«Եթե Թրամփը պահանջի, Բաքուն կստորագրի ՀՀ հետ պայմանագիրը»․ կարծիք
ԱՄՆ-ին Ադրբեջանին կստիպի՞ խաղաղության գնալ
Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ Դոնալդ Թրամփը հիշատակել է հայ-ամերիկյան ռազմավարական գործակցության կանոնադրությունը, որը Երևանը տարեսկզբին ստորագրել էր ԱՄՆ նախորդ վարչակազմի հետ։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակություն և տարածաշրջանային կայունության պահպանում՝ շարունակելով ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»,- ապրիլի 24-ին հղած ուղերձում նշել է Թրամփը։
Քաղաքագետ Ներսես Կոպալյանն ասում է՝ մեծ ուշադրություն դարձվեց միայն այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանություն տերմինի փոխարեն ԱՄՆ նախագահը կիրառել էր Մեծ Եղեռն եզրույթը։ Կարծում է՝ ռազմավարական գործընկերության մասին արձանագրումը կարևոր է, այն ցույց է տալիս՝ «Վաշինգտոնի համար ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն առանձին կատեգորիա են»։
1inTV-ի եթերում Կոպալյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման համատեքստին։ Շեշտել է՝ ԱՄՆ-ի շահերից է բխում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, այստեղ իրագործելիք նպատակներ ունի։ Նաև արձանագրել է՝ Կովկասում ՀՀ-ն է լինելու անկյունաքար Նահանգների համար։
«Հավանականությունը գնալով բարձրանում է, որ ԱՄՆ-ն ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա»,- հայտարարել է քաղաքագետը։
Մանրամասները՝ ստորև
- Թրամփի ուշադրությունը կշեղվի՞ Ուկրաինայից դեպի Կովկաս․ կարծիք Երևանից
- «Հայաստանը չպետք է վախենա»․ կարծիք Թրամփ-Պուտին հնարավոր գործարքի մասին
- «ԱՄՆ-ից զենքի վաճառք դեռ չկա, բայց մենք շահագրգռված ենք»․ ՀՀ պաշտպանության նախարար
- «Եթե Թրամփը մեկուսացման քաղաքականություն չվարի, ՌԴ դերը Կովկասում կնվազի»․ կարծիք
Հայ-ամերիկյան չիրագործված պայմանավորվածությունը
2025 թ․-ի հունվարին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ արդեն նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։
Փաստաթղթում ասվում է, որ կողմերը մտադիր են ուսումնասիրել երկկողմ առևտրի և ներդրումների ավելացման, ինչպես նաև Հայաստանի էներգիայի արտադրության և մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները։
Բացի այդ, նշվում է, որ Երևանն ու Վաշինգտոնը մտադիր են «ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը»։ Կանոնադրության համաձայն՝ Նահանգները մտադիր է աջակցել ՀՀ սահմանապահ զորքերի և ՊԵԿ կարողությունների զարգացմանը։
Հաղորդվում էր, որ առաջիկայում ԱՄՆ-ից Հայաստան է ժամանելու մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ։ Երեք ամիս անց, սակայն, նման թիմ ՀՀ չի եկել։
Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո Հայաստանի փորձագիտական շրջանակները հիշեցրել էին չիրագործված համաձայնության մասին։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ռազմավարական գործակցության մասին հիշատակումը այնուամենայնիվ «կարևոր և կենսական» էր բնորոշել։ Շեշտել էր՝ դա ցույց է տալիս նոր վարչակազմի հստակ վերաբերմունքը կանոնադրությանը։
Փորձագիտական կարծիք
Նևադայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ներսես Կոպալյանի խոսքով՝ Հարավային Կովկասն այլևս նույնը չէ, ինչ1990-ականներին կամ 2000-ականներին։ Ասում է՝ այն ժամանակ կար հեգեմոն Ռուսաստանն ու «փոքր, թույլ երկրներ», որոնք չէին կարողանում լուծել ոչ միայն տարածաշրջանի, այլև իրենց ներքին հարցերը։
Ըստ նրա՝ առնվազն 10 տարի ՌԴ-ն չի կարողանա վերադառնալ տարածաշրջան և հանդես գալ հեգեմոնի դիրքերից, քանի որ զբաղված կլինի Ուկրաինայում և Կենտրոնական Ասիայում առկա խնդիրների լուծմամբ։
Կոպալյանի դիտարկմամբ՝ այժմ ականատես ենք լինում Կովկասում «հզոր երկրների մրցակցության»։
Ասում է՝ չնայած կային շրջանակներ, որոնք կանխատեսում էին, թե նոր վարչակազմի հաստատումից հետո ԱՄՆ-ն կլքի տարածաշրջանը, «Հայաստանի ժողովրդավարական համակարգը կփլուզվի», նման բան տեղի չունեցավ։ Ավելին՝ անկայունության պայմաններում Երևանին հաջողվեց նվազեցնել առկա ռիսկերն ու ամրացնել ԱՄՆ և Արևմուտքի հետ հարաբերությունները։
«Թրամփի վարչակազմը, ԱՄՆ ինստիտուտները, մանավանդ՝ անվտանգության և արտաքին քաղաքականության, կայացրել են որոշում, որ Հայաստանն իրենց համար կարևոր է, տարածաշրջանն իրենց համար կարևոր է»,- համոզված է վերլուծաբանը։
Ներսես Կոպալյանն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական բանակցություններին և խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությանը։ Ասում է՝ պայմանագրի տեքստի համաձայնեցմամբ Բաքուն փորձում էր գրավել Վաշինգտոնի ուշադրությունն ու լուծել ԵՄ երկրների հետ ունեցած խնդիրները։
«Ալիևը հասկացավ՝ եթե շարունակեն իրեն տեսնել որպես ապակառուցողական դերակատար, գնալով կորցնելու է իր դիվանագիտական կապիտալն ու ճնշման լծակները»,- պարզաբանել է նա։
Կարծում է՝ Ադրբեջանի նպատակն էր խաղաղության նարատիվն օգտագործել բացառապես դիվանագիտական խնդիրները լուծելու համար։
Կոպալյանը հիշեցնում է՝առաջին քայլից հետո միջազգային հանրությունն ասաց՝ «հաջորդ քայլը ստորագրումը պետք է լինի», ինչից հետո էլ Բաքուն նախապայմաններ առաջ քաշեց։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ալիևը կստորագրի խաղաղության պայմանագիրը մի դեպքում, եթե ԱՄՆ-ն նման պահանջ դնի և այլընտրանք չթողնի․
«Աշխարհում մեկ անձ կա, որից Ալիևը վախենում է, և դա Թրամփն է։ Կասի՝ եթե պահանջում եմ, որ խաղաղություն լինի, դու ինձ մերժում ես, ուրեմն ես օգնելու եմ, որ ՀՀ-ն վերականգնվի։ Ալիևի ամենամեծ մտահոգությունն էլ հենց այն է, որ Հայաստանը կվերականգնվի, ձեռք կբերի զսպման կարողություններ»։
Կոպալյանը խոսել է նաև բանակցություններում Եվրամիության հնարավոր ներգրավվածության մասին։
Արձանագրել է՝ փաստաթղթի ստորագրման համար ԵՄ-ն կարող է Ադրբեջանի նկատմամբ դիվանագիտական, քաղաքական ճնշումներ բանեցնել, բայց կխուսափի տնտեսական ճնշումներից։
«Պատրաստ չեն պատժել Բաքվին, հատկապես հիմա, երբ «Պլան Բ»-ի կարիք ունեն և դեռ չգիտեն՝ ինչպիսին են լինելու ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները և ինչպես է լուծվելու իրենց էներգետիկ անվտանգության խնդիրը»,- ամփոփել է քաղաքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԱՄՆ-ին Ադրբեջանին կստիպի՞ խաղաղության գնալ