Ինչո՞ւ է աղմուկի մակարդակն այդքան բարձր Հայաստանում, ինչպե՞ս պայքարել դրա դեմ. կարծիքներ
Աղմուկի դեմ պայքարը Հայաստանում
Հայաստանում ակտիվորեն քննարկվում է աղմուկի բարձր մակարդակը։ Մարդկանց անհանգստացնում է մշտական, չդադարող աղմուկը, ընդ որում՝ նույնիսկ գիշերային ժամերին։ Հարցը հասել է խորհրդարան։ Այս խնդրին նվիրված լսումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության նորմերի պահպանման խոչընդոտ» օրենսդրական նախաձեռնությունը։ Նախագիծը ենթադրում է լռության խախտման համար միջոցների խստացում։ Միաժամանակ հեղինակները առաջարկում են մասշտաբային բարեփոխումներ, այդ թվում՝ ձայնամեկուսացման ստանդարտների վերանայում։
Երկրի բնակիչները, հիմնականում՝ երևանցիները, ավելի ու ավելի հաճախ են բողոքում սրճարաններից, ռեստորաններից և ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտությունից, շինարարական աշխատանքների աղմուկից, տրանսպորտի երթևեկության, գիշերային հրավառությունների ձայներից։
Այս խախտումների ազդեցության և անթույլատրելիության մասին արտահայտվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը։ Նրան միացավ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Վերջինս շեշտադրեց աղմուկի բացասական ազդեցությունը, մասնավորապես՝ նյարդային համակարգի և լսողության վրա։ Նրա խոսքով՝ Հայաստանում պարբերաբար խախտվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ստանդարտները։
Նախաձեռնության հեղինակներն առաջարկել են խստացնել համակեցության նորմերը և սահմանել ավելի մեծ տուգանքներ լռության խախտման համար, հատկապես գիշերային ժամերին՝ 23:00-07:00-ն։ Իսկ ոստիկանության վրա կդրվի բոլոր դեպքերին օպերատիվ կերպով արձագանքելու պարտականությունը։

- Շինարարական բում Երևանում. աննախադեպ բարձր գները դեռ կպահպանվեն
- «Լքելու եմ ԱՄՆ-ն, մնալու եմ Հայաստանում»։ Չորս տարբեր, բայց նման պատմություն
- Ինչպես փոխել գյուղի կյանքը․ SMART-մոտեցում, որն աշխատեց Հայաստանում
Աղմուկը Երևանում դառնում է անտանելի
Հայաստանի մայրաքաղաքում աղմուկի հիմնական աղբյուրներն են արդյունաբերական ձեռնարկությունները, շինարարական և վերանորոգման աշխատանքները, տրանսպորտը և մարդատար ավտոմեքենաները, ինչպես նաև HoReCa օբյեկտները՝ հյուրանոցային-ռեստորանային բիզնեսը։
Փորձագետներն այս ամենը անվանում են անթրոպոգեն բնույթի, այսինքն՝ մարդկանց գործունեությամբ պայմանավորված աղմուկ։ Նշում են, որ Երևանում ձայնային աղտոտման մակարդակը տարեց տարի միայն աճում է։ Ընդ որում, ավտոտրանսպորտը հայտարարում են աղմուկի գլխավոր և մշտական աղբյուր։
ԱՀԿ-ն զգուշացնում է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տրանսպորտային աղմուկը դասակարգում է որպես առողջության լուրջ սպառնալիք։ Պարզվում է՝ այն բարձրացնում է լսողության կորստի ռիսկը։ Ավելին, կարող է նպաստել սրտանոթային հիվանդությունների և նյարդային համակարգի խանգարումների զարգացմանը։
ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ տարեկան մոտ 50 հազար մարդ վաղաժամ մահանում է ավտոտրանսպորտի աղմուկից առաջացած սրտի նոպաներից։ Իսկ մոտավորապես 200 հազարը ստանում սրտի հետ կապված հիվանդություններ և նյարդային խանգարումներ։
Հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ աղմուկի մակարդակի 10 դեցիբելով (դԲ) բարձրացումը 12%-ով ավելացնում է սրտային հիվանդությունների հավանականությունը։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, 30 դԲ-ը հավասար է շշուկին, պատի ժամացույցի աշխատանքի ձայնին։
Բժիշկները բացատրում են, որ թեև քաղաքային աղմուկը պարտադիր չէ, որ հանգեցնի ինֆարկտի, սակայն դրա մշտական ազդեցությունը թուլացնում է օրգանիզմը։ Մասնավորապես՝ այն նվազեցնում է աշխատունակությունը, բարձրացնում է զարկերակային ճնշումը և ժամանակի ընթացքում հրահրում է սրտի լուրջ խնդիրներ։
Երկարատև աղմուկը բացասաբար է անդրադառնում կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Այն առաջացնում է գերհոգնածություն, նվազեցնում է կենտրոնացումը և շարժումների կոորդինացիան։ Իսկ դա հաճախ հանգեցնում է ճանապարհային պատահարների։ Բացի այդ, աղմուկը վատթարացնում է մտավոր կարողությունները, խանգարում է ուսուցմանը և նվազեցնում է դպրոցականների առաջադիմությունը։
ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (United Nations Environment Programme — UNEP) մասնագետները աղմուկն անվանում են մարդկությանը սպառնացող հիմնական վտանգներից մեկը։

Աղմուկի թույլատրելի նորմերի մասին
Մշտական խցանումները, տրանսպորտային հոսքերի բարձր ինտենսիվությունը, փողոցներում քաոսային երթևեկությունը և հաճախակի ճանապարհատրանսպորտային պատահարները զգալիորեն բարձրացնում են աղմուկի մակարդակը Երևանում։
Ընդունված համընդհանուր սանիտարական նորմերի համաձայն՝ ձայնի թույլատրելի մակարդակը, որը երկարատև ազդեցության դեպքում վնաս չի հասցնում լսողությանը, կազմում է ցերեկային ժամերին (07:00-23:00) 55 դեցիբել (դԲ), իսկ գիշերը (23:00-07:00)՝ 45 դԲ։ Հայաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ դեռևս 2019 թվականին մայրաքաղաքում աղմուկի ցուցանիշները գերազանցում էին 25-30 դԲ-ով։
Աղմուկի քարտեզ
Ստեփան Աթոյան, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն․
«Երևանի միակ աղմուկային քարտեզը ստեղծվել է 1971 թվականին Աշոտ Առաքելյանի կողմից։ Այդ ժամանակից ի վեր համակարգային հետազոտություններ չեն իրականացվել։ Միայն 2018 թվականին Առողջապահության նախարարությունը սկսեց մայրաքաղաքի նոր «Աղմուկի քարտեզի» մշակումը։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները մեկնարկեցին այդ ուղղությամբ աշխատանքները։ Նպատակն է որոշել շրջակա միջավայրի վրա աղմուկի ազդեցության մակարդակը, բացահայտել խնդրահարույց գոտիներն ու աղմուկի հիմնական աղբյուրները»։
Ռուբեն Գրիգորյան, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ․
«Առանձին վարչական շրջանների արդյունքներն արդեն կան, բայց դրանք դեռ ամփոփված չեն։ Նույնիսկ այս նախնական տվյալները համադրելի չեն Առաքելյանի քարտեզի հետ։ Այն ժամանակ Երևանում չկար ավտոմեքենաների այսպիսի քանակություն՝ աղմուկային աղտոտման գլխավոր աղբյուրը։ 1971 թվականի քարտեզի վրա չկային նաև ներկայիս շինարարական բումի աղմուկի հետքեր»։
«Հարևանների հետ չպայմանավորվես, կհայտնվես ոստիկանության բաժնում»
Շինհրապարակներում աղմուկն առաջանում է սարքավորումների աշխատանքի պատճառով։ Քանդող մուրճերը, ինքնաթափերը, բետոնախառնիչները, ցեմենտատարները, էլեկտրական սղոցները և հողային աշխատանքների համար նախատեսված տեխնիկան ստեղծում են մշտական աղմուկ։ Լրացուցիչ աղմուկ է առաջանում օբյեկտների էներգամատակարարումն ապահովող սարքավորումների աշխատանքից։
Արթուր Բաղդասարյան, շինարար․
«Բաց շինհրապարակում աղմուկը մեկուսացնելն անհնար է։ Մենք խոսում ենք մի քանի հեկտար տարածքի մասին, որտեղ միաժամանակ աշխատում են գլդոններ, բետոնախառնիչներ, հորատիչներ, գայլիկոններ և մուրճեր։ Այս աղմուկը վերահսկելն անիրական է։
Օրենքի համաձայն՝ շինարարական և հարդարման աշխատանքներ թույլատրվում է իրականացնել ժամը 9:00-18:00-ը։ Բայց երբեմն տեխնիկան ավելի շուտ են բերում կամ ստիպված ես լինում ավելի ուշ ավարտել։ Այդպիսի դեպքերում պայմանավորվում ես հարևանների հետ։ Եթե չի ստացվում, սպասիր բողոքի և ոստիկանության այցելությանը։ Ինձ արդեն տարել են բաժին։ Իսկ եթե շինհրապարակ տեսուչ ներկայանա, ապա տուգանքն ապահովված է։ Բայց երբեմն ավելի էժան է տուգանք վճարել, քան ժամանակին չկատարել մի քանի միլիոն դրամի աշխատանքը»։

«Քարի հղկման ձայնից լացս գալիս է»
Նելլի Սարգսյան, Երևանի բնակիչ․
«2019 թվականին մենք տուն գնեցինք «Բագրևանդ» համալիրում և այդ ժամանակից ի վեր ապրում ենք շինարարական հրապարակների հարևանությամբ։ Աշխատանքներն ընթանում են առանց դադարի, միաժամանակ և բոլոր կողմերից։ Ամենաանտանելին այն է, երբ հիմնատակ են փորում․ տունը բառացիորեն դղրդում է։ Իսկ քարի հղկման ձայնից լացս գալիս է։ Ամռանը շինարարները աշխատում են մինչև ուշ երեկո, քանի դեռ չի մթնել։
Լրացուցիչ «բոնուսներից» է շինարարության փոշին։ Իսկ ճանապարհները ողբալի վիճակում են՝ հաղորդակցությունները վերագծում են յուրաքանչյուր նոր տան պատճառով։
Երբեմն այնքան աղմկոտ է, որ ես չեմ կարողանում երեխաների հետ դասերով զբաղվել։ Բայց իմ նյարդային համակարգի համար վերջին կաթիլը դարձավ ռաբիս երաժշտությունը [երաժշտական ուղղություն, արևելյան և հայկական ժողովրդական երաժշտության տարրերի խառնուրդ, անվանումը՝ խորհրդային «Рабочее искусство»՝ «Բանվորական արվեստ» կազմակերպությունից], որը միացրել էին բանվորները։ Ես դուրս եկա, գոռացի նրանց վրա, դրանից հետո էլ չեն միացնում։ Իսկ կեսգիշերից հետո նոր բնակիչների կազմակերպած հրավառությունները սովորական բան են դարձել մեզ համար»։
Ավտոմեքենան ոչ թե ճոխություն է, այլ աղմուկի աղբյուր
Սիրեկան Օհանյան, «Երևան պրոյեկտ» ՓԲԸ տնօրեն․
«Շինարարական բում եղել է նաև 90-ականների վերջում։ Բայց այն ժամանակ Երևանում այսքան մեքենաներ չկային։ Աղմուկն ուժեղանում է, երբ տարբեր աղբյուրներ գումարվում են իրար։ Դրա մակարդակը կախված է տրանսպորտային հոսքի ինտենսիվությունից և արագությունից, ինչպես նաև դրա կազմից։ Բեռնատարները և մեծ չափերի ավտոմեքենաները ավելի ուժեղ են աղմկում, քան մարդատարները։ Աղմուկի մակարդակը պայմանավորված է նաև շարժիչի տեսակով, ճանապարհային ծածկույթի վիճակով, տարածքների հատակագծումով։
Ճանապարհների գերծանրաբեռնվածությունը նվազեցնում է դրանց թողունակությունը, ինչը հանգեցնում է աղմկոտ խցանումների։ Ավտոմեքենաների մասշտաբային ներմուծումը սրել է իրավիճակը. խցանումներն ավելի հաճախակի են դարձել, ՃՏՊ-ների թիվը աճել է։ Դա հատկապես սուր է զգացվում Երևանի կենտրոնում։
Լուծում կարող էր դառնալ շրջանցիկ ճանապարհի միջոցով երթևեկության կարգավորումը՝ մոսկովյան օղակի նմանությամբ։ Դա թույլ կտար բեռնաթափել կենտրոնը տարանցիկ տրանսպորտից, այդ թվում՝ աղմկոտ բեռնատարներից։ Այդպիսի հայեցակարգ արդեն դրված է քաղաքի ապագա գլխավոր հատակագծի հիմքում»։

«Ձայնամեկուսացման մասին ոչ ոք չի էլ մտածում»
Եղիշե Պետրոսյան, «Արձագանք» երաժշտական ստուդիայի ղեկավար․
«Տրանսպորտային աղմուկին գումարվում է ռեստորաններից, սրճարաններից և գիշերային ակումբներից հնչող բարձր երաժշտությունը։ Ընդ որում, դրանցից շատերը տեղակայված են անմիջապես բնակելի թաղամասերին կից կամ շենքերի նկուղներում։ Այս օբյեկտները, որպես կանոն, կառուցվում են ձայնամեկուսացման կանոնների լիակատար անտեսմամբ։ Խորհրդային ժամանակաշրջանում շենքերի աղմկամեկուսացման մասին ոչ ոք չէր մտածում։ Եվ Երևանում այս մշակույթը գործնականում չի արմատավորվել։
Այսօր միայն եզակի շինարարներ և ճարտարապետներ են դիմում մասնագետներին՝ այդ խնդիրը լուծելու համար։ Ձայնամեկուսացված է օբյեկտների 1%-ից ոչ ավելին։ Հին շենքերում լուծումներ ներդնելը դժվար է գոյություն ունեցող կոնստրուկցիաների պատճառով։ Բացի այդ, շատերը հրաժարվում են գաղափարից, երբ իմանում են, որ տարածք կկորցնեն։ Լիարժեք աղմկամեկուսացումը «սենյակ է սենյակի մեջ»՝ 12-15 սմ հաստությամբ մի քանի շերտերով։
Բայց սա գլխավոր դժբախտությունը չէ։ Ժամանցի վայրերում ակուստիկայի հետ կապված իրավիճակն ավելի վատ է․ հաշվարկներ չեն իրականացվում, ինչը լրջորեն ազդում է այցելուների հարմարավետության և առողջության վրա»։
Խախտում ես օրենքը, վճարի՛ր տուգանք
Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ 2019 թվականի դեկտեմբերից առևտրով զբաղվող և տարբեր ծառայություններ մատուցող բոլոր հաստատություններից պահանջվում է գիշերը ժամը 23.00-07։00-ն չխախտել լռությունն ու քաղաքացիների անդորրը։ Հակառակ դեպքում կտուգանվեն։ Առաջին խախտման համար նրանց սպառնում է տուգանք 200-300 հազար դրամի չափով։ Կրկնակի խախտումների դեպքում գումարն ավելանում է մինչև 1 մլն դրամ։
Նոր սակագները դեռևս որոշված չեն։ Դրանք հայտնի կդառնան, երբ խորհրդարանը հավանություն տա աղմուկի չափանիշները խախտելու համար պատիժները խստացնելու օրենսդրական նախաձեռնությանը:
Հայաստանի ՆԳՆ տվյալներով՝ 2024 թվականին ժամը 23:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների անդորրը խախտելու համար քրեական հետապնդման 98 դեպք է գրանցվել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Աղմուկի դեմ պայքարը Հայաստանում