«Հայերի հանդեպ թշնամանքն Ալիևի ռեժիմի ցեմենտն է»․ կարծիքներ Երևանից
Ալիևը հայերին «ատելի թշնամի» է կոչել
Մինչ Հայաստանը պարբերաբար հայտարարում է Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստը ստորագրելու պատրաստակամության մասին, միջազգային հանրությունն էլ երկու երկրներին հորդորում է փաստաթուղթը ստորագրել հնարավորինս շուտ, Բաքուն շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը։
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Աղդամում։ Ալիևը հայերին անվանել է «ատելի թշնամի» ու հայտարարել․ «Հայկական ֆաշիզմը ֆաշիզմի ամենաբարձր կետն է»։ Ադրբեջանի նախագահը նույնաբովանդակ հայտարարություն էր արել նաև տարեսկզբին՝ պնդելով, թե «անկախ հայկական պետությունն իրականում ֆաշիստական պետություն է»։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ այս խոսույթն Ալևի ռասիստական քաղաքականության ևս մեկ ապացույց է։ Շեշտում է՝ միտումը նոր չէ, միայն 2024 թ․-ի ընթացքում Ադրբեջանի նախագահը իր տարբեր ելույթներում հայերին անվանել է «շնագայլեր», «ճագարներ», «արյունարբու թշնամիներ», «վանդալներ»։ Ըստ Հայրապետյանի՝ պետական մակարդակով իրականացվող ատելության քարոզը մի կողմից միավորում է Ադրբեջանի բնակչությանն ընդհանուր թշնամու դեմ, մյուս կողմից՝ «ապահովում աջակցություն ռազմական ագրեսիայի համար»։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը JAMnews-ի հետ զրույցում նկատել է՝ Ալիևի ռեժիմը վերածվել է «տարածաշրջանում ֆաշիստական ռեժիմի գլխավոր մասնաճյուղի»։
«Հռետորաբանությունը, առաջին հերթին, խոսում է այն մասին, որ Ադրբեջանի բռնապետը որևէ ձևով տրամադրված չէ Հայաստանի հետ հաշտություն կնքելուն՝ նույնիսկ ի հեճուկս նրա, որ պայմանագիրը իր իսկ կողմից համաձայնեցված է»,- նկատել է նա։
Ի՞նչ է հայտարարել Ադրբեջանի նախագահը, մեկնաբանություններ
- «Մոսկվային չի հաջողվի տաքուկ տեղավորվել Երևանի և Բաքվի արանքում»․ Ռուբիո-Փաշինյան զրույցը
- «Խնդիրները պետք է լուծվեն առանց ուժի կիրառման»․ Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան
- Հայաստանն էսկալացիայի նպատակ չունի, իսկ Բաքո՞ւն․ կարծիք Երևանից
Ալիևը՝ «ատելի թշնամի» հայերի մասին
Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ Աղդամ քաղաքն ու շրջանի բոլոր գյուղերը հիմնովին ավերվել են «ատելի թշնամու» կողմից։ Պնդել է, թե դա ցույց է տալիս «թշնամու էությունը, նրա բացարձակ անհիմն թշնամությունը մեր հանդեպ»։
«Աղդամը կոչում են «Կովկասի Հիրոսիմա»։ Բայց տարբերությունն այն է, որ Հիրոսիման ավերվել է ատոմային ռմբակոծության հետևանքով, իսկ Աղդամը 30 տարի գողերի, հայ թալանչիների ձեռքով քար առ քար քանդվել է ու տարբեր տեղերում վաճառվել։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ այդ մասին՝ հայկական ֆաշիզմը ֆաշիզմի ամենաբարձր կետն է»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Ոչ ելույթի ժամանակ, ոչ էլ ադրբեջանցիների հետ հարցուպատասխանի ընթացքում Ալիևը չի անդրադարձել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին կամ դրա ստորագրման հնարավորությանը։
Մեկնաբանություններ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի փոխանցմամբ՝ Աղդամում ունեցած 15 րոպեանոց ելույթում Իլհամ Ալիևը հայերի մասին արտահայտվելիս 11 անգամ կիրառել է «թշնամի» եզրույթը, խոսել, այսպես կոչված, «հայկական ֆաշիզմի» մասին։
«Եթե Ալիևը ֆաշիստ է ման գալիս, ուղղակի պետք է նայի հայելու մեջ»,- նկատում է նա։
Փորձագետի խոսքով՝ Բաքուն շարունակում է թշնամանք հրահրել՝ միաժամանակ կասեցնելով հաշտեցման կամ խաղաղության ցանկացած հեռանկար։
Հայրապետյանը EVN report առցանց պարբերականում հրապարակել է ծավալուն հոդված, ներկայացրել է Ալիևի նախորդ տարվա ելույթները, որոնք ատելության խոսք են պարունակում․
«Փաստագրելով Ալիևի խոսքերը՝ ստանում ենք հստակ պատկերացում, թե որքան խորն է հակահայկական տրամադրությունն արմատացած Ադրբեջանի քաղաքական խոսույթում և թե ինչու է խաղաղությունը մնում այդքան անհասանելի»։
Ընդգծել է՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի զեկույցները նույնպես փաստում են՝ «Ադրբեջանի կառավարությունը համակարգված խթանում է հայերի ապամարդկայնացումն ու հրեշացումը»։ Ասում է՝ նման քաղաքականությունը ձևավորում է ազգային ինքնություն՝ հիմնված հայերի նկատմամբ ընկալվող գերազանցության և նրանց նվաստացման վրա։
Ադրբեջանագետի դիտարկմամբ՝ Բաքվի ատելության հռետորաբանությունը ծառայում է երկու նպատակի՝
- բորբոքում է հասարակական տրամադրությունները,
- ստեղծում կեղծ բարոյական արդարացում՝ Ադրբեջանի շարունակական ռազմական գործողությունների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար։
Հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունն արգելափակել է խաղաղության և հաշտեցման բոլոր խոսույթները երկրում, իսկ հայ-ադրբեջանական հաշտեցման համար պայքարողներն առերեսվում են բանտարկության հետ։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Ալիևի կողմից օգտագործվող խոսույթը, առաջին հերթին, ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին․
«Թշնամու կերպար ձևավորելն ու այն պահպանելը մնում է ակտուալ նաև Ալիևի ռեժիմի ամրության համար։ Դա իր ռեժիմի ցեմենտն է, որից նա մտադիր չէ հրաժարվել։ Ավելին, մեծ թափ է հաղորդում դրան»։
JAMnews-ի հետ զրույցում Մեհրաբյանը նկատել է՝ նման հայտարարություններով Ալիևն ուղերձ է հղում ադրբեջանական ԶԼՄ-ներին, որպեսզի ապահովեն հռետորաբանության տարածումը, ինչպես նաև հանրության՝ խաղաղության ձգտող հատվածին՝ զգուշացնելով, որ նրանց վարքագիծը կհամարվի «հակապետական» և նրանք կպատժվեն։
Չի բացառում, որ Բաքվից հնչող ագրեսիվ հռետորաբանությունը կարող է օգտագործվել նաև էսկալացիայի նպատակով․
«Դա՝ որպես պահուստային տարբերակ, Ալիևը միշտ ակտուալ է պահում, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգտագործի։ Ուզում է միշտ այդ դուռը բաց պահել»։
Կարծում է՝ Երևանը դեռ կարձագանքի Ալիևի հայտարարություններին։ Որպես արձագանք է դիտարկում նաև ՀՀ խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստը։ Բայց նաև շեշտում է՝ Ադրբեջանի նախագահի ելույթը նիստից հետո է եղել, այսինքն՝ դա կարելի է համարել Բաքվի «պատասխանը» պայմանագիր ստորագրելու Երևանի կոչերին, ինչպես նաև միջազգային հանրության ճնշումներին։
Մեհրաբյանն ասում է՝ Ադրբեջանի նկատմամբ կան ճնշումներ, սակայն դրանք բավարար չեն, որ ադրբեջանական կողմը փոխի իր մոտեցումները։ Կարծում է՝ նման բան հնարավոր է միայն այն պարագայում, եթե Ալիևը զգա, որ կա Ադրբեջանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կամ իր ընտանիքի անդամների հանդեպ անհատական պատժամիջոցների սահմանման սպառնալիք։
Մյուս կողմից նկատում է՝ ներկա պահին խոշոր դերակատարներից որևէ մեկը նման շահագրգռվածություն չունի։ Այդ ուղղությամբ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, օգտագործի նաև պայմանագրի ստորագրման շուրջ առկա միջազգային կոնսենսուսը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանը պետք է իր քայլերը կառուցի Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի սպառնալիքի հիման վրա։
Նրա համոզմամբ՝ ՀՀ-ն պետք է ունենա իր «Պլան Բ-ն»՝ ինչ անել, եթե Ադրբեջանը տեսանելի հեռանկարում մտադիր չէ խաղաղության համաձայնագիր կնքել։ Ըստ Մեհրաբյանի՝ պետք է իրականացնել բարեփոխումներ, ձեռք բերել նոր դաշնակիցներ, կնքել պաշտպանական նոր դաշինքներ, վերազինվել և ներդնել համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ալիևը հայերին «ատելի թշնամի» է կոչել