Ալին և Նինոն, կամ այն, ինչ մնացել է նրանցից
Ինչպես եմ ես նկարահանվել այդ ֆիլմում
Կիպ ձգած կորսետը խանգարում էր շնչել, և հասկանալի էր դառնում, թե ինչու էին հնում օրիորդները հաճախ ուշագնաց լինում: Փետրվար ամիսն էր, բարակ երեկոյան զգոստով ցուրտ էր, իսկ մի քանի տասնյակ վարսակալներից երեկոյան արդեն գլուխս անտանելի ցավում էր: Փոխարենը շուրջս իսկական գեղեցիկ զգեստավորված ֆիլմ է նկարահանվում, անասելի հաճելի ստեղծագործ մթնոլորտ է տիրում, ընկերուհիներդ էլ նախանձում են, որ ուգերով (ձմեռային կոշիկներ) կենդանի Մարիա Վալվերդեին ես տեսնում:
«Ալին և Նինոն» ֆիլմի նկարահանումներին ես պատահական հայտնվեցի որպես համեստ ստատիստ և, անկեղծ ասած, զարմացել էի կատարվածի մասշտաբներով: Պարահանդեսի տեսարանը նկարահանում էին միլիոնատեր Զեյնալաբդին Թագիևի տանը 3 օր առավոտից երեկո: Ռեժիսորի խռպոտած օգնականները մերթընդմերթ զանգվածային տեսարաններն էին ձևափոխում, իսկ Ալին ու Նինոն արևելյան պար էին պատրաստվում պարել: Եվ ընդհանրապես ամեն ինչ այնքան զիլ էր, որ ինչ-որ պահի ուզում էիր համաձայնել Վլադիմիր Իլյիչ Լենինի հետ, որ մեզ համար արվեստներից ամենակարևորը կինոն է:
Եվ բնականաբար «այն բանից հետո, ինչ մեր միջև եղել էր», ես պարզապես բարոյական իրավունք չունեի չնայելու այդ ֆիլմը: Եվ գիտե՞ք, թե ինչ կասեմ Ձեզ, Վլադիմի՛ր Իլյիչ… Դուք սխալվում էիք:
Կովկասյան Ռոմեոն և Ջուլիետը
Ֆիլմի հիմքում ադրբեջանցի գրող-էմիգրանտ Կուրբան Սայիդի համանուն վեպն էր: Այն գրվել է 1937 թ-ին գերմաներեն լեզվով և ժամանակին հասցրել է մեծ աղմուկ հանել և, եթե հավատանք հոդվածներին և գրքային անոտացիաներին, արևմտյան հանրությանը շատ է դուրը եկել: Եվ ինչո՞ւ պետք է դուր չգար. այստեղ և՛ էկզոտիկ արևելյան երկիր կա, և՛ արգելված կիրք, և՛ նշանակալից պատմական իրադարձություններ:
Վեպի կենտրոնում է երիտասարդ խան Ալի Շիրվանշիրի և վրացի իշխանուհի Նինո Կիպիանիի սերը: Ալին իսկական մուսուլման է, Նինոն՝ ազատատենչ և եվրոպականացված քրիստոնյա: Իսկ այդ ամենը տեղի էր ունենում 20-րդ դարի սկզբին Բաքվում, որտեղ նավթային բում էր, պատերազմ, հեղափոխություն, Ադրբեջանը պայքարում էր ազատության համար, վիճաբանություններ էին տեղի ունենում այն մասին, թե արդյոք երկիրը պետք է ասիական մնա, թե դեպի Եվրոպա գնա: Ի դեպ, այդ հարցը մենք արդեն հարյուր տարի է քննարկում ենք, և թեման դեռ բաց է: «Ալին և Նինոն», ըստ էության, մուսուլման և քրիստոնյա, եվրոպական և ասիական մշակույթների մասին վեպ է՝ առանձին զույգի օրինակով: Այն նաև սիրո մասին է, որը ուժեղ է բոլոր այդ հակասություններից:
Կարելի է նույնիսկ ասել, որ «Ալին և Նինոն» յուրօրինակ սիմվոլիկ ստեղծագործություն է ողջ Հարավային Կովկասի համար: Ամեն դեպքում, այդպես էր կարծում նաև վրացի քանդակագործ Թամարա Կվեսիտաձեն, որը Բաթումի բուլվարում տեղադրված Ալիի և Նինոյի շարժական արձանի հեղինակն է: Եվ այս ամենի համատեքստում բավականին հասկանալի է, որ, երբ որոշվեց էկրանավորել վեպը, Ադրբեջանում բոլորի համար հետաքրքիր էր, թե դրանից ինչ կստացվի:
Ժողովրդի ձայնը
Ֆիլմը նկարահանվել է 2015թ-ին բրիտանական PeaPie Film կինոընկերության կողմից: Ռեժիսորը Ասիֆ Կապադիան է, իսկ սցենարի հեղինակը՝ Քրիստոֆեր Հեմփթոնը (որին, ըստ էության Կուրբան Սայիդը երազում պետք է այցելի և մինչև կյանքի վերջ հանդիմանանքով նայի):
Ֆիլմի գործադիր պրոդյուսերը Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևան էր, իսկ գլխավոր դերասաններ էին ընտրվել իսպանացի դերասանուհի Մարիա Վալվերդեն և ծագումով արաբ բրիտանացի Ադամ Բաքրին:
Ֆիլմի պրեմիերան կայացավ նախորդ ձմռանը ամերիկյան Sundance փառատոնին: Դիտելով այն՝ քննադատներն ու լրագրողները հիացմունքից բնավ խոսելու ունակությունը չկորցրին:
Այսպես, Little White Lies կինոպորտալը գրում է, որ «Կապադիայի մոտ ավելի շուտ հեռուստադրամա է ստացվել, որը կարելի է նայել երեկոյան մեկ գավաթ թեյ ըմպելիս, ոչ թե ֆիլմ, որը կարող է Օսկարի հավակնել»: Բացի այդ, կայքը կշտամբում է ռեժիսորին այն բանի համար, որ ֆիլմի շատ տեսարաններ պարզապես ֆարս են հիշեցնում:
The Hollywood Reporter կայքն իր հերթին կարծում է, որ ֆիլմն ուներ բոլոր շանսերը գեղեցիկ պատմական մելոդրամա դառնալու, եթե դերասաններն ավելի ճշմարտանման սեր պատկերեին:
Միաժամանակ երկու աղբյուրներն էլ (ինչպես նաև այլ աղբյուրներ) համակարծիք են, որ ֆիլմում լավագույնը բնապատկերներն են: The Hollywood Reporter-ը նույնիսկ նմանություն էր գտել Բաքվի և Տեխասի՝ այն ժամանակվա նավթային բումի բնապատկերների միջև: Թվում է, թե դա հաճոյախոսություն է:
Ադրբեջանում ֆիլմը հոկտեմբերի 6-ից են ցուցադրում, բնականաբար այն ակտիվորեն քննարկվում է սոցցանցերում: Եվ մինչ հանդիսատեսի մի մասը քամահրանքով դեմքն է շրջում, մյուս մասը չի թաքցնում հիացմունքը:
Օրինակ, Ֆեյսբուքի օգտատերերից մեկը զուգահեռներ է անցկացնում մեկ այլ հայտնի էկրանավորման հետ. «Ես, ճիշտն ասած, թքած ունեմ Ամերիկայում քաղաքացիական պատերազմի վրա: Սակայն «Քամուց քշվածների» շնորհիվ այդ թեման հիմա էլ է ինձ համար հետաքրքիր: Իսկ արդյո՞ք մեր Հանրապետության պատմությունը հետաքրքիր կլինի արտասահմանի միլիոնավոր հանդիսատեսի համար՝ շնորհիվ այս ֆիլմի: Վստահ չեմ»:
Բոլորովին այլ կարծիքի է հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովան: Նրա կարծիքով, ֆիլմի ուղերձը բավականին հասկանալի է արևմտյան աշխարհին, և այն Ադրբեջանի համար ցանկալի արդյունք կունենա:
«Շատ ուրախ եմ, որ սցենարի վերջնական տարբերակը ճշմարտությանը մոտ է և ճիշտ է նկարագրում այն ժամանակաշրջանի արյունալի իրադարձությունները և ազատության համար մեր պայքարը, — գրում է Խադիջան իր էջում: — Իհարկե, ֆիլմն անթերի չէ պատմական փաստերի հավաստիության տեսանկյունից, սակայն այնուամենայնիվ, ֆիմն ունակ է աշխարհին փոխանցելու այն, ինչ մենք ուզում ենք»:
«Ֆիլմը շատ կոպիտ է մշակված, իմ կարծիքով – ասում է մեկ այլ օգտատեր: — Գլխավոր մի բան չի հերիքում ֆիլմին՝ զգացմունքներ և էմոցիա: Նույնիսկ այն տեսարանը, որտեղ սպանում են Ալիի ընկերներից մեկին, հանդիսատեսի մոտ որևէ կարեկցանք չի առաջացնում»:
Իսկ ինչ-որ մեկի համար էմոցիաները բավականին շատ էին. «Ինձ շատ դուր եկավ: Ֆիլմի վերջում ես նույնիսկ հուզվել էի: Միգուցե ես եմ այդքան զգացմունքային, չգիտեմ: Շատ ազդեցիկ էին նաև հին Բաքվի բնապատկերները»:
Հանգիստ վիճակից դեպի սրարշավ
Ընդհանրապես «Ալին և Նինոն» ֆիլմը լեզուս չի պտտվում էկրանավորում անվանել: Սցենարիստը բավականին համարձակ է բնօրինակին վերաբերվել: Շատ տեսարաններ էլ հավանաբար մոնտաժի սեղանին են մնացել, ինչպես դա հաճախ լինում է: Եվ բոլոր մանիպուլյացիաներից հետո Կուրբան Սայիդի տեքստից քիչ բան է մնացել:
Սակայն, այս ամենի մասին՝ հերթով:
Եթե գիրքը կարդացել եք, ապա ֆիլմի սկզբում դժվար է ազատվել այն զգացողությունից, որ հենց այդ սկիզբը բաց եք թողել: Այսինքն՝ ֆիլմը սկսվում է վեպի մոտավորապես 12-րդ գլխից: Եթե Կուրբան Սայիդը բավականին մանրամասն է նկարագրում իր հերոսների ծանոթույունն ու հարաբերությունների զարգացումը, ապա ֆիլմում ամեն ինչ կադրից դուրս է մնում: Իսկ կադրում խոստովանությունների, համբույրների և հայացքների փոխանակման կարճ տեսարաններ են: Ի դեպ, ֆիլմում հենց այն պարահանդեսի տեսարանը կցկտուր է ցուցադրված, այն էլ՝ հիմնականում ենթագրերի ֆոնին:
Հնարավոր է, հենց այդ «հանգիստ վիճակից դեպի սրարշավ» ոճով սկզբի պատճառով է, որ Ալիի և Նինոյի կինեմատոգրաֆիական սերն այնքան էլ ճշմարտանման չի թվում: Իսկ միգուցե իրավացի են արևմտյան քննադատներն՝ ասելով, որ Բակրիի և Վալվերդեի միջև «քիմիան բացակայում էր»: Սակայն այն, ինչ իրոք չի կարելի չնկատել ֆիլմում, դինամիկան է: Գործողությունն այնքան սրընթաց է զարգանում, որ դրան հետևելը շատ խնդրահարույց է, անգամ եթե նախապես իրադարձությունների ժամանակագրությունը գիտես: Չի հասցնում երիտասարդ խանը հոր օրհնությունը ստանալ ամուսնանալու համար, երբ սկսվում է Առաջին աշխարհամարտը: Եվ ահա արդեն 4 ընկերները վիճում են՝ արդյո՞ք արժե, որ մուսուլմանները ռազմաճակատ մեկնեն, թե՞ «անհավատների պատերազմն» իրենց չի վերաբերում:
Ի դեպ, ընկերների մասին: Ալին երեք ընկեր ունի, և վեպի համաձայն, նրանցից յուրաքանչյուրն իր բնավորությունը, արժանապատվությունն ու թերություններն ունի: Իսկ ֆիլմում այդ հերոսները (ինչպես նաև մնացածները) գրեթե զուրկ են անհատականությունից: Ֆանատիկ մոլլան, ինքնազոհ երիտասարդ սպան, պահպանողական ծերունին անկենդան մարդիկ են, իսկ դերասանների ճակատին կպցրած գրառումները կարծես «Կռահի՛ր, թե ով է» խաղից լինեն:
Ֆիլմի հեղինակները մի լավ «խմբագրել են» նաև Մելիք Նախարարյանի՝ հայ ազնվականի և Նինոյին առևանգողի կերպարը: Առաջին հերթին, գեր և հակակրելի Նախարարյանի դերը տվել են կանաչաչյա գեղեցկադեմ Ռիկարդո Սկամարչիոյին: Իսկ երկրորդը, Ալիի մոտ ընկերոջը, չգիտես ինչու, վերածել են Նինոյի հոր գործընկերոջ: Դրանից դրամատիզմը բավականին տուժել է:
«Ճակատագիրը» չէր խնայել նաև գլխավոր հերոս Ալի Շիրվանշիրին: Վեպում նա հարգանք է ներշնչում գլխավորապես իր ներքին պայքարի, եվրոպացի կնոջ հանդեպ սիրո և ասիական բարքերին հավատարիմ մնալու միջև հավասարակշռություն գտնելու փորձերի, բարոյականության իր պատկերացման և ժամանակի պահանջի միջև պայքարի հաշվին: Սակայն ֆիլմում այդ ներքին պայքարը ոչ մի կերպ արտացոլված չէ, իսկ Ալին ոչ մի գրամ հոգեբանական խորություն չունի, նա միայն կրակում է ատրճանակից և ամպագոռգոռ արտահայտություններ անում, օրինակ «Ես սիրում եմ իմ հայրենիքը»:
Իսկ ֆիլմի ցուցադրությունն այդ ընթացքում շարունակվում է, և մինչ դուք խորհում եք երիտասարդ խանի կերպարի շուրջ, էկրանին, միմյանցից առաջ անցնելով, շարունակում են կադրեր երևալ: Ի դեպ, գեղեցիկ կադրեր: Նույնիսկ՝ շատ գեղեցիկ: Ահա Ալին արդեն սպանել է իր հակառակորդին, որը փորձել է Նինոյին առևանգել, և փախչել Դաղստան, արյունոտ վրեժի զոհ չդառնալու համար: Եվ ահա նրա մոտ որպես դեկաբրիստի կին Նինոն է գալիս: Ահա նրանք շուտափույթ ամուսնանում են և երջանիկ ապրում:
Իսկ այստեղ արդեն հեղափոխությունն է վրա հասնում և Ադրբեջանում ամեն ինչ տակնուվրա անում, Ալիի թշնամիներն անհայտ ուղությամբ անհետանում են, և նա արդեն կարող է ետ վերադառնալ տուն: Ընդ որում, Ալիի հայրը նորապսակներին իրենց աուլում այցելելիս հաղորդում է այդ ճակատագրական իրադարձության մասին գալուց մոտ 3 ժամ անց, այն էլ՝ խոսքի մեջ:
Այլընտրանքային պատմություն
Այս պահից էկրանի իրադարձությունները հասկանալու համար պետք է պատության գիտակ լինել: Այլապես ընդհանրապես անհասկանալի է, թե ով ում հետ և ինչու է պատերազմում: Չնայած, եթե դուք գիտեք, թե ինչ էր կատարվում Ադրբեջանում 1917-1920թթ-ին, ձեզ մեկ այլ անակնկալ է սպասվում: Ավելի ճիշտ՝ բազմաթիվ պատմական սխալներ:
Հենց դրանք են ամենից շատ վրդովել հանդիսատեսի առավել կրթված հատվածին: Բավական է հիշատակել ամենակոպիտ սխալը՝ ադրբեջանական եռագույնը, որը հպարտորեն ծածանվում էր Ադրբեջանական Ժողովրդավարական Հանրապետության հռչակման պահին: Բանն այն է, որ այն ժամանակ (1918թ-ի մայիսի 28-ին) այդ դրոշն ընդհանրապես գոյություն չուներ, այն ստեղծվել է միայն կես տարի անց: Բացի այդ, ԱԺՀ հռչակման «արարողությունը» ռազմական վրանում՝ ինչ-որ անապատում, բավականին տարօրինակ տպավորություն է թողնում:
ԱԺՀ պատմությունը և ընդհանրապես այդ ժամանակահատվածի կովկասյան դեպքերն իրոք շատ հետաքրքիր և կարևոր են: Եվ այն կարելի է ու պետք է գրագետ ձևով ցույց տալ: Չի ստացվել:
Եվ եթե այս ֆիլմը որպես պատմական դիտարկենք, որը կոչված է աշխարհին պատմելու Արևելքում առաջին ժողովրդավարական հանրապետության կայացման և վախճանի մասին, այդ առաքելությունն ամբողջությամբ կարելի է ձախողված համարել: Միջին վիճակագրական արևմտյան հանդիսատեսը, որը հատուկ գիտելիքներ չունի այս ամենի վերաբերյալ, մի քիչ ավելի շատ կհասկանա, քան ոչինչն է: Քանի որ, դատելով ֆիլմից, ԱԺՀ-ն կարծես Կովկասում ինչ-որ անհասկանալի մի հանրապետություն լինի, որը բառացիորեն մեկ ժամվա ընթացքում է հայտնվում դատարկ տեղը, Խոյսկի ազգանունով բեղավոր մեկի ջանքերով: Եվ ստացվում է, որ այն կառավարվել է բացառապես նրա և մի զույգ այլ երիտասարդների կողմից: Առավել հետաքրքրասեր հանդիսատեսը, հնարավոր է, կինոդիտումից հետո Վիքիպեդիա կմտնի: Մնացածներն իրենց նեղություն չեն տա:
Չափազանց «հանդուրժող» ֆիլմ
«Ալին և Նինոն» վեպի գեղարվեստական արժեքի մասին կարելի է վիճել, սակայն դրանում գոնե երկու անհրաժեշտ բաղադրիչ կա՝ տրամաբանություն և կոնֆլիկտ: Իսկ ֆիլմում գրեթե չկա ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը: Հերոսների գործողություններում տրամաբանությունը բավականին կասակծելի է, իսկ կոնֆլիկտը ներկայացված է որպես Ադրբեջանի և Ռուսաստանի խճճված դիմակայություն, ինչպես նաև Նինոյի ծնողների ծույլ փնթփնթոց՝ նրա սիրեցյալի հասցեին: Իսկ երկտասարդների միության համար ամենամեծ խոչընդոտը՝ նրանց կրոնական-մշակութային տարբերությունները, անտեսված է: Եվ դա պատմությունը զրկում է իմաստի առյուծի բաժնից:
Հասկանալի է, որ իսլամն այժմ, այսպես ասած, «նորաձև չէ»: Եվ, հնարավոր է, որ ֆիլմի ստեղծողներն ավելորդ անգամ չեն շեշտադրել խիստ մուսուլմանական օրենքները և այդ թեման ընդհանրապես: Բայց ներեցեք, երգից բառերը դեն չես նետի:
Վերջաբան
Ֆիլմից հետո այնպիսի զգացողություն ես ունենում, որ ինչ-որ սերիալի մեկուկես ժամ տևողությամբ թրեյլերն ես նայել: Կամ կարծես ընկերդ փորձել է քեզ իր կյանքի պատմությունն արագ պատմել, սակայն ինքն էլ է խճճվել:
Ֆիլմը նայել, նախապես վեպը չկարդալով, ոչ մի իմաստ չունի: Պարզապես չեք հասկանա՝ ինչն ինչոց է, և ովքեր են այդ բոլոր մարդիկ:
Մյուս կողմից էլ, եթե դեռ գիրքը չեք կարդացել, լավ առիթ է սկսել: Մի վախեցեք, դա հնարավոր է նույնիսկ մեկ օրվա ընթացքում անել: Ինքս եմ փորձել:
Հրապարակվել է 20.10.2016