Դեկտեմբերի 4-ի երեկոյան Գյունաշլի 10-րդ նավթային պլատֆորմում հրդեհ է բռնկվել: Ադրբեջանի արտակարգ իրավիճակի նախարարությունը փրկարար նավեր է ուղարկել դեպքի վայր: «Կիրառել ենք բոլոր միջոցները, որպեսզի տարհանենք մեր աշխատակիցներին: Նրանք բոլորն անվտանգ գոտում են: Փրկարար նավերը հասել են դեպքի վայր: Բարձր (8-10 մ) ալիքները դժվարացնում են տարհանման գործընթացը: Զոհեր և վիրավորներ չկան», — ասված էր փրկարար շտաբի պաշտոնական հայտարարությունում:
Ուշ երեկոյան SOCAR պետական նավթային ընկերությունը հայտարարեց, որ աշխատակիցները դուրս են բերվել հրդեհի գոտուց: Սակայն հաջորդ առավոտյան «Թրենդ» գործակալությունը հայտնեց, որ բոլորը փրկվել են, սակայն նրանք դեռ տուն չեն վերադարձել, քանի որ գտնվում են հատուկ փրկարար նավերի վրա (հաջորդ երեկոյան «Թրենդը» հակասում էր ինքն իրեն՝ հայտնելով որ պլատֆորմից փրկվել է 32 մարդ): Մինչդեռ «Թուրան» ընկերությունը դեռևս դեկտեմբերի 4-ի երեկոյան հայտնում էր, որ կան զոհեր ու վիրավորներ:
Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միրվարի Ղահրամանլին հայտնեց, որ նվազագույնը 4 մարդ է մահացել, երբ փրկարար նավակներից մեկը պատռվել է, ևս մեկը մահացել է փրկարար նավի վրա: 32 հոգուց ոչ մի լուր չկա, հնարավոր է՝ նրանք մահացել են, ևս 46-ը փրկարար նավակներում են:
Աղբյուրների տվյալներն այն մասին, թե ի սկզբանե քանի մարդ է եղել պլատֆորմում, չեն համընկնում: Կառավարական լրատվամիջոցները տարբեր թվեր են նշում՝ 43-63: Որոշ լրատվամիջոցներ՝ SOCAR-ին հղումով, փոխանցում են, որ բոլորն են փրկվել, մնացածը՝ նույնպես SOCAR-ին հղումով, հայտնում են, որ ընդամենը 19 մարդ է փրկվել: Ինքը ընկերությունը, առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 26 մարդ է փրկվել, մինչդեռ նախորդ երեկոյան պնդում էր, որ բոլորը փրկվել են:
Իսկ ահա Reuters-ը հայտնում է, որ 32 մարդ է զոհվել: Ինչպես փոխանցում է աղբյուրը, հրդեհի պատճառ է դարձել խողովակաշարի վթարը, որը չեն կարողացել վերականգնել ուժեղ փոթորկի պատճառով: Հղում անելով SOCAR-ի աշխատակիցներից մեկին, որը մինչ այժմ պլատֆորմի վրա է, գործակալությունը պնդում է, որ պլատֆորմում ի սկզբանե 84 մարդ է եղել: