Աղջիկների մասնակցությամբ ծեծկռտուքներ Հյուսիսային Օսիայում
Հյուսիսային Օսիայում ձևավորվել են դեռահաս աղջիկների խմբեր, որոնք փողոցներում հարձակվում են իրենց հասակակիցների վրա, դաժանորեն ծեծում նրանց, իրենց հեռախոսներով նկարահանում են այդ ամենն ու տեղադրում համացանցում:
Աղջիկների ծեծկռտուքների տեսանյութերը արագ տարածվեցին սոցցանցերում, գրավեցին նաև Ռուսաստանի Հասարակական պալատի անդամ, «Անվտանգ ինտերնետի լիգայի» տնօրեն Եկատերինա Միզուլինայի ուշադրությանը, ինչից հետո Հյուսիսային Օսիայի իրավապահ մարմինները քննություն սկսեցին:
Քննությունը պարզել է, որ Հյուսիսային Օսիայի (մասնավորապես՝ հանրապետության մայրաքաղաք Վլադիկավկազի) դեռահասների միջավայրում ձևավորվել են երկու հակադիր երիտասարդական խմբեր՝ այսպես կոչված «ոչ ֆորմալները» և «ջիբուրշիները»:
Նրանց տարբերությունը JAMnews-ին բացատրել է քաղաքագետ Բադրի Գազատին.
Նրա խոսքով՝ «ոչ ֆորմալները» 14-20 տարեկան դեռահասներն ու երիտասարդներն են (ներառյալ աղջիկները), որոնք ընդօրինակում են ենթամշակույթներ․
«Նրանք խմում և ծխում են, անհասկանալի է, թե ինչ: Վլադիկավկազի կենտրոնում գտնվող Միրա պողոտան վերածվել է ակումբների և սրճարանների տարածքի, որտեղ «ազատագրվում» են երիտասարդները։ Սրանք խաղային ակումբներ են, ծխելու սենյակներ, ըստ էության՝ որջեր: Այդ հաստատություններից շատերն, ի դեպ, պատկանում են տեղի պատգամավորներին ու պաշտոնյաներին»։
«Ոչ ֆորմալներին» հակադրվում են «ջիբուրշիները». երիտասարդական ժարգոնով այդպես են անվանում վատ կրթություն ստացած և բարոյական արժեքներ չունեցող երիտասարդներին։
«Նրանք նույնպես տեղացիներ են, բայց իրենց դիրքավորում են որպես ավանդական արժեքների և օսական մշակույթի «պահապաններ»։ Բայց դա միայն խոսքերով։ Վարքագծի առումով նրանք նույնպես կուլտուրայի պակաս են ցուցադրում։ Հայհոյում են, կռվում, սպորտային կոստյումներ հագնում։
Այսպիսով, այս խմբերի մաս կազմող աղջիկներն իրենց անվանում են «ջիբուրշի» : Եվ այսպես՝ ոչ ֆորմալներն ու ջիբուրշիները «բաժանում» են փողոցը, շրջանը։ Երկու կատեգորիաներն էլ իսկապես անբաններ են»,- ասում է Բադրի Գազատին:
Քաղաքագետը դժգոհում է, որ երիտասարդների մոտ ինքնաիրացման գործընթացը տգեղ ձևեր է ստանում, «սակայն դա որևէ մեկին չի հետաքրքրում».
«Իրականում սրանք անապահով ընտանիքների երեխաներ են։ Դպրոցին չի հաջողվում դաստիարակել նրանց։ Կարծում եմ՝ այս խնդիրը կքողարկեն ու ընդհատակ կանցկացնեն։ Եվ ոչ ոք այն չի լուծի»։
Մինչդեռ Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ նույն օրը ագրեսիվ աղջիկներն իրենց ծնողների հետ տարվել են ոստիկանության բաժին՝ հետաքննության համար։
«Ծեծկռտուքի մասնակիցները 14 և 15 տարեկան աղջիկներ էին։ Ոստիկանությունը կանխարգելիչ զրույց է անցկացրել անչափահասների, նրանց ծնողների, ինչպես նաև այն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, որտեղ դեռահասները սովորում են։
Միջադեպի մասնակիցներին հիշեցրել են ագրեսիա և շեղված վարքագիծ դրսևորելու համար սահմանված պատասխանատվության միջոցների մասին»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Իրավապահները աղջիկների նկատմամբ վարչական գործ չեն հարուցել խուլիգանության համար։