Ամուսնանալ 14 տարեկանում
14-ամյա հարսնացուն նորմալ երևույթ է Ադրբեջանի շրջաններում, թեկուզև մայրաքաղաքում նման բան հազվադեպ կտեսնես: Արդյո՞ք դա օրինական է: Իհարկե ոչ, Ադրբեջանում ամուսնական տարիքը 18 տարեկանն է:
Ինչ-որ բացառիկ դեպքերում այն կարող է իջեցվել մեկ տարուց ոչ ավել:
Ինչպե՞ս խանգարել ծնողներին ամունացնել իրենց անչափահաս երեխաներին:
Վաղաժամ ամուսնությունների պատմությունների ետևից եկանք «Մաքուր աշխարհ» հասարակական միավորմանը կից ապաստարան: Այստեղ իրավաբանական և հոգեբանական օգնություն են ստանում կանայք, որոնք էլ գնալու տեղ չունեն:
Այթան. ոչ միանշանակ պատմություն
Մեր հերոսուհի Այթանը 21 տարեկան է: Թխադեմ է, հասարակ տնային հագուստով, լարվում է, սակայն չի հրաժարվում խոսել: Անգամ լուսանկարվում է, միայն զգուշացնում է, որ դեմքը չերևա:
Այթանն այստեղ է հայտնվել բոլորովին վերջերս: Նրա անցյալում արդեն երկու չստացված ամուսնություն կա, երեխա ունի:
«Մենք Գյանջայում էին ապրում, ընտանիքում 7 երեխա կար՝ ավագ եղբայր և 6 քույր»:
Մայրը մահացել է, երբ Այթանն ընդամենը 11 տարեկան է եղել: Խորթ մոր հայտնվելու ժամանակ Այթանը սովորելիս է եղել միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում: Նա ընտանիքի միակ երեխան էր (եղբայրն ու քույրերն արդեն իրենց ընտանիքներն ունեին):
«Խորթ մորս հետ լեզու չէինք գտնում, նա ինձ խանդում էր հորս, թույլ չէր տալիս նրա հետ նորմալ շփվել», — ասում է աղջիկը:
«Հարմար» տարիքը՝ 16 տարեկանը, լրանալուն պես քույրերը սկսել են Այթանի համար շտապ ամուսին փնտրել: «Ես դպրոցն էի ավարտել, շատ էի ուզում շարունակել ուսումս: Սակայն հայրս ասաց. «Աղջկա ինչի՞ն է կրթությունը»: Հայրս ինքը բարձրագույն կրթություն չունի, հասարակ բանվոր է», — պատմում է նա:
Այթանին ամուսնացրել են «հարմար» տղայի հետ. քույրերը հետաքրքրվել են և իմացել, որ նա բավականին համապատասխան է իրենց քրոջը: Նա Այթանից 12 տարով մեծ էր, այն ժամանակ 28 տարեկան էր: «Նա հարբեցող դուրս եկավ, — հիշում է աղջիկը: — Ծեծում էր ինձ, տանջում: Դադարում էր ծեծել միայն, երբ ուշագնաց էի լինում: Կարող էր ձմռանը մերկացնել ինձ, դուրս հանել փողոց և թողնել որ սառչեմ: Կամ ստիպում էր ողջ գիշեր չքնել և իր ոտքերը մերսել»:
Երեք ամսից նա հղիացել է, սակայն նույնիսկ դստեր լույս աշխարհ գալը չի փոխել ընտանեկան դրությունը: «Հատկապես որ աղջիկ էր ծնվել, այլ ոչ թե տղա, ավելի վատացավ ամեն ինչ, — ասում է Այթանը: — Ամուսնուս ծնողները նույնպես ինձ վատ էին վերաբերվում, չէին պաշտպանում: Նույնիսկ երբ ծեծում էր ինձ, ասում էին. «Տեսնո՞ւմ ես, դու ես խեղճին հասցրել»:
Երբ երեխան մեկ տարեկան է դարձել, Այթանը չի դիմացել և վերադարձել է հայրական տուն: Ոչ մի պաշտոնական ապահարզան չի եղել. նա ոչ միայն ամուսնության վկայական չի ունեցել, այլ նաև անձը հաստատող փաստաթուղթ:
Այդ պատճառով էլ վաղաժամ ամուսնությունների մասին հստակ վիճակագրական տվյալներ չկան. դրանք չեն գրանցվում: «Մաքուր աշխարհ» հասարակական միավորման նախագահ Մեհրիբան Զեյնալովայի խոսքով, անիմաստ է պաշտոնական թվեր փնտրել. «Վաղաժամ ամուսնությունների վիճակագրությանը պետք է ծնված երեխաների թվով հետևել»:
Ամուսնության հարկադրանքը կարող է պատժվել 2-3 հազար մանաթ տուգանքով կամ երկու ամսվա ազատազրկմամբ: Եթե հարսնացուն ու փեսացուն չափահաս չեն, ապա տուգանքն ավելանում է մինչև 3-4 հազար մանաթ, իսկ ազատազրկումը՝ մինչև 4 տարի:
Վիճակագրության կոմիտեի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2014թ-ին Ադրբեջանում 479 ամուսնություն է գրանցվել, որոնց ժամանակ հարսնացուն 18 տարեկան չի եղել: Նույն վիճակագրության տվյալներով՝ ամենաշատ նման ամուսնությունները գրանցվել են 2008թ-ին՝ 5544 ամուսնություն: Եվ դա միայն այն դեպքերն են, երբ ամուսնությունը 17-ամյաների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեկամների խնդրանքով:
Մնացած դեպքերը հնարավոր չէ վեր հանել, քանի որ շրջաններում հաճախ փաստաթղթերին անփութորեն են վերաբերվում. երեխաները մինչև դպրոց գնալը կարող են առանց ծննդյան վկայականների լինել, իսկ ամուսնության վկայականի փոխարեն կարող է հարսանիքի առատ հյուրասիրությունը լինել, որը հիշում են բոլոր բարեկամները: Ծայրահեղ դեպքում կրոնական ամուսնություն կնքելու մասին մոլլայի տված վկայականն է լինում:
Այնպես որ Այթանը բաժանվելու կարիք չուներ: «Հայրս ամսվա սկզբից հետս չէր խոսում, հետո խոսեց, — ասում է Այթանն այնպես, կարծես դա ենթադրվում էր, — և միանգամից ինձ համար նոր փեսացու սկսեց փնտրել»:
Նոր ամուսինն արագ գտնվեց՝ մոր զարմիկն էր: Նրա հետ նույնպես կյանքը չստացվեց.
«Հարևանները բամբասում էին, թե տնից դուրս եմ գալիս, սակայն ես դուրս չէի գալիս: Չնայած որ դա ամուսնուս երրորդ ամուսնությունն էր, նա միևնույնն է ինձ ասում էր. «Քեզ վզիս փաթաթեցին»: Քրոջս տուն էի գնում (նրանցից միայն մեկի հետ եմ կապ պահպանում) և բողոքում էի, որ այլևս չեմ կարողանում, սակայն ինձ ոչ ոք չէր հասկանում: Ասում էին, որ պետք է դիմանալ, որ դա ամուսնություն է և ոչ մի տեղ չես փախչի»:
Սակայն Այթանն այնուամենայնիվ չդիմացավ: Ծանոթներից իմանալով, որ մայրաքաղաքում կանանց օգնող կազմակերպություններ կան՝ նա նստեց ավտոբուս և եկավ Բաքու: Երջանիկ պատահականությամբ ավտոբուսում նա ծանոթացավ կին իրավաբանի հետ: Բաքու հասնելուն պես նա Այթանին տարավ Բինագադինի շրջանի ոստիկանական բաժանմունք, իսկ նրանք ուղարկեցին այս ապաստարան:
Այթանի բախտն ավելի շատ է բերել, քան նրա դրության այլ կանանցը. նա կարողացել է դպրոցն ավարտել և բավականին սթափ է նայում կյանքին: «Տուն չեմ ուզում վերադառնալ, գիտեմ՝ ինձ կընդունեն, հետո կրկին կստիպեն ամուսնանալ, — ասում է նա: Իսկ ես չեմ ուզում: Ուզում եմ աշխատել, գումար վաստակել և երեխայիս մեծացնել»:
Այս պատմության ավարտը դեռևս պարզ չէ: Կանոնների համաձայն, ապաստարանի աշխատակիցները պետք է կապվեն կնոջ ընտանիքի հետ և փորձեն սոցիալական և հոգեբանական աշխատանք անցկացնել: Սակայն որոշողը վերջին հաշվով կինն է: Երբեմն դա օգնում է. ինչպես պատմում են սոցաշխատողները, կանանցից մեկի ամուսնու հետ կարողացել են պայմանավորվել. նա լսել է հոգեբանի կարծիքը, բնակարան վարձել և կնոջ հետ տեղափոխվել այնտեղ բարեկամների հետ կոնֆլիկտին վերջ դնելու համար:
Թարանա. Պատմություն՝ առանց երջանիկ ավարտի
Ի տարբերություն նախորդ հերոսու՝ Թարանան ոչ մի կրթություն չի ստացել: Ինչպես պատմում է «Ադրբեջանի երեխաներ» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Քյամալա Աղազադեն, ում ապաստարանում ոչ միայն երեխաներ են հանգրվանում, այլ նաև ընտանեկան բռնությունից տուժած կանայք, Թարանան ընդհանրապես գրել ու կարդալ չգիտեր: Ամուսնացել է 16 տարեկանում: Սկզբում բարեհաջող թվացող ամուսնական կյանքը վերածվել է մղձավանջի. ամուսինը թմրամոլ էր, ծեծում և նվաստացնում էր նրան:
Ապաստարանի գոյության մասին աղջիկը լսել է տիկին Քյամալայի հեռուստատեսային ելույթից: Վերցնելով երկու երեխաներին՝ նա եկել է ապաստարան: «Երեխաները շատ վախեցած էին, վախենում էին մարդկանցից և կապի մեջ չէին մտնում, — պատմում է տիկին Քյամալան: — Տղան, որը 4 տարեկան էր, ընդհանրապես չէր խոսում, աղջիկը միայն գոռում ու լացում էր: Մեր հոգեբաններն ու սոցաշխատակիցները նրանց հետ մեծ աշխատանք են տարել, երեխաները գոնե ադեկվատ են դարձել, արդեն չէին վախենում մարդկանցից, սկսել են զարգանալ»:
Թարանան շրջանից է եկել, հետևաբար ամուսնությունը չի գրանցվել: Բացի այդ, երեխաներին նա նույնպես տնային պայմաններում է ունեցել (շրջաններում, հատկապես գյուղական բնակավայրերում դա հազվադեպ երևույթ չէ), հետևաբար ոչ մի փաստաթուղթ չի ունեցել: «Մենք, ինչպես սովորաբար նման դեպքերում անում ենք, սկսեցինք երեխաների փաստաթղթերը դասավորել, — ասում է տիկին Քյամալան, սակայն նա չգիտես ինչու ընդդիմացավ դրան: Մենք պլանավորում էինք դատարան դիմել հայրության ճանաչման հարցով և անձը հաստատող փաստաթղթերի ձևայերպման համար: Սակայն Թարանային հնարավոր չէր մտքափոխել, որքան էլ որ համոզեցինք: Նա ապաստարանում մոտ 2 տարի ապրեց, այդ ընթացքում մեր միակ հաջողությունը կարող ենք երեխաների հետ տարած աշխատանքը համարել»:
Թարանան ընտանիք վերադարձավ: Սկանդալներն ու ծեծը շարունակվեցին: Մինչև հիմա ապաստարանի աշխատակիցները կապ են պահում նրա հետ: Հետագայում նա այնուամենայնիվ հեռացավ ամուսնուց, աշխատանքի տեղավորվեց, մարդ վարձեց երեխաներին հետևելու համար: Սակայն կրթության և փաստաթղթերի հարցն այդպես էլ բաց մնաց:
4 դասարան
«Ադրբեջանի երեխաներ» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Քյամալա Աղազադեն ասում է, որ գործնականում հաճախ է հանդիպում վաղաժամ ամուսնությունների զոհերի հետ: Նրա խոսքով, մեծ մասամբ նրանք շրջանների բնակիչներ են, և նա հաստատում է, որ նման դեպքերում որպես կանոն ամուսնության և երեխաների ծնունդի փաստաթղթային ձևակերպման խնդիր է լինում: Այստեղ նաև կանանց իրավունքների խնդիր է առաջանում ապահարզանի ժամանակ. «Ապահարզանի ժամանակ կանայք չեն կարող հավակնել ոչ ունեցվածքին, ոչ էլ ալիմենտներին: Իսկ ապահարզանը, ավելի ճիշտ՝ բաժանությունները, հազվադեպ երևույթ չեն»:
Սակայն դրանք իրավաբանական խնդիրներ են: Շատ ավելի ծանր է, երբ երիտասարդ կնոջից՝ գրեթե երեխայից, ընտանիքն է հրաժարվում, քանի որ նա նրանց խայտառակել է՝ վերադառնալով ամուսնու տնից: Կինը մենակ է մնում, առանց աջակցության և, հաշվի առնելով այն, որ չի կարողացել կրթություն ստանալ, նաև առանց հեռանկարների: Նման կանանց մեծ մասը կամ տարրական կրթություն է ստացել՝ ավարտել է 4-րդ դասարանը, կամ լավագույն դեպքում՝ 8-րդը:
Շատ կանայք նման իրավիճակներում վնասակար սովորություններ են ձեռք բերում, ինչ-որ հանցագործ խմբերի հետ են կապվում: Ամենավատն այն է, որ կինը կարող է իր երեխային թողնել ու գնալ, ասում է Քյամալա Աղազադեն: Հաշվի առնելով այն, որ ամուսնությունն ըստ էության ապօրինի է եղել՝ երեխան փաստաթղթեր չի ունենում, և նրան հնարավոր չէ որևէ հաստատություն տեղավորել՝ ոչ մանկապարտեզ, ոչ դպրոց:
Վաղաժամ ամուսնությունների և դրանց հետևանքների հետ պայքարի գլխավոր ճանապարհը մարդկանց լուսավորելն է, կարծում է տիկին Քյամալան. «Պետական ծառայությունների կողմից մանրակրկիտ մոնիթորինգ պետք է անցկացվի, նման ընտանիքները պետք է սոցաշխատակիցների և գործադիր իշխանության մարմինների մշտական վերահսկողության տակ լինեն»:
Սակայն ամենակարևոր խնդիրը ոչ միայն պետական վերահսկողության բացակայությունն է: «Ամենավատը հասարակության քննադատության բացակայությունն է, — ասում է Քյամալա Աղազադեն: — Մի՞թե մենք քիչ ընտանիքներ գիտենք, որտեղ աղջկան շատ վաղ են ամուսնացրել: Շատերն անգամ մեծ հաճույքով գնում են այն հարսանիքներին, որտեղ հարսնացուն հազիվ 14-15 տարեկան է: Մեր մտածելակերպի համաձայն՝ անթույլատրելի է ուրիշի ընտանեկան հարցերին խառնվելը»:
Զեյնաբ. լավ ավարտով պատմություն
Բարեբախտաբար, տիկին Քյամալայի վիճակագրության համաձայն, լավ ավարտով պատմություններն ավելի շատ են: Օրինակ, ինչպես Զեյնաբի պատմությունը: Ամուսնու ընտանիքը նրան չէր ընդունում, իսկ նա ամուսնացել էր 16 տարեկանում: Ամուսինը չէր ցանկանում երեխայի հայրությունը ճանաչել ալիմենտներ չվճարելու համար: Ստիպված էին դատարան դիմել, հայրության թեստ անել, ապացույցներ հավաքել հարսանեկան լուսանկարների և տեսանյութերի, հարևանների վկայությունների տեսքով: Բարեբախտաբար օրենսդրությունը թույլ տալիս է ալիմենտներ նշանակել հայրությունն ապացուցելու հիման վրա նույնիսկ՝ առանց ամուսնության պաշտոնական ձակերպման:
Զեյնաբը ալիմենտներ ստացավ, ապաստարանից նրան ուղարկեցին հրուշակագործության կուրսերի, որոնք նա հաջողությամբ ավարտեց, իսկ այժմ աշխատում է քաղցրավենիքի արտադրության ընկերությունում:
Զուլֆիա. պատմություն վատ ավարտով
Զուլֆիան ապրում էր Սաբիրաբադում՝ սովորական բանվորի ընտանիքում, որտեղ նրանից բացի ևս երեք երեխա կար: Նա ավարտել է 9 դասարան, այնուհետև սկսել է մորը տնտեսությունում օգնել: Երբ դարձել է 17 տարեկան, նրան «առևանգել են»: Բանն այն է, որ ամուսնանալու նպատակով առևանգումը, թեև օրենքի տեսանկյունից հանցագործություն է, Ադրբեջանում այլ կերպ է ընկալվում. սովորաբար դա «այլընտրանքային ծեսի» պես բան է թանկարժեք հարսանիք չանելու համար, կամ ելք է երիտասարդների համար, երբ ծնողները համաձայնություն չեն տալիս ամուսնությանը: Զուլֆիան ծանոթ է եղել «փեսացուի» հետ, ինչը թույլ է տվել նրան ու նրա բարեկամներին պնդել, թե Զուլֆիան դեմ չի եղել: Վերջինիս բարեկամները կարծես ոստիկանություն են դիմել, գնացել են Զուլֆիային ետ բերելու, սակայն տղայի բարեկամների հետ բանակցություններից հետո նրան համարել են ամուսնացած:
Եվ եթե նահապետական ավանդույթների համաձայն, կինը պետք է «դիմանա ամուսնությանը», ապա Զուլֆիան երկար է դիմացել, հասցրել է նույնիսկ երկու աղջիկ ունենալ: Ամուսնուց բողոքել է ամուսնության ողջ ընթացքում. Նա հարբում էր, ծեծում իրեն և ոչինչ չէր վաստակում, այդ պատճառով էլ Զուլֆիան ու երեխաները սոված էին մնում: Ի վերջո նա չի դիմացել, վերցրել է երեխաներին և գնացել ծնողների տուն: Նրա հայրն ու մայրը խայտառակություն են համարել նրան ետ ընդունելը: Ավելի ճիշտ, ասել են. «Ո՞ւմ ես պետք երկու երեխաներով, ամուսնալուծված կնոջն ընդհանրապես էլ հնարավոր չէ ամուսնացնել, գլուխներս մի տար և վերադարձիր ամուսնուդ տուն»: Զուլֆիան երեխաներին թողել է քրոջ մոտ և խեղդվել Կուր գետում:
Պատճառներն ու հետևանքները
Ի՞նչն է ծնողներին ստիպում ամուսնացնել իրենց անչափահաս երեխաներին:
Ոչ ակնհայտ պատճառներից առաջինն ամուսնանալուց առաջ սեքսի արգելքն է: Եթե աղջիկը 14-15 տարեկան է, նա հաստատ չի հասցրել ոչ մի վատ բան անել անգամ մտքով: Տղայի ընտանիքն ուրախ է այդպիսի աղջկան ընդունել, միաժամանակ էլ մի քիչ «դաստիարակել» նրան, իր պահանջներին անթերի կերպով հարմարեցնելու համար: Իսկ աղջկա ընտաննիքը վախենում է, որ 20 տարեկանից հետո աստված մի արասցե հարևանները չսկսեն բամբասել աղջկանից և այդ ժամանակ նրան դժվար կլինի ամուսնացնել:
Երկրորդ պատճառը ընտանիքը կերակրելու բեռը կրճատելն է՝ անդամներից մեկից «ազատվելով», աղջկա համար պատասխանատվությունը վայր դնելը: Եթե կնոջն ավանդաբար պահում է (այլ կերպ չէր էլ կարող լինել. նա չունի կրթություն և մասնագիտություն) սկզբից հայրը, հետո՝ ամուսինը, ապա աղջկա հայրն ուրախ է կրճատել իր խնամակալության տակ գտնվողների թիվը:
Պատճառներից մեկն էլ լավ տարբերակ գտնելն է, քանի դեռ ուրիշները չեն տարել փեսացուին կամ հարսնացուին:
Արդյունքում, բոլոր պատճառները միջնադարի անառողջ մտածելակերպին են հանգում, անգրագիտության, կանանց հանդեպ պարզունակ «բարոյականության» միջոցով ավանդական խտրականության:
Ինչ վերաբերում է առանձին ընտանիքների վրա այդպիսի ամուսնությունների ունեցած հետևանքներին, դրանք կարող են առողջական խնդիրներ լինել, որոնք կանանց մոտ ի հայտ են գալիս վաղ սեռական կյանքի, վաղաժամ ծննդաբերության հետևանքով և այլն, ինչպես նաև հոգեբանական խնդիրներ, կնոջ հանդեպ բռնություն, որը դեռ չի կարող իրեն պաշտպանել: Ինչ վերաբերում է հասարակությանն, ապա սա ամենասարսափելին է. սա ոչ թե բաժանվելու մասին պատմություններ են, երբ վաղաժամ ամուսնության զոհը ստիպված է հեռանալ տնից և մենակ մնալ, այլ վաղաժամ ամուսնություններից սկսված ընտանիքների պատմություններ, երբ կինը երիտասարդ տարիքից սովորում է ծեծին ու ծաղրին դիմանալ և դիմանալ ողջ կյանքի ընթացքում, այնուհետև ընտանիքի այդ մոդելը ժառանգաբար փոխանցում է իր երեխաներին՝ իր անգրագիտության, խնդիրների և նախապաշարմունքների հետ միասին: Եվ վստահ լինելով, որ ընտանեկան կյանքի նորման հենց դա է:
Հրապարակվել է 02.11.2016