Աղետի երրորդ օրը. Բորժոմիում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել
Տարերքը մոլեգնում է Բորժոմիի կիրճում արդեն երրորդ օրը: Ըստ տարբեր տվյալների՝ ուժեղ հրդեհը 12 հեկտար անտառ է ոչնչացրել:
Կրակը մարել չի հաջողվում: Վրաստանը դիմել է հարևանների և Եվրամիության երկրների օգնությանը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:
Նրա խոսքով՝ աղետի մասշտաբներն ընդլայնվում են, և փորձագետները խորհուրդ են տալիս էլ ավելի շատ տեխնիկա մոբիլիզացնել տարերքի դեմ պայքարի համար:
Լուսանկար տարերային աղետի գոտուց «Բորժոմի» հեռուստաընկերության կայքից
Ծագվերիի անտառում կրակի դեմ հատուկ տեխնիկայով պայքարում է մոտ 500 հրշեջ-փրկարար և եգեր: Օդում կրակի մարման գործին օգնում է երեք ուղղաթիռ, որոնցից մեկն ադրբեջանական է:
Այսօր առավոտվանից օգնության է ուղևորվել երկու ուղղաթիռ Թուրքիայից: Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիի խոսքով՝ ուղղաթիռներն առավոտյան չեն կարողացել Թուրքիայից դուրս գալ այնտեղի վատ եղանակային պայմանների պատճառով, սակայն նրանք արդեն ճանապարհին են և շուտով դեպքի վայրում կլինեն:
Ինչպես հաղորդել են շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում, գիշերը որոշակի աշխատանքներ են տարվել, անտառում 3 կմ երկարությամբ ճանապարհ է գցվել, ինչը հրշեջ մեքենաներին հնարավորություն է տալիս մոտենալ հրդեհման օջախներին:
Կիրճում վարչապետի ղեկավարությամբ շտաբ է գործում, որը ղեկավարում է տարերքի դեմ պայքարի գործընթացը: Շտաբում հայտարարել են, որ տվյալ պահին մերձակա բնակավայրերից բնակչության տարհանման ոչ մի անհրաժեշտություն չկա, ինչպես նաև նրանց հակահրդեհային աշխատանքներին ներգրավելու անհրաժեշտություն:
Այնուամենայնիվ, աղետի գոտուն մոտ գտնվող բնակավայրերի բնակիչները վախեցած են: Շատերը չեն վճռում մեկնել միայն այն վախից, որ կրակը կարող է հասնել իրենց գյուղին, իսկ տները փրկելու համար մարդ չի լինի:
Դաբա գյուղի բնակիչները խուճապի մեջ են, նրանք լքել են իրենց տները: Մի ընտանիք տնից դուրս է բերել բոլոր իրերը և տեղափոխվել է հարազատների մոտ ուրիշ գյուղ: «Մենք կենդանիներին տարել ենք անվտանգ տեղ, կրակը, կարծես, մոտենում է… Գյուղը շուտով կսկսվի այրվել, վախենում ենք… Նախկինում նույնպես հրդեհներ են եղել, սակայն այսպիսին՝ երբեք: Նախկինում անտառը տեղ-տեղ վառվում էր, իսկ այժմ մի մեծ կրակ գալիս է դեպի մեզ… Իրավիճակը կրիտիկական է: Սպասում ենք, որ կրակը կանցնի տներին: Հրդեհը գալիս է դեպի գյուղ: Երկրորդ օրն է՝ այրվում է, և միայն մեկ ուղղաթիռով են փորձում մարել: Մինչև շտաբ ստեղծեցին, մինչև այս, մինչև այն, ամեն ինչ այրվեց և փլուզվեց»:
Սա Ծագվերիի անտառում առաջին հրդեհը չէ: Այն հրդեհվել է նաև 2008թ-ին ռուս-վրացական պատերազմի օրերին: Այն ժամանակ հրդեհման պատճառ էին դարձել հենց ռազմական գործողությունները:
Թե ինչն է ներկայիս հրդեհի պատճառը, հայտնի չէ: Հրդեհման առաջին օջախները գրանցվել են օգոստոսի 20-ին Դաբա գյուղի մոտ կես հեկտար մակերեսի վրա: Սակայն ուժեղ քամին և բարձր ջերմաստիճանը նպաստել են կրակի տարածմանը, և շուտով սկսել է այրվել հսկայական տարածք:
Բ նապահպանների կարծիքով՝ աղետի համար մեղավոր է նաև կառավարությունը, ուշ և ոչ արդյունավետ արձագանքը կատարվածին:
Օգոստոսի 21-ի ցերեկն արտակարգ շտաբում հայտարարեցին հիմնական օջախների մեկուսացման մասին: Սակայն հետագայում պարզվեց, որ հրդեհը ոչ միայն չի մեկուսացվել, այլ նաև նոր օջախներ են ի հայտ եկել:
Ազգային անտառային գործակալության ղեկավար Թոռնիկե Գվազավայի տեղեկատվությամբ՝ այրվել է արդեն ավելի քան 12 հեկտար անտառ:
Բնապահպաններն, ինչպես նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներն ուշադրությունը սևեռում են հատուկ հակահրդեհային տեխնիկայի պակասի վրա:
Բնապահպանների խոսքով՝ իշխանությունը պատրաստ չէր շոգ և չոր եղանակի հետ կապված վտանգներին: «Կանաչ այլընտրանք» ոչ կառավարական կազմակերպության կոնսերվացիայի ծրագրի համակարգող Իրակլի Մաչարաշվիլին «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում հայտարարել է, որ արտասահմանյան դոնորների ֆինանսավորմամբ նախապատրաստվել էին անտառային հրդեհների դեմ պայքարի, այդ աղետին դիմակայելու համար անհրաժեշտ պատրաստվածության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, սակայն արդյունքները չեն երևում:
Նա համարում է, որ եթե պետությունը չի կարող անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերել, նա անպայման սերտ կապի մեջ պետք է լինի գործընկեր երկրների հետ, որպեսզի գոնե նրանցից ստանա ժամանակին և արդյունավետ օգնություն: Իսկ հարևան երկրների հետ կապ է հաստատվել միայն օգոստոսի 21-ին, այնսինք, ըստ բնապահպանների, ուշացումով:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե որքանով են արդյունավետ կառավարության գործողությունները տարերքի դեմ պայքարում, բավականին երկիմաստ պատասխան է տվել. նա ձեռնպահ է մնացել գնահատական տալ կառավարության գործողություններին: