Աղմկահարույց ձերբակալություններ Բաքվում․ որքա՞ն արժե հիվանդին կորոնավիրուսային հիվանդանոցում տեղավորելը
Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունների համաձայն՝ կալանավորվել են կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված Բաքվի երկու հիմնական մասնագիտացված հիվանդանոցների ղեկավար անձինք։ Նշվում է, որ այդ հաստատություններում հիվանդ տեղավորելու համար կաշառք են պահանջել։ Հիվանդների և նրանց հարազատների խոսքով՝ այս փաստերը բոլորին վաղուց հայտնի էին։
- Հարցում Բաքվում․ արդյո՞ք պետք է փողոցում դիմակ կրել․ տեսանյութ
- Հայաստանում սկսվում է Covid-19-ի դեմ պատվաստումը, դեղորայքը բաշխվում է հիվանդանոցների միջև
- Ադրբեջանում մեկնարկում են երկու պատվաստանյութերի համադրման փորձարկումները
Ի՞նչ է տեղի ունեցել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երկու հայտարարություն է արել, որոնց համաձայն՝ կոռուպցիայի համար մեղադրվել են և կալանավորվել Yeni klinika («Նոր հիվանդանոց») հիվանդանոցի և արտակարգ իրավիճակների նախարարության բուժկենտրոնի մոդուլային տիպի հոսպիտալի (ժողովուրդն այն անվանում է նաև «Զիխի մոդուլային հիվանդանոց») — JAMnews) ղեկավարները։
«Լուրջ կասկածներ կան Yeni klinika-ի տնօրեն Փարվիզ Աբասովի և բուժհաստատության մյուս պատասխանատու անձանց վերաբերյալ, որ նրանք որոշ անձանց միջնորդությամբ 3000-3500 մանաթ [մոտ 1500-1750 եվրո] կաշառք են ստացել հիվանդին հիվանդանոցում տեղավորելու համար։ Այս գումարային միջոցները հետագայում բաժանվել են նրանց միջև և ուղղվել են սեփական կարիքները հոգալուն», — ասված է գլխավոր դատախազության հայտարարությունում։
Գերատեսչության մյուս հայտարարությունում նշվում է, որ գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված տվյալների համաձայն՝ լուրջ կասկածներ են առաջացել նաև «Զիխիի մոդուլային հիվանդանոցի» գլխավոր բժիշկ Իմրան Աղաևի և նրա հանցակիցների նկատմամբ։ Հաղորդագրության համաձայն՝ այդ անձինք հիվանդներից և նրանց հարազատներից կաշառք են վերցրել հոսպիտալի VIP-կորպուսում հիվանդ տեղավորելու համար։
Ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի կոռուպցիոն գործողություններին վերաբերող հոդվածներով, դատարանի որոշմամբ՝ նրանք կալանքի տակ են լինելու հետաքննության վարման փուլում։
Ի՞նչ հիվանդանոցների մասին է խոսքը
Բաքվի կենտրոնում տեղակայված Yeni klinika-ն բացվել է 2020 թ-ի մարտի 28-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Այդ ժամանակ երկրում դիտվում էր կորոնավիրուսով վարակման դեպքերի առաջին աճը։ Այդ հիվանդանոցը դարձել է կորոնավիրուսով հիվանդների բուժման ուղղությամբ մասնագիտացված առաջին բուժհաստատությունը։
Հիվանդանոցը հաշվարկված է 575 հիվանդամահճակալի համար։ Այստեղ կա վիրաբուժության, թերապիայի, շտապօգնության, պոլիկլինիկայի, սիրտանոթային վիրաբուժության, նեյրովիրաբուժության, հեմոդիալիզի և այլ բաժանմունքներ։ Հիվանդանոցում աշխատում է ավելի քան 1500 բժիշկ և բուժաշխատող։
Իսկ 2020 թ-ի հուլիսի 6-ին Բաքվի ծայրամասում՝ Զիխ ավանում բացվել է արտակարգ իրավիճակների մոդուլային հոսպիտալը։ Այս բուժհաստատությունը կազմված է 10 կորպուսներից, և այստեղ միաժամանակ կարող է բուժվել կորոնավիրուսով 800 հիվանդ։
Ի՞նչ արժե հիվանդին կորոնավիրուսային հիվանդանոցում տեղավորելը
JAMnews-ի թղթակիցը փորձել է պարզել նշված հաստատություններում հիվանդներին տեղավորելու արժեքը։
Տեղի բնակիչ Իդրիսի խոսքով՝ դեկտեմբերին ինքը 300 մանաթով [մոտ 150 եվրո] կարողացել է իր մորը տեղավորել Զիխի մոդուլային հոսպիտալ։
«Այն ժամանակ երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքն էր մոլեգնում։ Հիվանդները շատ էին։ Լսել էի, որ Զիխի մոդուլային հոսպիտալում հիվանդ տեղավորելու համար պահանջվում է 1200 մանաթ [մոտ 600 եվրո] կաշառք։
Ծանոթ գտա, որի միջոցով էլ հարցը լուծեցի 300 մանաթով [150 եվրո]։ Բայց ստիպված էի սպասել ևս երեք օր, որ տեղ բացվի մորս հոսպիտալացման համար»,- նշել է նա JAMnews-ի հետ զրույցում։
Բուժքույրը, որը ցանկացել է անանուն մնալ, պատմել է Yeni klinika-ի գների մասին․
«Անկեղծ ասած, զարմացա պաշտոնական հաղորդագրությունում նշված թվերից։ Այնտեղ նշված էր 3000-3500 մանաթ [մոտ 1500-1750 եվրո]։ Քանի որ Yeni klinika-ում հիվանդին տեղավորելը նշվածից 3-4 անգամ ավելին արժե։ Բայց եթե այնտեղ լավ ծանոթ ունեք, կարող եք նաև 3000 մանաթով [մոտ 1500 եվրո] հարցը լուծել»։
Մեկնաբանություններ
Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցների ղեկավարների կալանքի մասին լուրը լայնորեն քննարկվում է սոցցանցերի ադրբեջանական սեգմենտում։ Ահա մի քանի բնորոշ մեկնաբանություն․
«Հիվանդանոցների 90 տոկոսն այդպես է աշխատում։ Եվ վերևներում չգիտե՞ն այդ մասին։ Գլխավոր բժիշկ դառնալու համար պետք է 100 հազար մանաթ [մոտ 50.000 եվրո] վճարել, այդ պատճառով էլ նրանք հետո այդ գումարը պոկում են հիվանդներից»։
«Իսկ դրանից տուժում են չունևորները։ Նրանց կողմը, ովքեր չեն վճարում, չեն էլ նայում։ Մարդիկ մահանում են»։
«Երբեմն մտածում եմ, որ երիտասարդ կադրերն, ի տարբերություն հների, կաշառք չեն վերցնելու, որովհետև պետք է կարիերա անեն, այլ նրբություններ էլ կան։ Սակայն կաշառակերությունն այնպիսի դժբախտություն է և այնպիսի վարակ, որ տարիքին ուշադրություն չի դարձնում։ Գոնե համավարակի այս օրերին խղճային հիվանդներին»։