Աբխազիայում ձերբակալվել է ռուսաստանցի, որը ահաբեկչություն էր նախապատրաստում Սուխումի օդանավակայանում: Պնդում են՝ նա ուկրաինական հետախուզական ծառայության հանձնարարությամբ պայթյուն էր ծրագրում օդանավակայանի ավտոկայանատեղիում:
Ձերբակալվածի անունը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նա 1980 թվականին ծնված ՌԴ քաղաքացի է։
Նա որպես ինժեներ աշխատում է այն շինարարական ընկերությունում, որը գործունեություն է ծավալում օդանավակայանի տարածքում: Քաղաքացուն ձերբակալել են աշխատավայրում:
Հիշեցնենք, որ վերանորոգված Սուխումի օդանավակայանը 32-ամյա դադարից հետո իր գործունեությունը վերսկսել է վերջերս՝ 2025 թվականի մայիսին: Միևնույն ժամանակ, օդային հաղորդակցություն է իրականացվում միայն Ռուսաստանի հետ: Օդանավակայանի շահագործմամբ նույնպես զբաղվում է հիմնականում ռուսական կողմը:
Ձերբակալվածի խոսքով՝ փետրվարի 24-ին սոցիալական ցանցերի միջոցով իր հետ կապ են հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզական գլխավոր վարչության ներկայացուցիչներն ու համագործակցություն առաջարկել, ինքն էլ համաձայնել է:
Տղամարդը պնդում է, որ ծրագրում էր օդանավակայանի ավտոկայանատեղիում պայթյուն իրականացնել, որը կարող էր մեծ թվով զոհերի հանգեցնել:
Օգտագործելով իր ծառայողական դիրքը՝ նա հասանելիություն է ունեցել օդանավակայանի ինժեներական պլաններին և դրանք փոխանցել ուկրաինական հետախուզությանը՝ նշումներ կատարելով պայթուցիկ սարքերի հնարավոր տեղադրման վայրերի մասին:
Այդ ամենի մասին ձերբակալվածը հայտնել է Աբխազիայի պետական անվտանգության ծառայության տարածած տեսանյութում։ ՌԴ քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել «լրտեսություն» հոդվածով: