցին. այս անգամ հանձնաժողովը Երևանից էր. «Ինձ ուղարկեցին ողնաշարս ռենտգեն անելու: Երբ դուրս եկա, իմացան, որ չեմ պատրաստվում գումար տալ, ասացին, որ էլ ռենտգենի պատասխանը պետք չէ»,-հիշում է Վալերին:
Վալերիին նախապես ասել էին, որ «ըստ կարգի», մեկ ամսվա գումարը պետք է տա հանձնաժողովին, մնացած ամիսները ստանալու համար: Երբ իմացել են, որ Մանուչարյանի ամսական թոշակը կազմում է ընդամենը 11 հազար 600 դրամ, զգուշացրել են, որ պետք է գոնե 30 հազար վճարի:
«Ու եղավ շատ պարզ գործարք. ես չտվեցի իրենց պահանջած գումարը, նրանք էլ ինձ զրկեցին հաշմանդամության կարգից»,- ասում է Վալերին:
Հայաստանում արտահիվանդանոցային բուժօգնությունն անվճար է: Այսինքն յուրաքանչյուր քաղաքացի կարող է պոլիկլինիկաներում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում կամ բուժկետերում անցնել բուժզննում, ստանալ առաջին բուժօգնություն բացարձակապես անվճար:
Սա երաշխավորվում է կառավարության որոշմամբ, որով ՀՀ պետբյուջեից 2016-ի համար հատկացված է շուրջ 27 մլրդ դրամ:
Եվ չնայած շատերն էլ տեղյակ են անվճար բուժօգնության մասին, սակայն շարունակում են «լավություն անել»: Երբ հարցնում ես, թե ինչու են վճարում, գրեթե միշտ նույն պատճառաբանությունն ես լսում. «Էս երկրում անվճար ոչինչ չկա. գումար չտաս, անալիզներդ ուշադիր չեն զննի ու լիարժեք չեն բուժի»:
Պոլիկլինիկաներում ամենաշատ գումարները բաժանում են հաշմանդամություն ունեցող անձիք՝ հաշմանդամության կարգը պահպանելու համար նրանք պետք է ամեն տարի բժշկասոցոլոգիական փորձաքննություն անցնեն: Այդ փորձաքննությանը պարտավոր են ներկայացնել վերջին 6 ամսվա ընթացքում անցած բուժզննման արդյունքները:
«Ամեն տարի պարտադիր աչքի ստուգումից մինչև սրտի էլեկտրոկարդիոգրաֆ ես անցում՝ անկախ թե ինչ հաշմանդամություն ունես: Ամենաքիչն էլ մի կաբինետում 2000 դրամ ես թողնում. ընդհանուր մի 30 հազար դրամ՝ չհաշված բժշկասոցոլոգիական փորձաքննություն գործակալության մաղարիչը, որ եթե չտաս, թոշակիցդ կզրկվես»,- նշում է պոլիկլինիկա եկած հաշմանդամներից մեկը, ով չուզեց իր անունը նշվի:
Եթե անվերապահորեն հավատանք այս խոսքերին, յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող բնակիչ տարեկան միջինը 2 ամսվա իր թոշակը վատնում է «մաղարիչներ» բաժանելու վրա:
Առողջապահության ոլորտում տեղի ունեցած անօրինականությունների մասին շատ քչերն են պատրաստ բարձրաձայնել: Մարդիկ մտածում են, որ ոչ ոք ապահովագրված չէ հիվանդանալուց և, հնարավոր է, նորից անհրաժեշտություն ստեղծվի նույն բժիշկներին դիմել՝ ումից բողոքել են:
Վալերին այն քչերից է, որ այսքանով չսահմանափակվեց ու դիմեց առողջապահության նախարարությանը կից բժշկասոցիալական փորձաքննական վարչություն, սակայն տղայի բախտն այս անգամ էլ չբերեց. Երևանում փորձաքննությունը նույն հանձնաժողովն էր կատարում՝ որոշումը մնաց անփոփոխ:
Վալերին որոշեց իր իրավունքների ոտնահարման դեմ պայքարել դատարանի միջոցով՝ հույս ունենալով հասնել արդարության վերականգնմանը: «Իմ շրջապատում բոլորը դեմ էին իմ որոշումներին, բոլորից լսում էի, որ ոչ մի հաջողության չեմ հասնելու», — բայց ես այդքան հեշտ չեմ հանձնվի և կպայքարեմ մինչև վերջ:
Վալերի Մանուչարյանը դիմել է Վարչական դատարան Գորիսի ԲՍՓ-ի որոշման դեմ , սակայն դատարանը բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերը թերի են: Երիտասարդը շարունակել է բողոքը՝ դիմելով Վերաքննիչ վարչական դատարան, որտեղից գործը նորից ուղարկվել է Վարչական դատարան:
2 տարուց ավելի անընդհատ հետաձգվում էին նիստերը, որի մասին Վալերին տեղյակ էր լինում միայն դատարանում: «Ամեն անգամ 250 կմ կտրում հասնում էի Երևան, որ ներկա լինեմ դատին, ու այնտեղ միայն իմանում, որ դատավորը արձակուրդում է կամ նիստը հետաձգվել է՝ առանց ծանուցագրի»,- հիասթափված պատմում է Վալերին:
Ամեն մի գնալ-գալու միայն ճանապարհածախսը 10 հազար դրամ է կազմում: Համարյա այնքան, որքան իր մեկ ամսվա թոշակն էր՝ մի կողմ դնելով գիշերելու և սնունդի հարցերը:
Մինչ դատարանի վճիռը Վալերին մի փորձաքննություն է անցել նաև Երևանի թիվ 3 ԲՍՓ-ում, որտեղ միայն նրա արյան ճնշումն են չափել ու գրավոր եզրակացություն տվել. այլևս պիտանի չէ հաշմանդամության կարգի:
«Ուսումնասիրվել են գործում առկա բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ բժիշկ-փորձագետների կողմից իրականացվել է օպերատիվ մանրամասն զննում, այլևս պիտանի չէ հաշմանդամության կարգի»,- նշված է եզրակացության մեջ:
Այս փորձաքննության հիման վրա Վարչական դատարանը վճիռ կայացրեց հօգուտ ԲՍՓ-ի:
«Ապշելու բան է. ընդամենը ճնշում չափելով կարող են եզրակացություն տալ»,- ասում է տղան:
Վալերիի առողջական վիճակը գնալով վատանում է. օրեցօր սրվում է հոդերի բորբոքումը, երիտասարդի համար տեղաշարժվելը խնդիր է դառնում, ունի նաև կրծքավանդակի դեֆորմացիա և սրտի առիթմիա:
«Լինում է առավոտյան չեմ կարողանում անկողնուց դուրս գալ հոդերի ցավից. հաճախակի սիստեմաներ եմ ընդունում, բայց չեմ կարողանում սիստեմատիկ բուժում ստանալ. ֆինանսական խնդիրների պատճառով»,- նշում է երիտասարդը և ցույց տալիս տրված անալիզների թղթերի կույտը, որով, իր խոսքերով, «մի հաստափոր գիրք կկազմես»:
«Ինձ համար այդ 11 հազար թոշակը չէ կարևոր, այլ այն, որ ես՝ որպես զինհաշմանդամ, հնարավորություն ունեի տարեկան մի քանի անգամ անվճար բուժզննում անցնել և անհրաժեշտության դեպքում նույնիսկ ստացիոնար բուժում ստանալ հոսպիտալում, իսկ հիմա երբ բուժվելս պարտադիր է, ոչինչ չեմ կարողանում անել»,- ասում է Վալերին: