«Ամենամեծ բյուջեն երբևէ». 2023 թ.-ին Հայաստանը կծախսի 6.4 մլրդ դոլար
Հայաստանի 2023 թ.-ի բյուջեն
2023 թվականին Հայաստանի կառավարությանը նախատեսում է ծախսել ավելի քան 6.4 միլիարդ դոլար։ Ֆինանսների նախարարի փոխանցմամբ՝ սա երբևէ եղած ամենամեծ բյուջեն է:
Ծախսերի ամենամեծ մասը՝ ավելի քան 25%-ն ուղղվելու է սոցիալական ոլորտին, երկրորդ տեղում` պաշտպանականն է: Լեռնային Ղարաբաղին տրամադրվելու է նույնքան օգնություն, ինչ այս տարի` 144 միլիարդ դրամ:
Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
Տնտեսական աճ՝ նվազագույնը 7%
Սա Հայաստանի գործող իշխանության նպատակն է ոչ միայն 2023 թ.-ի, այլև առաջիկա մի քանի տարիների համար: Կառավարության հնգամյա ծրագրում որպես նվազագույն ցուցանիշ հենց այս թիվն է մատնանշված:
Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ «արտաքին գործոններով պայմանավորված» 2022 թ.-ի տարեվերջին երկրի տնտեսական աճը հավանաբար կգերազանցի կանխատեսած 11%-ը:
Կապիտալ ծախսերը կաճեն 49%-ով
Նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարարը նշել է, որ կապիտալ ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 5.9 %-ին, ինչն այս տարվա համեմատ ավել է 1.5%-ով։
«Կապիտալ ծախսերի ¾ մասը ուղղվելու է պաշտպանության և անվտանգային ենթակառուցվածքների ֆինանսավորմանը»,- հայտարարել է Տիգրան Խաչատրյանը։
Սոցիալական և պաշտպանության ոլորտների ծախսերը կավելանան
Նախարարը տեղեկացրել է, որ 2023 թ.-ի բյուջեն այս տարվա համար նախատեսված ծախսերը գերազանցում է շուրջ մեկ միլիարդ դոլարով:
Հաջորդ տարի պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 միլիարդ դրամ, ինչը 35%-ով ավելի է 2022 թ.-ի ծախսային ցուցանիշից։
Այս ոլորտի ֆինանսավորումը երկրորդ տեղում է: Առաջինը սոցիալական պաշտպանության ոլորտն է: Դրան ուղղվող ծախսերի աճը 2023 թ.-ին «նույնպես զգալի է լինելու»:
Խաչատրյանի փոխանցմամբ՝ ավելի քան 1.6 միլիարդ դոլար ուղղվելու է սոցիալական ծախսերին՝ կենսաթոշակներ, նպաստներ և այլն:
Հայաստանը կշարունակի ֆինանսապես աջակցել ԼՂ-ին
2023 թվականի պետբյուջեով նախատեսվել է Լեռնային Ղարաբաղին տրամադրել ֆինանսավորում 144 միլիարդ դրամի չափով: Այս տարի ևս այդքան գումար է հատկացվել:
ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ ընթացիկ խնդիրների համար կառավարությունը նախատեսել է ևս 20 միլիարդ դրամ:
«Կանխատեսում ենք հարկային եկամուտների աճ»
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախարար Խաչատրյանը հայտնել է, որ 2023 թ.-ի համար գործադիրը 2 տրիլիոն 204 միլիարդ դրամի հարկային եկամուտ է կանխատեսում: Դա առնվազն 75 միլիարդ դրամով ավելի է 2022 թ.-ի համար նախատեսվածից:
Նախարարի գնահատմամբ՝ հարկային եկամուտները երաշխիք են, միջնաժամկետ կտրվածքով դրանք «պետք է ապահովեն կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում»:
Հիշեցրել է՝ կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկային եկամուտների ցուցանիշի հավակնոտ աճ։
«Մենք 2026 թվականին՝ ծրագրային ժամանակահատվածի վերջին տարում, պետք է հասնենք հարկերը համախառն ներքին արդյունքի նկատմամբ 25% ցուցանիշի»,- շեշտել է Խաչատրյանը։
«Պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 50%-ը»
Օրենքի նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարարը նշել է, որ հաջորդ տարի նախատեսում են ապահովել համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական պարտքի զգալի բարելավում։ Ասում է՝ «պետք է հասնենք նրան, որ այդ ցուցանիշը չլինի ավելի բարձր, քան ՀՆԱ-ի 50%-ն է»:
Տիգրան Խաչատրյանի դիտարկմամբ՝ թեև անորոշությունները շատ են, բայց պետական պարտքն ու դրա սպասարկումը պետք է գտնվեն «հուսալի միջավայրում», որպեսզի անելիքները հնարավոր լինի իրականացնել նախատեսված ծավալներով:
«Պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները, որպեսզի պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ դրանք միջնաժամկետ հատվածում չստեղծեն կառավարության անելիքների իրականացման ռիսկեր»,- ամփոփել է նախարարը:
Հայաստանի 2023 թ.-ի բյուջեն