Ֆեյսբուքյան լրահոսը եռում է: Բայց ոչ այն պատճառով, որ «հասարակությունը վրդովված է», այլ որովհետև բոլոր ըներներս լրագրողներ են: Որոշում են ինչ անել՝ վշտանա՞լ, թե՞ ուրախանալ: Ո՞րն է ավելի ճիշտ:
Եթե շատ ընդհանրացնենք ու պարզեցնենք, ապա ANS-ը կարելի է ասել հինավուրց ադրբեջանական հեռուստաալիք է, բացի այդ, ունի համանուն ռադո և կայք՝ anspress.com: Ալիքը սկզբից ճշմարտության ջատագով էր, հետո, ասում էին, որ «ռեկետ» է անում, իսկ հետո՝ նույնիսկ «ծախվեց իշխանություններին»: Ո՞վ պետք է դրա փակման համար մտահոգվի, խնդրում եմ ձեզ:
Խղճում են աշխատանքը կորցրած անձնակազմին՝ օպերատորներին, հավաքարարներին: Ինչ-որ մեկն ասում է, որ նրանց տեղն է, ավելի վաղ էր պետք մտածել, որ եթե տեր ունես, նա վաղ թե ուշ քեզ երկու կես կանի ու կխժռի:
Չնայած՝ մեզ մոտ տեր չունեցող լրատվամիջոցին ավելի շուտ են խժռում: Իսկ ամեն ինչ սկսվեց թուրք հետապնդվող քաղաքական գործիչ Գյուլենի հետ հարցազրույցից: Բայց նույնիսկ չհասցրեցին եթեր տալ, միայն անոնսը տվեցին:
Ինչ-որ մի անզգամ հեռուստալիքն ի՞նչ է եղբայրական ժողովրդի հանդեպ քնքուշ զգացմունքների դեմ: Ոչինչ:
Եվ ընդհանրապես, այն պահից, երբ լրագրողները բոլորով պաշտպանում էին Էյնուլ Ֆաթուլաևին՝ այդ «խղճի գերուն», իսկ հետո նա բանտից դուրս եկավ և տեղական Կիսելյով դարձավ (ես կասեի՝ Կիսելյովի ետևի ոտքի համարժեքը, ինչպես ասվում է մեր ասացվածքում) արտադրամասային համերաշխությունը զգալիորեն նվազեց:
Այս դեպքը ոչինչ չի փոխում ադրբեջանական տեղեկատվական դաշտում, չնայած որ այդ պատճառով ըստ էության մի ողջ մեդիահոլդինգի փակումը հատկանշական է: Եվ այս ամենը հաստատում է իմ այն կարծիքը, որ հիմա մեզ բոլորիս՝ ադրբեջանական լրագրության մնացորդների, ռուդիմենտների և ատավիզմների համար համագործակցության, խմբերում միավորվելու ժամանակը չէ: Ամեն մեկն իր գլխի ճարն է տեսնում: Մեզ համար այս դժվարին ժամանակները կվերապրեն միայն մանր, աննշան ու մանևրելու հմտությամբ օժտվածները:
P.S.. Կարծիք կա, որ ANS-ի ղեկավարությունը կդիմի Վերաքննիչ դատարան, բողոքը կբավարարեն, և դա կլինի «ցուցադրական» ներկայացման ավարտը: Իսկ թե ով, ում և ինչ էր ուզում ցույց տալ, մենք երբեք չենք իմանա: Եվ ի վերջո ի՞նչ տարբերություն: