Ամոթալի հիվանդություն
Հեպատիտն Ադրբեջանում դեռևս «ամոթալի» հիվանդություն է համարվում: Եվ դրա մասին հաճախ պատահական են իմանում:
Հեպատիտը հաճախ առանց նախանշանների է անցնում, և այն նկատում են այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ է: Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, 2900 մարդ է հիվանդ: Սակայն սա կենտրոնացած կարգով կլինիկաներից ստացված վիճակագրությունն է և այն արտացոլում է հիմնականում քրոնիկական հիվանդների և անուշադրության մատնված հեպատիտով հիվանդների թիվը: Թե ինչ թիվ են կազմում վարակվածները երկրում, հստակ հնարավոր չէ պարզել:
Հեպատիտի մասին հոդվածի հերոս փնտրելն այդքան էլ հեշտ գործ չէր: Ծանոթները մերթընդմերթ դավադիրների պես ծածուկ նամակ էին գրում. «Ես հեպատիտով հիվանդ ծանոթ ունեմ, սակայն ինքդ էլ ես հասկանում, որ նրանք ոչինչ չեն պատմի»:
Էլդար. Հեպատիտ C
Էլդարի հետ հանդիպում ենք ճանապարհի վրա գտնվող սրճարանում, որտեղ կարելի է հապճեպ տաքանալ մի բաժակ տաք թեյով և հասարակ «տնական» սնունդ ուտել: Նրա առջև օղի և հյութ է դրված՝ վրայից խմելու համար: Նյարդային ձեռքերը թափառում են անհարթ սեղանի վրա: Պատմում է դանդաղ՝ բառեր գտնելով:
«Ութ տարի առաջ աստիճաններից ընկա և կոտրեցի ձեռքս: Գնացի վնասվածքաբանության բաժին: Անալիզներ վերցրին, և պարզվեց, որ հեպատիտ C ունեմ: Անմիջապես ստւգեցին կնոջս ու երեխաներիս: Նրանք վարակված չէին: Այժմ մտածում եմ, որ այդ ժամանակ իմացա, իսկ թե որքան ժամանակ է՝ հիվանդ եմ, հայտնի չէ»:
Նույն այդ հիվանդանոցում բժիշկը բուժում խորհուրդ տվեց. «Սկսեց դեղորայք դուրս գրել, ասում էր, որ դրանք պետք է Թուրքիայից բերել, յուրաքանչյուրը 6 հազար է, այն էլ ոչ մի բանի երաշխիք չի տալիս: Ես խոստացա մտածել: Սակայն լյարդս լավ էր աշխատում: Ճիշտ է, սկզբից վախեցա, սկսեցի դիետա պահել, սննդակարգիցս հանեցի կծուն, տապակածն ու սպիրտայինը: Պոլիկլինիկայի բուժքույրն ասում էր. «Ի՞նչ ես անհանգստանում, մի՛ վախեցիր, ապրիր այնպես, կարծես, ոչինչ չկա»»:
Մի քանի տարի անց Էլդարի մոտ բարդություններ սկսվեցին. որովայնի խոռոչում սկսեց հեղուկ հավաքվել: «Մայրս նկատեց, ասում էր, որ փորս մեծանում է: Իսկ ես սկզբից կատակում էի, ասում էի՝ մա՛մ, ծերանում եմ, փոր եմ աճեցնում»:
Ուլտրաձայնային հետազոտության արդյունքները տեսնելով՝ բժիշկն Էլդարին ասաց, որ լյարդը դեռևս կարելի է փրկել:
Սակայն լրջորեն բուժվել չստացվեց. «Պետք է խմելը թողնել, իսկ ես չեմ կարողանում: Պոլիկլինիկայից դուրս եմ գալիս և անմիջապես մտնում խանութ օղի գնելու»:
Վերջերս Էլդարին ատամնաբույժ է պետք եղել, և նա գնացել է ծանոթների խորհուրդ տված իրանցի բժշկի մոտ: «Մի անգամ գնացի, հաջորդին նա ասաց. «Ինչո՞ւ ինձ չես ասել, որ հեպատիտ ունես»: Պարզվում է, որ նրանք հիվանդներին ստուգելու ինչ-որ գործիք ունեն: Ինձ համար շատ վիրավորական էր: Ես նրան ասացի. «Այդ դու պետք է ինձնից նախապես ճշտեիր՝ արդյոք ես հիվանդ եմ»: Իսկ նա՝ ինձ. «Ո՛չ, այդ դու պետք է ինձ զգուշացնեիր»: Իսկ ես ասացի. «Ես, ինչ է, պետք է այդ մասին ամեն տեղ բղավե՞մ: Միգուցե Դավիթի աստղ էլ թևքիս ամրացնեմ»:
Այթան. հեպատիտ B
Մինչ մենք զրուցում ենք, Այթանը երեխային է կերակրում. հեռախոսով մերթընդմերթ երեխայի ձայնն է լսվում: Հեշտությամբ համաձայնում է հարցազրույց տալ, իր հիվանդությունը գաղտնիք չի դարձնում: «Ես հիվանդացել եմ հեպատիտ B-ով, երբ տասնմեկ տարեկան էի, — պատմում է Այթանը: Բացարձակ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ: Որևէ վիրահատություն չէի տարել, ատամնաբույժի չէի գնացել: Հնարավոր է՝ բակում ինչ-որ կերպ վնասվել եմ կամ նման մի բան»:
Հիվանդության մասին պատահական եմ իմացել. «Սկզբում ընդհանուր թուլություն էի զգում, սրտխառնոց՝ սովորական թունավորման պես, հետո մայրս ուշադրություն դարձրեց, որ աչքերիս սպիտակուցները դեղնել են: Միանգամից բժշկի դիմեցինք, անալիզներ հանձնեցի: Լյարդս մեծացել էր, մեզ ասացին, որ պետք է հիվանդանոց պառկել երկու շաբաթով»:
Այթանի համար հիվանդությունն ինչ-որ «ամոթալի» բան չէր. «Ինձ թվում էր՝ դե հապատիտ է էլի, նույնպիսի հիվանդություն է, ինչպես և մնացածները, ասենք հարբուխը կամ այդպիսի մի բան: Իմ շրջապատում էլի մարդիկ կային, որ հիվանդ էին հեպատիտով»:
Այնուամենայնիվ, նրա ներկայիս ընկերներն իր հիվանդության մասին չգիտեն, ամուսնու ընտանիքը՝ նույնպես: «Ամուսինս էլ իմացավ այն ժամանակ, երբ պատրաստվում էինք երեխա ունենալ և բոլոր անալիզներն էինք հանձնում», — ասում է նա: Նրա խոսքով, նա սովորական կյանք է վարում, որը ոչնչով չի տարբերվում ցանկացած առողջ մարդու կյանքից. «Միակ բացառությունն այն է, որ ես չեմ կարող արյան դոնոր լինել»: Ժամանակ առ ժամանակ նա այնուամենայնիվ անալիզներ է հանձնում:
Սևդա. հեպատիտ C
Սևդան իր հիվանդության մասին պատահական է իմացել: «Այնպես ստացվեց, որ ես ու ամուսինս երկար տարիներ չէինք կարողանում երեխա ունենալ: Դիմեցինք Որդեգրման կոմիտե: Ընթացակարգի համաձայն՝ այնտեղ բազմաթիվ ստուգումներից զատ, պետք էր նաև մի շարք անալիզներ հանձնել: Այդպես ես իմացա, որ հեպատիտ C ունեմ: Դա ինձ համար մեծ շոկ էր, ես հեպատիտի մասին ընդհանրապես ոչինչ չգիտեի»:
«Ոչ ոք չէր ուզում ինչ-որ բան բացատրել ինձ, բոլորը միայն վախեցնում էին: Առողջապահության նախարարության աշխատակիցը, որը փաստաթղթերս էր ընդունում, ընդհանրապես հայտարարեց. «Աղջիկ ջան, մոռացիր երեխայի մասին, գնա բուժվիր, թե չէ ծաղկուն տարիքում կմահանաս»»: Կնոջը համոզել էին, որ նա անբուժելի հիվանդ է:
Սևդան դիմել էր հայտնի բժիշկ-հեմատոլոգի: Բժիշկը, չշփոթվելով, որ ախտորոշումն այնքան էլ իր ոլորտից չէ, անալիզների և ուլտրաձայնային հետազոտության ուղղություն էր տվել:
«Ընդհանուր գումարը, մինչև հիմա հիշում եմ, 360 մանաթ էր (մոտ 230 դոլար): Սակայն բժիշկը, որի մոտ միշտ ուլտրաձայն եմ անում, զարմացավ և ասաց, որ լյարդի վիճակն ուլտրաձայնով կանխորոշելու համար այն պետք է հեպատիտից ամբողջությամբ քայքայված լինի»: Սևդան սկսել է կասկածել, որ մնացած անալիզներն էլ հավանաբար այնքան էլ պետքական չեն:
Ի վերջո, Սևդան թերթում պատահական կարդացած հարցազրույցի միջոցով բժիշկ-հեպատոլոգ է գտել: «Նա բոլոր անալիզներս նայեց, հետո ասաց. «Դու հիվանդ չես: Ահա այն մթերքի ցուցակը, որը կարող ես ուտել: Խստորեն հետևիր դիետային, որ վարակը չակտիվանա»: Մյուս կողմից, նախարարության աշխատակիցներն ինձ զգուշացնում էին. «Նա բոլորին է այդպես ասում, պետք է բուժվել, դա շատ լուրջ է»: Ես շփոթված էի»:
Սևդան ասում է, որ մարդիկ տեղեկացված չեն հեպատիտի մասին, և առողջապահության ոլորտի աշխատակիցները հաճախ չարաշահում են դա: «Ես վստահ եմ, որ կարգին բժիշկներ կան, սակայն համակարգն այնպես է աշխատում, որ մարդիկ վախենան և ստիպված լինեն որքան հնարավոր է շատ գումար ծախսել անպետք անալիզների և դեղերի վրա»:
Թերապև-հեպատոլոգ Զաուր Օրուջև.
«Հեպատիտն Ադրբեջանում ամոթալի հիվանդություն է համարվում, քանի որ նախկինում դրանով հիվանդանում էին հիմնականում թմրամոլները: Մեկանգամյա օգտագործման ներարկիչները փոխեցին իրավիճակը: Սակայն մարդիկ, միևնույնն է, թաքցնում են հիվանդությունը հաճախ դրա փոխանցման ճանապարհների մասին սխալ պատկերացումների պատճառով:
Ադրբեջանում պետական ծրագիր է գործում, որով նորածիններին ծննդատներում հեպատիտ B-ի դեմ պատվաստում են, սակայն ծնողներին չեն ստիպում պատվաստվել, երեխաներին կրկնակի վակցինացիա չեն անում:
Հեպատիտ C-ն ամբողջությամբ կարող է բուժվել: Բուժման մեթոդներ կան, որոնք ուժեղ կողմնակի ազդեցություն չունեն և տևում են ոչ թե մեկ տարի (ինչպես նախկինում), այլ 3 ամիս, և արժեն 3000 մանաթ (1720 դոլար):
Գոյություն ունի հիվանդության մասին տեղեկացվածության լուրջ խնդիր: Հեպատիտով հիվանդներն իրենց ոչ թե հիվանդ են անվանում, այլ «կրողներ», և այդ ձևակերպումն օգտագործում են շատ բժիշկներ: Հեպատիտ C-ի դեպքում «կրողի» փուլ գոյություն չունի: Հեպատիտ B-ի դեպքում «կրող» ախտորոշումը սխալ է դրվում՝ առանց համապատասխան անալիզներ անցկացնելու:
Այդ խնդրի դեմ փորձում է պայքարել «Մեդպրոսվետ» ֆեյսբուքյան խումբը, որը ստեղծվել է բժիշկների նախաձեռնությամբ: Այստեղ կարելի է անվճար խորհրդատվություն ստանալ, ժամանակ առ ժամանակ հետազոտությունները զեղչով կամ անվճար անցնելու ակցիաներ են անցկացվում:
Ադրբեջանում բժշկական ծառայությունների թանկության պատճառով առողջության պրոֆիլակտիկ ստուգումները տարածված չեն, այդ պատճառով էլ հաճախ մարդիկ հեպատիտի մասին իմանում են արդեն վերջնական վտանգավոր փուլում:
Շատերը գումար չունեն նաև հեպատիտը բուժելու համար: Հեպատիտի պետական ծրագիրն օգտագործում է հնացած ինտերֆերոնային դեղորայք և Ռիբավիրին, որոնց արդյունավետությունը 15-20% է: Ժամանակակից դեղորայքով բուժման խոչընդոտն այն է, որ դրանք գրանցում չունեն, և հիվանդները ստիպված են դրանք արտասահմանից բերել»:
Ադրբեջանի հեպատոլոգների ասոցիացիայի նախագահ Գյուլնարա Աղաևա.
«2010-2011թթ-ին սկրինինգային թեստերը Բաքվում և 8 շրջաններում հայտնաբերեցին, որ բնակչության 6-8%-ը վարակված է հեպատիտ B և C-ով, ինչը բարձր ցուցանիշ է: Դա հիմնականում այն շրջաններն են, որտեղ ակտիվ է թմրանյութերի թրաֆիկը՝ Ռուսաստանի հետ սահմանը, հարավային շրջանները՝ Մասալին, Լենքորանը: Բավականին բարձր են նաև խոշոր քաղաքների ցուցանիշները՝ Գյանջայի, Մինգեչաուրի: Սակայն վարակվածության միջին տոկոսը 4% է կազմում:
Հեպատիտի նենգությունն այն է, որ լյարդը իրեն հանգիստ է պահում մինչև վերջին փուլը, երբ արդեն չափազանց ուշ է: Այսօրվա կյանքի ռիթմը հաշվի առնելով՝ քչերն են ուշադրություն դարձնում այնպիսի ախտանիշներին, ինչպիսիք են արագ հոգնելը, ծանրությունը ստամոքսում ուտելուց հետո: Այդ պատճառով էլ անկախ տարիքից և սեռից մարդկանց խորհուրդ է տրվում հեպատիտի անալիզներ հանձնել: Այնպես, ինչպես ավտոմեքենայի տեխզննում են անցկացնում»:
Հրապարակվել է 16.12.2016