Բաքուն Ստեփանակերտում մնացած հայերից մեկին ահաբեկչության մեջ է մեղադրում
Ահաբեկչության մեղադրանք արցախցի Կարեն Ավանեսյանին
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանին 18 տարվա ազատազրկում է սպառնում։ Բաքուն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Ավանեսյանին Քրեական օրենսգրքի ութ հոդվածներ է առաջադրել ու մեղադրում է ահաբեկչության մեջ։
Մեղադրանքի համաձայն՝ Ավանեսյանը, իբր, փորձել է զինված մոտենալ միջոցառման վայրի, որին ներկա է եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Քաղաքացին ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերի 14-ին։ Դատավարությունը դեռ շարունակվում է։ Գործը քննվում է Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում։
ՄԻԵԴ-ում Ավանեսյանի շահերը ներկայացնող Արա Ղազարյանը պարբերաբար եվրոպական դատարանին այս գործի հետ կապված տարբեր փաստեր է ներկայացնում։
«Հիմա մենք հետևում ենք Ադրբեջանում զարգացումներին ու Եվրոպական դատարանին անընդհատ տեղեկացնում ենք այդ զարգացումների մասին, բայց առաջնային որոշումը՝ հրատապ ապահովել նրա կապը ՀՀ-ի հետ, փաստաբանների հետ, հարազատների հետ, չի կատարվել: Սովորաբար Ադրբեջանը ե՞րբ և ինչո՞ւ չի կատարում այդ որոշումը, երբ ինչ-որ լեգենդ է հյուսում գործի վերաբերյալ»,- «Ազատությանն» ասել է Ղազարյանը։
- Հայաստանը 250 մլն դոլարի վարկ կներգրավվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման համար
- «Զիջումներ պատերազմի հետաձգման դիմա՞ց»․ ԼՂ-ի բանակցային ժառանգությունը
- 44-օրյա պատերազմի մասին զեկույցը բաց ռեժիմով չի քննարկվի. ինչի՞ց է խուսափում ՀՀ իշխանությունը
Ո՛չ «Կալաշնիկով», ո՛չ գնդացիր․ տեսանյութում միայն ուսապարկով մարդ է երևում
Բաքվից հայտնում են, թե, իբր, 58-ամյա Կարեն Ավանեսյանը «Կալաշնիկով» ինքնաձիգով, լիցքավորված պահեստատուփերով ու 5 նռնակներով փորձել է մոտենալ միջոցառման վայրին, որտեղ այդ պահին ներկա է եղել Իլհամ Ալիևը։
Նշում են, թե ոստիկաններն են կանխել դա։ Ադրբեջանի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ Ավանեսյանը «դիմադրել է, կրակ բացել, նռնակներ նետել»։
Նախօրեին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում վկա Էլմար Գուրբանովը պնդել է, թե դիմադրության արդյունքում միայն իր մարմինը 8 փամփուշտ է ստացել, իսկ Կարենը, իբր, ոստիկանների ուղղությամբ կրակել է նաև գնդացիրից։
Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանի հաղորդած տեղեկությունները ստուգելու հնարավորություններ չկան։ Սակայն որպես ապացույց ներկայացվող տեսանյութում «Կալաշնիկով» ու գնդացիր չի երևում։ Կադրում Ստեփանակերտի կենտրոնից հեռու՝ արվարձանում ուսապարկով քայլող մի տղամարդ է երևում՝ Կարենը։
Փորձագիտական կարծիք
Մարդու իրավունքների հարցերով փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը հիշեցնում է՝ դեռևս սեպտեմբերին ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել և Ադրբեջանին պարտավորեցրել տեղեկատվություն տրամադրել Կարեն Ավանեսյանի առողջական վիճակի, պահման պայմանների վերաբերյալ և ապահովել կապը նրա հարազատների ու փաստաբանների հետ։
«Ադրբեջանը ներկայացրել է տեղեկատվություն, որ իրեն լավ է զգում, բժշկական օգնություն բանտում տրամադրվել է։ Ընդհուպ լուսանկարներ է ուղարկել, որ Կարենը գիրք է կարդում, ինտերնետով է զբաղվում բանտում, մարզասարքի վրա վարժություններ է անում», — «Ազատության» հետ զրույցում նկատել է Ղազարյանը:
Նրա գնահատմամբ՝ ներկայացված լուսանկարներում երևում է Ադրբեջանի ձեռագիրը, պարզ է, որ դրանք «բեմականացման արդյունք են»։
Փաստաբանն ասում է՝ իբրև ապացույց ներկայացվող տեսանյութի ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ Կարենը քայլում է ոչ թե այն ուղղությամբ, որտեղ ընթանում էր Ալիևի մասնակցությամբ միջոցառումը, այլ հակառակ։
Հավաքագրած փաստերն Արա Ղազարյանը ներկայացրել է ՄԻԵԴ։ Կարևորում է այն, որ Ստրասբուրգի դատարան ներկայացվեն նաև Կարեն Ավանեսյանի՝ հոգեկան առողջության խնդիրներ ունենալը հավաստող փաստաթղթերը։
Առողջապահության նախարարությունը, սակայն, մերժել է դրանց տրամադրումը՝ հղում անելով բժշկական գաղտնիքի վրա։ Գերատեսչությունն այդ տեղեկատվությունը տրամադրելու համար լիազորագիր է պահանջում։
«Կարենը մեզ լիազորել չի կարող, որովհետև նրան հնարավորություն չի տրվում կապ հաստատել մեզ հետ»,- նկատում է քաղաքացու շահերի ներկայացուցիչը։
Ստեղծված իրավիճակում, երբ Բաքվից որևէ լիազորագրի տրամադրումն անհնար է, փաստաբանը կարծում է՝ ՀՀ-ի իշխանությունները պետք է տրամադրեն Կարենի տվյալները։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ահաբեկչության մեղադրանք արցախցի Կարեն Ավանեսյանին