Ամենաքաղցր և անկանխատեսելի միրգը. 20 լուսանկար Ադրբեջանից
Քեռի Ազիզն ընտանիքով ապրում է Ադրբեջանի Խըզըի շրջանի Քիլյազի գյուղում: Ամբողջ տարին ընտանիքը գոյատևում է անասնաբուծությամբ, իսկ ամառային ամիսներին ձմերուկ, սեխ և վարունգ է ցանում: Այս տարի քեռի Ազիզը մոտ երկու հեկտար պտուղ—բանջարեղեն է ցանել:
«Մենք այստեղ վեց հոգի ենք: Ամեն օր առավոտյան 5-ին արդեն հողամասում ենք: Ոռոգում ենք, հավաքում ձմերուկն ու սեխը, բեռնում մեքենաները և հենց այստեղ՝ ճամփեզրին, վաճառում ենք»:
«Ես չէի կարողանում հողամասում ողջ օրը նստել, քանի որ ցերեկը շատ շոգ էր: Բացի այդ, ձմերուկն այն ժամանակ դեռ մինչև վերջ չէր հասունացել, այնպես որ, առանձնապես աշխատանք չկար: Իսկ երեկոյան եկա-տեսնեմ՝ մարգերում բազմաթիվ կովեր են հայտնվել, որոնք խժռում են իմ ձմերուկը: Սկսեցի մեկ առ մեկ քշել նրանց: Բայց ես մենակ էի, իսկ նրանք՝ շատ. մինչև մեկին քշում էի, մյուսները շարունակում էին ուտել: Բացի այդ, մինչև մարգերից հեռացան, բազմաթիվ տնկիներ տրորեցին: Բայց բանն այն է, որ, եթե այդ կենդանիների տիրոջը բողոքես, նա ասելու է. «Լսի՛ր, եղբայր, եթե ինչ-որ բան ես տնկել, բարի եղիր հետևիր, որ մարգերիդ ոչ ոք չդիպչի»»:
«Եվս մեկ հողամաս էլ պետք է պաշտպանել գայլերից ու բորենիներից: Ժամանակին ցանքի փուլում գիշերները պահակ էի կանգնում, սակայն, միևնույն է, ձմերուկը կենդանիներից պաշտպանել միշտ չի ստացվում:
Մի անգամ բերքն առանձնապես մեծ էր, քանի որ գիշերները հետևում էի, որ չփչացնեն: Մեկ էլ տեսնեմ՝ մի քանի բորենի է մարգերը մտել: Սկսեցի բղավել, քարեր նետել, ոչինչ չօգնեց: Ես արդեն ձմերուկների մասին մոռացա. վախեցա, որ բորենիները կհարձակվեն վրաս:
Թաքնվեցի և լուռ նստեցի, սկսեցի սպասել, ոչինչ չէի կարող անել: Այդպես էլ ձեղնահարկում մնացի, մինչև նրանք մի կուշտ կերան:
Առավոտյան դուրս եկա, տեսա 40-45 ձմերուկ են կրծել: Դրանից հետո մինչև սեզոնի ավարտը միշտ հետս շուն էի տանում: Բայց հիմա այդպիսի բան շատ հազվադեպ է լինում: Բացի այդ, այս հողամասում ես առաջին անգամ եմ ինչ-որ բան տնկում, այն գյուղին մոտ է, այնպես որ, կենդանիները վախենում են»:
«Բերքը հավաքում ենք առավոտյան, բեռնում ենք մեքենաներն ու վաճառում ճամփեզրին: Մի անգամ մեկը կանգնեց՝ ձմերուկ գնելու: Սկսեց հարցուփորձ անել, թե ինչ արժե ձմերուկն ու արդյոք լավն է: Այո, ասում եմ, լավն է: Առանց պարարտանյութերի, որևէ քիմիայի: Մենք պարարտանյութ ենք օգտագործում միայն տնկիները միջատներից պահպանելու, այլ ոչ թե նրա համար, որ ձմերուկներն ավելի խոշոր լինեն:
Նա ասաց՝ մեկը կտրիր, տեսնեմ լավն է, թե ոչ: Ես կտրեցի, իսկ ձմերուկն անհամ էր: Նա ասաց, դե լավ, ամեն ինչ լինում է, մեկն էլ կտրիր: Մեկն էլ կտրեցի. դա էլ էր անհամ: Գնորդը նայեց ինձ և ասաց. «Չէի՞ր ասում, թէ լավն է»: Ես ամաչեցի, չգիտեի, թե ինչ պատասխանեմ: Իսկ նա 10 մանաթ հանեց, տվեց ինձ ու ասաց. երբեք մի խաբիր, եթե ձմերուկն անհամ է, այդպես էլ ասա:
Իսկ այդ ձմերուկն իրականում իմը չէր, այլ հարևանինս՝ մեկ այլ հողամասից: Պարզապես նա այդ օրը զբաղված էր, ինձ խնդրեց, որ իր ապրանքն իմի հետ վաճառեմ: Հետո գնորդին առաջարկեցի սեխ կտրել, թող դա էլ փորձի: Կտրում եմ ու վախենում, որ եթե դա էլ անհամ եղավ, լրիվ խայտառակ կլինեմ: Սակայն սեխը շատ համով էր: Նա նույնիսկ 20 կիլոգրամ գնեց: